Հռութ Շելքրոս Մեյնարդ (արտատպվում է The Freeman պարբերականի 1962թ. հուլիսյան համարից)
«Ո՞վ պետք է պահպանի մեր ռեսուրսները»։ Եթե այս թեմայով հարցում անցկացվեր, ճնշող մեծամասնությունը թերեւս կպատասխաներ՝ «Դաշնային եւ նահանգային իշխանությունները», իսկ եթե նաեւ հարց առաջանար, թե ինչու է այս տեսակետը լայնորեն տարածված, ի թիվս այլ «փաստարկների» մենք կհանդիպեինք նաեւ հետեւյալներին, ըստ որոնց՝
ա) ազատ շուկան քաոսային է, շահույթը բաժին է հանում քչերին եւ առհասարակ անփույթ է մեր սահմանափակ եւ հետզհետե նվազող ռեսուրսների «վատնման» նկատմամբ;
բ) «մարդկանց իրավունքները» վեր են «մասնավոր կամ հատուկ շահերից», եւ միայն կառավարությունը կարող է ըստ պատշաճի սպասարկել հանրային շահը;
գ) պետությունն ունի ավելի շատ դրամական միջոցներ;
դ) պետությունն ունի բավարար ներուժ ու պայմաններ, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ բոլոր տվյալները եւ իրականացնի ռեսուրսների պահպանության ոլորտում լավագույն «գիտական» որոշում կայացնելու համար անհրաժեշտ հետազոտություններ;
ե) գնային համակարգը չի գործում ի շահ ռեսուրսների պահպանության՝ «սեփական շահն անզուսպ հետապնդելու» պատճառով;
զ) ուժի կենտրոնացումը որոշ կորպորացիաներում ավելի է վտանգում նվազող ռեսուրսները եւ պետք է կարգավորվի պետության կողմից։
Բնականաբար, բոլոր այս «փաստարկները» չեն պարզաբանում, թե պետական գործակալությունն ինչպես է փորձելու մոտենալ ռեսուրսների պահպանության խնդրի լուծմանը. դա ենթադրվում է լռելյայն։ Եկեք, ուրեմն, համառոտակի քննենք դրանք.
ա*) Ազատ շուկան կարող է լինել ամեն տեսակի, բայց երբեք՝ քաոսային։ Մրցակցող ու բնական շուկայական ուժերն ապրանքի գնի մեջ արտացոլում են այն ցանկությունները, որոնք ունեն ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդները՝ միլիոնավոր անհատներ, որոնք առանձին-առանձին հաշվետու եւ պատասխանատու են տնտեսական գործունեության իրենց ասպարեզում ձեռնարկած սեփական քայլերի համար։ Յուրաքանչյուր ոք հետամուտ է իր օգուտին, երբ կանգնած է ազատ ընտրության առջեւ, սակայն արտադրողն ազատ շուկայում չի կարող շահույթ ստանալ, եթե սպառողին չգոհացնի մրցակցից լավ։ Քանի որ գոյատեւելու համար նա պետք է մտածի նաեւ ծախսերը նվազեցնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու մասին, սխալ կլինի համարել, թե միայն ինքն է շահույթ ստանում այն բնական ռեսուրսների օգտագործումից, որոնցից պատրաստվում են սպառողին ցանկալի ապրանքները։ Ստացված արտադրանքի սպառումից շահում են բոլորը։
բ*) Կարո՞ղ են արդյոք լինել անհատների իրավունքներից վեր «մարդկանց իրավունքներ»։ Բոլոր անհատներն ունեն հատուկ եւ մասնավոր շահեր եւ իրավունքներ։ Հետեւաբար, «մարդիկ» չեն կարող իրավունքներ ունենալ այլ կերպ, քան անհատապես։ Եւ կյանքի իրավունքը պարունակում է նաեւ կյանքը մասնավոր ու հատուկ միջոցներով պահպանելու իրավունքը։
գ*) Պետությունը չունի այլ դրամական միջոցներ, քան մարդկանցից ուժով խլվածը, մինչդեռ շատ ու շատ խոշոր մասնավոր ձեռնարկություններ ստեղծվել ու զարգացել են կամովին նվիրաբերված միջոցների շնորհիվ։ Փաստացի, մեր երկրի արդյունաբերական ողջ զարգացումը հարատեւող օրինակն է կամավոր այս ձեւի, որով ստեղծվել են արտադրական ունակություններ՝ սպառողին տալով ինչ նա ցանկանում է ունենալ այն գնով, որը պատրաստ է վճարել մրցակցային դաշտում։
դ*) Առաջին հայացքից գուցե թվա, թե պետությանն ավելի շատ տվյալներ են հասանելի սուղ ռեսուրսների վերաբերյալ, քան մասնավոր ձեռներեցին։ Սակայն պետությունը չի կարող հավաքագրել բոլոր այն մանրակրկիտ տվյալները, որ կենսականորեն անհրաժեշտ են հիմնավոր որոշում կայացնելու համար։ Ինչպես մատնանշել է ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա, նոբելյան մրցանակակիր Հայեկը, այդօրինակ մանրամասն տեղեկություններ պարզապես «չեն տրվում որեւէ մեկին համակ ամբողջությամբ»։ «Մեզ համար օգտավետ հանգամանքների մասին գիտելիքը երբեք գոյություն չունի խտացված կամ համահավաք ձեւով»,– նշում է նա,– «այլ միայն ու միայն իբրեւ բոլոր առանձին անհատների ունեցած անավարտ եւ հաճախ նույնիսկ հակասական տեղեկությունների ցաքուցրիվ պատառիկների ամբողջություն»։ Բայցեւայնպես, նմանատիպ տեղեկություններն արտադրողին պետք են նախապես, որպեսզի նա կարողանա գործելու մասին որոշում կայացնել։ Իսկ այդ գիտելիքի գլխավոր ազդարարը գների ազատ շարժն է։ Եթե որեւէ ռեսուրսի գինը շարունակում է վերընթաց շարժը, դա արտադրողին ասում է այն ամենը, ինչ նա պիտի իմանա այդ ռեսուրսի աճող սղության մասին եւ տալիս է այն պահպանելու, խնայողաբար եւ միայն ամենաարժեքավոր արտադրանքի մեջ օգտագործելու ազդանշան։ Պետական պլանավորման ջատագովներն ասես երբեք չկարողացան ըմբռնել, թե սա ինչպես է աշխատում, քանի որ մշտապես խարդախություններ են կատարում շուկայական ուժերի հետ՝ խեղաթյուրելով գնային նուրբ ազդակները, որոնք այլապես կարող էին ուղղորդող լինեն իրենց համար։ Այսպիսով, պետական պլանավորողները ստիպված են առաջոնրդվել ընդհանուր տվյալներով, որոնք ստացվում են կոպիտ մեթոդներով, նվազ վստահելի են տնտեսական կոնկրետ ոլորտներում գործողությունների մշակման համար, եւ ավելին՝ հնանում են ավելի արագ, քան կարող են հավաքվել, վերլուծվել եւ ամփոփվել։ Նմանատիպ ուսումնասիրությունները չեն կարող պետական վերահսկողին հաղորդել այնքան տեղեկություն, որքան գների ազատ շարժն է հուշում տվյալ շուկայում որպես վաճառող կամ գնորդ գործող անհատներին։
