(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ։ Հեղինակի ամենաակտիվ ստեղծագործական շրջանը 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությանը նախորդած եւ դրան անմիջապես հաջորդած տարիներն էին։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Ֆրանսիան քաղաքականապես որդեգրում էր սոցիալիստական բազմաթիվ սկզբունքներ։ Լինելով Օրենսդիր Ժողովի պատգամավոր՝ Ֆրեդերիկ Բաստյան ուսումնասիրել է միջամտողական յուրաքանչյուր միջոց եւ բացատրել, թե դրանք ինչպես են անխուսափելի վնաս պատճառում մարդկանց։ Նրա հատուկ թիրախը հովանավորող սակագներն (մաքսատուրքերն) էին։ Բաստյան մատնանշել է, որ այդօրինակ «հովանավորչությունը» որոշ արտադրողների առանձնաշնորհում է հատուկ առավելություններ, եւ ցույց տվել, թե մաքսատուրքերն ինչպես են ավելացնում ներկրման ծախսերը եւ նվազեցնում օտարերկրյա մրցակցությունը՝ շահավետ լինելով որոշ արտադրողների համար ի հաշիվ այլ արտադրողների եւ սպառողների, որոնք ապա ստիպված են վճարել ավելի բարձր գին կամ զրկվել բարիքներից։
Մենք՝ մոմագործներս, մեծապես տուժում ենք օտարերկրյա հակառակորդի հետ անարդար ու անդադար մրցակցությունից։ Լույսի արտասահմանյան այդ արտադրողն այնպիսի առավելություն ունի մեր նկատմամբ, որ հեղեղում է տեղական շուկան իր ապրանքով՝ առաջարկելով անհավանական ցածր գնով։ Այն պահին, երբ նա հայտնվում է մեր երկրում, մեր հաճախորդներն իսկույն լքում են մեզ եւ դիմում նրան։ Արդյունքում երկրի ամբողջ արտադրությունը կանգ է առնում։ Ավելին, քանի որ լույսի արտադրությունն անհամար թելերով կապված է տեղական այլ արտադրությունների հետ, նրանք եւս մեծ վնաս են կրում։ Մեզ հետ անողոքաբար մրցակցող օտարերկրյա այս արտադրողը արեգակն է հենց։
Ստորեւ ներկայացնում ենք մեր խնդրագիրը։
Խնդրում ենք ընդունել մի օրենք, որը կպարտադրի փակել բոլոր դռները, պատուհանները, փեղկերը, լուսամուտներն ու վարագույրները, այսինքն՝ բոլոր բացվածքները, անցքերն ու ճեղքերը, որոնցով արեւի լույսը հաջողացնում է մուտք գործել տներ։ Ձրի լույսը վնասում է մեր՝ արժանապատիվ մոմագործներիս բիզնեսը։ Քանի որ մենք միշտ հավատարիմ ծառայել ենք մեր երկրին, երախտագիտությունը պահանջում է, որ մեր երկիրն իր հերթին մենակ չթողնի մեզ այս անհավասար մրցակցության դեմ։
Հուսով ենք, որ հարգարժան պարոնայքդ մեր խնդրագիրը չեք համարի սոսկ երգիծանք կամ չեք մերժի՝ առանց գոնե լսելու մեր հիմնավորումները, որ բերում ենք դրան ի աջակցություն։
Առաջինը՝ եթե դուք հնարավորինս բարդացնեք բնական լույսի հասանելիությունը մարդկանց համար, ստեղծելով արհեստական լույսի հավելյալ պահանջարկ, արդյո՞ք դրանով չեք խթանի բոլոր տեղական արտադրողներին։
Օրինակ, եթե սպառվի ավելի շատ ճարպ, բնականորեն պիտի սկսի ավելանալ նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Արդյունքում մենք կունենանք ավելի շատ միս, բուրդ եւ կաշի։ Կշատանա նաեւ գոմաղբը, որը գյուղատնտեսության հիմքն է։
Հաջորդիվ՝ եթե ավելանա ճարպի սպառումը լույսի համար, կընդարձակվեն ձիթենու այգիներն ու կանճրակի (գաթայի ծաղիկ) դաշտերը։
Մեր ամայի տարածքները կծածկվեն սոճիներով եւ խեժաբեր այլ ծառերով ու թփերով։ Որպես արդյունք՝ կավելանան մեղուների պարսերը՝ ծաղկում բերելով մեղրարտադրությանը։ Փաստացի, գյուղատնտեսության բոլոր ճյուղերում տեղի կունենա արտադրության ծավալների աճ։
Նույնը վերաբերում է նաեւ նավագնացությանը։ Կետաճարպի պահանջարկի աճը կպահանջի հազարավոր նոր նավեր կետորսության համար։ Կարճ ժամանակում սա կհանգեցնի այնպիսի մի նավատորմի ստեղծման, որը բարձր կպահի մեր երկրի պատիվը եւ մեզ՝ մոմագործներիս ու հարակից արտադրաճյուղերի աշխատավորներիս կներշնչի ավելի խորը հայրենասիրական զգացումներ։
Հատկապես մեծ խթան կստանա լուսավորության պարագաների՝ մոմակալների, լամպերի, ջահերի, ճրագների, կանթեղների, բյուրեղների, բրոնզե լամպարների եւ բազում այլ բարիքների արտադրությունը։ Կառուցվելիք պահեստներն ու ցուցասրահներն իրենց շքեղությամբ կխամրեցնեն ներկայիս բոլոր խանութների փայլը։
Ծովափնյա բարձունքների խեժահավաքներն ու երկրի ընդերքի ածխագործները մեծ ուրախությամբ ականատես կլինեն իրենց աշխատավարձերի ու կենսամակարդակի աճին։ Փաստացի, պարոնայք, սույն խնդրագրի հաջողության դեպքում կբարելավվի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու դրությունը, լինի նա ածխահանքի ամենահարուստ սեփականատեր, թե լուցկի վաճառողներից ամենահետին աղքատը։
Բաստյայի պատասխանը մոմագործների խնդրագրին
Հարգելիներս։ Ձեր հայցում դուք անտեսում եք սպառողին։ Միշտ, երբ սպառողի շահը հակադրվում է արտադրողի շահին, դուք, հանուն աշխատանքի եւ զբաղվածության աճի, զոհում եք սպառողի շահը։ Սպառողն իր ապրանքը ցանկանում է գնել հնարավորինս էժան եւ պատրաստ է նույնիսկ ներկրելու, եթե դա թանկ չի նստում։ «Բայց»,– հակադարձում եք դուք,– «արտադրողները շահագրգռված են վերացնելու ներկրվող էժան ապրանքները։ Նմանապես, սպառողները ողջունում են ձրի եւ բնական լույսը, բայց արհեստական լույսի արտադրողները հետաքրքրված են դրա բացառմամբ»։
Բնությունն ու մարդկային աշխատանքը ձեռք-ձեռքի տված արտադրում են տարբեր ծավալների բարիքներ՝ կախված երկրից ու դրա կլիմայից։ Ընդ որում, բնության ներդրումը միշտ «ձրի» է։ Եթե լիսաբոնյան նարինջը Փարիզում վաճառվում է փարիզյանի կես գնով, նրանից է, որ բնությունը եւ, հետեւաբար, ձրի ջերմությունը հանուն դրա անում են այն, ինչ արհեստական (ուստիեւ՝ թանկ) ջերմությունը կաներ մյուսի պարագայում։ Պորտուգալական նարնջի մի մասը մատակարարվում է ձրի։
Երբ մենք կարողանում ենք արտերկրից ապրանք ներկրել պակաս ջանքերով, քան եթե արտադրեինք ինքներս, տարբերությունը նվեր է։ Իսկ երբ նվիրատուն, որը տվյալ դեպքում արեւն է՝ իր լուսատվությամբ հանդերձ, ոչինչ չի պահանջում դրա դիմաց, նվերը դառնում է լիակատար։ Հարցը, որ պետք է տալ եւ որը մենք այժմ պաշտոնապես հղում ենք, սա է. «Արդյո՞ք դուք գերադասում եք, որ մեր ժողովուրդն ունենա ձրի եւ էժան ապրանք սպառելու առավելությունը, թե՞ կցանկանայիք բարդել նրա ուսերին ծանր աշխատանքի եւ թանկ արտադրության ենթադրյալ առավելությունները»։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան