ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020թ.-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական ներդրումների կառավարմանն ու պետական պարտքի կառավարման ռազմավարությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև համագործակցության եռամյա ծրագրում ներառված բարեփոխումների օրակարգին և դրանց ընթացքին:
Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պետական բյուջեի զարգացումներն ու կանխատեսումները, նշել է, որ ՀՀ կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը և դրա միջոցով հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի ու հետագա ավելի բարձր եկամուտների համար, որոնք թույլ կտան արդյունավետորեն սպասարկել նաև ընթացիկ պարտավորությունները: Նախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը միտված հարկային բարեփոխումների օրակարգը: Նա բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:
Աթանասիոս Արվանիտիսի խոսքով՝ եռամյա ծրագրի հիմնական թիրախների և բարեփոխումների օրակարգի իրականացումը հիմնականում արդյունավետ է ընթանում և ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ծրագրի բարեփոխումների օրակարգը փոխադարձ համագործակցության ներքո կընթանա պլանավորվածին համահունչ: