Թեոդոր Շուլցը 1979թ. արժանացել է Նոբելյան մրցանակի «Տնտեսական զարգացման ոլորտում զարգացող երկրների խնդիրներին հատուկ ուշադրությամբ իր հետազոտության համար»
Հատված Թ. Շուլցի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթից
Աշխարհում մարդկանց մեծ մասը աղքատ է, այնպես որ, եթե մենք իմանայինք աղքատության տնտեսագիտությունը, մենք կհասկանայինք տնտեսագիտության մեծ մասը: Աշխարհի աղքատ մարդկանց մեծամասնությունը եկամուտ է վաստակում գյուղատնտեսության ոլորտում աշխատանքից, այնպես որ, եթե մենք իմանայինք գյուղատնտեսության տնտեսագիտությունը, մենք կիմանայինք աղքատ լինելու տնտեսագիտության մեծ մասը:
Հարուստ մարդիկ դժվարանում են հասկանալ աղքատ մարդկանց վարքը: Տնտեսագետները բացառություն չեն, քանի որ նրանք նույնպես դժվարանում են հասկանալ աղքատ մարդկանց ընտրությունը որոշող նախասիրությունները և սահմանափակումները: Մենք բոլորս գիտենք, որ աշխարհի մարդկանց մեծ մասն աղքատ է, որ նրանք իրենց աշխատուժի դիմաց շատ փոքր գումար են վաստակում, նրանց չնչին եկամտի կեսը և ավելին ծախսվում է սննդի վրա, որ նրանք հիմնականում բնակվում են ցածր եկամուտ ունեցող երկրներում, և որ նրանց մեծ մասն իր ապրուստի միջոցը վաստակում է գյուղատնտեսության ոլորտում աշխատանքից: Շատ տնտեսագետներ չեն կարողանում հասկանալ, որ աղքատ մարդիկ ավելի քիչ չեն անհանգստանում իրենց և իրենց երեխաների կենսապայմանները բարելավելու մասին, քան հարուստ մարդիկ:
Այն, ինչ մենք սովորեցինք գյուղատնտեսության տնտեսագիտության մասին վերջին տասնամյակների ընթացքում, ըստ երևույթին, պարադոքսալ է: Մենք իմացանք, որ շատ ցածր եկամուտ ունեցող երկրներում գյուղատնտեսությունը աճող բնակչության համար բավարար սնունդ արտադրելու տնտեսական մեծ ներուժ ունի, և դրանով իսկ կարող է զգալիորեն մեծացնել աղքատ մարդկանց եկամուտներն ու բարելավել բարեկեցությունը: Աղքատ մարդկանց բարեկեցության բարելավման համար վճռորոշ գործոնները տարածքը, էներգիան և բերրի հողը չեն. որոշիչ գործոնը բնակչության «որակի» բարելավումն է:
Այս ենթադրությունները քննարկելիս ես նախ պետք է նշեմ երկու ինտելեկտուալ սխալներ, որոնք «վնասել» են շատ տնտեսագետների աշխատանքներ: Այնուհետև նշեմ, որ հետազոտողների մեծ մասը գերագնահատում է հողի տնտեսական նշանակությունը և մեծապես թերագնահատում է մարդկանց «որակի» կարևորությունը:
Տնտեսագետների սխալները
Տնտեսագիտությունը տառապել է մի քանի ինտելեկտուալ սխալներից: Հիմնական սխալն այն ենթադրությունն էր, որ տնտեսագիտության ստանդարտ տեսությունը բավարար չէ ցածր եկամուտ ունեցող երկրների տնտեսական վիճակը հասկանալու համար, և անհրաժեշտ է տնտեսագիտության առանձին տեսություն: Այդ նպատակով մշակված մոդելները լավագույն դեպքում ինտելեկտուալ հետաքրքրասիրություն էին: Ավելի շատ տնտեսագետներ սկսեցին գիտակցել, որ տնտեսագիտության ստանդարտ տեսությունը կիրառելի է այն խնդիրների համար, որոնց բախվում են և’ ցածր եկամուտ ունեցող երկրները, և’ բարձր եկամուտ ունեցող երկրները:
Երկրորդ սխալը տնտեսագիտության պատմության անտեսումն էր: Դասական տնտեսագիտությունը զարգացավ այն ժամանակ, երբ Արևմտյան Եվրոպայում մարդկանց մեծ մասը շատ աղքատ էր և հազիվ միջոցներ էր գտնում ապրելու համար: Արդյունքում, տնտեսագետներն այնպիսի պայմանների հետ գործ ունեին, որոնք նման են այսօր ցածր եկամուտ ունեցող երկրներում առկա պայմաններին: Տնտեսագետ Ռիկարդոյի ժամանակաշրջանում Անգլիայում աշխատողների ընտանիքների եկամտի մոտ կեսը ծախսվում էր ուտելիքի վրա: Նույնը տեղի ունի այսօր ցածր եկամուտ ունեցող շատ երկրներում: Տարիների ընթացքում աղքատ մարդկանց փորձը և նվաճումները հասկանալն այսօր կարող է նպաստել ցածր եկամուտ ունեցող երկրների խնդիրներն ու հնարավորությունները հասկանալուն: Այդպիսի փոխըմբռնումը շատ ավելի կարևոր է, քան առավել մանրամասն և ճշգրիտ գիտելիքները երկրի մակերեսի, բնապահպանության կամ ապագայի տեխնոլոգիայի վերաբերյալ:
Հողը գերագնահատվում է
Լայն տարածված տեսակետ է, որ գոյություն ունի սննդամթերք աճեցնելու համար հարմար գրեթե սահմանափակ հողատարածք և էներգիայի աղբյուր: Ըստ այդ տեսակետի՝ աշխարհի աճող բնակչության համար անհնար է շարունակել արտադրել բավարար քանակությամբ սնունդ: Այլընտրանքային սոցիալ-տնտեսական տեսակետն այն է, որ մարդն ունի ունակություն և խելք` նվազեցնելու իր կախվածությունը մշակվող հողերից, ավանդական գյուղատնտեսությունից և կարող է նվազեցնել աշխարհի աճող բնակչության համար սնունդ արտադրելու իրական ծախսերը: Զավեշտալի է, որ տնտեսագիտությունը, որին երկար ժամանակ անվանում էին «մռայլ գիտություն», ունակ է ցույց տալու, որ սննդի աճեցման համար հողի մասին տեսակետը համատեղելի չէ տնտեսագիտության պատմության հետ. այդ պատմությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք ռեսուրսներ ավելացնել գիտելիքների առաջընթացի միջոցով: Համաձայն եմ Մարգարետ Մեդի հետ. «Մարդկության ապագան ունի բաց ավարտ»: Մարդկության ապագան նախապես սահմանված չէ տարածության, էներգիայի և ցանքատարածությունների կողմից: Դա կորոշվի մարդկության խելամիտ, մտավոր էվոլյուցիայի միջոցով:
Հողի արտադրողականության տարբերությունները բավարար չեն բացատրելու, թե ինչու են մարդիկ աղքատ աշխարհի շատ հատվածներում: Գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում ամենակարևորը խթաններն ու հնարավորություններն են, որոնք գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովեն գյուղատնտեսական հետազոտությունների և մարդկային հմտությունների բարելավման մեջ արդյունավետ ներդրումների միջոցով:
Վերջին հետազոտությունների արդյունքում հաստատված հիմնական ենթադրությունն այն է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների արդիականացման բաղկացուցիչ մասն է գյուղատնտեսական նշանակության հողերի տնտեսական նշանակության նվազեցումը և մարդկային կապիտալի աճը` հմտությունների և գիտելիքների աճը:
Մարդկային գործոնի «որակը» թերագնահատվում է
Չնայած, որ հողն ինքնին աղքատության կարևորագույն գործոն չէ, մարդկային գործոնը հետևյալն է. բնակչության որակի բարելավմանն ուղղված ներդրումները կարող են էապես բարելավել տնտեսական հեռանկարներն ու աղքատ մարդկանց բարեկեցությունը: Ցածր եկամուտ ունեցող երկրներում նման ներդրումները արդյունավետ էին տնտեսական հեռանկարները բարելավելու համար այնտեղ, որտեղ դրանք «չեն քանդվել» քաղաքական անկայունությունից: Ցածր եկամուտ ունեցող երկրներում աղքատ մարդիկ աղքատության հավասարակշռության «բանտարկյալ» չեն: Չկան ուժեր, որոնք կզրոյացնեն տնտեսական այն բոլոր բարելավումները, որոնք կստիպեն աղքատ մարդկանց հրաժարվել տնտեսական պայքարից: Այժմ լավ հայտնի է, որ գյուղատնտեսության մեջ աղքատ մարդիկ արձագանքում են ավելի լավ հնարավորություններին:
Կրթությունը բնակչության «որակի» բարելավման ամենամեծ ու ամենահիմնական գործոններից է:
Թեև դեռ շատ բան կա, որ մենք չգիտենք աղքատ լինելու տնտեսագիտության մասին, ցածր եկամուտ ունեցող երկրների տնտեսական դինամիկայի վերաբերյալ մեր գիտելիքները զգալիորեն զարգացել են վերջին տասնամյակների ընթացքում: Մենք իմացանք, որ աղքատ մարդիկ ոչ պակաս անհանգստացած են իրենց և իրենց երեխաների ճակատագիրը բարելավելու մասին, քան մեզանից նրանք, ովքեր անհամեմատելի առավելություններ ունեն: Այս դասախոսության հիմնական նպատակն այն է, որ բնակչության որակը և գիտելիքը կարևոր են: Աշխարհի մարդկանց մեծ մասը շարունակում է գրոշներ վաստակել: Նրանց չնչին եկամտի կեսը կամ նույնիսկ ավելին ծախսվում է սննդի վրա: Նրանց կյանքը ծանր է: Ցածր եկամուտ ունեցող երկրների ֆերմերները անում են հնարավորը` արտադրությունն ավելացնելու համար: Այն, ինչ տեղի է ունենում այդ ֆերմերների հետ, ոչ մի առնչություն չունի արևի կամ երկրի, կամ մուսոնների (անձրևների ժամանակաշրջան) և քամիների հետ: Գյուղացիների բերքը ենթարկված է միջատների և վնասատուների կողմից վերացման մշտական վտանգի:
Մենք` բարձր եկամուտ ունեցող երկրներում մոռացել ենք Ալֆրեդ Մարշալի իմաստությունը. «Գիտելիքն արտադրության ամենահզոր շարժիչն է. դա հնարավորություն է տալիս Բնությունը ենթարկել մեզ և բավարարել մեր ցանկությունները»:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի