«Ապագան յուրաքանչյուրինն է»․ այս կարգախոսով բոլորիս հայտնի ընկերությունը՝ Opel-ը, հիմնադրվել է 1862թ. հունվարի 21-ին Գերմանիայի Ռյուսելսհայմ քաղաքում: Opel-ը ոչ միայն Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներից է, այլ նաև երկրի խորհրդանիշներից մեկը: Արդյո՞ք ընկերության հիմնադիր Ադամ Օփելը կարող էր երազել նմանատիպ հաջողության մասին ավելի քան մեկուկես դար առաջ: Հավանաբար` այո, քանի որ առանց նպատակի հաջողության հասնել հնարավոր չէ, և Ադամ Օփելը գիտեր՝ ինչին է ձգտում:
Ադամ Օփելը ծնվել է դարբնի ընտանիքում: Իր երջանկությունը գտնելու համար 20 տարեկանում մեկնեց երկրից, և միայն 5 տարի հետո վերադարձավ հայրենի տուն` իր հետ ունենալով սկզբնական կապիտալը` մտահաղացումը: Փարիզյան ցուցահանդեսի ժամանակ նա տեսել էր կարի մեքենա և որոշել, որ առանց հապաղելու պետք է ստեղծի նմանատիպը: Առաջին մոդելն այնքան հաջողված էր, որ վաճառվեց նախքան լիովին պատրաստ լինելը: 1880-ականների վերջին կարի մեքենաների արտադրությունը հասավ իր գագաթնակետին, իսկ 1899 թվականին արտադրվել էր ավելի քան կես միլիոն մեքենա։ Օփելը «գործնական հոտառություն» ուներ, որը շատ ճանաչված գործարարներին հաջողություն է բերել, նույնիսկ ավելին, քան կրթությունը, որն, ընդ որում, Օփելը չի ստացել:
Օփելը չէր ցանկանում բավարարվել միայն կարի մեքենայի արտադրության հաջողություններով, և որոշում է զբաղվել հեծանվի արտադրությամբ` հաշվի առնելով իր որդիների սերը դեպի հեծանիվը և այն միտքը, որ դա նոր հեռանկարներ կստեղծի բիզնեսի զարգացման համար: Ընկերությունը սկսեց հեծանվի արտադրությունը 1886 թվականին:
Օփելի բիզնեսը զարգանում էր օրեցօր և այնպիսի մասշտաբների հասավ, որ ընկերությունն անվանելու անհրաժեշտություն առաջացավ․ նա օգտվեց ամենապարզ տարբերակից՝ ընկերության անվան մեջ օգտագործելով իր անունն ու ազգանունը` Adam Opel AG: Այդ ժամանակ էլ ստեղծվեց ընկերության առաջին ապրանքային նշանը, որը պարունակում էր նրա անվան և ազգանվան սկզբնատառերը՝ «A» և «O»։ Այն տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել և ընկերության ժամանակակից ապրանքանիշը կայծակի և O-ի համակցություն է:
Ընկերության ապրանքանիշի փոփոխությունը
Երբ որդիները հասունացան և հետաքրքրությունը կորցրին հեծանիվների նկատմամբ, նրանց ուշադրությունը գրավել էր տեխնոլոգիական առաջընթացի իրական հրաշքը՝ ինքնաշարժվող կառքերը։ Սակայն պահպանողական Օփելը չէր ցանկանում զբաղվել դեռևս անհայտ շարժասայլակների արտադրությամբ, քանզի դրանց նկատմամբ շուկայական պահանջարկը կասկածի տակ էր, հատկապես այն դեպքում, երբ Adam Opel AG-ն տարեկան արտադրում էր ավելի քան 2000 հեծանիվ և կարի մեքենաների եվրոպական շուկայում առաջատարն էր: Սակայն այս անգամ նույնպես որդիներն ունեցան իրենց դերակատարումը: Նրանք կարողացան Օփելին ապացուցել, որ իրենց բիզնեսի ապագան ավտոմեքենաների արտադրությունն է:
Օփելն արդեն որոշել էր զբաղվել ավտոմեքենաների արտադրությամբ, երբ Գերմանիայում համաճարակ տարածվեց, ինչի հետևանքով 1895 թվականին գործարարը մահացավ՝ այդպես էլ չտեսնելով իր հիմնադրած ընկերության թողարկած առաջին ավտոմեքենան: Այդ ժամանակ ընկերությունն արդեն կարի մեքենաների և հեծանիվների շուկաների առաջատարն էր։
Օփելի կնոջ օգնությամբ որդիները շարունակեցին նրա ձեռնարկած աշխատանքը: Ընկերությունը առաջին ավտոմեքենան թողարկեց 1899թվականին, որը ստացավ «Opel Patent Motor Car, System Lutzmann» անվանումը։
Opel-ի առաջին ավտոմեքենան՝ «Opel Patent Motor Car, System Lutzmann», արտադրվել է 65 օրինակ 1899-1902թթ․
15 տարի հետո ընկերությունն արդեն հանդիսանում էր Գերմանիայի ամենախոշոր ավտոարտադրողը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ընկերությունը նաև թողարկեց ռազմական տրանսպորտային միջոցներ, տրակտորներ, ինքնաթիռի շարժիչներ, և նույնիսկ պատրաստվում էր թողարկել մեքենայի նոր մոդել: Սակայն դա չհաջողվեց, քանի որ 1918 թվականին Գերմանիայում սկսվեց խորը ֆինանսական ճգնաժամ` պայմանավորված հետպատերազմական ժամանակաշրջանով: Այդ ընթացքում ինֆլյացիան հասել էր այնպիսի տեմպերի, որ ընկերության աշխատողներին աշխատավարձը վճարվում էր երկու օրը մեկ անգամ, ինչպես նաև նրանց տրվում էր ընդմիջման հնարավորություն, որպեսզի կարողանային գնել իրենց անհրաժեշտ ապրանքները՝ նախքան գների հերթական բարձրացումը:
Այդժամ Օփել եղբայրները վճռական քայլ կատարեցին. ավագ որդին մեկնեց ԱՄՆ՝ նոր մտահաղացումներ փնտրելու, և իր հետ բերեց առաջին հոսքագիծը: Արտադրությունն առավել ժամանակակից դարձավ, որի արդյունքում 1920-ական թվականների վերջին ընկերությունն ունեցավ մոտ 8000 աշխատակից, իսկ թողարկվող ավտոմոբիլների օրական քանակը հասավ 250-ի։ Այդ ժամանակ ընկերությանը բաժին էր ընկնում Գերմանիայի ավտոմեքենաշինության 35.7%-ը և հանդիսանում էր երկրի ամենախոշոր արտահանողը։ Սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ընկերության գործունեության վրա։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Օփելների ընտանիքը, որպես գործընկերոջ, դիմեց ամերիկյան General Motors ընկերության օգնությանը։ Opel-ը վերածվեց բաժնետիրական ընկերության, որի 80% բաժնեմասը General Motors-ը գնեց 1929թ. մարտին, իսկ 1931 թվականին՝ մնացյալ 20%-ը: Գործարքի արդյունքում Օփելների ընտանիքը վաստակեց 33,3 մլն դոլար։ Փաստացի General Motors-ը ձեռք բերեց ընկերության բացարձակ տիրապետումը, որը տևեց շուրջ 90 տարի: Ընդ որում, եթե մինչ գործարքը Opel-ը առաջատար էր Գերմանիայում, ապա դրանից հետո առաջատար դիրք գրավեց նաև Եվրոպայում:
2017թ. մարտին ֆրանսիական Groupe PSA (Peugeot, Citroën, DS ապրանքանիշեր) վերազգային կազմակերպությունը համաձայնեց General Motor-ից գնել Opel-ը և դրա բրիտանական ապրանքանիշ Vauxhall-ը 2,2 միլիարդ դոլարով: Նաև General Motors-ը Groupe PSA-ին պետք է վճարեր 3.2 միլիարդ դոլար Եվրոպայում կենսաթոշակային պարտավորությունների կատարման համար և պետք է վերահսկեր առկա թոշակառուների համար 9,8 միլիարդ դոլար արժողությամբ նախագծերի իրականացումը: Բացի այդ, General Motors-ը 15 տարի Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ընկերության աշխատակիցների կենսաթոշակային նախագծերի ֆինանսավորման նպատակով պետք է վճարի տարեկան 400 միլիոն դոլար:
Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 35 600 մարդ Եվրոպայում, որից ավելի քան 18 250-ը՝ Գերմանիայում: Այն ներկայացված է ավելի քան 50 երկրներում, ունի 10 գործարան և զարգացման ու փորձարկման 4 կենտրոններ եվրոպական 6 երկրներում (Գերմանիա, Հունգարիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան): Opel-ը 2018թ․ ապահովել է 859 միլիոն եվրո (979 միլիոն դոլար) գործառնական շահույթ, որն ընկերությունն անվանեց «պատմական»՝ 20 տարվա կորուստներից հետո:
Մարիամ Խաչատրյան