ե*) Ազատ տնտեսության մեջ գների կատարած դերն այնքան քիչ է հասկացված, որ շատերը համարում են, թե պետությունն է, որ պիտի գին սահմանի, այլապես դրանք կարտացոլեն միայն արտադրողների «եսապաշտական շահերը»։ Գնային համակարգը ոչ միայն հուշում է արտադրողին ու սպառողին, թե երբ է առաջանում ապրանքի սղություն (գները բարձրանում են) կամ հակառակը՝ առատություն (գներն ընկնում են), այլեւ ազդակներ է հաղորդում գործել ի շահ ռեսուրսների պահպանության եւ փոխարինում գտնել թանկ ու սուղ հումքին։ Մրցակցային գները ռեսուրսները հատկացնում են նրանց, ովքեր պատրաստ են վճարել ավելին (այլ ոչ թե ունեն ավելին, ինչպես ենթադրվում է), որպեսզի ձեռք բերեն սպառողներին արդյունավետ եւ շահութաբեր կերպով սպասարկել փորձելու իրավունք։
զ*) Եթե կորպորացիաներում ուժի կենտրոնացումը թույլատրելիից ավելին է, ապա ի՞նչ ասենք պետական հաստատության մեջ իշխանության բացարձակ ու վերջնական կենտրոնացման մասին՝ շուկայական ուժերի կարգավորիչ ազդեցությունից հեռու։ Կառավարությունը հաշվետու չէ այն առումով, որ պարտավոր լինի գոհացնել սպառողին՝ գործի մեջ մնալու համար։ Եթե այն շահույթ ցույց չտա, իր կորուստները կարող է ծածկել հարկային գումարներով։ Մեծ կորպորացիաները կարող են մենաշնորհային վարք որդեգրել միայն պետական որոշակի արտոնություններ վայելելու դեպքում։ Պոտենցիալ մրցակցությունը, փոխարինումը եւ պահանջարկի առաձգականությունը նրանց հարկադրում են գները հնարավորինս մոտ պահել մրցակցային մակարդակին։
Երբ վերահսկում է պետությունը
Վերոնշյալ փաստարկները, սակայն, չեն շոշափում ռեսուրսների պահպանության հիմքում ընկած պարզագույն խնդիրը։ Մի պահ ենթադրենք, որ օրենսդիր իշխանությունն ընդունում է հատուկ օրենք՝ ստեղծելով «Ռեսուրսների պահպանության դաշնային բյուրո», որին ապա հարկավոր կլինի հատկացնել հարկերից հավաքագրվող որոշակի միջոցներ։ Բյուրոյի ղեկավարը՝ զուտ քաղաքական պաշտոնյա, պետք է գտնի համապատասխան շենք եւ հավաքի մեծաքանակ անձնակազմ՝ արդարացնելով իր ռոճիկը։ Յուրաքանչյուր տեղի ունեցող երեւույթ հետաքննելն ու դրա մասին տվյալներ հավաքելը մեծ ժամանակ եւ հարկային միջոցներ պահանջող գործ է։
Այդուհանդերձ, ոեսուրսների պահպանության խնդրի պատվիրակումը ոստիկանական լիազորութամբ օժտված գործակալությանը բոլորովին չի նշանակում լուծում տալ հարցին, այլ զուտ այն, որ դրա ղեկավարին իրավասություն է տրվում գտնելու ինչ-որ մի լուծում եւ այն ապա պարտադրելու բնական ռեսուրսների շուկայում գործող մարդկանց։ Սա բնավ չի կարող հավաստիացնել հանրությանը, թե այդ ղեկավարը գերաշնորհ իմաստնություն ունի տվյալ բնագավառում կամ թե առհասարակ որեւէ բան է հասկանում այս ամենից։ Սույն նշանակումը նրան կդրդի ենթադրել, իբր անհատ ձեռներեցներն իրենց գործը լավ չէին անում, ուստի, անկասկած, նա իրեն համար խնդիր կդնի պարզել, թե ինչն է, որ անհատ ձեռներեցները վատ են անում, որպեսզի կասեցնի դա։ Այսպիսի միջամտությունը կարող է միայն խոչընդոտել անհատ ձեռներեցներին ուղղելու իրենց ստեղծարար միտքն ու եռանդը ռեսուրսների անմիջական եւ երկարաժամկետ պահպանության խնդիրների լուծման որոնումներին։ Ստեղծարար նախաձեռնողության այս հոսքն արգելափակելուց հետո նրան պետք կլինի գտնել «կառուցողական» լուծում, ինչպիսին է սուղ համարվող նյութերի որոշ քանակի ամբարումը հարկադրանքի ուժով։
Դժվարին որոշումներ
Սակայն ո՞ւմ համար է բյուրոյի ղեկավարն ամբարելու այդ ռեսուրսները։ Զոհաբերելո՞ւ է նա արդյոք ներկայիս սերնդին հանուն ապագա սերնդի։ Եթե այո, ապա հանուն ապագա ո՞ր սերնդի՝ հաջորդի՞, դրանից հետո եկողի՞, մեզնից հարյուր տարի հետո ապրողների՞։ Որի՞։ Եւ ինչպե՞ս նա առհասարակ կարող է իմանալ, թե այդ սերունդներն ինչի կարիք կզգան կամ ինչ կցանկանան ունենալ ու անել։ Ավելին, խնդիր կառաջանա նաեւ, թե ի՛նչ քանակով եւ ո՛ր որակից (լավագույն թե վատագույն) ամբարել։ Արդյո՞ք որոշ ռեսուրսներ ունեն այլընտրանքային կիրառություններ։ Կնախատեսի՞ նա դրանց հավելյալ կամ նոր կիրառությունները, որ գուցե լինեն ապագայում։ Այս հարցերը, թվում է, երբեք չեն տրվում ռեսուրսների պահպանության մասին գրքերի ու հոդվածների հեղինակների կողմից, որոնց հատուկ մասնագիտությունն է դարձել մասնավոր ձեռներեցության դատապարտումը։
Ամբարումը միայն ու միայն խորացնում է այն սղությունը, որը եւ պատճառ էր դարձել այդպիսի ամբարման համար։ Որքան սուղ է ամբարվողը, այնքան բարձր են դրա գները եւ բազմաքանակ՝ շահագործողներից լսվելիք բողոքները։ Ուստի, ղեկավարը պիտի հավանաբար փորձի իշխանության ուժով ֆիքսել դրանց գները շուկայականից ցածր մակարդակի վրա, իսկ դա, անշուշտ, կարող է բերել միայն ու միայն պահանջարկի եւ գների վրա ճնշման աճի՝ հանգեցնելով կա՛մ սեւ շուկայի ձեւավորման, կա՛մ պետության կողմից բաժնեմասերի սահմանման, կա՛մ այդ երկուսին միասին։ Բաժնեհանմամբ հատկացումը առաջ է բերում ո՛ւմ նկատմամբ բարեհաճ լինելու եւ ո՛ւմ անտեսելու խնդիր։ Խտրական լինելու իրավասությունը ղեկավարին կարող է ենթարկեցնել քաղաքական ուժեղ ճնշումների։ Եթե անգամ հանենք քաղաքական ֆավորիտիզմը, ղեկավարը կարող է ընտրությունը կատարել անձնական նախասիրությունների կամ առաջին ժամանողի նկատմամբ բարեհաճ լինելու հիմքով։ Ցանկացած համակարգ խտրական է։
Պետական պլանավորման համակարգը ենթադրում է ոստիկանական լիազորությամբ օժտված մեկ մարդու կամայական խտրականություն, քանի որ նա է որոշելու, թե ով ինչ պիտի ստանա։ Այնինչ, անձնական ֆավորիտիզմից զուրկ ազատ շուկան «խտրականություն է ցուցաբերում» ընդդեմ նրանց, ովքեր կվատնեն կամ թափոնի կվերածեն սուղ ռեսուրսները (թույլ է տալիս փլուզվել նրանց բիզնեսին), եւ «խտրականություն ցուցաբերում» հօգուտ նրանց, ովքեր ամենաարդյունավետը կօգտագործեն դրանք ի ծառայություն սպառողների։ Այդ դեպքում, ստացված շահույթը կախված կլինի տվյալ սուղ ռեսուրսը պահպանելու՝ արտադրողի ունակությունից։
