Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն 2019թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երրորդ տեղաբաշխումը 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով, տեղաբաշխումից մուտքը կազմել է 489.9 մլն ԱՄՆ դոլար:
Միաժամանակ իրականացվել է 2020թ. մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով մասնակի հետգնում 402.4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 427.9 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը, հավելավճարը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է 2019թ. սեպտեմբերի 19-ին իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին:
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարը՝ 489.9 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա օգտագործման ուղղությունները անհրաժեշտ է արտացոլել «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ պետական բյուջեի բոլոր մուտքերի և ելքերի հրապարակայնությունը և թափանցիկություն ը ապահովելու նպատակով:
Գործադիրը նաև ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է հետևյալ պայմանագրերը՝ 2019թ. հուլիսի 18-ին միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, 2019 թ. սեպտեմբերի 9-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ, 2013թ. օգոստոսի 15-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ: