Հասարակական ընտրության տեսության առարկան տնտեսական և քաղաքական երևույթների փոխադարձ կապի ուսումնասիրությունն է: Տնտեսագիտությունը և քաղաքագիտությունն ընկալվում են որպես գիտության առանձին ճյուղեր: Դրանք ունեն ուսումնասիրության տարբեր առարկաներ և մեթոդաբանություն: Քաղաքագիտության դրույթների համաձայն, քաղաքական մարդը հետապնդում է հասարակական շահ: Տնտեսագիտությունը ելնում է այն դրույթից, որ տնտեսական մարդն ունի իր մասնավոր շահը: Հասարակական ընտրության տեսությունը միավորում է այս երկու մոտեցումները` ցույց տալով, որ քաղաքական մարդը կարող է նաև տնտեսական մարդ լինել:
Հասարակական ընտրության տեսությունը և քաղաքագիտությունն ուսումնասիրության միևնույն առարկան ունեն` պետություն, հասարակական ընտրության կանոններ, ընտրողի վարքագիծ և այլն, սակայն ունեն ուսումնասիրության տարբեր մեթոդաբանություն:
Հասարակական ընտրության հիմքում ընկած է մի գործընթաց, որի միջոցով անհատական ընտրության արդյունքները միավորվում են և վերածվում կոլեկտիվ արդյունքի: Այս տեսության շրջանակներում քաղաքականության ոլորտը դիտարկվում է որպես շուկայի տարատեսակ: Ընդ որում, և’ շուկան, և’ պետությունը ծառայում են անհատական նախապատվությունների իրացմանը:
Հասարակական ընտրության անարդյունավետ արդյունքները
Հասարակությունը կոլեկտիվ որոշման միջոցով պետք է ընտրություն կատարի պետական քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչպիսի՞ և ի՞նչ ծավալի հասարակական բարիքներ են անհրաժեշտ, ինչպիսի՞ հարկային քաղաքականություն պետք է իրականացվի, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ սահմաններում և ինչպիսի՞ մեթոդներով պետք է լինի պետական միջամտությունը և այլն:
Քաղաքական թեկնածուները հասարակությանն են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը և հասարակությունն ընտրում է այն, որն առավելապես է բավարարում իր պահանջներին: Հաղթող է համարվում այն թեկնածուն, ով առավելագույն ձայներ է հավաքել: Ընտրության նման մոտեցումը թույլ է տալիս որոշ չափով բացահայտել հասարակության իրական նախընտրությունները, սակայն այն ունի նաև որոշ թերություններ: Մենք գիտենք, որ եթե հասարակական բարիքի արտադրության ընդհանուր օգուտները գերազանցում են այդ բարիքի արտադրության ընդհանուր ծախսերը, ապա հասարակության բարեկեցությունը բարձրանում է: Սակայն, հասարակության ընտրությունը միշտ չէ տնտեսապես արդյունավետ լինում կամ հանգեցնում հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացման (կարող է ընտրության միջոցով «դեմ» քվեարկել արդյունավետ քաղաքական ծրագրին):
«Դեմ» քվեարկելու անարդյունավետության օրինակ
Ենթադրենք, հասարակական բարիքի (օրինակ՝ ազգային անվտանգության) արտադրության ընդհանուր ծախսերը 600.000 դրամ են: Ենթադրենք նաև, որ հասարակությունը բաղկացած է միայն երեք անդամից և հասարակական բարիքի արտադրության ծախսը հարկերի տեսքով նրանց միջև բաժանվում է հավասարաչափ: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 200.000 դրամ հարկ: Գծապատկեր 1-ում ցույց է տրված, որ առաջին ընտրողը պատրաստ է վճարել 500.000 դրամ, երկրորդը` 150.000 դրամ, երրորդը` 100.000 դրամ: Չնայած մարդիկ միշտ չեն քվեարկում ելնելով իրենց սեփական տնտեսական շահերից, սակայն այս դեպքում, երկրորդ և երրորդ ընտրողն, ամենայն հավանականությամբ, «դեմ» կքվեարկեն, քանի որ յուրաքանչյուրի ծախսը՝ հարկը 200.000 դրամ է, և նրանք պատրաստ չեն այդքան վճարել:
Գծապատկեր 1. «Դեմ» քվեարկելու արդյունքները
Այս դեպքում տվյալ հասարակական բարիքի արտադրությունը կամ չի իրականացվի կամ էլ կիրականացվի թերի, քանի որ մեծամասնությունը քվեարկեց «դեմ»: Չնայած տվյալ հասարակական բարիքի արտադրությունը տնտեսապես արդարացված էր, քանի որ արտադրության ընդհանուր օգուտները` 750.000 դրամ (500.000+150.000+100.000=750.000) գերազանցում էին դրա արտադրության ընդհանուր ծախսերը` 600.000 դրամը:
«Կողմ» քվեարկելու անարդյունավետութան արդյունքները
Այժմ դիտարկենք օրինակ, որի դեպքում տվյալ հասարակական բարիքի արտադրությունը խրախուսվում է հասարակության մեծամասնության կողմից, չնայած համախառն ծախսերը գերազանցում են համախառն օգուտները:
Ենթադրենք, հասարակական բարիքի արտադրության ընդհանուր ծախսերը 600.000 դրամ են: Ենթադրենք, հասարակությունը բաղկացած է միայն երեք անդամից և հասարակական բարիքի արտադրության ծախսը հարկերի տեսքով նրանց միջև բաժանվում է հավասարաչափ (յուրաքանչյուրը պետք է վճարի 200.000 դրամ հարկ): Գծապատկեր 2-ում ցույց է տրված, որ առաջին ընտրողը դեմ է քվեարկելու, քանի պատրաստ է վճարել 100.000 դրամ, երկրորդ և երրորդ ընտրողները կքվեարկեն «կողմ», քանի որ պատրաստ են վճարել 250.000-ական դրամ: Արդյունքում հասարակական բարիքի արտադրության ծրագիրը կընդունվի, չնայած այս դեպքում այդ բարիքի արտադրությունը հիմնավորված չէ, քանի որ դրա արտադրության ընդհանուր օգուտները (100.0000+250.000+250.000=500.000 դրամ) ավելի քիչ են քան արտադրության ընդհանուր ծախսեր (600.000 դրամ):
Գծապատկեր 2. «Կողմ» քվեարկելու արդյունքները
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ յուրաքանչյուրն ունի միայն մեկ ձայն, անկախ նրանից՝ ինչքան է կորցնում կամ շահում տվյալ հասարակական բարիքից: Եթե ձայներ գնելը չլիներ քրեորեն պատժելի, ապա առաջին օրինակի դեպքում առաջին ընտրողը կկարողանար գնել մյուս երկու ընտրողների ձայները` ապագայում անձնական շահ ստանալու ակնկալիքով:
Սովորական շուկայում սպառողը կարող է որոշում կայացնել չգնել տվյալ ապրանքը` անկախ մեծամասնության կողմից այդ ապրանքի նկատմամբ վերաբերմունքից: Սակայն հասարակական ընտրության միջոցով ցանկացած բարիք «գնելը» բարդ է, քանի որ կախված է մեծամասնության կողմից կայացրած որոշումից:
Դեմոկրատական երկրներում հասարական ընտրությունն իրականացվում է քվեարկության միջոցով: Մեծամասնության կողմից քվեարկության միջոցով որոշումների կայացումը կարող է հանգեցնել տնտեսապես ոչ արդյունավետ արդյունքների և մյուսները պետք է համակերպվեն դրա հետ ու ստիպված լինեն կամ վճարել անարդյունավետ ընտրության համար կամ չստանալ հնարավոր արդյունավետ ընտրության պտուղները: Վերոնշյալ օրինակների հիմնական թեման այն էր, որ անարդյունավետությունը կարող է հանգեցնել հասարակական բարիքի ինչպես գերարտադրության, այնպես էլ թերարտադրության: Արդյունքում, որոշ դեպքերում, պետությունը հասարակությանը չի կարողանում ապահովել այն հասարակական բարիքներով, որոնց արտադրությունը տնտեսապես արդարացված է, այլ ապահովում է այն հասարակական բարիքներով, որոնց արտադրությունը տնտեսապես արդարացված չէ