Պետական համակարգը հիմնված է մարդու կողմից մարդու նկատմամբ կայացվող կամայական վճիռների վրա, ինչը մեծ հավանականությամբ կարող է ենթարկվել զանազան քաղաքական ազդեցությունների, մինչդեռ ազատ շուկայական համակարգը ենթարկվում է միայն անանձնական եւ ոչ քաղաքական ազդեցության։ Ուրիշ այլընտրանք գոյություն չունի։ Առաջին համակարգը տանում է լճացման, որը չի կարող բավարարել այն հարափոփոխ կարիքներն ու ցանկությունները, որ ունեն սպառողները՝ նույն այն «մարդիկ», որոնք ամենից շատ են ներգրավված, եւ որոնց, ըստ ամենայնի, գործակալությունը կոչված է պաշտպանելու։
Մյուս՝ բիզնեսի համակարգը շահագրգռում է փոխարինող միջոցներ որոնել, երբ գներն ահազանգում են աճող սղության մասին։ Սա ոչ միայն նպաստում է ռեսուրսների պահպանությանը, այլեւ սղության ժամանակներում սպառող հասարակությանն առաջարկում ավելի խելամիտ գնահատված այլընտրանք։ Երբ պետական գործակալի կողմից գները ֆիքսվում են շուկայականից ցածր մակարդակի վրա, դա խոչընդոտում է ռեսուրսների պահպանությունը՝ ռեսուրսի մակարդակից մինչեւ վերջնական օգտագործողը կեղծ ազդանշաններ հաղորդելով սղության աստիճանի վերաբերյալ։
Անհատ ձեռներեցները պահպանում են պահպանելու արժանին
Մինչեւ որեւէ մեկը չհայտնաբերի, որ ինչ-որ ռեսուրս ունի որոշակի կիրառություն, այն չունի որեւէ արժեք, հանուն որի պիտի պահպանվի։ Ալեքսանդր Մեծը ոչինչ չուներ անելու իր կայսրության ընդերքում ամբարված նավթային պաշարների հետ։ Թույլ զարգացած երկրները ռեսուրսի պակաս չունեն։ Նրանք պարզապես դեռ չեն գտել այն բանալին (անձնական խնայողությունն ու մրցակցային ձեռներեցությունը), որով կկարողանան շահագործել այդ ռեսուրսները մարդկանց կարիքների բավարարման համար։
Մասնավոր ձեռներեցները շարունակ փորձում են գտնել նոր նյութեր կամ եղածի նոր կիրառություններ, միշտ նայում են առաջ՝ տեսնելու, թե դրանցից որոնք են հասանելի լինելու ապագայում եւ թե որքան արդյունավետ կերպով կարելի է շահագործել դրանք։ Վերցրեք ցանկացած առեւտրային մատյան եւ կտեսնեք, թե դրանցում ինչքան շատ են այն կետերը, որոնք վերաբերում են ծախսերի կրճատմանը, թափոնների օգտահանությանը, արդյունավետության բարձրացմանը եւ այլն։
Մի՞թե պետությունն է նրանց պարտադրել այդպես վարվել։ Ո՛չ։ Շահույթի հույսն է, որ գործում է իբրեւ հզոր ազդակ՝ ձեռներեցին մղելով արդյունավետության, կատարելագործման, ռեսուրսների պահպանության։ Ստորեւ բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է մասնավոր ձեռնարկատիրությունը զրոյացնում թափոնը եւ օգտահանում բնական ռեսուրսները՝ ի նպաստ սպառող հասարակության կարիքների բավարարման։
Քանի դեռ հայտնի չէր բնական գազի օգտակարությունը որպես վառելիք, նավթարդյունահանողները պարզապես այրում էին դա՝ ազատվելով անօգուտ կողմնակի նյութից։ Քանի չէին գտնվել գազի ապահով պաշարման ու տեղափոխման ուղիները, այն ուներ զուտ տեղային կիրառություն։ Մրցակցությունը հարկադրեց որոնել հավելյալ կիրառություններ եւ ավելի ընդարձակ շուկաներ, իսկ սպառողներին լավագույնս ծառայողները պարգեւատրվեցին շահույթով։ Եւ քանի որ գտնվեցին գազը տեղական շուկայից արտահանելու ձեւեր, տարբեր վայրերում սպառողները ստացան վառելիքի ավելի լայն ընտրություն, ինչն իր հերթին հանգեցրեց մի շարք այլ վառելիքատեսակների խնայողությանը։
Հետին թվով դատողություններ
Մասնավոր արդյունաբերության վատնող բնույթի շուրջ մեղադրանքները միշտ հիմնված են հետին թվով դատողությունների վրա։ Բնական ռեսուրսների շվայտ օգտագործման ցանկացած վիճակագրություն վաղուց ի վեր մնացել է պատմության խորքում։ Որեւէ նոր մեթոդի կամ կիրառության հայտնագործումից հետո միշտ էլ հեշտ է մատնանշել դրա երբեմնի վատնումը կամ սխալ օգտագործումը։ Լռելյայն ենթադրվում է, իբր ինդուստրիալիստները անխնա վատնողներ են, եթե նախօրոք չեն տեսել բոլոր նյութերի բոլոր հնարավոր կիրառությունները։
Մսամթերքի արտադրությունը վերջին մեկ դարում օգտագործում է խոզի ամեն ինչը, բացի ճվաղոցից։ Սակայն այս փոփոխությունները միանգամից տեղի չեն ունեցել, եւ ավելին՝ չէին կարող բխել նաեւ կառավարության որոշումներից։ Սա տեղի է ունեցել դանդաղորեն՝ այլոց հետ մրցակցության դաշտում ծախսերը կրճատելու եւ շահույթն ավելացնելու անհատական ջանքերի շնորհիվ։
Փայտանյութի, թաղանթանյութի եւ թղթի արտադրության ոլորտներում մշակվել են ծառը լիովին օգտագործելու ձեւեր՝ ներառյալ կեղեւը, ճյուղերը եւ թեփը, որոնք առաջ «թափոնի» էին վերածվում։ «Թափոնային» մեկ այլ նյութ լիգնինը (ածխաջրերի հեռացումից հետո) խնդիր է ոչ միայն բազմաթիվ գործարանների, այլեւ Թղթի քիմիայի ինստիտուտի գիտնականների համար, որոնք դեռ պետք է գտնեն դրա օգտագործման այնպիսի ձեւ, որը պատշաճ կերպով կբավարարի սպառողական ընտրության մրցակցային շուկայական ստուգմանը։
Մաքուր ջրի աճող սղության պայմաններում թաղանթանյութի եւ թղթի արտադրությունը հետզհետե պակաս ջուր սկսեց գործածել մեկ տոննա արտադրանքի հաշվով։ Երբ Վիսքոնսինում անտառները նվազեցին, ձեռնարկվեց «Ծառեր ապագայի համար» (“Trees-for-Tomorrow”) ծրագիրը, որը գյուղացիներին քաջալերում էր ծառ տնկել՝ որպես հավելյալ եկամտաբեր ցանք։ Երբ սղություն առաջացավ Սասկաչեւան նահանգից ստացվող նատրիումի սուլֆատի հումքում, Southern ընկերության գործարանները սովորեցին վերականգնել այն եւ երկու-երրորդով կամ ավելի կրճատել մեկ տոննա թաղանթանյութի ստացման համար պահանջվող հումքի ծավալը։ Կարո՞ղ էր արդյոք պետական որեւէ որոշմամբ պարտադրվել ռեսուրսների պահպանության այսպիսի միջոց։ Խիստ կասկածելի է։
Գյուղատնտեսության ոլորտում եւս կարելի է մատնանշել շարունակական բարելավման բազմաթիվ օրինակներ, որպիսիք են՝ գյուղատնտեսական գործիքները (միայն գութանի պատմությունը մի ամբողջ տպավորիչ հատոր կկազմեր), հողօգտագործման մեթոդները, պարարտանյութերը, սերմերը, թունաքիմիկատները, ինչպես նաեւ գենետիկայի, հիդրոպոնիկայի եւ ռադիոակտիվ նյութերի մասին գիտելիքի բազմապատկումը։ Սրանք բոլորը կենսական դեր են ունեցել ավելի լավ գյուղատնտեսական արտադրանքով մարդկանց ապահովելու գործում՝ միաժամանակ նվազեցնելով ե՛ւ ժամանակի, ե՛ւ միջոցների ծախսը։
Այս ամենը նաեւ ժամանակ է խնայում, իսկ ժամանակը ռեսուրս է, որի խնայողությունը կարող է փրկել սովամահությունից ու չարքաշ աշխատանքից՝ թույլ տալով մարդկանց է՛լ ավելի հետամուտ լինել իրենց նպատակներին։ Կատարելագործված գործիքները ժամանակ են շահում ավելի երկարատեւ ժամանցի, հանգստի, մշակութային, կրթական ու կրոնական գործունեության համար։
Անհատական բարելավում
Ռեսուրսների օգտահանության կարեւորագույն նպատակն անհատների բարեկեցության բարելավումն է, ոչ թե դրանց պահպանությունը։ Բացարձակ պահպանությունը կհանգեցնի ոչ մի ռեսուրս չշահագործելու աբսուրդին, ուստիեւ՝ աննպատակ պահպանությանը, քանի որ չի լինի ո՛չ ազատություն, ո՛չ կյանքի բարելավում։ Հայտնի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլն այսպես է արտահայտվել սրա մասին. «Բարելավման միակ անվրեպ ու հարատեւ աղբյուրը ազատությունն է, քանի որ դրանով է, որ գոյանում են բարելավման հնարավորինս այնքան անկախ կենտրոններ, որքան անհատ կա աշխարհում»։
Պետական գործակալության ոստիկանական ուժի եռանդն իր բնույթով իսկ արդեն պիտի բացասական լինի, մինչդեռ ձեռներեցը կառուցողական է, քանի որ մշտապես փորձում է լուծել կոնկրետ խնդիրներ։ Անհնարին է ստիպողաբար ազատ արձակել միլիոնավոր անհատների ստեղծագործ եռանդը, երբ ազատ լինելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը մեծապես շահագրգռված է ուղղորդելու այն իր կարգավիճակի բարելավմանը։ Ուստի, ուժն ընդամենը արգելափակում է բարելավման իրական աղբյուրները։
Քանի որ անհատներն ունեցել են հողային ռեսուրսների շահագործման լավագույն ձեւերը գտնելու ազատություն, ամերիկյան ֆերմերը ներկայումս կերակրում է ե՛ւ իրեն, ե՛ւ նվազագույնը 25 այլ մարդու։ Մարդկության պատմության վաղ շրջանում հիմնական զբաղմունքը եղել է սննդի արտադրությունը, եւ այժմ նույնպես որոշ երկրներում բնակչության ընդհուպ մինչեւ 90 տոկոսը դեռ երկար ու ձիգ ժամեր է ծախսում հողի հետ չարքաշ աշխատանքում՝ զուտ նվազագույն գոյություն պահպանելու համար։
Ո՞վ է պատասխանատու վատնման համար
Ռեսուրսների իրական վատնումը պետական քաղաքականության հետեւանք է։ Սա հատկապես տեսանելի է պատերազմական իրավիճակում, բայց հետզհետե ավելի է զգացվում նաեւ խաղաղության պայմաններում իրականացվող ծրագրերում։ Գյուղատնտեսության աջակցության պետական ծրագիրն առաջ է բերել հողի, սերմերի, պարարտանյութերի, աշխատուժի եւ կապիտալի մեծ վատնում՝ սուբսիդավորելով սննդի ավելցուկային արտադրանքը, որն այժմ կուտակվում-պահվում է գյուղական տարածքներով մեկ ցրված կոնտեյներներում։ Արտաքին օգնության ծրագիրը վատնել է տարաբնույթ ռեսուրսներ՝ ուղղորդելով դրանք այնպիսի երկրներ, ուր դրանք կա՛մ նվազագույն կա՛մ առհասարակ ոչ մի կիրառություն չէին կարող ստանալ եւ հիմնականում չեն էլ ստացել։
Աճող հարկերը եւս խթանում են վատնումը։ 52% կորպորատիվ եկամտահարկը, օրինակ, արտադրողին դրդում է մուտք գործել կասկածելի եւ վատնող նախագծեր, որոնք արդարացված են թվում միայն 48-ցենտանոց դոլարով գնումների դեպքում։ Իսկ սա ընդհանրապես արդեն չի գործում հօգուտ ռեսուրսների պահպանության։
Այնուամենայնիվ, անհատների գործած սխալները եւ վատնած ռեսուրսները նվազ ու աննշան են՝ համեմատած որեւէ սուղ ռեսուրսի լայնածավալ մատակարարման վերահսկման գործում պետական գործակալների թույլ տված սխալների հետ։ Քաղաքացիական ծառայողի պաշտոնում հայտնված անձինք հազվադեպ են ազատվում աշխատանքից կամ պատասխանատվության կանչվում սեփական սխալների համար։
Մասնավոր անհատին անձնական մեծ կորուստ կսպառնա, եթե վատնի տնտեսական գործունեության իր ոլորտի ռեսուրսները, ուստի նա ունի «ներկառուցված» շարժառիթներ, որոնցով փորձում է հնարավորինս արագ ուղղել սեփական սխալները, երբ դրանք արտացոլվում են գնի աճում կամ պահանջարկի նվազման մեջ։ Այնինչ, պետական գործակալն անձնական կորստի որեւէ ռիսկ չունի, երբ սխալ է շահագործում ռեսուրսները։ Նաեւ՝ նա չի կարող ճանաչել սխալը, որը կարտացոլվեր գների աճում, եթե դրանք կամայականորեն ֆիքսված չլինեին, եւ ոչ էլ հակված է ուղղելու իր սխալները, անգամ երբ դրանք երեւան են գալիս ու ճանաչվում իբրեւ այդպիսիք։
Բնական ռեսուրսները լավագույնս օգտագործվում ու պահպանվում են այնտեղ, ուր դրանք տնտեսական հատուկ պահանջները բավարարում են առավելագույնս արդյունավետորեն, ինչն իր հերթին որոշվում է ազատ շուկայական մրցակցությամբ։ Բնական ռեսուրսների պետական վերահսկողությունը նվազեցնում է տվյալ հումքն օգտագործելու հարցում արտադրողի ընտրության ազատությունը, ինչն ապա բացասաբար է անդրադառնում վերջնական արտադրանքը գնող սպառողի ընտրության ազատության վրա։
Չկա որեւէ արդյունավետ մեթոդ, որով կարելի լիներ որոշել մարդկանց տնտեսական պահանջները, երբ ազատ շուկային հնարավորություն չի տրվում արտացոլելու դրանք։ Չկա նաեւ ռեսուրսների պահպանությունն ուժային հարկադրանքով լուծելու որեւէ ձեւ։ Սա հիրավի կեղծ, սակայն դարերի հնության մի «բալասան» է, որի ջատագովները մարդիկ են, որոնք իշխանություն են տենչում նրանց նկատմամբ, ում ո՛չ վստահում են, ո՛չ հարգում։
Ռեսուրսները լավագույնս կպահպանվեն միայն այն դեպքում, երբ անհատներին թույլ տրվի լուծում գտնել սեփական խնդիրներին՝ դրանց ի հայտ գալուն համընթաց։ Անհրաժեշտությունը ոչ միայն գյուտարարության մայրն է, այլեւ ռեսուրսների պահպանության։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան