Պատերազմ ընդդեմ սեփականության

Փոլ Լ. Պուարո (The Freeman պարբերականի 1967 թ. հոկտեմբերյան համարից)

 

ԱՄՆ նախաձեռնած «Պատերազմ ընդդեմ աղքատության» ծրագրի ավելի քան երեսուն տարիների արդյունքները պարզորոշ ցույց են տալիս, որ այն տապալվել է։ «Առժամանակ օգնելու փոխարեն, նպաստը դարձել է կյանքի մշտական ձեւ միլիոնավոր մարդկանց համար։ Ընտանիքներ կան, ուր երկրորդ ու երրորդ սերունդն է արդեն ապրում նպաստի հաշվին»։ Չի կարելի ասել նաեւ, թե չքավորության մեջ հայտնված այս նոր խավի միլիոնավոր ներկայացուցիչներ զրկված են մասնավոր սեփականության սոսկ նյութական դրսեւորումներից։ Դրությունն անհամեմատ ծանր է. շատերը կորցրել են հարգանքը ե՛ւ իրենց, ե՛ւ մերձավորի նկատմամբ, կորցրել են մարդկային արժանապատվությունը։ Այս մարդիկ ի՞նչ հայտարարեն որպես իրենց սեփականություն։

 

Անհատի արժանապատվության նկատմամբ հարգանքն ունի նախապայման՝ անհատը պիտի պատասխանատու լինի իր ունակությունների, որակների ու հատկությունների զարգացման եւ օգտագործման համար։ Ընտրություն կատարելու անձնական ազատությունը, որ հենց ինքը՝ ազատությունն է, կախված է մասնավոր սեփականություն ունենալու եւ այն սեփական ձեռքով տնօրինելու փաստից։ Մարդկային արժանապատվության եւ մասնավոր սեփականության այս սկզբունքին համահունչ է նաեւ սեփական կամքով սեփական սխալները գործելու եւ դրանց հետեւանքները կրելու՝ անհատի իրավունքը, երբ նա իրազեկ է ոչ միայն հաջողության պտուղների, այլեւ սխալ ընտրության ու քայլերի համար նախատեսված պատիժների մասին։

 

«Սեփականությունը ցանկալի եւ դրական բարիք է աշխարհում»,– ասել է Աբրահամ Լինքոլնը։ «Ոմանց հարուստ լինելը ջանասիրության եւ ձեռներեցության խրախույսն է, որովհետեւ ցույց է տալիս, որ մյուսները նույնպես կարող են հարստանալ։ Թող տնանկը չքանդի ուրիշի տունը, այլ ջանասիրաբար աշխատի սեփական տան կառուցման վրա՝ իր իսկ օրինակով երաշխավորելով, որ իր տունը եւս ապահով կլինի բռնությունից»։

 

Լինքոլնը հասկանում էր, որ աղքատությունը հաղթահարվում է ոչ թե հարկադիր միջոցներով, որ նմանվում են պատերազմի, այլ խաղաղ օրինակով. ոչ թե դիմացինի տունը, կյանքը կամ կալվածքը կործանելով, այլ երբ յուրաքանչյուրը ջանադիր աշխատանքով կառուցում է այդպիսիք իր համար։

 

Անշուշտ, մասնավոր սեփականատերը պիտի ունակ լինի ապրելու սեփական ռեսուրսների հաշվին։ Բայց քչերն են արդեն, որ մեր օրերում իրենց բավարարված կզգան կենսապահովման նվազագույն այդ չափով։ Մենք շատ ենք վարժվել այն առավելություններին, որոնք մեզ ընձեռում են մասնագիտացված արտադրությունը եւ բարիքների ու ծառայությունների խաղաղ փոխանակումը։ Կամավոր այդ փոխանակումը եւս կախված է մասնավոր սեփականությունից։ Յուրաքանչյուր վաճառող նաեւ մասնավոր սեփականատեր է ու սեփական գլխի տերը։ Առաջարկելու որեւէ բան ունենալը նրա մուտքի տոմսն է շուկա եւ դրանով իսկ՝ նրա գնողունակության չափը։

 

Առեւտրի նկատմամբ այս պահանջն առաջ է բերում ընդհանուր դժգոհություն ընդդեմ շուկայական տնտեսության այսպես կոչված բռնակալության՝ մեղադրելով, թե այն իբր ձգտում է բացառիկության՝ վերապահվելով միայն սեփականատերերին, իսկ այն փաստը, որ գնորդի գնողունակությունը կախված է առաջարկելու համար իր ունեցածից, սկսում է կոչվել անժողովրդավարական եւ անարդար, քանի որ բոլորին հնարավորություն չի տալիս ունենալու ամեն մի ուզած բան։ Ոմանք նույնիսկ հակաճառում են, թե «սեփականությունը գողություն է»՝ հավատացած լինելով, իբր մասնավոր սեփականության ցանկացած կուտակում անպայման պիտի ընչազուրկ արած լինի այլ մարդկանց։

 

Մտքերի այդպիսի ընթացքը թերեւս արդարացված լինի անցյալի տարբեր հանգամանքների կամ այսօրվա աշխարհի որոշ մասերի համար։ Ստրկատերը, օրինակ, ստրուկին գնում եւ պահում է բռնի ուժով՝ դրանով իսկ ընչազուրկ անելով վերջինիս։ Տարածքի կամ այլ ունեցվածքի համար մղվող ցեղային պատերազմները պարտվողին աղքատացնում են այնքանով, որքանով հաղթողն ավարի է առնում նրա ինչքը։ Սակայն առեւտրային հասարակության մեջ, ըստ էության, արտադրելու եւ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ սեփականությունը սեփականատիրոջ կողմից կարող է կուտակվել եւ պահպանվել միայն այն դեպքում, երբ նա դա շահագործում է այնպես, ինչպես ցանկալի է սպառողին։ Հակառակ դեպքում խաղացողն արտամղվում է բիզնեսից։

 

Այն դժգոհությունը, թե ոչ բոլորը կարող են ունենալ ինչ ցանկանում են, պետք է ուղղել ոչ թե շուկային եւ մասնավոր սեփականատիրությանը, այլ աշխարհի դրվածքին։ Իրական աշխարհը բնութագրվում է մարդկային անսահման ցանկություններով եւ սահմանափակ միջոցներով, այլ ոչ թե հակառակը։ Ցանկացած իրատեսական հասարակարգ պետք է հաշվի առնի ոչ միայն սպառողների անհագ ախորժակը, այլեւ սահմանափակ ռեսուրսների պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը։

 

Մենք չենք ապրում մի աշխարհում, որը կարող է սպառման լիություն ապահովել առանց արգասաբեր ջանքերի կամ առաջարկի աղբյուրի վերաբերյալ այլ հոգածության։ Ահա թե ինչու է կարեւոր հասկանալ սահմանափակ ռեսուրսների վերահսկման եւ մասնավոր սեփականատիրության տարրական սկզբունքներն ու պրակտիկաները, քանի որ սրանք են ցանկացած խաղաղ հասարակության էական հատկանիշները։

 

Կարգավորում մրցակցության միջոցով

Ասել, թե բարգավաճ շուկայական տնտեսությունը կախված է մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքից, նշանակում է ասել միայն ճշմարտության կեսը։ Մասնավոր սեփականատիրությունն ու մասնավոր վերահսկողությունն ինքնին բավարար չեն, որպեսզի երաշխավորեն սակավ ռեսուրսների առավել արդյունավետ շահագործումն ի ծառայություն այլոց։ Այդ երաշխիքը գոյանում է ազատ մրցակցության արդյունքում։ Սա չի նշանակում, թե մրցակիցները միայն ու միայն հետաքրքրված են հաճախորդին հաճոյանալով։ Բայց վերջինիս ցանկություններին անսալը սակավաթիվ եւ արժեքավոր առարկաներ ունենալու եւ պահելու առավել վստահ ու հեշտ ձեւն է։ Երբ երկու կամ ավելի ձեռներեց մրցում են միեւնույն ռեսուրսին տիրելու համար, սպառողը երաշխիք է ստանում, որ այն կօգտագործվի արդյունավետ՝ ի ծառայություն իրեն։ Սպառողը պատրաստ է առատորեն վճարել պատշաճ եւ արդյունավետ ծառայության դիմաց՝ որոշելով, թե զանազան մրցակիցներից ով է տիրելու արտադրական միջոցներին եւ վերահսկելու դրանք։

 

Սեփականության համար մրցակցությունն է, որ հաշտարար միջնորդի կամ կարգավորողի պես զսպում է մասնավոր սեփականատիրության արտոնությունները չարաշահելու գայթակղությունը։ Զուտ մրցակցությունը, անշուշտ, չի կարող ստիպել որեւէ մեկին գնել կամ վաճառել իր համար անընդունելի գնով։ Սակայն մրցակիցները կարող են բարդացնել այն մարդկանց գործը, որոնք ցանկանում են բան ստանալ ոչնչի դիմաց։ Եւ իսկապես, մրցակցությունն է առեւտրի կյանքն ու էությունը՝ հզոր, խաղաղ ազդեցություն, որն ազնիվ եւ արդյունավետ ծառայություն է պահանջում նրանցից, ովքեր հույս ունեն տիրելու եւ վերահսկելու սեփականության օգտագործումը։

 

Չի կարելի ասել նաեւ, թե մրցակցության միջնորդ դերը վերապահված է միայն առաջարկող կողմին, քանի որ փոխանակման գործընթացում կա երկու կողմ։ Սպառողները եւս մրցակցում են միմյանց հետ՝ առկա բարիքների համար։ Շուկայական գների արդյունարար մակարդակը զսպում է ախորժակները, նորմավորում սակավ ապրանքները, պատասխանատու վերաբերմունք պահանջում նրանց կողմից, ովքեր սեփական միջոցների դիմաց պիտի ստանան բարիքներ ու ծառայություններ։ Ոչնչի դիմաց ինչ-որ բան պահանջող սպառողին շուկան չի ծառայի, ճիշտ այնպես, ինչպես չի հանդուրժի խաբեբա առեւտրականի կեղծ գովազդը։ Այնպես որ, մրցակցությունը շուկայի «ոստիկանական պաշտպանության» խաղաղ ձեւն է, որը ձգտում է գնորդին ու վաճառողին իրենց առեւտրում պահել ազնիվ, իսկ նվազող ռեսուրսների շահագործման մեջ՝ արդյունավետ։

 

Կամավոր կամ պարտադիր

Ի սկզբանե պարզաբանենք, որ մեր քննարկումը մինչ այժմ վերաբերում էր տնտեսության այսպես կոչված «մասնավոր սեկտորին»՝ արտադրություն, խնայողություն, ներդրումներ, բարիքների եւ ծառայությունների վաճառք, սպառման անհատական պրակտիկաներ, որոնք բխում են բաց մրցակցության պայմաններում գնորդի եւ վաճառողի կամավոր ընտրությունից։ Չենք զլանա կրկնել նաեւ, որ «մասնավոր սեկտորի» շուկան սեփականատերերի կամավոր միավորում է, որի նպատակը փոխադարձ շահավետ առեւտուրն է։ Շուկայի «մուտքի տոմսը» ձեռք է բերվում առաջարկելու բան ունենալով։ Իրապես՝ այդ առաջարկների ամբողջությունը կազմում է սպառողների ցանկությունների բավարարման միջոցները։ Սակայն սպառողների արտահայտած ցանկությունները պարտադիր չէ, որ կազմեն շուկայական դրությունը։ Իրենց ցանկությունները բավարարել ցանկացող սպառողների ամբողջությունը կարող է լինել ընդամենը գող-ավազակների մի ոհմակ։

 

Երբ պետության ուժը գործադրվում է սեփականության կողոպուտի համար, թող թե «աղքատության դեմ պատերազմի» կարգախոսի ներքո, ստացված ավարից մասնաբաժին ունեցող ամեն ոք պետք է հասկանա, որ դրան տիրում է սեփական ռիսկով։ Կողոպտելու «մարդու իրավունքը» սեփականություն ունենալու եւ կառավարելու իրավունքի ժխտումն է, քանի որ բացեիբաց հռչակում է, որ «ուժն է ծնում իրավունք», իսկ դա շատ դաժան խաղ է հեզերի ու խոնարհների համար։ Սա ճիշտ այն ձեւն է, որով գործում է գողը, այսինքն՝ երբ ոչ-սեփականատերը որոշում է, թե սեփականատիրոջն ինչպես պիտի թույլատրվի կամ չթույլատրվի տնօրինել իր ունեցվածքը։

 

Որքան երկար ենք դիտարկում աղքատության դեմ պետության մղած պատերազմը՝ ներգրավվելով դրանում, այնքան պարզորոշ է դառնում հետեւյալ ուղերձը. Աղքատության դեմ պատերազմը պատերազմ է ընդդեմ սեփականության, իսկ սեփականության դեմ պատերազմը պատերազմ է ընդդեմ աղքատների։

 

Դրամական թյուրըմբռնում

Այս ամբողջ շփոթի մեծ մասը կարելի է ի վերջո հանգեցնել փողի նկատմամբ սիրուն, երբ գործում է այն պատրանքը, թե իբր փողն ինքնին հարստություն է։ Ճիշտ է, աղքատին որոշակի պահի որոշակի գումար փոխանցելով՝ նրան թույլ ենք տալիս գնել բարիքներ ու ծառայություններ, որոնք այլապես դուրս կմնային նրա հնարավորությունների սահմանից։ Սակայն այս տեսակի կենսամակարդակն ավելի շատ կախված է բարիքներից ու ծառայություններից, քան թե փողից, եւ դրամի վերաբաշխումը ոչինչ չի անում առկա բոլոր բարիքների ու ծառայությունների քանակն ավելացնելու համար, այլ ընդամենը գնելու զորությունը փոխանցում է մեկից մյուսին։ Այսպիսի փոխանցումը, սակայն, կարեւոր հետեւանքներ ունի։

 

Ում կողմից ինչ առնելը ազդում է գների, սպառման, խնայողության եւ արտադրության կերպի վրա ամբողջ տնտեսության մասշտաբով։ Երբ հարստությունը հավասարեցնելու նկատառումով փողը հարկվում-փոխանցվում է մեկ անհատից ուրիշին, մեծ հավանականություն է առաջանում, որ բարիքներն ու ծառայությունները արդյունավետ շահագործումից կշեղվեն դեպի անհապաղ սպառում։ Խնայողության եւ արգասաբեր ջանքերի պտուղների հարկումը վհատեցնող ազդեցություն է գործում տնտեսման եւ աշխատանքի վրա։ Անգործության սուբսիդավորումն ավելացնում է անգործությունը։ Սա է պատճառը, որ հարկադիր սոցիալիզմը, երբ եւ որտեղ էլ կիրառված լինի, չի հաջողացրել մեղմել աղքատությունը։ Այն ընդամենը վերաբաշխում է դրամական միջոցները, սակայն դրա արդյունքը լինում է միայն ռեսուրսների եւ կյանքերի վատնումն ու սովի տանող աննահանջ ուղին։

 

«Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքի» բանաձեւը պարզապես դատարկում է սննդի զամբյուղն ավելի արագ, քան դա կարող է լցվել։ Մեր իսկ կյանքի ընթացքում մենք տեսանք, թե ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանում, կարմիր Չինաստանում, Հնդկաստանում, Կուբայում եւ մյուս երկրներում, որոնք հոժարակամ են ընդունելու ազատ աշխարհի բոլոր պարգեւները, սակայն չեն կամենում գործել ազատության ոգով։ Սրա գուցե ամենադրամատիկ օրինակը մենք քաղում ենք Նոր Աշխարհում հիմնված Փլիմութի գաղութի պատմությունից։ Համայնական ջանքերի առաջին տարիները, երբ բերքը հավաքվում ու բաշխվում էր «ըստ պահանջմունքի», նշանավորվեցին երկպառակություններով, պակասությամբ ու մահով։ Բարեբախտաբար, նորաբնակները փորձեցին անցնել հողի մասնավոր սեփականության եւ ճաշակեցին յուրաքանչյուր սեփականատիրոջ աշխատանքի պտուղները։ Դրանից հետո սովն այդ կողմերում անհետ վերացավ։

 

Աղքատության մեղմացման գործում սոցիալիզմի անհաջողության պատճառն ավելի պարզ է դառնում, եթե դրան նայում ենք դրամական միջերեսով, երբ տեսանելի է դառնում, որ նյութական հարստությունը, ի շարս այլոց, բաղկացած է նաեւ բրիչներից, փոցխերից ու ձեռնասայլակներից։

 

Երբ աշխատավորից (կամ նրա գործատուից) խլում-տանում են պատշաճ գործ կատարելու համար նրան անհրաժեշտ գործիքների կեսը եւ շահույթը բաշխում աղքատների միջեւ՝ սպառողական բարիքների տեսքով, դրանով միայն նվազեցնում են այդպիսի հասարակության արտադրական ներուժը։ Սա նման է այսրոպեական շվայտ կյանքով ապրող եւ վաղվա մասին բնավ չմտածող ճպուռի կենսաձեւին։ Արդյունաբերական հեղափոխությունը, որն ապահովում է մեծածավալ արտադրություն եւ բարձր կենսամակարդակ հասարակության բոլոր ջանասեր եւ տնտեսող անդամների համար, պայմանավորված է մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքով, սեփականություն, որը գտնվում է նրանց ձեռքերում, ովքեր վաստակել եւ խնայել-պահել են այն հանուն ինչ-որ նպատակի։ Արտադրական գործիքների սեփականատերերը կարող են իրենց թույլ տալ վարձել այլոց, որպեսզի օգնեն իրեն շահագործել դրանք ի շահ արտադրության։ Ինչպես վերը քննարկեցինք, մրցակցությունը պարտավորեցնում է սեփականատերերին արդյունավետ եւ պատասխանատու կերպով օգտագործել իրենց տնօրինած ռեսուրսները։

 

Սեփականության դեմ պետական սեկտորի պատերազմը ներառում է նաեւ սոցիալիստական ոճի տարբեր պետական ծրագրեր, որպիսիք ուրվագծել են Մարքսն ու Էնգելսը «Կոմունիստական մանիֆեստում»։ Իսկ դրանք կարելի է ուսումնասիրել մոտիկից՝ առանց ուղեւորվելու Ռուսաստան, կարմիր Չինաստան կամ Կուբա։ Կա՞ երկիր, որ մեր օրերում չի տեսել գնի պահպանման կամ առավելագույն գնի սահմանման քաղաքականություն, բնակվարձի կարգավորման, նվազագույն աշխատավարձի եւ առավելագույն շահույթի մասին օրենքներ, էլեկտրականության, գազի, ջրի, բնակարանային վճարի, աղբահանության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, ապահովագրության, բանկային համակարգի եւ բազում այլ ոլորտներում սակագների կարգավորման եւ տոկոսադրույքների վերահսկման այլ ձեւեր։ Արդի աշխարհում ո՞րտեղ է, որ մարդն ազատ է սեփական ռիսկով ընդունելու ծերության, հիվանդության, անգրագիտության, անօրինականության, կարիքի եւ գործազրկության բոլոր անակնալների հեռանկարը, քան հարկվելու ի շահ ուրիշների։ Ո՞ր երկիրն է ազատ այնպիսի հովանավորչական միջոցներից, ինչպիսիք են սակագները, սահմանաչափերը, բռնարգելքները եւ առեւտրի նմանատիպ այլ սահմանափակումները։ Սրանք բոլորը կողոպուտի ձեւեր են՝ պատերազմ ընդդեմ սեփականության, դասակարգային պայքար մարքսիստական իմաստով։

 

Օժանդակություն տարեցներին

Գրեթե բոլորս անմիջապես ճանաչում ենք կողոպուտը, երբ այն դրսեւորվում է ավտորիտար բռնակալի կամ անօրեն հանցագործի կողմից մարդու կամ նրա ունեցվածքի նկատմամբ գործադրված ուժի տեսքով։ Սակայն ինչպե՞ս ընկալենք «Ուղերձ տարեց ամերիկացիներին» կոչված հետեւյալ առաջարկությունը (կամ դրա նմանները), որը նախագահ Ջոնսոնը հունվարին ուղղեց Կոնգրեսին։

«Տարեց քաղաքացիների թվաքանակի աճին մենք պետք է վերաբերվենք ոչ թե որպես մեր ժողովրդավարության համար խնդրի կամ բեռի, այլ նրանց կյանքը հարստացնելու եւ դրա միջոցով նաեւ բոլորիս կյանքը հարստացնելու հնարավորության»։

 

Նախագահն առաջարկում է ավելի ընդլայնել դեռեւս 1935 թվականին հաստատված սոցիալական ապահովության ծրագիրը։ Այս բոլոր տարիներից հետո ո՞վ կարող է կասկածի առնել այնպիսի մի վեհ նպատակ, ինչպիսին տարեցներին օգնելու միջոցով ինքներս մեզ օգնելն է։ Այնինչ, հարկադիր սոցիալական ապահովությունը հափշտակողական քաղաքականություն է, որը թերեւս ավելի վնասակար է երկարաժամկետ առումով, զուտ քանի որ ամենասկզբում շատ աղոտ են կանխատեսել դրա վերջնազդեցությունը։

 

1937 թվականին առաջին անգամ գանձվելուց հետո՝ սոցիալական ապահովության հարկը միջինում կրկնապատկվում է վեց տարին մեկ՝ 1966 թվականին հասնելով քսան միլիարդ դոլարի։ Եթե նոր առաջարկներն ընդունվեն, այն սպառնում է վերստին կրկնապատկվել 1974 թվականին։ Երիտասարդ աշխատավորը, առերեսվելով տարեկան հազար եւ ավելի դոլարի հասնող սոցիալական ապահովության հարկի հետ, անշուշտ կսկսի կասկածել, որ դա կարող է եւ «բեռ դառնալ մեր ժողովրդավարության համար»։ Հարկատուն գիտի, որ հարկը բեռ է։

 

Սակայն արդյո՞ք միայն հարկատուն է սոցիալական ապահովություն կոչված կողոպուտի միակ զոհը։ Իսկ ի՞նչ ասենք փայաբաժին ստացողին հասցված վնասի մասին։ Արդյո՞ք մարդու կյանքը իսկապես հարստանում է, երբ նրան ազատում ես աճելու, սեփական սխալներից ու ձախորդություններից դուրս գալու պատասխանատվությունից ու հնարավորությունից։ Ուրիշ ինչպե՞ս կարող է կյանքը հարստանալ, եթե ոչ՝ ավելի օգտակար դառնալով։ Ինչպե՞ս է, ասացեք, պետության կողմից ծերության նպաստի խոստումն օգնում մեկին օգնելու ինքն իրեն։

 

Բոլորս լավ գիտենք, թե ընտանիքում ինչպիսի վնասակար ազդեցություն է գործում պատեռնալիզմը, երբ դուրս է գալիս պարտականության կանչի սահմաններից։ Մենք, հետեւաբար, պիտի հասկանանք նաեւ այդ գործելաոճի վտանգը ողջ հասարակության մասշտաբով։ Իսկ վտանգը մեկն է՝ այդպիսի միջամտության զոհերը թշվառանում են բարոյապես եւ տնտեսապես։

 

Քաղաքային արդիականացում

Աղքատության դեմ ընդհանուր պատերազմի ռազմաճակատներից մեկը քաղաքային արդիականացման դաշնային ծրագիրն էր, որի ձախողումը սքանչելի կերպով փաստագրել է պրոֆեսոր Մարթին Անդերսոնը։ Կործանվել են ավելի շատ տներ, քան ծրագրով կառուցվել են։ Ավելին, քանդվածները հիմնականում ցածր վարձավճարով տներ էին, իսկ նորակառույցները՝ գերազանցապես բարձր։ Քաղաքային արդիականացման ծրագրով տեղահանված փոքր բիզնեսի զգալի մասը լուծարվել է, իսկ մյուսները՝ փոխադրվել ավելի բարձր վարձավճարով եւ ավելի թանկ շրջաններ։ Դրանցից շատ քչերն են երբեւէ վերադարձել վերակառուցված գոտի։ Արդիականացման ծրագրերի մեծագույն մասը նվազեցնում է քաղաքային բյուջե ներհոսող հարկային եկամուտը՝ հավելյալ հարկային բեռ բարձելով ծրագրի շրջանակներից ենթադրաբար դուրս մնացած գույքի վրա։ Եւ իհարկե, բոլոր ծրագրերի անբաժան մասն է սեփականազրկող մարմինը, որի ուժով էլ ոմանց գույքն օտարվում է՝ հօգուտ վերաբաշխման կամ ուրիշների կողմից շահագործման։ Ուստի, քաղաքային արդիականացումը սեփականության դեմ պատերազմի մի ձեւ է, որի խոշորագույն զոհերը հենց այն անձինք են՝ աղքատները, որոնց շահերից ելնելով էլ ծրագիրը ենթադրաբար գործարկվել է։

 

Հարկադիր միջամտություն եւ վերաբաշխում պահանջող ոչ բոլոր նպաստային ծրագրերն են ենթարկվել այնքան հստակ ծախսային վերլուծության եւ ազդեցության չափի գնահատման, որքան քաղաքային արդիականացման դաշնային ծրագիրը՝ պրոֆեսոր Անդերսոնի կողմից։ Սակայն մենք հիմք չունենք այլ արդյունք սպասելու աղքատության հաղթահարման նպատակով ձեռնարկված սեփականազրկման կամ սեփականության վերահսկման որեւէ միջոցառումից։ Նպատակներից ազնվագույնները  կարող են չիրականանալ, սակայն չնախատեսված եւ անխուսափելի հետեւանքները լինում են միանգամայն իրական։

 

Երբ կառավարությունը հացի գինը սահմանում է շուկայականից էժան, արդյունքում երկու տուժող է լինում՝ հացագործը, որն արտամղվում է բիզնեսից, եւ սպառողը, որը մնում է այդպես էլ չթխված հացի հերթում սպասող։ Վարձակալական վերահսկողության զոհը որքան ինքը՝ վարձակալն է, որը չի կարողանում բնակարանային տարածք գտնել, նույնքան եւ՝ շենքի սեփականատերը, որը չի կարողանում տարածք տրամադրել ֆիքսված այդ գնով։ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքները վնասում են ոչ միայն գործատուին, որը չի կարող իրեն թույլ տալ վարձել այդ դրույքաչափով, այլեւ աշխատավորին, որը զրկվում է վաստակից։ Այն սահմանաչափը, որն արգելափակում է արտադրողի մուտքը շուկա, արգելափակում է նաեւ սպառողին։ Յուրաքանչյուր սպառողական սուբսիդիա հավելյալ հարկ է արտադրողի վրա՝ սեփականության դեմ պատերազմ, որը վիրավոր է թողնում աղքատին։

 

Աշխատատեղերի բանալին

Աղքատների համար աշխատանքային հնարավորությունների եւ ավելի լիառատ կյանքի բանալին ոեսուրսների՝ մասնավոր սեփականության տեսքով տնօրինումն է դրանք առավել արդյունավետ օգտագործելու ունակ անձանց կողմից։ Մասնավոր սեփականատիրության պաշտպանությունը բխում է բոլորի՝ ստորին, վերին եւ միջին խավերի ընդհանուր շահերից։ Դրանից են կախված մարդկանց ընդհանուր զբաղվածությունը, ապրուստն ու անգամ կյանքը։ Յուրաքանչյուր ոք, ով հույս ունի վաճառելու իր ծառայությունները, պետք է հասկանա, որ իր հնարավորությունները կախված են սեփականատերերից։ Վերջիններիս կողմից սեփականությունը տնօրինելու իրավունքը, զուգակցված այն լավ կառավարելու՝ նրանց ունակության հետ, աշխատատեղեր է ստեղծում ուրիշների համար։ Եթե մարդուն չի գոհացնում մասնավոր սեփականատիրոջ մոտ աշխատելու հեռանկարը, նա կարող է ինքնազբաղ դառնալ։ Այդ դեպքում, եթե հույս ունի հաջողության հասնել, պիտի բավարար խնայողություններ կուտակի գործիքներ ու սարքավորումներ գնելու համար, այսինքն՝ դառնա սեփականատեր։

 

Այսպիսով, բոլոր դեպքում, անկախ նրանից՝ անհատը համեմատաբար հարուստ է թե համեմատաբար աղքատ, նրա իսկ լավագույն շահերից է բխում հարգել եւ անխախտ պահել մասնավոր սեփականատիրության ինստիտուտը։ Երբ կառավարությունը, հանուն աղքատության դեմ պայքարի, առգրավում է մասնավոր սեփականությունը կամ այլ միջոցներով մթագնում սեփականատիրոջ տիտղոսը, այդ հասարակության աղքատներն են, որ ամենից քիչ կարող են իրենց թույլ տալ նմանատիպ պատերազմի գինը։ Եւ նրանք են, որ առաջինն են մատնվելու սովի։

 

Խռովությունները պատմության ընթացքում

Միշտ, երբ պետությունը սկսում է չարաշահել հարկատուին՝ գործը հասցնելով լուրջ գնաճի, որն իր հերթին հանգեցնում է չքավոր խավի ուսերին հարկային ծանր բեռի հերթական ավելացման, խռովություններն ու ապստամբությունները դառնում են միանգամայն սպասելի։

 

Միացյալ Նահանգների քաղաքային կենտրոններում ներկայումս տեղի ունեցողը նորություն չէ եւ ապշեցուցիչ նմանությամբ կրկնվել է չափից կոշտ կառավարվող եւ չափից ավելի հարկվող ժողովուրդների պատմության մեջ։ Անխուսափելի այդ խռովությունների դրդապատճառները պալատական պատմաբանները միշտ բարդել են հարմար քավության նոխազների վրա՝ բոլոր դժբախտությունները վերագրելով խաբեբա առեւտրականների, ագահ հողատերերի, դաժանաբարո ոստիկանության, ստրկատեր նախնիների մեքենայություններին եւ ցանկացած այլ պատճառի, բացի մեկից եւ իրականից՝ չափն անցնող պետական միջամտությանը եւ չափից քիչ անձնական ազատությանը։

 

Սա չենք ասում, որպեսզի արդարացնենք Ամերիկայում կամ այլուրեք ստրկության նախկին պրակտիկան եւ կարճատես վաճառականների կամ անզուսպ օրինապահների խոտելի եւ վնասակար գործելաոճը։ Մարդ արարածը սխալական է, եւ յուրաքանչյուր նման սխալ ունի հետեւանքներ, որոնք ալիքի նման տարածվում են հասարակության շերտերով՝ երբեմն տեւելով տարիներ։ Սակայն մարդկային առաջընթացն այլ բան է, քան ներկայի փոքրիկ սխալները թշվառության հարատեւ լեռներ դարձնելը։ Եթե մենք չսովորենք մեր իսկ սխալներից եւ չվարվենք այլ կերպ, դատապարտված ենք լինելու շարունակ կրկնել դրանք։ Իսկ մեր ամենասարսափելի սխալը հին չարիքի վկայակոչմամբ նորն արդարացնելը կլինի։ Ստրկության սարսափները ոչ մի դեպքում չեն ջնջվի կողոպուտի, հրդեհումների, մարդասպանության եւ խռովարար բռնության նոր գերիշխանությամբ։

 

Ֆրանսիական հեղափոխություն. Գնաճից մինչեւ Նապոլեոն

Նյուարքում, Դեթրոյթում եւ Միացյալ Նահանգների մյուս խնդրահարույց կետերում տեղի ունեցածը հնարավոր կլինի ավելի հստակ հասկանալ, եթե պատմաբան Էնդրյու Դիքսոն Ուայթին հետեւելով՝ հետադարձ հայացքով ուսումնասիրենք Ֆրանսիական հեղափոխության դեպքերի շարքը։ Հիշենք, որ այդ ժամանակ Միացյալ Նահանգները դեռ ընդամենը «գրկի երեխա» էր։

 

Լյուդովիկոս XVI-ը հանցավոր անփութությամբ վատնեց Ֆրանսիայի գանձարանը՝ 1789 թ. երկիրը հասցնելով սնանկացման սահմանագծին։ Գնաճը հայտարարվեց «լիության տանող կարճ ճանապարհ»։ Չնայած մեծաթիվ զգուշացումներին, որոնք մարդիկ բերում էին՝ վկայակոչելով անցյալի նույնատեսակ գործելաոճի պատմությունն ու ծնած արհավիրքները, Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկեց հօգուտ թանկարժեք մետաղներով չապահովված թղթադրամների ավելի մեծածավալ եւ հաճախակի թողարկման։ Սակայն գնաճը, ինչպես միշտ, ծանրացրեց այն չարիքները, որոնք կոչվել էր դարմանելու։

 

Այն, ինչ սկսվեց Եկեղեցու՝ այն օրերին Ֆրանսիայի խոշորագույն կալվածատիրոջ ունեցվածքի բռնագրավումից, հետագայում դարձավ պատրվակ, որպեսզի պետությունը սկսի ավելի ու ավելի մեծ ծավալի անարժեք «ասիգնացիա» տպել։ Գնողունակության աճող տարափը հանգեցրեց գների կտրուկ աճի՝ ձեռներեցներին դրդելով ընդլայնել գործունեության շրջանակները, սակայն հաճախ սխալ ուղղությամբ՝ տանելով անձնական ձախողման, սնանկության եւ, արդյունքում, գործազուրկ աշխատավոր զանգվածների։ Իսկ հետո, ինչը սովորական է գնաճի դեպքում, աշխատավարձերը չկարողացան հասնել կենսապահովման նվազագույն ծախսերի աճի հետեւից։ Աշխատավորների խնայողությունները սպառվեցին, ինչպես սպառվեցին խնայողության մղող բոլոր պատճառներն ու հիմքերը։ Արդյունքում, անողոք գնաճը առավելագույնս ծանր անդրադարձավ չքավորների վրա, որոնց էլ հենց մեծ-մեծ խոստումներ էին տրվել։ Միեւնույն ժամանակ, անխնա ծախսող եւ թուղթ փող տպող կառավարությունը գների աճի մեղքը գցեց նույն այդ իրադարձությունների թակարդն ընկած առեւտրականների, հողատերերի եւ այլ գործարարների վրա, իսկ հետո գործի դրեց առավելագույն գնի մասին օրենքներ եւ շուկայի բնականոն գործունեությունը խաթարող վերահսկողական այլ միջոցներ, որոնք խախտելու համար սահմանեց մահապատիժ։ Այդուհանդերձ, մարդիկ դիմեցին խռովության, եւ կառափնարանը եկավ խլելու այն նույն մարդկանց գլուխները, որոնց բարի մտադրություններն էլ ծնել էին ողջ այդ փորձանքը։

 

Եւ միակ բանը, որ ֆրանսիացիք ստացան «Մեծ հասարակության» տվյալ տարբերակից, Նապոլեոնն էր։

 

Այն ձեւերը, որոնցով Լյուդովիկոս XVI-ը 1790 թվականին վատնեց հարկատուների փողը, անշուշտ, 1967 թվականին մեր երկրի ղեկավարներին կթվան անմիտ։ Բայց մեզ չի հասել եւ ոչ մի վկայություն այն մասին, թե Լյուդովիկոսը փող էր հատկացնում թշնամի պետություններին կամ հանուն ինչ-որ մի ոչ բարեկամական երկրի պատերազմ էր վարում աշխարհի հակառակ երեսին՝ ընդդեմ մեկ այլ ոչ բարեկամական երկրի, եւ կամ նախատեսում բնակեցնել լուսինը։ Ժամանակակից ղեկավարները, փաստորեն, գտել են նոր ու հետաքրքիր ձեւեր, որոնցով կարող են սնանկացնել իրենց երկրի գանձարանը։ Իսկ գնաճից հետո տպարաններին դիմելու «փրկությունը» ներկայումս արվում է մի փոքր ավելի հնարամիտ ձեւերով։ Սակայն արհեստականորեն ձեւավորված գնողունակության անխելք վատնումը, միեւնույն է, տանում է գնաճի, եւ մերօրյա խռովությունները, որոնց դիմել են Դեթրոյթի հարկահանված եւ ընչազրկված չքավորները, գրեթե նույնն են, ինչ 1790 թվականի փարիզյան դեպքերը։

 

Բացատրություններ, որոնք չեն դիմանում քննությանը

Բանն այն չէ, թե խռովարարներից ոմանք սեւամորթ ստրուկների ծոռներ են։ Դրանց շարքերում կան ինչպես նախորդ դարի ստրկատերերի, այնպես էլ ստրկության վերացման ջատագովների սերունդներ։

Բանն այն չէ, թե խռովարարներն աղքատ են։ Աշխարհի աղքատները նույնքան հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, ազնվությամբ, եղբայրասիրությամբ եւ օրինապաշտությամբ, որքան հասարակության մյուս բոլոր խավերի ներկայացուցիչները։

Բանն այն չէ նաեւ, թե պետության օրենքներն արհամարհողները զուրկ են եղել կրթություն ստանալու հնարավորությունից։ Նրանց շարքերում եղած սադրիչներից եւ բռնություն հրահրողներից շատերը շրջանավարտներ են, որոնք խռովության արվեստին ծանոթացել եւ դրանում հմտացել են համալսարանական ավաններում։

Մեր խռովարար ընկերները սոցիալական պետության տված կեղծ խոստումների եւ բուլդոզերային գործելաոճի դժբախտ զոհերն են։

 

Սրանք մարդիկ են, որոնք ընչազուրկ են արվել, դուրս քշվել իրենց գրպանին հասու համեստ տներից՝ հանուն խարխուլ թաղամասերի բարեկարգման, քաղաքային արդիականացման եւ պետական բնակարանային շինարարության ծրագրերի։ Սրանք քաղաքաբնակներ են, որոնք հարկադրված են ավելին ծախսել սննդի վրա, որպեսզի պետությունն ամեն տարի 6 միլիարդ դոլար հատկացնի գյուղատնտեսական նպաստային ծրագրին։ Մարդիկ են, որ ենթակա են զորակոչի՝ «ուրիշի պատերազմներում» կռվելու համար, թեեւ այդ պատերազմներն, ըստ ամենայնի, ավելի շատ սպառնալու են Ամերիկայի անվտանգությանը, քան ամրապնդելու այն։ Նրանք անձինք են, որ գործազուրկ են մնացել՝ կազմակերպված արհմիությունների ղեկավարությանը շնորհված հատուկ արտոնությունների պատճառով։ Այս մարդկանցից պահանջում են վճարել այն պաշտպանության համար, որ շնորհվել է արտադրության ոլորտին՝ սակագների, սահմանաչափերի, բռնարգելքների եւ համաշխարհային առեւտուրը խոչընդոտող այլ գնաճեցնող առեւտրային սահմանափակումների տեսքով։ Նրանց օժանդակություն էին խոստացել, բայց դրա հետ միասին՝ ձեռնաշղթաներ հագցրել։

 

Նպաստի ստրուկը, որը վերջում ստիպված է վճարել ստացածի դիմաց, միեւնույն է, մնում է ստրուկ։ Սեփական պատասխանատվությունից եւ ինքնասիրությունից զրկված մարդուց պետք չէ սպասել, թե նա կհասկանա կամ կհարգի սեփական ջանքերով սեփական իրավունքներն անձամբ վաստակածի կյանքը կամ սեփականությունը։ Մեր երկրի աղքատներին խոստացել էին լուսին, բայց հետո՝ հաշիվ ներկայացրել։ Եւ նրանք հիմա ապստամբում են այն չարիքի դեմ, որը չեն կարողանում հասկանալ։

 

Խնդիրն այն է, որ սա նաեւ հեշտ չէ հասկանալ։ Ուշադիր հետազոտողի աչքին Նյուարքում, Դեթրոյթում կամ Վաթսում տեղի ունեցած խռովությունների հետեւանքը նույն տեսքն ունի, ինչ «ցուցարար քաղաքների» մակերեսին բացված այն հսկայական վերքերը, երբ քաղաքային արդիականացման դաշնային բուլդոզերը խժռել-տարել էր տների ու բիզնեսների իր բաժինը՝ ընչազուրկ թողնելով դուրս քշված մարդկանց։ Խռովությունների, կողոպուտի եւ հրկիզումների մասին կարելի է ասել, որ դրանք շատ ավելի արագ եւ էժան են, քան քանդման աշխատանքների օրինական մեթոդները։ Ինչեւէ, դա չի արդարացնում այս երկու գործելաոճերից եւ ո՛չ մեկի դաժանությունն ու սփռած ավերածությունը։

 

Իսկ թե ինչ կարժենա փլուզված տները, բիզնեսներն ու կյանքերը վերականգնելը, ամբողջովին կախված է նրանից, թե արդյոք դա նախատեսված է պետական պլանավորման եւ հարկման հարկադիր մեթոդներո՞վ, թե՞ սեփական գործողությունների համար պատասխանատու եւ սեփական անձը հարգող անհատների կամավոր համագործակցությամբ եւ շուկայական բաց մրցակցությամբ։ Կարելի է վստահ լինել միայն նրանում, որ մեկը պատերազմական մեթոդ է, մյուսը՝ խաղաղ։ Եւ սա ինքնին բավարար պատճառ է, որպեսզի յուրաքանչյուր ոք իր քվեն տա ազատության օգտին։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր