Ռոբերտ Մ. Սոլոուն 1987թ. արժանացել է Նոբելյան մրցանակի «տնտեսական աճի տեսության մեջ ներդրման համար»:
Ռ. Սոլոուի Նոբելյան մրցանակ ստանալու ժամանակ ունեցած ելույթը նվիրված է տնտեսական աճի տեսության նպատակներին և խնդիրներին: Իր ելույթում նա անդրադարձել է և’ այլ հետազոտողների աշխատանքներին և’ իր հետազոտություններին: Ստորև համառոտ ներկայացված է Ռ. Սոլոուի ելույթի ամփոփումը:
Տնտեսական աճի տեսությունը չի սկսվել 1956 և 1957 թվականների Սոլոուի հոդվածներով, և դա, իհարկե, չի ավարտվել դրանցով: Գուցե, այն սկսվեց Ազգերի հարստությունից. և հավանաբար նույնիսկ Ադամ Սմիթն է նախորդներ ունեցել:
Բոլոր տեսությունները կախված են ենթադրություններից, որոնք այնքան էլ ճշմարիտ չեն: Հենց սա է տեսությունների ձևավորման հիմքը: Հաջող տեսականացման արվեստը կայանում է նրանում, որ անխուսափելի պարզեցնող ենթադրությունները լինեն այնպիսին, որպեսզի վերջնական արդյունքները շատ զգայուն չլինեն: «Կարևոր» ենթադրություններից զգայունորեն կախված են եզրակացությունները, և կարևոր է, որ էական ենթադրությունները լինեն բավարար իրատեսական: Երբ տեսության արդյունքները կարծես թե բխում են հատուկ ենթադրությունից, և եթե ենթադրությունը կասկածելի է, ապա արդյունքները ևս կասկածելի են: Նման մի բան ճշմարիտ է Հարրոդ-Դոմարի տնտեսական աճի մոդելի համար:
1950-ականներին Սոլոուն մի փոքր այլ համատեքստում հետևում էր հետագծի, որը նշվել էր տնտեսագետներ Ռոյ Հարրոդի և Եվսի Դոմարի, ինչպես նաև Արթուր Լյուիսի կողմից:
Թվում էր, թե Հարրոդն ու Դոմարը պատասխանել են մի պարզ հարցի. ե՞րբ է տնտեսությունը կայուն տեմպերով կայուն աճի ունակ: Նրանք տարբեր ճանապարհներով տվեցին դասական պարզ պատասխան. ազգային խնայողությունների նորմը (խնայած եկամտի մասնաբաժինը) պետք է հավասար լինի կապիտալատարության գործակցի և (արդյունավետ) աշխատուժի աճի տեմպի հարաբերակցությանը: Այնուհետև և միայն դրանից հետո կայուն տնտեսական աճը կարող է շարունակվել առանց մի կողմից աշխատուժի պակասի կամ աշխատուժի ավելցուկի և մյուս կողմից` աճող գործազրկության: Նրանք ճիշտ էին այդ ընդհանուր եզրակացության մեջ:
Անհանգստությունն առաջացավ այն պատճառով, որ նրանք դա արեցին այնպիսի ենթադրության հիման վրա, որում տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից բոլոր երեքը` խնայողությունը, աշխատուժի աճի տեմպը և կապիտալատարությունը տրված կայուն մեծություններ էին: Ընդունվում էր, որ դրանք բոլորը կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց ինքնաբերաբար և քիչ թե շատ անկախ: Եթե այդ առանցքային մեծությունները «շարժվեին մեռած կետից», հետևանքը կլիներ կամ աճող գործազրկությունը կամ երկարատև գնաճը:
Այդ դեպքում, սակայն, կայուն աճի հավանականությունը ուղղակի հրաշալի հաջողություն կլիներ: Հարրոդ-Դոմար մոդելի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ երկարաժամկետ խնդիրները հետևողականորեն ուսումնասիրվում են սովորական կարճաժամկետ գործիքների հետ:
Հարրոդ-Դոմարի տնտեսական աճի մոդելում առկա որոշ «անհանգստություններ» թեթևացնելու համար Սոլոուն վերափոխեց այդ մոդելը: Դժվար է ասել, թե ինչու Սոլոուի մոտ առաջացավ կայուն կապիտալի (և աշխատուժի) հարաբերակցությունը տեխնոլոգիայի ավելի հարուստ և ավելի իրատեսական ցուցանիշով փոխարինելու գաղափարը: Տնտեսական աճի Սոլոուի մոդելը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է նաև «Տնտեսական աճի նեոդասական մոդել» անվանմամբ: Այդ մոդելը այլ տնտեսագետների կողմից հարյուրավոր տեսական և էմպիրիկ հոդվածների հիմքը դարձավ: Այն շատ արագ իր տեղը գտավ դասագրքերի և մասնագիտության ընդհանուր գիտելիքների ֆոնդի մեջ:
Պարզապես տեխնոլոգիական ճկունության ողջամիտ աստիճան թույլ տալով` երկու եզրահանգում է կատարվել: Առաջին հերթին, կայուն տնտեսական աճի հնարավոր գոյությունը միակ բացահայտումը չէր: Կան այլ եղանակներ, որոնցով տնտեսությունը կարող է հարմարվել Հարրոդ-Դոմար պայմանին, բայց ըստ Սոլոուի՝ կապիտալի ինտենսիվության տատանումները, հավանաբար, ամենակարևորն են:
Երկրորդ, պարզվեց, որ տնտեսական աճի հավասարակշռության մակարդակը ոչ միայն համաչափ չէ խնայողությունների (ներդրումների) նորմին, այլև կախված չէ խնայողությունների (ներդրումների) նորմից: Զարգացող տնտեսությունը, որին հաջողվում է մշտապես ավելացնել իր խնայողությունների (ներդրումների) նորմը, կունենա արդյունքի ավելի բարձր մակարդակ, քան եթե դա չաներ, և, հետևաբար, որոշ ժամանակում ավելի արագ կաճի: Բայց դա չի հանգեցնի արդյունքի աճի տեմպի անընդհատ բարձրացման: Ավելի ստույգ. ամենալայն իմաստով արդյունքի աճի տեմպն անկախ է խնայողության (ներդրումային) նորմից և ամբողջովին կախված է տեխնոլոգիական առաջընթացի արագությունից:
Կար երրորդ արդյունք, որը մոդելն ավելի գրավիչ դարձրեց տնտեսագետների համար: Նախկինում տնտեսական աճի տեսությունը մեխանիկական կամ ֆիզիկական էր, ոչ թե որևէ վատ իմաստով, բայց այն իմաստով, որ այն գրեթե ամբողջությամբ ապրանքների հոսքերի և պաշարների նկարագրություն էր: Նեոդասական մոդելում միանգամայն բնական և գործնական էր նկարագրել հավասարակշռության ուղիները և մշակել գների ու տոկոսադրույքների դինամիկա, որը կնպաստի տնտեսական հավասարակշռությանը:
Տնտեսական աճի տեսության նպատակների և նվաճումների Սոլոուի համառոտ ակնարկում նա նույնքանով անդրադարձել է ուրիշների աշխատանքին, որքան իր: Դա ավելին է, քան զուտ համեստությունը. սա արտացոլում է նրա այն համոզմունքը, որ տնտեսական վերլուծության ցանկացած հաջող փորձ կլինի թիմային արդյունք: Մենք անուններ ենք տալիս գաղափարներին լավ և վատ պատճառներով, բայց օգտակար գաղափարները սովորաբար մշակվում են հետազոտական խմբերի կողմից: «Նեոդասական» աճի տեսության գաղափարները կենսունակ են հենց այն պատճառով, որ դրանք գրավել են հետազոտողների «համայնք», նույնիսկ բավականին բազմազան համայնք:
Տնտեսական աճի Սոլոուի տեսությունը կարող է ծառայել երկու եղանակով՝ որպես հիմք, որի վրա կարելի է ստեղծել բազմաոլորտային մոդելներ, որոնք հավանաբար կփորձեն անել ավելին, և որպես հիմք` տնտեսության մեջ պատճառների և արդյունքի վերաբերյալ պարզ, ուժեղ քանակական առաջարկությունների համար: