2007թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովին (IPCC) «կլիմայի տեխնածին փոփոխությունների վերաբերյալ ավելի լայն գիտելիքներ ստեղծելու և տարածելու ու նման փոփոխություններին հակազդելու համար անհրաժեշտ միջոցառումների հիմքը դնելու» ջանքերի համար:
Հատված Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նախագահ (IPCC) Կ. Կ. Պաչաուրիի 2007թ. Նոբելյան մրցանակի ստացման ելույթից
IPCC-ն առանցքային գիտական հրապարակումներ ունի, որոնք քաղաքականության մշակման համար առաջնային նշանակություն ունեն և բոլոր կառավարությունների կողմից մանրամասն համաձայնեցված են: Այս բարդ գործընթացը IPCC-ի հաշվետվություններում ներառված հիմնարար գիտատեխնիկական նյութի հսկայական ուժի շնորհիվ է հնարավոր դարձել:
IPCC-ը ստեղծվել է 1988թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Դրա դրույթներից մեկում նշված էր. «Ի հայտ եկած ապացույցները վկայում են, որ ջերմոցային գազերի մթնոլորտային կոնցենտրացիաների շարունակական աճը կարող է ծովի մակարդակի հնարավոր աճով գլոբալ տաքացում առաջացնել, որի հետևանքները մարդկության համար կարող են աղետալի լինել, եթե բոլոր մակարդակներում ժամանակին քայլեր չձեռնարկվեն»: Սա նշանակում է, որ գրեթե երկու տասնամյակ առաջ ՄԱԿ-ը գիտակցում էր կլիմայի փոփոխության հետևանքով աղետի առաջացման հավանականությունը: Այսօր մենք շատ ավելին գիտենք, ինչն այս խնդրին ավելի մեծ նշանակություն է տալիս:
Հնդկաստանում, մի երկիր, որը հին ժամանակներում քաղաքակրթություն է ստեղծել և որտեղ վաղ ավանդույթներն ու իմաստությունը գործողություններն առաջնորդում են նույնիսկ մեր ժամանակներում, «Vasudhaiva Kutumbakam» փիլիսոփայություն գոյություն ունի, որը նշանակում է, որ ամբողջ տիեզերքը մեկ ընտանիք է և պետք է գերիշխի գլոբալ համայնքները պաշտպանելու համաշխարհային հասարակություն: Այս սկզբունքը այսօր շատ կարևոր է խաղաղություն և կարգուկանոն պահպանելու համար:
Մեր բնական ռեսուրսների ժառանգությունը չպաշտպանելը մարդկության և երկրի վրա գոյություն ունեցող բոլոր տեսակների համար կարող է ծայրաստիճան վնասակար լինել: Իրոք, մարդկության պատմության մեջ կան բազմաթիվ դասեր, որոնք համարժեք նախազգուշացում են տալիս քաոսի և ավերածությունների մասին: Դրանք կարող են կրկնվել, եթե մենք շարունակենք անտարբեր մնալ բնության ռեսուրսների առաջանցիկ էրոզիայի և կրճատման նկատմամբ: Օրինակ, շատ բան է գրվել մայաների քաղաքակրթության մասին, որը ծաղկել էր մ.թ.ա. 250–950 թվականներին, բայց այն հիմնականում լուրջ և երկարատև երաշտի արդյունքում փլուզվեց: Նույնիսկ ավելի վաղ` մոտ 4000 տարի առաջ, Միջերկրական ծովից մինչև Ինդուսի հովիտ տարածվող բրոնզե դարաշրջանի մի շարք հայտնի մշակույթները, ներառյալ Միջագետքում «ծաղկած» քաղաքակրթությունները, նույնպես փլուզվել են կլիմայի փոփոխության պատճառով: Հասարակության այլ օրինակները, որոնք բնական ռեսուրսների ոչնչացման պատճառով փլուզվել կամ բախվել են քաոսի, ներառում են Խմերական կայսրությունը Հարավարևելյան Ասիայում, Արևելյան և մի քանի այլ կղզիներում: Կլիմայի փոփոխությունները խաղաղության և հակամարտությունների պատմականորեն որոշված ժամանակաշրջաններ ունեն: Դեվիդ Ժանգի վերջին աշխատանքը, փաստորեն, բացահայտել է ջերմաստիճանի տատանումների, գյուղատնտեսական արտադրանքի կրճատման և Արևելյան Չինաստանում վերջին հազարամյակում պատերազմների հաճախականության միջև կապը: Բացի այդ, վերջին տարիներին մի քանի հետազոտական խմբեր ուսումնասիրել են կլիմայի և անվտանգության միջև կապը: Դրանք բնակչության գաղթի, կոնֆլիկտների և ջրի ու այլ ռեսուրսների համար պատերազմի վտանգ են բացահայտել: Ոմանք ընդգծում են նաև հարուստ և աղքատ ժողովուրդների միջև լարվածության աճի հնարավորությունը, առողջական խնդիրների առաջացման վտանգը, որոնք առաջանում են, մասնավորապես ջրի և բերքի սակավության պատճառով:
Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխության ազդեցությունն աշխարհի որոշ աղքատ և ամենախոցելի համայնքների վրա կարող է լինել չափազանց անհանգստացնող: Եվ, հաշվի առնելով այդ համայնքների մի մասը բնութագրող կարողությունների, տնտեսական ուժի և ինստիտուցիոնալ հնարավորությունների անբավարարությունը, դրանք կլիմայի փոփոխության ազդեցություններից ծայրահեղ խոցելի կմնան: Հետևաբար, դրանք կարող են, ըստ էության, ունենալ իրենց տնտեսական վիճակի անկում` ունենալով կենսապահովման միջոցների և գոյության ապահովման նույնիսկ նվազագույն մակարդակները պահպանելու հնարավորությունների կորուստ:
Խաղաղությունը կարող է սահմանվել որպես անվտանգություն և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների անվտանգ մատչելիություն: Նման հասանելիության խափանումը կարող է հանգեցնել խաղաղության խախտման: Այս առումով կլիմայի փոփոխությունը մի շարք հետևանքներ կունենա, քանի որ բնակչության որոշ խմբերի համար ակնկալվում են բազմաթիվ անբարենպաստ խնդիրներ`
– մաքուր ջրի հասանելիություն,
– բավարար քանակությամբ սնունդ,
– առողջության կայուն պայմաններ,
– էկոհամակարգային ռեսուրսներ,
– բնակավայրերի անվտանգություն:
Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը հատկապես բարձր է ռիսկային տարածքներում, որոնց տնտեսությունը սերտ կապված է կլիմայի նկատմամբ զգայուն ռեսուրսների հետ: Այդպիսի տարածքներն են Արկտիկան, Աֆրիկան, փոքր կղզիները, ասիական և աֆրիկական մեգադելտաները: Մյուս շրջաններում, նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում, որոշ մարդիկ (աղքատները, փոքր երեխաները և տարեցները) առանձնապես ռիսկի կարող են ենթարկվել: Այն համակարգերը և համայնքները, որոնք խոցելի են, կլիմայի նույնիսկ փոքր փոփոխություններից կարող են զգալիորեն տուժել:
Տեղին կլինի հիշել 1987թ. հոկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քառասուներորդ նստաշրջանում Մալդիվների նախագահ Գայոմի խոսքերը.
«Ինչ վերաբերում է իմ սեփական երկրին` Մալդիվներին, ապա ծովի միջին մակարդակի 2 մ բարձրանալը կբավարարի 1,190 փոքր կղզիներից բաղկացած ամբողջ երկիրը խորտակելու համար, որոնց մեծ մասը ծովի մակարդակից 2 մ բարձրություն նույնիսկ չունի: Դա կլինի ազգի մահը: 1 մետր բարձրանալու դեպքում նույնպես փոթորիկը աղետալի կարող է լինել և, հնարավոր է, ճակատագրական լինել ազգի համար»:
Կլիմայի փոփոխության հետևանքների սպառնալիքներն իրական են աշխարհի որոշ մասերում, և մենք չենք կարող թաքնվել գլոբալ միջին ցուցանիշների և հարուստ հասարակությունների կլիմայի հետ կապված սպառնալիքներին դիմակայելու կարողությունների տակ:
Գիտությունը մեզ «ասում է», որ կլիմայի համակարգը ոչ միայն փոխվում է, այլև հետագա տաքացումը և ծովի մակարդակի բարձրացումը պահպանվում են, նույնիսկ եթե այսօր ջերմոցային գազերի մակարդակը կայունանա: Դա համակարգի ֆիզիկայի հիմնական հետևանք է: Սոցիալական գործոնները, օրինակ, էլեկտրակայանների, տրանսպորտային համակարգերի և շենքերի հավանական շարունակական արտանետումները նույնպես ազդում են մեր ապագայի վրա, նույնիսկ, երբ ավելի մաքուր ենթակառուցվածքներ ստեղծվեն: Այնպես որ, մեր առջև ծառացած մարտահրավերը ոչ միայն մեծ է, այլև այնպիսի խնդիր է, որի հետաձգման յուրաքանչյուր տարին ենթադրում է կլիմայի ավելի մեծ փոփոխություններ և անդառնալի հետևանքներ ապագայում: