Լեոնարդ Ռիդ, (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Մի պրոֆեսոր գրում է «Ըստ իս՝ գործարարը բավականին անարժան նպատակ է դնում, երբ գնում եւ աշխատում է հանուն բաժնետերերին եկամուտ բերելու»։
Մեծ կորպորացիայի ղեկավարը ողբում է բիզնեսի վատ համբավը եւ պնդում, որ ամերիկյան բիզնեսի թիվ մեկ մտահոգությունը (եթե այն ճիշտ կողմնորոշում ունի) աշխատողների եւ սպառողների բարօրությունն է։
Այս դիրքորոշումները մատնանշում են կորպորատիվ կառավարիչների եւ ոլորտի մասնագետների շրջանում կոլեկտիվիստական զգացմունքների աճը։ Իսկ տեսակետը, ըստ էության, այն է, որ մարդ պետք է բիզնես մուտք գործի հանուն այլոց բարօրության, եւ որ շահույթը անարժան նպատակ է սեփականատիրոջ համար։ Ամերիկյան առաջատար սոցիալիստներից մեկն իր ուտոպիան կառուցել է նմանատիպ գաղափարի վրա՝ «արտադրություն հանուն օգտագործման, այլ ոչ՝ շահույթի»։
Անձամբ ես մտավախություն ունեմ, որ աշխարհում չկան անձնագրով ալտրուիստներ, թեպետեւ կան մարդիկ, որոնք իրենց համարում են այդպիսին։ «Շատերը, որոնք կարծում են, թե փափուկ սիրտ ունեն, իրականում կակուղ միտք ունեն»։ Ինչեւիցե, ասվածի իմաստն այն է, որ անշահախնդիր մարդիկ չկան, կան միայն մարդիկ, ովքեր իրենց բավարարված են զգում սխալական այն մտքից, թե իրենք անշահախնդիր են։ Բավարարվածության զգացումը կարող է մոտիվացնել ցանկացածին։ Ոմանք երանավետ այդ վիճակին ձգտում են փող դիզելով, մյուսները՝ իմ եւ ձեր գործերին խառնվելով, ոմանք էլ՝ աշխատելով «հանուն աշխատողների եւ սպառողների բարօրության»։ Սեփական երկրային բարիքներն ուրիշներին բաժանողը նույնքան հաճույք է ստանում իր քայլերից, որքան Միդաս արքան՝ ժլատորեն ոսկի կուտակելուց։
Բանն այն է, որ մենք իրարից տարբերվում ենք նրանով, թե որքան խելամտորեն ենք մեկնաբանում սեփական շահը։ Թոմաս Ջեֆերսոնը, օրինակ, բավականաչափ խելամիտ էր, որպեսզի տեսներ, որ իր շահերը բավարարված են լինում լավագույնս, երբ փորձում է կատարելագործել այն հասարակությունը, որում ճակատագիրը սահմանել է ապրել։ Մյուս կողմից՝ գրպանահատը համարում է, որ իր լավագույն շահերից է բխում մեծ ռիսկի գնալ հանուն փոքր օգուտի։ Երկուսի միջեւ տարբերությունը չպետք է որակվի իբրեւ անշահախնդրություն կամ եսասիրություն։ Սա զուտ ինտելեկտի հարց է։
Ովքեր այլոց համար «բարի գործ» անելուց ավելի մեծ բավականություն են ստանում, քան սեփական մտավոր, հոգեւոր կամ նյութական կարգավիճակը բարելավելուց, հարում են սոցիալիզմի, որը, տեսականորեն, համահունչ եւ հրապուրիչ է նրանց մտածողության ձեւի համար։ Մոտ երկու դար առաջ Ադամ Սմիթն իր «Ազգերի հարստությունը» աշխատության մեջ նշել է մի միտք, որը, թվում է, հաստատվում է նաեւ փորձով.
«Ես երբեք չեմ տեսել, որ մեծ բարիք գործած լինեն նրանք, ովքեր ձեւացնում են, թե առեւտուր են անում հանուն հանրային բարօրության…
Շահույթի համար է միայն, որ որեւէ անհատ իր կապիտալը գործի է դնում ի շահ արտադրության։ Ուստիեւ, նա միշտ ձգտելու է ներդնել հօգուտ այնպիսի գործի, որի արգասիքը խոստանում է ամենաարժեքավորը լինել…
Ընդհանուր առմամբ, նա, իհարկե, ո՛չ նպատակ ունի առաջ մղելու հանրային շահը, ո՛չ գիտի անգամ, թե որքանով է առաջ մղում այն… Ուղղորդելով տվյալ արտադրությունն այնպես, որ դրա արդյունքը լինի առավելագույնս արժեքավոր՝ նա հետապնդում է միայն անձնական շահույթ, եւ դրանում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում եւս, անտեսանելի ձեռքից առաջնորդվելով՝ նա առաջ է մղում այնպիսի վերջնանպատակներ, որոնք ինքը երբեք չի հետապնդել։ Ընդ որում, միշտ չէ, որ հանրության համար վատ է, երբ նա դրան չի մասնակցում։
Սեփական շահը հետապնդելով՝ նա հաճախ առաջ է մղում նաեւ հանրության շահը, ընդ որում՝ շատ ավելի արդյունավետ, քան երբ դա փորձում է անել նպատակադրված։» (շեղատառերն իմն են – Լ.Ռ.)
Եկեք այս բանավեճը մասնատենք ընկալելի հատվածների եւ խորհենք, թե ինչն է, օրինակ, մարդուն շահագրգռում իր խնայողությունները ներդնել համբուրգերի տաղավարում։ Պատասխանը պարզ է՝ վաստակել հնարավորինս շատ փող։ Ամենօրյա դիտարկումներից մենք գիտենք, որ այսպիսի ձեռնարկման համար պատասխանատու է շահույթ ստանալու հույսը, այլ ոչ՝ միս ուտելու հնարավորությունից զրկված բնակչության մասին մարդասիրական մտահոգությունը։ Նկատենք նաեւ, որ ձեռներեցի նպատակը՝ մեծ շահույթը, սպառողի հավանության ցուցանիշն է։ Սեփական օգուտին մշտադետ հետեւելով՝ նա երաշխավորում է ուրիշների լավ սպասարկումը։ Սրա ապացույցը մարդկանց կրկնվող գնումներն են, որոնք շահույթ են բերում ձեռներեցին։ Պատկերացրեք, թե ամեն ինչ որքան տարբեր կլիներ, եթե համբուրգեր պատրաստողը կենտրոնանար ոչ թե իր օգուտի, այլ միայն այլոց բարօրության վրա։
Իհարկե, շահութաբերության հասնելու համար հարկավոր է, որ աշխատողին հատկացվի աշխատավարձ եւ այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնց հետ նրանք ազատ կամքով կփոխանակեն իրենց ջանքերը, իսկ մարդանց առաջարկվեն բարիքներ ու ծառայություններ, որոնք ձեռք բերելու համար նրանք ազատ կամքով կփոխանակեն իրենց դոլարները։ Սա է ազատ շուկայի գործելաոճը։
Մարդասիրակա՞ն է սա։ Այո, միանշանա՛կ։ Դիցուք, նյարդավիրաբույժը հայտնագործել է մի եղանակ, որով կարելի է կատարել ուղեղի այնպիսի վիրահատություն, որի անհրաժեշտ եւ անհապաղ կարիքն ունեն տարեկան 1,000 հոգի, սակայն ինքը ամսական կարող է վիրահատել միայն մեկի։ Ինչպե՞ս է, ուրեմն, բաշխվելու վիրաբույժի նվազ ռեսուրսը։ Պատասխանը մեկն է՝ գանձելով այնքան, որքան անհրաժեշտ է՝ առաջարկը պահանջարկի հետ համաձայնեցնելու համար, ասենք՝ 50,000 դոլար։ «Ամո՜թ»,– թերեւս գոչեն ոմանք։ «Ձեր շուկայական համակարգը փրկում է միայն հարուստներին»։ Այս պահին՝ այո։ Սակայն շուտով ի հայտ կգան հարյուրավոր վիրաբույժներ՝ ձեռք բերելով միեւնույն հմտությունները։ Եւ, ինչպես ժամանակին եղավ հազվագյուտ ու թանկարժեք «հրաշագործ դեղերի» հետ [խոսքը հակաբիոտիկների մասին է – Ծ.Թ.], գինը հասանելի կդառնա արդեն բոլորին։
Հետամուտ եղեք ձեր սեփական դիրքի բարելավմանը, եթե կուզեք լավագույնս հոգալ այլոց մասին։ Եւ սա հիմնավոր խորհուրդ է, անկախ նրանից՝ ձեր բիզնեսը սովորական հետազոտական աշխատանքից, բժշկությամբ զբաղվելուց, մոլորյալ հոգիների փրկությունից, թե ցանկացած այլ բանից շահույթ ստանալն է։ Լավագույն բարեգործությունը կլինի ստեղծել այնպիսի օրինակ, որով ուրիշները գուցե սովորեն օգնել իրենք իրենց։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան