«Laissez-faire»-ը 18-րդ դարում սկիզբ առած տնտեսագիտության տեսություններից է, որը դեմ է կառավարության ցանկացած միջամտությանը բիզնեսի գործերում։ «Laissez-faire»-ի գլխավոր սկզբունքը (որը բառացի թարգմանաբար նշանակում է թույլ տվեք անել) այն է՝ որքան կառավարությունը քիչ է խառնվում տնտեսությանը, այնքան ավելի լավ է բիզնեսի, հետևաբար նաև ամբողջ հասարակության համար։ «Laissez-faire»-ը համարվում է ազատ շուկայական կապիտալիզմի առանցքային տարրը։
«Laissez-faire»-ի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ տնտեսական մրցակցությունն իրենից ներկայացնում է բնականոն իրավիճակ։ Այս մոտեցման կողմնակիցների կարծիքով բնական ինքնակարգավորումը համարվում է կարգավորման լավագույն տեսակը։ Նրանք պնդում են, որ արդյունաբերական և գործարար հարաբերությունները կառավարության միջամտությամբ բարդացնելու անհրաժեշտություն չկա։ «Laissez-faire»-ի կողմնակիցները հանդես են գալիս տնտեսության մեջ պետական մասնակցության ցանկացած տեսակի դեմ, որն իր մեջ ներառում է օրենսդրական կամ վերահսկողական ցանկացած տարր։ Նրանք դեմ են արտոնություններ տրամադրելուն, նվազագույն աշխատավարձ, առևտրային արգելքներ և կորպորատիվ հարկեր սահմանելուն։ «Laissez-faire»-ի հետևորդ-տնտեսագետները այդպիսի «հարկերը» համարում են տուգանք արտադրության համար։
«Laissez-faire»-ի պատմությունը
18-րդ դարի կեսերին մեծ տարածում ստացած այս տեսությունը համարվում է շատ դիպուկ ձևակերպված տնտեսագիտական տեսություններից մեկը։ Ընդունված է այն տեսակետը, որ «laissez-faire»-ը ձևավորվել է ֆիզիոկրատների դպրոցի կողմից, որը բարգավաճում էր Ֆրանսիայում 1756-1778 թվականներին։ Իրենց առաջնորդի՝ Ֆրանսուա Քենեի գլխավորությամբ, ով մասնագիտությամբ բժիշկ էր, ֆիզիոկրատները փորձում էին կիրառել գիտական սկզբունքներ և մեթոդաբանություն հարստության ուսումնասիրության համար։ Այդ տնտեսագետները (այդպես էին նրանք իրենց անվանում) պնդում էին, որ ազատ շուկան և ազատ տնտեսական մրցակցությունը չափազանց կարևոր են առողջ և ազատ հասարակության համար։ Կառավարությունը տնտեսությանը պետք է խառնվի միայն անձի սեփականությունը, կյանքը կամ անձի ազատությունը պաշտպանելու համար։ Շուկայական ուժերը և տնտեսական գործընթացները կառավարող բնական անփոփոխ օրենքները (որոնց հետագայում շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթն անվանեց «անտեսանելի ձեռք») պետք է գործեն առանց որևէ արգելքների։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «laissez-faire» արտահայտությունը առաջացել է 1681 թվականին, երբ միմյանց հետ հանդիպել են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժան-Բապտիս Քոլբերը և բիզնեսմեն Լե Ժենդրը։ Ինչպես նշվում է, Քոլբերը հարցնում է Լե Ժենդրին այն մասին, թե ինչպես կառավարությունը կարող է օգնել առևտրին, ինչին Լե Ժենդրեն պատասխանում է «laissez-nous faire» կամ թարգմանաբար՝ թույլ տվեք մեզ անել (այդ)։ Ֆիզիոկրատները տարածեցին այդ արտահայտությունը՝ օգտագործելով այն որպես իրենց տնտեսական դոկտրինայի հիմք։
Դժբախտաբար, «Laissez-faire»-ի կիրառման առաջին փորձերը հաջողություն չբերեցին։ 1774 թվականին Թյուրգոն, ով Լյուդովիկոս 14-րդի օրոք Ֆրանսիայի գլխավոր ֆինանսական վերահսկիչն էր, որպես փորձարկում ցորենի խիստ վերահսկվող արտադրության նկատմամբ հանեց բոլոր սահմանափակումները, թույլ տալով շրջանների միջև ազատ արտահանումը և ներմուծումը՝ այդպիսով հիմք դնելով ազատ առևտրի համակարգին։ Սակայն երբ սակավ բերքը (ոչ բերքառատ տարիներին) առաջացնում էր դեֆիցիտ, գները բարձրանում էին մինչև «երկինք»։ Արդյունքում առևտրականները կուտակում էին պաշարներ կամ ցորենը վաճառում էին «ստրատեգիական» նշանակություն ունեցող շրջաններում (որտեղ հնարավոր էր վաճառել ցորենն ավելի բարձր գնով), նույնիսկ երկրի սահմաններից դուրս՝ մեծ շահույթներ ստանալու նպատակով, երբ միևնույն ժամանակ Ֆրանսիայի հազարավոր քաղաքացիներ քաղցած էին։ Մի քանի ամիսների ընթացքում սկսվեցին անկարգություններ ժողովրդի շրջանում։ 1775 թվականի կեսերին նախկին կարգը վերականգնվեց, և կառավարությունը նորից սկսեց կարգավորել ցորենի շուկան։
Չնայած անբարենպաստ մեկնարկին՝ «laissez-faire»-ի սկզբունքը հետագայում զարգացվեց բրիտանացի տնտեսագետներ Ադամ Սմիթի և Դավիթ Ռիկարդոյի կողմից և մեծ կիրառություն ստացավ արդյունաբերական հեղափոխության շրջանում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին։ Ինչպես նշում էին այս տեսության հակառակորդները, դա բերեց աշխատանքի վտանգավոր պայմանների և բարեկեցության մեծ խզումների ի հայտ գալուն։ Միայն 20-րդ դարի սկզբներին արդյունաբերապես զարգացած այնպիսի երկրները, ինչպիսին էր ԱՄՆ-ն, սկսեցին ներդնել պետական կարգավորման և վերահսկողության նշանակալի կանոնակարգեր և նորմատիվ ակտեր աշխատողներին վտանգավոր պայմաններից, իսկ սպառողներին՝ անբարեխիղճ գործարար պրակտիկայից պաշտպանելու համար։ Չնայած պետք է նշել, որ այդ քաղաքականությունն ուղղված չէր բիզնես-պրակտիկայի և մրցակցության սահմանափակմանը։
«Laissez-faire»-ի քննադատությունը
«Laissez-faire»-ի գլխավոր քննադատական փաստարկներից մեկը այն է, որ որպես համակարգ կապիտալիզմում ներդրված են բարոյական անորոշություններ։ Այն իր իմաստով չի պաշտպանում հասարակության ամենաթույլերին։ Եթե «laissez-faire»–ի կողմնակիցները պնդում են, որ անձինք առաջին հերթին հետապնդելով միայն իրենց շահերը` բերում են սոցիալական մեծ օգուտներ, ապա դրա քննադատները պնդում են, որ «laissez-faire»-ը փաստացի բերում է աղքատության և տնտեսական անհավասարության։ Նրանք ասում են, որ տնտեսական համակարգին՝ առանց միջամտության կամ շտկման գործելու թույլատվության գաղափարը մերժում կամ հետապնդում է նրանց, ովքեր բոլորից շատ օգնության կարիքն ունեն։
20-րդ դարի բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը, ով եղել էր այս սկզբունքի բացահայտ հակառակորդը, այնուամենայնիվ նշել էր, որ շուկայական լուծում-պետական միջամտություն հարցը պետք է լուծվի իրավիճակից կախված։
Թարգմանությունը՝ Արտյոմ Աշիգովի