«Ոչ մի անհատ հանրային շահերն առաջ տանելու մտադրություն չունի և չգիտի, թե որքանով է նպաստում դրանց։ Նա ձգտում է միայն դեպի իր անձնական անվտանգությունը։ Նա ձգտում է, որ իր արտադրանքն ունենա ամենամեծ արժեքը, նա հետապնդում է միայն իր սեփական շահերը։ Սակայն ուղղորդվելով անտեսանելի ձեռքի կողմից՝ նա նպաստում է մի նպատակի իրականացմանը, որն ամենևին էլ իր նպատակը չէր:»
Ադամ Սմիթ, «Ազգերի հարստություն»
18-րդ դարի տնտեսագետ Ադամ Սմիթը մշակեց «անտեսանելի ձեռքի» հայեցակարգը, որը դարձել է ազատ շուկայի տնտեսական հայեցակարգի հիմնաքարերից մեկը: Առաջին անգամ նա այդ հասկացությունն օգտագործել է իր «Ազգերի հարստություն» աշխատությունում։
«Անտեսանելի ձեռքը» մի երևույթ է, որը նկարագրում է սեփական շահերը հետապնդող անհատների կողմից բերված հանրային բարիքները և աննկատ սոցիալական մեծ օգուտները: Նշանակում է, որ սպառողները և ֆիրմաները, միմիայն հետևելով իրենց անձնական շահերին, կարող են ռեսուրսների արդյունավետ բաշխում իրականացնել ողջ հասարակության համար:
«Անտեսանելի ձեռքը» հայեցակարգ է, համաձայն որի ազատ շուկաներն առանց որևէ նկատելի միջամտության բերում են ապրանքների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը:
Եթե հացի փուռը սահմանել է շատ բարձր գին հացի համար (1 հատի արժեքը 400 դրամ), ապա մյուս հացթուխը կսկսի վաճառել նույն տեսակի հացը ավելի ցածր գնով՝ օրինակ 350 դրամով, իսկ երրորդը՝ 300 դրամով։ Արդյունքում սպառողները կանցնեն թանկարժեք հացից ավելի էժան հացի սպառմանը։ Մրցակցային «ճնշումը» նշանակում է, որ գինը կընկնի այնքան ժամանակ, քանի դեռ հավասարակշռություն չի ստեղծվի պահանջարկի և առաջարկի միջև։ Այս դեպքում կառավարության կողմից գին սահմանելն ավելորդ է։ Շուկայական գինն ավտոմատ կերպով կձևավորվի ֆիրմաների և սպառողների գործողությունների արդյունքում։
Անտեսանելի ձեռքի մեխանիզմը գործում է նաև այն դեպքում, երբ շուկայում առկա է ապրանքի դեֆիցիտ։ Եթե ներկայիս գնի դեպքում որոշակի ապրանքի նկատմամբ պահանջարկը գերազանցում է այդ ապրանքի առկա քանակությունը (առաջարկը), ապա առկա է տվյալ ապրանքի դեֆիցիտ, ինչն էլ կարող է հերթեր առաջացնել:
Այս դեպքում ֆիրմաները կարող են կամ բարձրացնել ապրանքի գինը, կամ էլ արտադրության մեջ ներդրումներ կատարելով ավելացնել արտադրության ծավալները (առաջարկը)։ Արդյունքը կլինի այն, որ գները կաճեն այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվի հավասարակշռություն պահանջարկի ու առաջարկի միջև և դեֆիցիտը չի վերանա։
Սմիթը պնդում էր, որ բոլորը հետապնդում են սեփական շահերը․ բիզնեսմենները նպատակ ունեն ավելի շատ շահույթ ստանալ, իսկ սպառողները՝ ձեռք բերել ավելի էժան ապրանք։ Սակայն շահույթ հետապնդելով` ֆիրմաները իրենց գործունեությամբ նպաստում են ավելի արդյունավետ տնտեսություն ստեղծելուն, ինչն էլ բերում է ապրանքների շուկայի հավասարակշռության։
Եթե ինչ-որ հիվանդություն ոչնչացրել է ցորենի հսկայական բերքն որևէ տարածաշրջանում, ապա ցորենի առաջարկի ծավալները անհամեմատ նվազել են։ Ցորենի գները սկսում են աճել ամբողջ աշխարհում։ Սպառողները արձագանքում են գների բարձրացմանը՝ կրճատելով ցորենի գնման ծավալները, ինչի արդյունքում ցորենը շարունակում են գնել նրանք, ովքեր բոլորից շատ են արժևորում ցորենը։
Որոշ ժամանակ անց ցորեն աճեցնող այն ֆերմերները, որոնց բերքի վրա հիվանդությունը չի տարածվել, կարող են իրենց բերքը վաճառել ավելի բարձր շահույթով, քանի որ այդ ֆերմերների ցորենն աճեցնելու և հավաքելու ծախսերը մնացել են անփոփոխ։ Ցանկանալով ստանալ ավելի մեծ շահույթներ` այդ ֆերմերներն ավելացնում են նաև ցորենի արտադրության ծավալները։ Ցորենը սկսում են աճեցնել նաև նախկինում դրա համար չնախատեսված հողատարածքներում։ Ցորենի առաջարկը նորից մեծանում է համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։ Դրա քանակության ավելացման հետևանքով ժամանակի ընթացքում ցորենի գինը նորից իջնում է և հաստատվում է հավասարակշռություն ցորենի շուկայում։
Այս ենթադրական իրավիճակում ներգրավված միլիոնավոր կամ միլիարդավոր պոտենցիալ անձինք անհրաժեշտ չէ, որ շփվեն, ճանաչեն իրար և նույնիսկ տեղյակ լինեն միմյանց գոյության մասին։ Սակայն նրանց գործողությունների ամբողջությունն օգնում է տեղաշարժել շուկայի «անտեսանելի ձեռքը» գլոբալ խնդիրը լուծելու համար։