Ինչպե՞ս պետք է սահմանվեն գները

Հենրի Հեզլիթ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից, վերարտադրված է Տոկիոյի «Մոնտ Պելերին» միության 1966 թ. սեպտեմբերյան հատուկ նստաշրջանին ներկայացված զեկուցումից։)

 

«Ինչպե՞ս պետք է սահմանվեն գները»։ Այս հարցին կարելի էր պատասխանել կարճ եւ պարզ՝ գները պետք է սահմանվեն շուկայի կողմից։ Թեեւ այս պատասխանը բավականաչափ կոռեկտ է, որոշ հստակեցումներ են անհրաժեշտ՝ պատասխանելու մի գործնական հարցի՝ խելամի՞տ է արդյոք կառավարության կողմից գների վերահսկման քաղաքականությունը։

 

Սկսենք ամենատարրականից՝ նշելով, որ գները սահմանվում են առաջարկի եւ պահանջարկի միջոցով։ Եթե ապրանքի հարաբերական պահանջարկն աճի, սպառողները պատրաստ կլինեն ավելին վճարել դրա դիմաց։ Նրանց մրցակցային հայտարկները ե՛ւ անհատապես պարտավորեցնում են վճարել ավելին, ե՛ւ արտադրողներին հնարավորություն տալիս արտադրելու ավելին՝ բարձրացնելով նաեւ տվյալ ապրանքից ստացվող շահույթի մակարդակը։ Սա իր հերթին հրապուրում է ավելի շատ ֆիրմաների, որոնք ազդակներ են ստանում ներգրավվելու արտադրական այդ ոլորտում՝ գործող ֆիրմաներին հարկադրելով ավելի մեծ կապիտալ ներդրումներ կատարել դրանում։ Արտադրանքի աճն այս փուլում արդեն հանգեցնում է գների անկման՝ նվազեցնելով արտադրությունից ստացվող շահույթի մակարդակը։ Նոր սարքավորումներում կատարված հավելյալ ներդրումներն իրենց հերթին կարող են պակասեցնել արտադրական ծախսերը։ Կամ, մասնավորապես, եթե դիտարկենք հանքարդյունաբերությունը՝ նավթի, ոսկու, արծաթի կամ պղնձի արդյունաբերությունը, պահանջարկի եւ արտադրանքի աճը կարող է ավելացնել արտադրական ծախսերը։ Բոլոր դեպքերում, գինն անպայմանորեն կազդի պահանջարկի, արտադրանքի եւ արտադրական ծախսերի վրա ճիշտ այնպես, ինչպես դրանք իրենց հերթին կազդեն գնի վրա։ Այս չորսը՝ պահանջարկը, առաջարկը, ծախսերն ու գինը, շաղկապված են միմյանց, եւ որեւէ մեկում տեղի ունեցող փոփոխությունը փոփոխություն է բերում նաեւ մյուսներում։

 

Ճիշտ ինչպես փոխկապակցված են որեւէ կոնկրետ ապրանքի պահանջարկը, առաջարկը, ծախսերն ու գինը, գոյություն ունեցող բոլոր ապրանքների գները եւս թե՛ ուղղակիորեն եւ թե՛ անուղղակիորեն հարաբերակից են միմյանց։ Պղնձահանքը կարող է արծաթ բերել՝ որպես կողմնակի մետաղ. սա արտադրության շաղկապվածություն է։ Եթե պղնձի գինը շատ բարձրանա, սպառողները մի շարք տեղերում կարող են դա փոխարինել այլումինով. սա արդեն փոխարինման շաղկապվածությունն է։ Լավսանն ու բամբակը երկուսն էլ գործածվում են արագ չորացող շապիկներում. սա էլ սպառման շաղկապվածությունն է։

 

Գների միջեւ հարաբերականորեն ուղղակի այս կապերից բացի, անխուսափելի փոխշաղկապվածություն գոյություն ունի նաեւ բոլոր գների միջեւ։ Արտադրության ընդհանրական գործոններից մեկը՝ աշխատուժը, կարող է կարճաժամկետ կամ երկարաժամկետ, ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղվել մի գծից մյուսի։ Եթե մի ապրանք թանկանա, եւ սպառողները չցանկանան կամ չկարողանան փոխարինել դա մեկ ուրիշով, ստիպված կլինեն պակաս սպառել մեկ ուրիշ բան։ Բոլոր ապրանքները մրցակցության մեջ են սպառողի դոլարի համար, եւ ցանկացած գնի մեջ փոփոխությունը կազդի այլ գների անորոշ քանակի վրա։

 

Ոչ մի գին, հետեւաբար, չի կարող համարվել ինքնին մեկուսի օբյեկտ։ Այն շաղկապված է մյուս բոլոր գների հետ, եւ այս փոխհարաբերությունների միջոցով է հենց, որ հասարակությունը կարողանում է լուծել չափազանց դժվարին ու հարափոփոխ մի խնդիր՝ ինչպես բաշխել արտադրությունը հազարավոր տարբեր ապրանքների ու ծառայությունների միջեւ այնպես, որ յուրաքանչյուրը հնարավոր լինի մատակարարել դրա ցանկալիության կամ անհրաժեշտության համեմատական հրատապությանը հնարավորինս մոտ։

 

Քանի որ ամեն մի առանձին ապրանքի կամ ծառայության ցանկալիությունը կամ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջարկը կամ ծախսատարությունը մշտապես փոխվում են, արդյունքում փոխվում են նաեւ գներն ու գնային փոխհարաբերությունները։ Դրանք փոխվում են ամեն տարի, ամիս, շաբաթ, օր, ժամ։ Նրանք, ովքեր կարծում են, թե գները սովորաբար ֆիքսված են կամ կարող են հեշտորեն պահվել որեւէ «ճիշտ» մակարդակի վրա, լավ կլինի մեկ օգտավետ ժամ ծախսեն՝ դիտելով բորսայի թիքերի ժապավենը կամ կարդալով օրաթերթի հաղորդումները, թե երեկ ինչ է տեղի ունեցել արտարժույթի, ինչպես եւ սուրճի, կակաոյի, շաքարի, ցորենի, բրնձի, ձվի, կամ բամբակի, կաշվի, բրդի, կաուչուկի, կամ էլ պղնձի, արծաթի, կապարի եւ ցինկի շուկաներում։ Նրանք կտեսնեն, որ գներից եւ ոչ մեկն անշարժ չի մնում։ Ու սա է պատճառը, որ կոնկրետ ապրանքի գինը իջեցնելու, բարձրացնելու կամ սառեցնելու եւ կամ գնի ու աշխատավարձի փոխհարաբերությունը որեւիցե օրվա մակարդակում սառեցնելու («հորիզոնականը պահպանելու»)՝ կառավարությունների մշտական փորձերը ոչ միայն ապարդյուն են, այլեւ հաճախ կործանիչ։

 

Արտահանվող ապրանքների գնային աջակցություն

Հարցի քննությունը սկսենք այն ջանքերից, որոնցով կառավարությունը փորձում է թանկացնել կամ բարձր պահել գները։ Պետական ապարատն ամենից հաճախ փորձում է այդպես վարվել այն ապրանքների հետ, որոնք տվյալ երկրի արտահանման հիմնական առարկան են։ Օրինակ, Ճապոնիան դա մի անգամ փորձեց անել մետաքսի հետ, Բրիտանական կայսրությունը՝ կաուչուկի, Բրազիլիան արել եւ այժմ էլ երբեմն անում է սուրճի հետ, իսկ Միացյալ Նահանգները արել եւ անում է բամբակի ու ցորենի հետ։ Տեսականորեն համարվում է, որ արտահանվող ապրանքների գնի թանկացումը միայն դրական ազդեցություն ունի երկրից ներս եւ որեւէ վնաս չի գործում, քանի որ մեծացնում է տեղական արտադրողի եկամուտը, եւ գրեթե լիովին՝ օտար սպառողի հաշվին։

 

Այս բոլոր սխեմաներն ընթանում են տիպական հունով։ Շուտով նկատվում է, որ ապրանքի գինը հնարավոր չէ բարձրացնել՝ առանց մատակարարման առաջարկը նախապես նվազեցնելու։ Սկզբում դա կարող է հանգեցնել ցանքատարածությունների վրա սահմանափակումների գործադրման։ Ավելի բարձր գինը, սակայն, արտադրողին շահագրգռում է ավելացնել մեկ ակրի միջին բերքատվությունը՝ գնային աջակցություն ստացող ապրանքը միայն ամենաբերրի հողատարածքներում ցանելով, ավելի ինտենսիվ ոռոգելով, պարարտացնելով եւ մեծաքանակ աշխատուժ բանեցնելով։ Պետությունը, հայտնաբերելով սա, դիմում է յուրաքանչյուր արտադրողի համար թվաքանակի բացարձակ վերահսկողություն սահմանմանը՝ հիմնվելով, սովորաբար, արտադրողի՝ նախորդ տարիների արտադրական ծավալների ցուցանիշների վրա։ Սահմանաչափերի այս համակարգի կիրառման արդյունքում արգելվում է բոլոր նոր մրցակիցների մուտքը ոլորտ, իսկ գործող արտադրողները պարփակված են պահվում նախկին հարաբերական դիրքերում։ Որպես հետեւանք, արտադրական ծախսերը մնում են բարձր, քանի որ վերացվում են դրանք նվազեցնող հիմնական մեխանիզմներն ու խթանները։ Այդ ձեւով խոչընդոտվում է անհրաժեշտ շտկումների երեւան գալը։

 

Անկախ դրանից, այդ ընթացքում մյուս երկրներում շուկայական ուժերը շարունակում են գործել։ Մարդիկ, ընդդիմանալով գնի թանկությանը, կրճատում են պետականորեն կարգավորվող գին ունեցող ապրանքի ձեռքբերումը նման գին սահմանող երկրից եւ սկսում փնտրել առաջարկի այլ աղբյուրներ։ Ապրանքի թանկությունը մյուս երկրներին դրդում է ձեռնամուխ լինել դրա արտադրությանը։ Այսպես եղավ, որ բրիտանական կաուչուկի հետ կատարված մեքենայությունների արդյունքում հոլանդական արտադրողներն ավելացրին այդ ապրանքի արդյունաբերական ծավալները իրենց հպատակ երկրներում։ Սա ոչ միայն էժանացրեց կաուչուկը, այլեւ հանգեցրեց նրան, որ Բրիտանիան անդառնալիորեն կորցրեց նախկին մենաշնորհային դիրքը։ Ի հավելումն, բրիտանական մեքենայությունները դժգոհություն առաջացրին նաեւ հիմնական սպառող երկրում՝ Միացյալ Նահանգներում՝ խթանելով սինթետիկ կաուչուկի ապագա հաջող մշակումը։ Առանց մանրամասների մեջ խորանալու, նշենք, որ սուրճի շուկայի հետ՝ Բրազիլիայի, եւ բամբակի շուկայի հետ՝ Ամերիկայի նույնանման խաղերը մի շարք երկրների քաղաքական եւ գնային շարժառիթներ ընձեռեցին ձեռնամուխ լինելու սուրճի եւ բամբակի սեփական արտադրությանը կամ ավելացնելու դրանք։ Արդյունքում ե՛ւ Բրազիլիան, ե՛ւ Միացյալ Նահանգները կորցրին նախկին մենաշնորհային դիրքերը։

 

Միաժամանակ, բոլոր այս մեքենայությունները պահանջում են երկրի ներսում վերահսկողությունների բարդ ու մանրակրկիտ համակարգի եւ այդպիսին ձեւակերպելուն ու կենսագործելուն ուղղված մեծամասշտաբ բյուրոկրատիայի ստեղծում։ Սա պետք է ի կատար ածվի ամենայն մանրակրկիտությամբ, քանի որ անհրաժեշտ է առանձին-առանձին վերահսկել յուրաքանչյուր արտադրողի։ Իբրեւ ասվածի օրինակ՝ մատնանշենք ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աշխատանքը։ 1929 թվականին, նախքան ցանքատարածությունների վերահսկողության սխեմաների ստեղծումը, Գյուղատնտեսության դեպարտամենտում զբաղված էր 24,000 մարդ։ Այսօր այդ թիվը հասել է 109,000-ի։ Եւ, անշուշտ, այս ահռելի բյուրոկրատիայի շահերից է բխում գտնել պատճառներ, թե ինչու պիտի շարունակվեն եւ ընդլայնվեն այն վերահսկողությունները, որոնք իրենք վարձված են ի կատար ածելու։ Թերեւս ավելորդ է նշել, որ այս վերահսկողությունները սահմանափակում են անհատի ազատությունն ու նախադեպ ստեղծում հետագա սահմանափակումների համար։

 

Նշված հետեւանքներից եւ ոչ մեկը, թվում է, կառավարությանը ետ չի պահում որոշ ապրանքների գները շուկայական հնարավոր մրցակցային արժեքից բարձր պահելու ջանքերից։ Սուրճի եւ ցորենի մասին միջազգային համաձայնագրերը շարունակում են գործել մինչ օրս, ընդ որում, զավեշտալին այն է, որ սուրճի մասին միջազգային համաձայնագրի մշակման հովանավորներից մեկը Միացյալ Նահանգներն էր, թեեւ հենց ի՛ր բնակչությունն է սուրճի ամենամեծ սպառողն ու տվյալ համաձայնագրի ուղղակի զոհը։ Առավել եւս զավեշտալի է մեկ ուրիշ հանգամանք՝ Միացյալ Նահանգները կիրառում է շաքարի ներկրման սահմանաչափեր, ինչն անհրաժեշտաբար խտրականություն է դրսեւորում շաքար արտահանող որոշ երկրների օգտին եւ, ուստի, այլ երկրների դեմ։ Այս սահմանաչափերի արդյունքում ամերիկյան բոլոր սպառողները ստիպված են ավելի թանկ վճարել շաքարի համար, թե ինչ է՝ երկրի շաքարեղեգ արտադրողների մի աննշան փոքրամասնություն կարողանա ավելի թանկ գին սահմանելու թույլտվություն ձեռք բերել պետությունից։

 

Թերեւս կարիք չկա առանձին մատնանշելու, որ գյուղատնտեսական հիմնական ապրանքների գները «կայունացնելու» կամ բարձրացնելու այս փորձերը քաղաքականացնում են յուրաքանչյուր գին եւ արտադրական որոշում՝ լարվածություն եւ տարաձայնություններ առաջ բերելով երկրների միջեւ։

 

Ցածր գնի պահպանություն

Այժմ անդրադառնանք այն ջանքերին, որոնց գործադրմամբ պետությունը փորձում է էժանացնել գները կամ գոնե թույլ չտալ դրանց թանկացումը։ Այսպիսի փորձեր պարբերաբար ձեռնարկվում են գրեթե բոլոր երկրներում, ընդ որում՝ ոչ միայն պատերազմական ժամանակներում, այլեւ ցանկացած գնաճի դեպքում։ Ամենատիպական գործընթացն ունի հետեւյալ տեսքը։ Կառավարությունն ինչ-ինչ պատճառներով որդեգրում է մի քաղաքականություն, որն ավելացնում է փողի եւ վարկի քանակը։ Սա անխուսափելիորեն սկսում է գները մղել վերեւ։ Բայց դա ժողովրդականություն չի վայելում սպառողների շրջանում։ Հետեւաբար, կառավարությունը խոստանում է, որ կարգելի գների հետագա թանկացումը։

 

Նշենք, որ այս ամենը սկսվում է հացից, կաթից եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքներից։ Դիցուք, պետությունը կարողանում է ի կատար ածել իր հրամանագրերը։ Այդ դեպքում, նշված քայլերի արդյունքում առաջինը նվազում կամ վերանում է առաջնային անհրաժեշտության ապրանքների արտադրության շահույթի չափսը լուսանցքային արտադրողների համար, իսկ պերճանքի առարկաների արտադրության շահույթի չափսը մնում է անփոփոխ կամ բարձրանում։ Սա նվազեցնում կամ ապախթանում է վերահսկվող ապրանքների արտադրությունը, եւ հակառակը՝ հարաբերականորեն խթանում պերճանքի առարկաների արտադրության աճը։ Բայց չէ՞ որ դա տրամագծորեն տարբերվում էր վերահսկողի սկզբնական նպատակներից։ Եթե պետությունն ապա փորձի կանխել վերահսկվող ապրանքների արտադրության ապախթանումը՝ ցածր պահելով հումքի, աշխատուժի եւ արտադրության մեջ ներառված այլ գործոնների ծախսերը, ապա պիտի սկսի վերահսկել գների ու աշխատավարձերի հետզհետե աճող մի շրջանակ՝ ի վերջո փորձելով վերահսկել առհասարակ ամեն ինչի գինը։

 

Սակայն եթե կառավարությունը փորձի սա անել հիմնավոր եւ համակողմանի ձեւով, կհայտնվի մի դրության մեջ, երբ պիտի փորձի վերահսկել տառացիորեն միլիոնավոր գներ եւ տրիլիոնավոր գնային փոխհարաբերություններ՝ կոշտ հատկացումներ ու սահմանաչափեր ֆիքսելով յուրաքանչյուր արտադրողի եւ սպառողի համար։ Իհարկե, այս միջոցները պետք է ամենայն մանրամասնությամբ տարածվեն նաեւ ներկրողների եւ արտահանողների վրա։ Եթե կառավարությունը մի կողմից շարունակի ստեղծել նորանոր փող, իսկ մյուս կողմից կոշտ ձեւով ցածր պահի գները, հսկայական վնաս կգործի։ Նշենք նաեւ, որ նույնիսկ երբ կառավարությունն արհեստականորեն չի ուռճացնում իր արժույթը, այլ ընդամենը փորձում է բացարձակ կամ հարաբերական գները պահպանել իրենց նախկին դիրքում կամ մշակում ու գործադրում է որեւէ մեխանիկական բանաձեւի վրա հիմնված «եկամտային քաղաքականություն» կամ «վարձավճարային քաղաքականություն», ապա կրկին լուրջ վնաս է գործում, որն օրըստօրե միայն ահագնանալու է, քանի որ ազատ շուկայում, անգամ եթե այսպես կոչված «գնային մակարդակը» մնում է անփոփոխ, բոլոր գները մշտապես փոխվում են միմյանց համեմատ՝ ի պատասխան յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության արտադրական ծախսերի, առաջարկի եւ պահանջարկի փոփոխության։ Եւ այս գնային փոփոխությունները, լինեն բացարձակ թե հարաբերական, իրենց ճնշող մեծամասնության մեջ անհրաժեշտ են ու ցանկալի, քանի որ դրանք պակաս պահանջված արտադրություններից կապիտալ, աշխատուժ եւ այլ ռեսուրսներ են ներգրավում դեպի ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանքների եւ ծառայությունների արտադրություն, ինչի արդյունքում արտադրության հաշվեկշիռը համապատասխանեցվում է պահանջարկի անդադար փոփոխությանը, արտադրվում են հազարավոր ապրանքներ եւ ծառայություններ՝ հասարակության կողմից պահանջված հարաբերական ծավալներով, որոնք իրենց հերթին փոխվում են ամեն օր։ Ուստի, շուկայի գործած շտկումները եւ դրանց հանգեցնող գնային ու աշխատավարձային խթանները պիտի եւս փոփոխվեն ամեն օր։

 

Գնային վերահսկողությունն աղճատում է արտադրությունը

Գնային վերահսկողությունը միշտ կրճատում, աղճատում, հավասարակշռությունից գցում ու ապակոորդինացնում է արտադրությունը՝ տարեցտարի դառնալով ավելի ու ավելի վնասակար։ Նույնիսկ կայուն գինը կամ գնային հարաբերությունը, որն ընդունման օրը եղել է «ճիշտ» կամ «խելամիտ», շարունակաբար կարող է դառնալ է ավելի ու ավելի անհիմն ու անաշխատունակ։

 

Կառավարությունները չեն հասկանում, որ կոնկրետ ապրանքի թանկության դեմ բալասանը թանկությունն է հենց, որովհետեւ բերում է սպառման խնայողության եւ խթանում ու ավելացնում արտադրությունը։ Այս երկու արդյունքներից յուրաքանչյուրն ավելացնում է առաջարկը եւ ձգտում նորից նվազեցնել գինը։

 

Ոմանք կասեն, թե՝ շա՛տ լավ, ընդունենք, որ կառավարության իրագործած գնային վերահսկողությունը շատ դեպքերում վնասակար է։ Բայց մինչեւ հիմա այնպես էիք խոսում, կարծես շուկան ղեկավարվում է անթերի մրցակցությամբ։ Մոռացա՞ք մենաշնորհային շուկաները։ Ի՞նչ անենք այն շուկաների հետ, ուր գները վերահսկվում կամ ֆիքսվում են հսկայական կորպորացիաների կողմից։ Չպե՞տք է, արդյոք, կառավարությունը միջամտի, որպեսզի գոնե ստիպողական մրցակցություն ձեւավորի կամ գինը դարձնի այնքան, որքան կլիներ իրական մրցակցության գոյության դեպքում։

 

Տնտեսագետների մեծագույն մասի վախերը «մոնոպոլիաների» հարուցած չարիքների կապակցությամբ ոչ միայն հիմնավոր չեն, այլեւ որոշակիորեն չափազանցված են։ Առաջին հերթին, շատ դժվար է ձեւակերպել տնտեսական մենաշնորհի որեւէ գոհացուցիչ սահմանում։ Եթե ինչ-որ աննշան ու մեկուսի բնակավայրում գործում է միայն մեկ դեղատուն, վարսավիրանոց կամ խանութ (իսկ դա տիպական իրավիճակ է), կարելի է պնդել, որ դրանք այդ վայրում մենաշնորհ են վայելում։ Ավելին, կարելի է նաեւ ասել, որ յուրաքանչյուր ոք մենաշնորհ ունի իր մասնավոր որակներում ու տաղանդներում։ Յեհուդի Մենուհինը մենաշնորհ ունի Մենուհինի ջութակի կատարումներում, Պիկասոն՝ Պիկասոյի ստեղծագործություններում, Էլիզաբեթ Թեյլորը՝ իր անձնական հմայքի եւ կանացի գրավչության մեջ… Եւ այսպես շարունակ՝ բոլոր ոլորտների բոլոր որակներում ու տաղանդներում՝ մեծ թե փոքր։

 

Մյուս կողմից՝ տնտեսական գրեթե բոլոր մոնոպոլիաները սահմանափակված են փոխարինման հնարավորությամբ։ Եթե պղնձե խողովակը չափից թանկ է, սպառողները դա կփոխարինեն պողպատով կամ պլատմասսայով։ Եթե տավարի միսն է թանկ, կփոխարինվի գառան մսով։ Եթե երազանքներիդ աղջիկը մերժոմ է քեզ, միշտ կարող ես ամուսնանալ ուրիշի հետ։ Եւ այդպես, գրեթե յուրաքանչյուր անհատ, արտադրող կամ վաճառող կարող է կեղծ մենաշնորհ ունենալ որոշակի սեղմ սահմաններից ներս, սակայն քիչ վաճառողներ հնարավորություն ունեն չարաշահելու իրենց մենաշնորհը որոշակի լայն շրջանակներից անդին։ Վերջին տարիներին ահռելի գրականություն է թողարկվել, որում հեղինակները ողբում են անթերի մրցակցության բացակայությունը։ Սակայն կարելի էր նույնպիսի շեշտադրում անել նաեւ անթերի մոնոպոլիայի բացակայության առթիվ։ Իրական կյանքում մրցակցությունը երբեք անթերի չէ, բայց անթերի չէ նաեւ մոնոպոլիան։

 

Չկարողանալով գտնել անթերի մոնոպոլիայի շատ օրինակներ՝ որոշ տնտեսագետներ վերջին տարիներին սկսել են ահաբեկել իրենք իրենց՝ հնարելով քչերի մրցակցության կամ, այլ կերպ ասած, «օլիգոպոլիայի» ուրվականը։ Սակայն ահազանգող եզրակացությունների նրանք եկել են՝ միայն եւ միայն ներմուծելով սեփական վարկածները արտադրական մեծ միավորումների միջեւ ամեն տեսակի երեւակայական գաղտնի կամ լուռ համաձայնությունների մասին եւ արտածելով դրանցից բխող հետեւանքներ։

 

Որոշակի արտադրաճյուղում մրցակիցների զուտ քանակը կարող է եւ գրեթե կապ չունենալ արդյունավետ մրցակցության իրականացման հետ։ Եթե արդյունավետ մրցակցում են Ջեներալ Էլեկտրիկն ու Վեսթինգհաուսը, եթե արդյունավետ մրցակցում են Ջեներալ Մոթորզը, Ֆորդն ու Քրայսլերը, եթե արդյունավետ մրցակցում են Չեյս Մանհեթենը եւ Ֆըրսթ Նեյշընըլ Սիթի Բանկը եւ այսպես շարունակ (իսկ այս մեծ ընկերությունների հետ ուղղակիորեն առնչված ոչ մեկը չի կարող կասկածել, որ նրանք մեծամասամբ այդպես էլ անում են), ապա տվյալ ապրանքի կամ ծառայության ոչ միայն գնի, այլեւ որակի տեսանկյունից սպառողների համար արդյունքը լինում է շատ անգամ ավելի լավը, քան կլիներ հյուլեական մրցակցության պայմաններում, քանի որ սպառողները ձեռք են բերում մեծամասշտաբ տնտեսությունների բերած օգուտներ, տնտեսությունների, որոնք ունակ են իրագործելու հետազոտությունների եւ մշակումների մեծամասշտաբ ծրագրեր, որպիսիք փոքր ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ։

 

Տարօրինակ թվաբանություն

Օլիգոպոլիայի տեսաբանները չափազանց վնասաբեր ազդեցություն են թողել ամերիկյան հակամենաշնորհային սեկտորի եւ դատարանների որոշումների վրա։ Դատախազներն ու դատարանները վերջերս սկսել են տարօրինակ թվաբանություն խաղալ։ 1965 թվականին, օրինակ, Դաշնային շրջանային դատարանը վճռեց, որ Նյու Յորք քաղաքի բանկերի միջեւ չորս տարի առաջ տեղի ունեցած միաձուլումը հակաօրինական է եղել եւ պետք է լուծարվի։ Միավորված բանկն ամենախոշորը չէր քաղաքում, այլ մեծությամբ միայն երրորդը, միաձուլումը թույլ էր տվել բանկին ավելի արդյունավետ կերպով մրցակցել երկու ավելի խոշոր մրցակիցների հետ, նրա միացյալ ակտիվներն ընդամենը ութերորդ մասն էին նրա, ինչ մյուս բանկերն ունեին քաղաքում, իսկ բուն միաձուլումը քաղաքում գործող առանձին բանկերի թիվը 71-ից իջեցրել էր 70-ի։ (Ավելացնեմ նաեւ, որ միաձուլմանը հետեւած չորս տարիների ընթացքում Նյու Յորքում գործող բանկային մասնաճյուղերի թիվն ավելացել էր՝ 645-ից հասնելով 698-ի։) Դատարանը համաձայնվեց բանկի իրավաբանների հետ առ այն, որ «հանրությունը եւ փոքր բիզնեսը շահել են» քաղաքում տեղի ունեցած բանկայի միաձուլումից։ Եւ չնայած դրան՝ դատարանը համարեց, որ «երբ ինքնին անվնաս պրակտիկաները կամ թեկուզեւ հանրությանը բարիք բերող գործելաոճը հակված են լինում մենաշնորհ ձեւավորելուն, դա չի կարելի հանդուրժել։ Մրցակցության սահմանափակումը հակաօրինական է, որքան էլ այն շահեկան լինի հասարակության համար»։

 

Թեեւ քաղաքական գործիչներն ու դատարանները համարում են, որ անհրաժեշտ է արգելել միաձուլումը՝ քաղաքում բանկերի քանակը 70-ից 71 դարձնելու համար, նրանք, երբ բանը հասնում է քաղաքական կուսակցություններին, տարօրինակ զուգադիպությամբ բոլորովին չեն պնդում քաղաքական մրցակցության գործում մեծ թվերի անհրաժեշտության վրա։ Ըստ ամերիկյան քաղաքական մտքի գերիշխող տեսակետի՝ սոսկ երկու քաղաքական կուսակցությունը միանգամայն բավարար է երկրի ընտրազանգվածին իրական ընտրություն առաջարկելու համար, եւ դրանց քանակի ավելացումը միայն անհարկի շփոթություն է հարուցում, ուստի, արդյունքում մարդկանց պատշաճ ծառայություն չի մատուցվում։ Քաղաքական այս տեսությունը նույնքան ճշմարիտ է նաեւ տնտեսագիտության ասպարեզ տեղափոխելիս։ Եթե կողմերն իսկապես մրցակցում են, ապա տվյալ արտադրական ոլորտում երկու ֆիրման էլ միանգամայն բավարար են արդյունավետ մրցակցություն ստեղծելու եւ վարելու համար։

 

Մենաշնորհային գին

Իրական խնդիրը ոչ թե «մենաշնորհի», այլ մենաշնորհային գնի գոյությունն է շուկայում։ Մենաշնորհային գին կարող է առաջ գալ, երբ պահանջարկի ճկունությունն այնպիսին է, որ մոնոպոլիստը կարող է ավելի բարձր շահույթ ստանալ՝ վաճառելով իր ապրանքից ավելի քիչ՝ թանկ գնով, քան շատ՝ էժան գնով։ Համարվում է, որ այս ձեւով մոնոպոլիստը կարող է իրացնել ավելի բարձր գին, քան կլիներ «մաքուր մրցակցության» պարագայում։

 

Այն տեսությունը, որ կարող է գոյություն ունենալ ենթադրյալ մրցակցային գնից բարձր մենաշնորհային գին, անշուշտ, ճշմարիտ է։ Սակայն իրական հարցն այն է, թե որքանով է այդ տեսությունն օգտակար ենթադրյալ մոնոպոլիստի համար, որը փորձում է գին որոշել, կամ օրենսդրի, դատախազի ու դատարանի համար, որոնք փորձում են հակամենաշնորհային քաղաքականություն մշակել։ Մոնոպոլիստն իր դիրքը չարաշահելու համար պետք է իմանա, թե ինչպիսին է իր ապրանքի «պահանջարկի կորը»։ Բայց նա չի կարող դա իմանալ, այլ կարող է միայն կռահել, փորձել պարզել սեփական սխալների հիման վրա։ Ավելին, նա պետք է հիշի ոչ միայն սպառողի ոչ էմոցիոնալ արձագանքը տվյալ գնին, այլեւ այն ազդեցությունը, որն իր քաղաքականությունը կարող է ունենալ սպառողի մոտ համակրանք կամ դժգոհություն առաջ բերելու գործում։ Առավել կարեւոր է այն, որ մոնոպոլիստը պետք է հաշվի առնի, թե իր վարած գնային քաղաքականությունը որքանով է խթանում կամ ապախթանում մրցակիցների մուտքը շուկա։ Նա կարող է, օրինակ, որոշել, որ երկարաժամկետ առումով առավել խելամիտ կլինի պահպանել ապրանքի գինը մաքուր մրցակցության պարագայում իր կարծիքով սպասելի գնի մակարդակին կամ նույնիսկ քիչ ցածր։ Այդուհանդերձ, մրցակցության բացակայության պարագայում որեւէ մեկը չի կարող իմանալ, թե ինչպիսին կլիներ «մրցակցային» գինը մրցակցության առկայության դեպքում։ Ուստիեւ, ոչ ոք չգիտի, թե գոյություն ունեցող «մենաշնորհային» գինը որքանով է բարձր թեական «մրցակցային» գնից, եւ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ներկայումս դա ավելի բարձր է առհասարակ։

 

Այդուհանդերձ, հակամենաշնորհային քաղաքականությունը, գոնե Միացյալ Նահանգներում, համարում է, որ դատարաններն ինչ-որ տեղից իմանում են, թե ենթադրյալ մոնոպոլիստական կամ «դավադիր» գինը որքանով է բարձր լինելի մրցակցային գնից։ Նշենք, որ երբ կա գները ֆիքսված պահելու դավադրության մասին կասկած, գնորդներին հնարավորություն է տրվում դիմելու դատարան եւ ստանալու այն գումարի եռապատիկը, որը նրանք ենթադրաբար ստիպված են եղել «գերավճարել»։

 

Մեր վերլուծությունը մեզ բերում է այն եզրակացությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս ձեռնպահ մնան որեւէ բանի առավելագույն կամ նվազագույն գին ֆիքսելուց։ Այն երկրներում, ուր պետականացված է որեւէ ծառայություն՝ լինի փոստը, երկաթուղին, հեռախոսակապը, թե էլեկտրաէներգիան, կառավարությունն իհարկե պետք է սկսի սահմանել գնային քաղաքականություն։ Եւ բոլոր այն վայրերում, ուր պետությունը մենաշնորհային վստահագրեր է շնորհում մետրոյի, երկաթուղու, հեռախոսակապի կամ էլեկտրաէներգիայի ոլորտներում, այն, իհարկե, պետք է մտածի, թե գնային ինչ սահմանափակումներ է պարտադրելու։

 

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականությանը, ապա ես կարող եմ վկայել, որ ինչպիսին էլ լինի այլ երկրների դրությունը, Միացյալ Նահանգներում այս քաղաքականությունը հետեւողականության նշույլ անգամ չի ցուցադրում։ Այն անորոշ է, խտրական, հետադարձ գործող, քմահաճ եւ հակասություններով լի։ Այսօր ոչ մի ընկերություն՝ մեծ թե միջին, չի կարող իմանալ, թե երբ կամ ինչու պատասխանատվության կկանչվի հակամենաշնորհային օրենքները ոտնահարելու մեղադրանքով։ Դա կախված է միայն կոնկրետ դատարանի կամ դատավորի տնտեսական կողմնակալությունից։

 

Այս հարցի շուրջ հսկայածավալ կեղծավորություն կա։ Քաղաքական գործիչները պերճախոս ճառեր են արտաբերում «մոնոպոլիաների» դեմ, իսկ հետո սակագներ եւ ներկրման սահմանաչափեր պարտադրում, որոնք պահպանում են մենաշնորհը եւ հեռու պահում մրցակիցներին։ Մեկ ուրիշ օր նրանք մենաշնորհային վստահագրեր են տրամադրում տրանսպորտային կամ հեռախոսակապի ընկերություններին, ստորագրում մենաշնորհային արտոնագրեր եւ հեղինակային իրավունքներ, փորձում վերահսկել գյուղատնտեսական արտադրությունը՝ դրանց մենաշնորհային գներն ապահովելու համար։ Եւ, ամենացավալին, նրանք ոչ միայն արհմիութենական մոնոպոլիաներ են թույլատրում, այլեւ դրանք պարտադրում են գործատուներին՝ օրենքի ուժով ստիպելով նրանց «բանակցելու» այդ մոնոպոլիաների հետ։ Վերջիններիս նույնիսկ թույլ է տրվում պայմաններ թելադրել ֆիզիկական հարկադրանքի եւ ահաբեկման միջոցով։ Ես մտավախություն ունեմ, որ այլ երկրներում եւս ինտելեկտուալ դրությունն ու քաղաքական մթնոլորտը այս առումով շատ չեն տարբերվում նկարագրածից։ Գոյություն ունեցող օրենսդրական քաոսից դուրս գալը, անշուշտ, որքան իրավաբանների, նույնքան էլ տնտեսագետների գործն է։ Ես ընդամենը մի համեստ առաջարկ ունեմ. այս հարցում մեզ կարող է մեծապես օգնել մեր հին ընդհանուր (նախադեպային) իրավունքը, որն արգելում է խարդախությունը, փաստերի միտումնավոր խեղաթյուրումը եւ ամեն տեսակի ֆիզիկական ահաբեկում ու հարկադրանք։ «Օրենքի վերջնանպատակը»,– ինչպես Ջոն Լոքը հիշեցնում էր դեռ տասնյոթերորդ դարում,– «ոչ թե ազատությունը վերացնելը կամ սահմանափակելն է, այլ պահպանելն ու ընդլայնելը»։ Նույն կերպ այսօր եւս կարող ենք ասել, որ տնտեսության ոլորտում օրենքի գործադրման նպատակը պետք է լինի ոչ թե գնային եւ շուկայական ազատության ճնշումը, այլ դրանք առավելագույնս ընդարձակելը։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր