ՀՀ Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք ոլորտներում կանխիկ գործարքներն արգելելու մասին օրենքի նախագիծ:
Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի և մի շարք այլ դեպքերում սահմանափակել կանխիկ գործարքները:
Համաձայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված օրենքի նախագծի՝ նպատակ կա նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը՝ սահամափակելով խոշոր գործարքները կանխիկ կատարելու հնարավորությունը և նվազեցնելով հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելու ռիսկը: Նախագծով առաջարկվում է նաև խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր:
Ըստ ԿԲ-ի նախագիծը նպատակ ունի նաև ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ:
Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին:
Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:
ԿԲ-ն առաջարկում է, կանխիկ գործարքներ կատարելու համար, ըստ ցանկության, բացառություն սահմանել հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների և 75 տարին լրացած կենսաթոշակառուների համար:
Ընդ որում, կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցումն իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: