Թոմաս Ջ. Շելլի (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Պետական դպրոցներում ուսուցչությանս ընթացքում ես տեսնում եմ, որ մեր օրերում «յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության» վերցնելու եւ «յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքի» տալու՝ սոցիալիստական-կոմունիստական գաղափարը հիմնականում արդեն անխոս ընդունելի է մեր աշակերտների մեծագույն մասի համար։ Ջանալով բացատրել այս տեսության մոլորությունը՝ աշակերտներիս հետ աշխատանքում ես փորձում եմ կիրառել այսպիսի մի մոտեցում.
Երբ առավել խելացի կամ ջանասեր աշակերտներից մեկը քննական թեստից ստանում է 95 կամ ավելին, ես առաջարկում եմ դրանից հանել 20 միավոր եւ տալ նրան, ով ընդամենը 55 է ստացել։ Այդպիսով՝ յուրաքանչյուրը ներդնում է ըստ կարողության եւ, քանի որ երկուսն էլ ստանում են անցողիկ գնահատական, յուրաքանչյուրը ձեռք է բերում ըստ պահանջմունքի։ Բոլոր աշակերտների գնահատականների հետ այսպես խաղալու արդյունքում ձեւավորվում է 75-80 միավորի «կոլեկտիվ սեփականություն», այսինքն՝ անցողիկ լինելու կամ գոյատեւելու համար հազիվ բավարար գնահատական։ Դրանից հետո ես նրանց հետ սկսում եմ քննարկել, թե հավանական ինչ արդյունք կլիներ, եթե քննությունները գնահատելիս ես իրոք գործածեի սոցիալիստական տեսությունը։
Առաջինը՝ ամենից առաջադեմ աշակերտները, իսկ այդպիսիք միշտ փոքրամասնություն են թե՛ դպրոցում, թե՛ կյանքում, շուտով կկորցնեն արդյունք տալու բոլոր դրդապատճառները։ Մարդ ինչո՞ւ ջանք թափի բարձր գնահատական ստանալու համար, եթե դրա մի մասը «ղեկավարությունը» վերցնելու եւ տալու է ուրիշին։
Երկրորդը՝ պակաս առաջադեմները (դպրոցում եւ կյանքում՝ մեծամասնություն) որոշ ժամանակ կազատվեն սովորելու կամ արդյունք տալու անհրաժեշտությունից։ Սոցիալիստական-կոմունիստական այս համակարգը կտեւի այնքան, մինչեւ բարձր արտադրանք տվողները խորտակվեն կամ ցած գլորվեն՝ ընկնելով սակավ արդյունավետների մակարդակին։ Ստեղծված իրավիճակում գոյատեւելու համար «ղեկավարությունն» արդեն այլ ելք չի ունենալու, քան գործի դնել հարկադիր աշխատանքի եւ պատժի համակարգ նույնիսկ սակավ արդյունավետ արտադրողի նկատմամբ։ Նրանք, անշուշտ, սկսելու են դառնորեն բողոքել, առանց, սակայն, հասկանալու տեղի ունեցածը։
Վերջում ես անցնում եմ ազատության եւ ձեռներեցության գաղափարների քննարկմանը, այսինքն՝ ազատ շուկայական տնտեսությանը, որում յուրաքանչյուրն ունի ընտրության ազատություն եւ պատասխանատու է սեփական որոշումների եւ բարեկեցության համար։
Ի գոհունակություն ինձ, աշակերտներիս մեծամասնությունը սկսում է հասկանալ, թե ինչ նկատի ունեմ, երբ բացատրում եմ, որ սոցիալիզմը, նույնիսկ ժողովրդավարության պայմաններում, վերջիվերջո հանգեցնում է կենդանի մահվան բոլորի համար, բացի «ղեկավարությունից» եւ նրանց սակավաթիվ սիրելի սպասավորներից։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան