Adidas-ը սպորտային հագուստի ամենամեծ մատակարարն է Եվրոպայում, և երկրորդն աշխարհում՝ զիջելով Nike-ին: Adidas-ը հաջողության և հաղթանակի խորհրդանիշ է: Ընկերությունը գովազդող հանրահայտ մարզիկների ցանկում են Լիոնել Մեսսին, Զինեդին Զիդանը, Դևիդ Բեքհեմը, Մարիա Շարապովան և այլք:
Ընկերության պատմությունը սկսվել է 1920 թվականին բավարական Հերցոգենաուրախ քաղաքում՝ կիսամութ լվացքատանը, որտեղ Դասլերների ընտանիքը զբաղվում էր համեստ բիզնեսով` կոշիկի արտադրությամբ. օր ու գիշեր մայրը և դուստրերը կտրում էին, իսկ հայրը և որդիները՝ Ռուդոլֆն ու Ադոլֆը, կարում: Անանուն ընկերության առաջին արտադրանքը հողաթափ էր` պատրաստված զինվորական ոչ պիտանի համազգեստից և մաշված անվադողերից: Գործարանը փոքր էր, ինչի պատճառով ստացվում էր քիչ եկամուտ: Սակայն Դասլերների ընտանիքը ձգտում էր հաջողության։ Հաստատակամության ու համառության շնորհիվ նրանց հաջողվեց ընդլայնել արտադրությունը չորս տարվա ընթացքում: Ընկերությունն անվանվեց «Դասլեր եղբայրների կոշիկի գործարան», ուներ 12 հոգուց բաղկացած աշխատակազմ և արտադրում էր օրական 50 զույգ կոշիկ:
Դասլեր եղբայրների կոշիկի գործարանը
Ձեռնարկությունը նպատակ դրեց զբաղվել այնպիսի մարզակոշիկների արտադրությամբ, որոնք կնպաստեին մարզիկների ցուցաբերած արդյունքների բարելավմանը: Ըստ Դասլերի՝ յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենար հատուկ պատրաստված հանդերձանք՝ նոր բարձունքներին հասնելու համար, և հանդերձանքը պետք է լիներ հարմարավետ ու գործնական:
Գերմանական հայտնի կոկիկությանը և կարգուկանոնին համապատասխան՝ Դասլեր եղբայրների պարտականությունները խիստ սահմանազատված էին, ինչը որոշում էր ընտանեկան խորհուրդը՝ հաշվի առնելով եղբայրների հակումներն ու բնավորությունը: Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆը կամ պարզապես՝ Ռուդին, բռնկուն և ակտիվ բնավորություն ուներ, բռնցքամարտի երկրպագու էր։ Նա պատասխանատու էր ապրանքների վաճառքի համար: Կրտսեր եղբայրը՝ Ադոլֆը կամ Ադին, զուսպ և խոհեմ անձնավորություն էր, ով հանգստի ժամանակ նախընտրում էր ձկնորսությունը: Նա ֆուտբոլի երկրպագու էր: Ադոլֆը պատասխանատու էր նոր մոդելների զարգացման համար: Նրա շնորհիվ 1925 թվականին ֆուտբոլում հեղափոխություն տեղի ունեցավ: Նա հորինեց և իր ձեռքերով կարեց սեպերով առաջին ֆուտբոլային մարզակոշիկը, որը դարձավ հետաքրքիր նորարարություն և կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ Եվրոպայում: Երեք տարի անց Նիդերլանդներում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ մեդալների հավակնորդները հանդես եկան «Դասլեր» մարզակոշիկներով:
Սեպերով առաջին ֆուտբոլային մարզակոշիկը
Ընկերության գործունեությունն այնքան հաջող էր ընթանում, որ շուտով մարզակոշիկները դարձան ընկերության հիմնական արտադրանքը: Դասլերները իրենց արտադրանքը նույնիսկ գովազդելու կարիք չունեին. ապրանքները ցուցադրվում էին հենց մարզիկների կողմից: Իրենց արտադրանքի լավագույն գովազդն էր 1936 թվականին թեթև ատլետ Ջեսսի Օուենսի հաղթանակը, ով չորս ոսկե մեդալ նվաճելու և 5 համաշխարհային ռեկորդ սահմանելու պահին կրում էր «Դասլեր» մարզակոշիկներ: «Դասլեր»-ն ակնթարթորեն ճանաչվեց որպես մարզակոշիկի համաշխարհային չափանիշ: Ժամանակին ընտանեկան փոքր բիզնես հանդիսացող ընկերությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Օրական արտադրությունը կազմեց 1000 զույգ մարզակոշիկ: 1938 թվականին եղբայրները հիմնեցին երկրորդ գործարանը:
Ընկերության հետագա զարգացումն ընդհատվեց՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմով: «Դասլերը» փաստացի կործանման եզրին էր: 1945 թվականից հետո ընկերությունը ստիպված եղավ զրոյական վիճակից սկսել: Չնայած գործունեության հարթ ընթացքին՝ եղբայրների միջև հարաբերությունները վատթարացել էին: 1948 թվականին պառակտումն օրինապես ձևակերպվեց, և ընկերությունը բաժանվեց եղբայրների միջև: Ռուդին իր ընկերությունն անվանեց «Puma», իսկ Ադին, օգտագործելով անվան (Adi) և ազգանվան (Das) կրճատ տարբերակները, իր ընկերությունն անվանեց «Adidas»: Նա գործունեությունն սկսեց 47 աշխատողներով, իսկ 1952 թվականին ընկերության ապրանքանիշ դարձրեց երեք հորիզոնական գծերը, որը ձեռք բերեց մարզակոշիկներ արտադրող ֆիննական Karhu Sports-ից՝ երկու շիշ վիսկիի և 1600 եվրոյին համարժեք գումարի դիմաց: Երեք գծերը սպորտային կոշիկին արտահայտիչ տեսք տալուց բացի կատարում էին գործնական գործառույթ. պահպանում էին ոտնաթաթի կամարը: «Adidas» սպորտային կոշիկները կրող Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 1954 թվականին նվաճեց աշխարհի գավաթը:
Ադոլֆ (Ադի) Դասլերը
1960-ական թվականների սկզբին ընկերությունը ձեռնարկեց հագուստի և գնդակի արտադրություն: 1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր լինելու առթիվ ստեղծվեց «Adidas»-ի հանրահայտ խորհրդանիշը՝ երեքնուկը, որը կրկին Ադոլֆի սեփական մտահաղացումն էր և խորհրդանշում էր երեք մայրցամաքներում օլիմպիական ոգին: Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը այս անգամ էլ գոհացրեց իր հովանավորին՝ Եվրոպայի առաջնությունում նվաճելով չեմպիոնական տիտղոսը:
Ադոլֆին նույնիսկ հաջողվեց այն, ինչը շատ եվրոպական գործարարներ կարող էին միայն երազել: Նրա առջև բացվեց ԽՍՀՄ-ի «երկաթյա վարագույրը». 1970-ական թվականներին «Adidas»-ը դարձավ խորհրդային ֆուտբոլիստների, ըմբիշների, բասկետբոլիստների, թեթև ատլետների և բռնցքամարտիկների համազգեստի մատակարար:
1978 թվականին Ադոլֆը մահացավ: Ընկերության ղեկավար դարձավ նրա այրին, այնուհետև՝ որդին՝ Հորսթ Դասլերը: 1987 թվականին նրա մահից հետո Adidas-ը հայտնվեց ծանր իրավիճակում, իսկ 1989 թվականին վերածվեց բաժնետիրական ընկերության, որով բարելավվեց ընկերության վիճակը: 1990-ական թվականների վերջին ընկերությունը ձեռք բերեց «Salomon» խումբը, և ողջ պատմության ընթացքում այն երրորդ անգամ վերանվանվեց՝ «Adidas – Salomon AG»: 2000-ական թվականների կեսին ընկերության բաժինը սպորտի համաշխարհային շուկայում կազմում էր 15%: 2006 թվականին Adidas-ն ու Salomon-ը բաժանվեցին:
Անհաշտ մրցակիցներ Puma-ի և Adidas-ի գլխավոր գրասենյակները գտնվում են Հերցոգենաուրախում: Եղբայրների միջև վիճաբանության պատճառն այդպես էլ չբացահայտվեց. եղբայրները կատարվածը գաղտնի պահեցին։
Ներկայումս Adidas-ը հոլդինգային ընկերություն է, որը միավորում է Reebok սպորտային հագուստի ընկերությունը, TaylorMade գոլֆի ընկերությունը, Bayern Munich գերմանական ֆուտբոլային ակումբ-ի 8.33%-ը և ավստրիական ֆիթնես հավելված Runtastic ընկերությունը: Adidas-ն աշխատում է աշխարհում շուրջ 800 անկախ գործարանների հետ, որոնք ընկերության ապրանքը մատակարարում են մոտ 55 երկրներ: 2018 թվականին Adidas-ի հասույթը կազմել է 21.9 միլիարդ եվրո, իսկ զուտ շահույթը` 1.7 միլիարդ եվրո: 2008 թվականին այս ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 10.8 միլիարդ եվրո և 0.6 միլիարդ եվրո: Ըստ ամերիկյան հանրահայտ Forbes բիզնես ամսագրի՝ Adidas-ը 2019թ․ աշխարհի 100 ամենաարժեքավոր բրենդների ցանկում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ կազմելով 11,2 մլրդ դոլար։
Ընկերությունը 2018 թվականին ունեցել է 57 016 աշխատակից: Adidas-ն իր աշխատակիցներին համարում է ընկերության հաջողության գրավականը: Ընկերությունում աշխատում են տաղանդներ՝ եռանդով լի դեպի սպորտը և ընկերության բրենդները: Աշխատակիցներն են կյանքի կոչում ընկերության ռազմավարությունը և կատարում անհրաժեշտ փոփոխությունները՝ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:
Adidas-ի գործարաններից
Adidas-ն ունի հաղթանակի իր մշակույթը։ Որպես մարզիկներ՝ ընկերության աշխատակիցներն իրենց խաղի մեջ մտավոր ուժի կարիք ունեն։ Այդ մարզիկների մտածելակերպն Adidas-ը զարգացնում է վարքագծի այնպիսի կանոնների միջոցով, որոնք ընկած են կազմակերպության յուրահատուկ կորպորատիվ մշակույթի՝ 3 C-երի հիմքում․
- վստահություն (Confidence),
- համագործակցություն (Collaboration),
- ստեղծագործական միտք (Creativity)։
Մարզիկների համար վստահություն նշանակում է ընդունել արագ որոշումներ, ձգտել առավելագույնին, իսկ Adidas-ի դեպքում նշանակում է՝ պետք է ընդունել այն փաստը, որ ոչ բոլոր պատասխաններն են ակնհայտ, սակայն ընկերությունը ռիսկի գնալու և նորը փորձելու կամք ունի: Իսկ եթե ընկերությունը ձախողի, դա ուսուցման մի մասն է և կօգնի կատարելագործվել:
Յուրաքանչյուր մարզիկ հույսը դնում է մարզչի, թիմակիցների, սննդաբանի վրա: Adidas-ում նույնպես միասնական թիմն ավելի ուժեղ է: Թիմում հաղթանակը պահանջում է բաց և անկեղծ երկխոսություն, ներգրավվածություն և վստահություն թիմակցի կարողությունների և տաղանդի նկատմամբ:
Աշխարհում լավագույն սպորտային կազմակերպություն լինելը պահանջում է ճկուն ստեղծագործական միտք: Անհրաժեշտ է փնտրել նոր գաղափարներ, ուսումնասիրել, ձեռք բերել առավելություն և տարբերվել։ Միայն դրանից հետո կարելի է հասնել հաջողության:
Մարիամ Խաչատրյան