Հատված` Ամարտյա Սենի 1998թ. Նոբելյան մրցանակ ստանալու ելույթից․
«Ուղտը ձի է, որը նախագծվել է մարդկանց փոքր խմբի կողմից»: Սա կարող է այդ խմբի որոշումների թերությունների օրինակ թվալ, բայց դա իսկապես մեղմ մեղադրանք է: Ուղտը, գուցե, չունի ձիու արագություն, բայց շատ օգտակար և ներդաշնակ կենդանի է. լավ «համակարգված է» առանց սննդի և ջրի երկար հեռավորություններ ճանապարհորդելու համար: Խումբը, որը փորձում է ձի նախագծելու հարցում իր տարբեր անդամների տարատեսակ ցանկություններն արտացոլել, կարող է շատ հեշտությամբ հանգեցնել ավելի տարօրինակ բանի. օրինակ, հունական դիցաբանության կենտավրի, որի կեսը ձի է և կեսն ինչ որ այլ բան` շարժվող արարած, որը համատեղում է վայրիությունն ու խառնաշփոթը:
Դժվարությունը, որին բախվում է փոքր խումբը, կարող է միայն ավելի մեծ լինել, երբ խոսքը վերաբերում է ավելի մեծ հասարակության որոշումների կայացմանը, որը «ժողովրդի, ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ընտրությունն է արտացոլում: Դա, ընդհանուր առմամբ, «հասարակական ընտրության» առարկա է, և իր ընդարձակ շրջանակները ներառում են տարբեր խնդիրներ՝ կապված սոցիալական դատողությունների և խմբային որոշումների ու հասարակության կամ խմբի անհատների տեսակետների և հետաքրքրությունների համատեղման առանձնահատկության հետ: Հասարակական ընտրության տեսության հիմնական հարցը հետևյալն է. ինչպե՞ս կարելի է հասարակության մասին ագրեգատիվ դատողություններ (օրինակ՝ «սոցիալական բարեկեցության», կամ «հանրային շահի» կամ «համախառն աղքատության» վերաբերյալ) ստանալ` հաշվի առնելով հասարակության տարբեր անհատների մտահոգությունները, կանխատեսումները և նախասիրությունների բազմազանությունը: Ինչպե՞ս կարող ենք այնպիսի ագրեգատիվ դատողություններ անելու որևէ ողջամիտ հիմք գտնել, ինչպիսիք են «հասարակությունը գերադասում է սա դրանից», կամ «հասարակությունը պետք է ընտրի սա դրանից», կամ «սա սոցիալապես ճիշտ է»: Արդյո՞ք հասարակական ողջամիտ ընտրությունը հնարավոր է, նամանավանդ, ինչպես Հորասը վաղուց նշել է, կարող են լինել «այնքան նախապատվություններ, որքան մարդիկ»:
Հասարակական ընտրության տեսությունն իր ժամանակակից բնույթով ձևակերպվել է տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Կ. Էրրոուի կողմից 1951թ., որն ապահովում է այլընտրանքային հասարակական հնարավորությունների գնահատման և ընտրության նկատմամբ ընդհանուր մոտեցում (ներառյալ, սոցիալական բարեկեցության, անհավասարության և աղքատության գնահատումը):
Հասարակական ընտրության տեսությունը շատ լայն է, ընդգրկում է մի շարք հստակ հարցեր, և, գուցե, օգտակար լինի նշել դրանցից մի քանիսը.
- Մեծամասնության կանոնը ե՞րբ կտա միանշանակ և հետևողական որոշումներ:
- Ինչպե՞ս կարող ենք դատել, թե որքան լավ է հասարակությունը գործում իր տարբեր անդամների անհամապատասխան հետաքրքրությունների ֆոնին:
- Ինչպե՞ս կարող ենք հաշվի առնել անձանց իրավունքներն ու ազատությունները՝ միևնույն ժամանակ ճանաչելով նրանց նախընտրությունները և այլն:
Հասարակական ընտրության տեսության հասանելիությունն ու նշանակությունն իսկապես շատ ընդարձակ կարող են լինել:
Ինչպե՞ս է առաջացել հասարակական ընտրության սուբյեկտը: Տարբեր հետաքրքրությունների և կոնցեպցիաների հետ կապված հասարակական որոշումների խնդիրները ուսումնասիրվել են երկար ժամանակ: Օրինակ՝ Արիստոտելը Հին Հունաստանում և Կաուտիլիան Հին Հնդկաստանում, ովքեր ապրում էին մ.թ.ա. չորրորդ դարում, իրենց գրքերում (համապատասխանաբար վերնագրված Քաղաքականություն և Տնտեսություն) ուսումնասիրում էին հասարակական ընտրության տարբեր կառուցողական հնարավորություններ:
Այնուամենայնիվ, հասարակական ընտրության տեսությունը, որպես համակարգված մոտեցում, առաջին անգամ ծագեց ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում: Այս խնդիրն առաջին անգամ ներմուծվել է XVIII դարի վերջին ֆրանսիացի մաթեմատիկոսներ Ժ. Կ. Բորդայի (1781թ.) և Մարքիզ դե Կոնդորսեի (1785թ.) կողմից, ովքեր այս խնդիրները դիտարկել են մաթեմատիկայի տեսանկյունից:
Նրանց աշխատանքը կենտրոնացած էր խմբի համար ռացիոնալ և ժողովրդավարական որոշումների շրջանակի մշակման վրա՝ համարժեք ուշադրություն դարձնելով նրա բոլոր անդամների նախասիրություններին և հետաքրքրություններին: Այնուամենայնիվ, նույնիսկ տեսական հետազոտությունները, որպես կանոն, տալիս էին բավականին հոռետեսական արդյունքներ: Նրանք նշել են, որ, օրինակ, մեծամասնության կանոնը կարող է լրիվությամբ հակասական, անհետևողական լինել:
Հետազոտական աշխատանքների մեծ մասը (հաճախ, կրկին հոռետեսական արդյունքներով) շարունակվեց Եվրոպայում XIX դարում: Իրոք, այս ոլորտում շատ ստեղծագործ մարդիկ էին աշխատում և պայքարում էին հասարակական ընտրության դժվարությունների հետ, այդ թվում՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լյուիս Քերոլլը:
Երբ Էրրոուն 20-րդ դարում «վերածնեց» հասարակական ընտրության թեման, նա նույնպես շատ մտահոգված էր խմբային որոշումների դժվարություններով և այն անհամապատասխանություններով, որոնք դրանք կարող են հանգեցնել:
Էրրոուի հասարակական ընտրության տեսության անհնարինության արդյունքները հաճախ մեկնաբանվում են որպես հիմնավորված և ժողովրդավարական սոցիալական ընտրության, ներառյալ բարեկեցության տնտեսագիտության գոյության հնարավորության «ժխտում»:
. . . .
Ամփոփելով Ամարտյա Սենի մոտեցումները՝ կարելի է ասել, որ նա դեմ է արտահայտվել Էրրոուի տեսակետին: Բարեկեցության կառուցողական տնտեսագիտության և հասարակական ընտրության հնարավորությունը (և դրանց օգտագործումը սոցիալական բարեկեցության վճիռներ կայացնելու և նորմատիվ նշանակություն ունեցող գործնական միջոցառումներ մշակելու մեջ) առաջ է բերում ընտրության տեղեկատվական հիմքի ընդլայնման անհրաժեշտություն: Այս ընդլայնման կարևորագույն տարր է բարեկեցության և անհատական առավելության միջանձնային համեմատությունների օգտագործումը: Զարմանալի չէ, որ միջանձնային համեմատություններից հրաժարումը պետք է դժվարություններ առաջացնի հիմնավորված հասարակական որոշումների համար, քանի որ հասարակությունը կազմող տարբեր անձանց պահանջները պետք է միմյանց դեմ գնահատվեն: Մենք նույնիսկ չենք կարող հասկանալ աղքատության, սովի, անհավասարության կամ բռնակալության մասին հասարակության մտահոգությունների ուժը՝ առանց այս կամ այն ձևով միջանձնային համեմատություններ կատարելու: Այն տեղեկատվությունը, որի վրա հիմնվում են ոչ պաշտոնական դատողությունները, հենց այն տեղեկատվությունն է, որը պետք է և կարող է ներառված լինել համակարգված հասարակական ընտրության պաշտոնական վերլուծության մեջ:
Հասարակական ընտրության տեսությունն օգտագործելը կարող է հանգեցնել տարբեր արժեքներով տարբեր սկզբունքների: Սա նշանակում է, որ որոշ իրավիճակներում, որոնք թույլ են տալիս միայն մեկ պատասխան, բազմաթիվ ճիշտ պատասխաններ կարող են լինել: Սա, եզրակացնում է Սենը, պետք է լուծվի ճշմարիտ ժողովրդավարության միջոցով, որը նա անվանում է «հանրային դատողությունների հիմնական անհրաժեշտություն, որը ներառում է տարբեր կողմերի փաստարկները և տարբերվող տեսանկյունները»: Սենը ճշմարիտ ժողովրդավարությունը սահմանում է որպես «հասարակական քննարկումների մեջ բաց ներգրավվածություն»՝ համակարգ, որը բաղկացած է ոչ միայն ընտրություններից և քվեարկությունից, այլև քննարկումներից:
Կարևոր է նշել, որ Սենի կողմից քննարկման խրախուսումը ցույց է տալիս, որ տեղեկատվության ավելացումը հանգեցնում է ավելի լավ համաձայնության: