Թարգմանությունը www.fee.org կայքից:
Մասնավոր սեփականության իրավունքի և ազատ շուկաների կողմնակիցների հակառակորդները հաճախ նրանց անվանում են սոցիալական դարվինիստներ, ովքեր ցանկանում են «ոչնչացնել թույլերին» ի շահ ուժեղների: Այնուամենայնիվ, կապիտալիզմի դեպքում երկու խմբերն էլ շահում են, և գրեթե բոլորը ավելի լավ են գոյատևում` ներառյալ ամենաթույլերը, առանց անհատական ազատությունը խախտելու՝ դրանով իսկ այն դարձնելով կտրուկ հակադարվինյան:
Բայց այս մոտեցման հակառակորդները չեն կարողանում տեսնել, որ շուկայի կամավոր պայմանավորվածությունները փոխարինում են ջունգլիներին: Լրացուցիչ հարստություն ստեղծելու մրցակցությունն իրական երկարատև զոհեր չի բերում: Կան միայն շահառուներ: Բայց սոցիալական դարվինիզմի հռետորաբանությունը` «ամենաուժեղի գոյատևումը», անտեսում է, թե ինչու է դա այդպես:
Ենթադրենք X և Y արտադրանքի արտադրելը վստահված է աշխատողների երկու` Ա և Բ խմբերին: Ի՞նչ տեղի կունենար, եթե Բ խմբում աշխատողները երկու անգամ քիչ արդյունավետ լինեին X և Y արտադրելու մեջ, քան Ա խմբում աշխատողները: Այդ դեպքում Բ խմբում աշխատողները, ենթադրաբար, չէին լինի «ամենահամապատասխան աշխատողների» շարքում: Արդյո՞ք Ա խմբի աշխատողների բացարձակ առավելությունը նշանակում է, որ Բ խմբի աշխատողները սովամահ կլինեն: Ոչ: Եթե աշխատավարձերը ճշգրտվեն, դրանք թույլ կտան երկու խմբերին էլ արդյունավետ աշխատել:
Եթե ես արտադրողական եմ ձեր կեսի չափով, ես դեռ կարող եմ շուկայում գոյատևել, քանի որ ձեր աշխատավարձի կեսի չափով իմ աշխատելու դեպքում արտադրության արժեքը կմնա նույնը: Այն դեպքում, երբ աշխատավարձերը չունեն տարբեր ընդունակություններին պատասխանելու հնարավորություն, կարող են առաջանալ որոշ անբարենպաստ արդյունքներ (ինչպես, օրինակ, նվազագույն աշխատավարձի մասին օրենքները, որոնք կարող են գերագնահատել ցածր որակավորում ունեցող աշխատուժը և կրճատել նրանց զբաղվածությունը):
Երբ գները կարող են ճշգրտվել, և առևտուրը արհեստականորեն սահմանափակված չէ, ոչ մի աշխատող գործազուրկ չի դառնում:
Բերենք մեկ այլ օրինակ: Բ խմբի աշխատողները Ա խմբի աշխատողների համեմատ երեք անգամ արդյունավետ են X արտադրանքի արտադրության մեջ և Y արտադրանքի արտադրության մեջ իրենց արտադրողականությունը երկու անգամ ցածր է Ա խմբի աշխատողների նկատմամբ: Այսինքն, X արտադրանքի արտադրության մեջ Ա խմբի աշխատողների նկատմամբ Բ խմբի աշխատողներն ունեն հարաբերական առավելություն և ընդհակառակը: Այս դեպքում, աշխատողների երկու խմբերը կարող են շահել, եթե Բ խմբի աշխատողները մասնագիտանան X-ի արտադրության մեջ (որի համար նրանք համեմատաբար ավելի լավն են), իսկ Ա խմբի աշխատողները` Y-ի արտադրության մեջ (որի համար նրանք համեմատաբար ավելի լավ են):
Դա, ըստ էության, այն է, ինչ Դավիթ Ռիկարդոն ցույց տվեց 1817 թ․-ին համեմատական առավելության իր տեսության մեջ: Նույնիսկ եթե մի երկրի աշխատողներն ավելի քիչ արտադրողական են յուրաքանչյուր բարիք արտադրելու մեջ, քան մեկ այլ երկրի աշխատողները, ապա համեմատական առավելությանը համապատասխան մասնագիտացումը միջազգային առևտրի հետ համատեղ կարող է օգուտ բերել երկու երկրների աշխատողներին:
Եվ դա կարևոր գաղափար է: Ըստ Դեիրդեր Մակլոսքիի՝ երբ մաթեմատիկոս Ստանիսլավ Ուլամը մարտահրավեր նետեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Սամուելսոնին նշելու, թե որն է սոցիալական գիտությունների սկզբունքը (որը և՛ իրական էր և՛ ոչ ակնհայտ), նրա պատասխանը հետևյալն էր. «Ռիկարդոյի համեմատական առավելության տեսությունը»:
Սոցիալական դարվինիստական քննադատությունը բխում է այն մտքից, որ գոյատևում են միայն նրանք, ովքեր բացարձակապես լավագույնն են, իսկ մյուսները դուրս են մնում: Բայց դա շուկայական մրցակցության իրականությունը չէ: Քանի դեռ մարդիկ ազատ են հետապնդելու իրենց շահերը, և շուկայական գները արհեստականորեն չեն փոփոխվում, նրանք հակված կլինեն ընտրություն կատարել մասնագիտանալու այն հարցում, որտեղ իրենք ունեն համեմատական առավելություն, նույնիսկ եթե նրանք ամենավատն են արտադրում ամեն ինչ և չեն կարող ունենալ բացարձակ առավելություն ամեն ինչի մեջ:
Գների շուկայական ինքնակարգավորումը թույլ է տալիս պակաս ունակություն ունեցողներին գոյատևել, այլ ոչ թե ոչնչանալ: Եվ, ինչպես ասաց Շելդոն Ռիչմանը, «շուկայում ավելի քիչ «պիտանիները» չեն կորչում: Նրանք պարզապես ավելի քիչ գումար են վաստակում: Դա քիչ կարևոր չէ կապիտալիզմը սոցիալական այլ կառուցվածքների հետ համեմատելիս»:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի