«Շրջանաձև տնտեսություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Ուոլտեր Շտահելի կողմից 1982 թվականին։ Շրջանաձև տնտեսությունը փակ ցիկլերի[1] սկզբունքով գործող տնտեսությունն է, որի դեպքում հումքը, արտադրանքը և դրա բաղադրիչները հնարավորինս քիչ են կորցնում իրենց արժեքը, օգտագործվում են վերականգնվող էներգիայի աղբյուրները (օրինակ արև, քամի), իսկ հիմքում ընկած է համակարգային մտածելակերպը[2]:
Շրջանաձև տնտեսությունը նկարագրվում է որպես ռեսուրսների օգտագործման համակարգ, որտեղ գերակայում են կրճատումը, տարրերի վերամշակումը և վերաօգտագործումը։ Վերջին տարիներին շրջանաձև տնտեսության գաղափարը բավական մեծ տարածում է ստացել։ Հետագայում այն կարող է զբաղեցնել ներկայիս գծային (ավանդական) տնտեսական մոդելի տեղը։
Շրջանաձև տնտեսության գաղափարը հիմնված է 3R սկզբունքի վրա։
- Կրճատում` հումքի նվազագույն չափով օգտագործում (Reduce)
- Վերաօգտագործում՝ արտադրանքի և տարրերի կրկին օգտագործում (Reuse)
- Վերամշակում (Recycle)
Որոշ բջջային հավելվածներ լավագույն կերպով են արտացոլում շրջանաձև տնտեսության սկզբունքները։ Հավելվածների շնորհիվ մարդիկ կարողանում են մեկ ավտոմեքենայով միասին ճանապարհ գնալ։ Դրանց շնորհիվ ավելի քիչ թվով մարդիկ են ստիպված լինում գնել սեփական ավտոմեքենա։ Այսինքն՝ նվազում է «հումքի» օգտագործումը (Կրճատում, Reduce)։ Եթե ավտոմեքենան դառնում է անսարք, ապա այն կամ վերանորոգում են կամ դրա մասերն օգտագործում այլ մեքենա արտադրելու համար (Վերաօգտագործում, Reuse)։ Երբ ավտոմեքենայի մասերն այլևս չեն կարող օգտագործվել, դրանց մասը կազմող մետաղը և պլաստիկը հալեցվում են՝ նոր ավտոմեքենա արտադրելու համար (Վերամշակում, Recycle):
Շրջանաձև տնտեսությանն անցումը չի սահմանափակվում միայն ավանդական տնտեսության բացասական հետևանքները նվազեցնելու ճշգրտումներով: Շրջանաձև տնտեսությունը ներկայացնում է համակարգային տեղաշարժ, որը ստեղծում է երկարատև կայունություն, նոր գործարար ու տնտեսական հնարավորություններ և ապահովում է էկոլոգիական ու սոցիալական մեծ օգուտներ:
Ռեսուրսների օգտագործման, ապրանքների և ծառայությունների արտադրության ու կառավարման ներկայիս մոդելը, որն ուղղված է կարճաժամկետ սպառմանը, մոլորակին տանում է դեպի անկայուն իրավիճակ: Ժամանակակից տնտեսական համակարգը հակասության մեջ է բնության կյանքի ցիկլի հետ և բախվում է կայուն զարգացման հայեցակարգին։ Շրջանաձև տնտեսությունը չի ճանաչում թափոնների կամ աղբանոցների գոյությունը։ Բոլոր տարրերն ունեն իրենց դերը և կրկին օգտագործվում են տարբեր փուլերում:
Շրջանաձև տնտեսությունը ենթադրում է որքան հնարավոր է շատ կենսաբանորեն լուծվող նյութերի կիրառում ապրանքների արտադրության մեջ, որպեսզի դրանք իրենց ծառայության ժամկետի ավարտին կարողանան վերադառնալ բնություն` շրջակա միջավայրին վնաս չհասցնելով։ Եթե հնարավոր չէ օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր (սարքավորումներ, մարտկոցներ), ապա նպատակ է դառնում դրանց վերամշակումը հեշտացնելը, դրանց «նոր կյանք» պարգևելը՝ կրկին ներմուծելով այդ նյութերը արտադրական ցիկլ։ Երբ դա հնարավոր չէ անել, անհրաժեշտ է վերամշակել այդ նյութերը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը առավելագույնս նվազեցնելու համար։
Եթե այլ տնտեսական մոդելներում տնտեսական կողմը գերակայում է սոցիալական և էկոլոգիական կողմերի նկատմամբ, ապա շրջանաձև տնտեսությունը հաշվի է առնում բոլոր կողմերը։ Այն դրական նորույթ է ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ սպառողների համար։ Այս համակարգը ներդրած ընկերությունների օրինակը (Apple, Nike, Canon, Amazon և այլն) ցույց է տալիս, որ ռեսուրսների կրկնակի օգտագործումը տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ է, քան դետալների ստեղծումը զրոյից։ Արդյունքում արտադրության ծախսերը նվազում են։ Գները նույնպես ընկնում են՝ այդպիսով օգուտներ բերելով նաև սպառողներին։ Այսինքն՝ շրջանաձև տնտեսությունը հասարակությանն օգուտներ է բերում ոչ միայն էկոլոգիական, այլև տնտեսական տեսանկյունից։
[1] Փակ ցիկլ: Ցիկլային տնտեսությունում չկա «թափոն» հասկացությունը, քանի որ յուրաքանչյուր մնացորդ կարող է կրկին օգտագործվել նոր արտադրանքի արտադրության համար։ Թունավոր նյութերը վերացվում են, իսկ մնացորդները կրկին օգտագործվում են արտադրությունում՝ ձևավորելով փակ ցիկլ։ Սպառողի օգտագործելուց հետո արտադրողները վերցնում են (հետ են գնում) իրենց արտադրանքը և վերականգնում են դրանք։
[2] Համակարգային մտածելակերպ։ Ցիկլային տնտեսությունում յուրաքանչյուր սուբյեկտ (ընկերություն, անձ) կապված է այլ սուբյեկտների հետ: Միասին դրանք ձևավորում են համակարգ, որում մեկ «խաղացողի» գործողություններն ազդում են այլ «խաղացողների» վրա: