ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունն ամփոփող աշխատանքային փաստաթուղթը: Դրա շրջանակներում մասնագետների կողմից իրականացվել են կառավարության պարտքի կայունության բազմակողմանի գնահատումներ և դրան սպառնացող ռիսկերի վերլուծություններ:
Վերլուծության արդյունքները ցույց են տվել հետևյալը՝
Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը կայուն է և գտնվում է կառավարելիության տիրույթում: Այդ հարցում առանցքային դերակատարում ունի հարկաբյուջետային կանոնների նոր համակարգի վրա խարսխված պարտքի բեռի նվազեցման քաղաքականությունը:
ՀՀ կառավարության պարտքը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ (Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից մշակած) գնահատվում է ցածր ռիսկային:
ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտարժութային պարտքի և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի մասնաբաժինները գնահատվում են ռիսկային, միևնույն ժամանակ կառավարելի:
ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարական փաստաթղթերով ծրագրված միջոցառումների իրականացումը կնպաստի պարտքի կայունության ռիսկերի մեղմանը:
Վերլուծությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: