Սեմյուել Բ. Փեթենջիլ
Շարադրված է ռադիոուղերձի հիման վրա (ABC կայան, 6 ապրիլի, 1947թ.)։ Խմբագրված է 1953թ.՝ FEE-ում հրապարակման նպատակով։
Քանի որ ողջ երկիրը վերջերս խոսում է կոմունիզմի վերահաս սպառնալիքից պետության սահմաններից ներս եւ դուրս, եկել է պատշաճ պահը, որպեսզի մենք նույնպես հարց տանք մեզ, թե իրականում ո՛րն է մարքսիզմի սխալը։
1848 թվականին Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը հրապարակեցին «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը սկսվում է հետեւյալ խոսքերով՝ «Մի ուրվական է շրջում Եվրոպայում՝ կոմունիզմի ուրվականը»։ Կարդացվում է առավոտյան թերթի պես։ Սակայն այս բառերը գրվել են մեկ տարի ավելի վաղ, քան Կալիֆոռնիայում մարդիկ ոսկի հայտնաբերեցին եւ ծածկասայլերի կարավանները Մեծ հարթավայրերով ձգվեցին դեպի արեւմուտք։ Խնդրում եմ, սա չմոռանա՛ք, քանի որ կարեւոր է հետագա ասելիքի համար։
Մի քանի տարի անց Լոնդոնում Մարքսը լույս ընծայեց իր «Կապիտալ» աշխատությունը՝ կոմունիստների ու սոցիալիստների «աստվածաշունչը»։ Իբրեւ լրագրող՝ Մարքսը միանգամայն բարեխիղճ էր ու դիպուկ։ Մեկ դար առաջ Անգլիայում բանվորների պայմանները, ինչպես եւ նա նշում էր, սոսկալի դաժան էին։ Պարաններն ուսերին գցած՝ կանայք նավերը քարշ էին տալիս ջրանցքների երկայնքով ձգվող քարշուղիներով կամ ծանրաքարշ անասունների պես լծվում սայլերին, որոնցով ածուխը դուրս էին հանում բրիտանական հանքերից։ Ինը-տասը տարին չբոլորած երեխաներն աշխատանքի էին անցնում կարի ֆաբրիկաներում՝ աշխատելով օրական 12-15 ժամ։ Ասում էին, թե նրանց անկողինները չէին սառչում երբեք, քանի որ մի հերթափոխը գալիս էր փոխարինելու մյուսին։ Ասում էին՝ նրանք «մեքենաներ են ցերեկով եւ գազաններ՝ գիշերով»։ Եւ մեռնում էին ճանճերի պես՝ թոքախտից եւ այլ հիվանդություններից։
Այո՛, պայմանները սահմռկեցուցիչ էին։ Ոչ միայն Մարքսը, այլեւ շատ ուրիշ գթասիրտ մարդիկ՝ Չարլզ Դիքենսը, Ջոն Ռասքինը, Թոմաս Քարլայլը, թեթեւացրին իրենց սրտի բեռը՝ ստեղծելով ցավի ու բողոքի գրականություն, որ ընթերցվում էր աշխարհով մեկ։
Մարքսի հետ դժվար է վիճել փաստերի առումով։ Այնինչ նրա ախտորոշումը սխալ էր, ուստի սխալ էր նաեւ նշանակած դեղամիջոցը։
Մարքսն ասում էր, որ սոսկալի այդ պայմանները ծագում են ագահությունից ու շահագործումից, ինչպես նաեւ նրանից, որ հանքերի ու ֆաբրիկաների սեփականատերերը գողանում են բանվորների արտադրած «հավելյալ արժեքը»։ Այսպիսին էր նրա ախտորոշումը։ Եւ ինչ-որ չափով սա, իհարկե, ճիշտ էր։ Մարդու նկատմամբ մարդու իսկ անմարդկային վերաբերմունքը միշտ է գործոն եղել մարդկային հարաբերություններում։ Ագահությունը պաշտպանել ու արդարացնել հնարավոր չէ երբեք՝ լինի բիզնեսում թե կառավարությունում։ Հալածվողի նկատմամբ կարեկցանքը գործ ունի անելու միշտ, առավել եւս կոմունիստական երկրներում՝ հարկադիր աշխատանքի իրենց ճամբարներով ու մարդկային ստրկությամբ։
Մարքսի առաջ քաշած դեղամիջոցը եղավ ատելության, դասակարգային պայքարի, հարստության վերաբաշխման, սեփականության բռնագրավման եւ պետության (ինչը միշտ նշանակում է մեկ բան՝ քաղաքական գործիչների) կողմից սեփականացման ու կառավարման նոր ավետարանի քարոզը։ Այնինչ, սոցիալիզմն այդպես էլ չբուժեց մարդկային ագահությունն ու շահագործումը։ Ստալինն ու Մոլոտովն ապրում են Արեւելյան ինքնակալների պես՝ կազմակերպելով այնպիսի պետական ճաշկերույթներ, որոնք տեսնելով՝ Ներոնն ու Կալիգուլան կկանաչեին նախանձից։ Եւ այս ամբողջը՝ հանուն ոտնակոխ եղած պրոլետարիատի։ Եւ այս ամենը՝ հանուն ոտնակոխ ու հալածյալ պրոլետարիատի։
Եւ այդուհանդերձ, ագահությունը չէր Մարքսի պատկերած պայմանների գլխավոր պատճառը։ Եթե հանքատերերի ու գործարանատերերի ամբողջ հարստությունը վերաբաշխվեր բանվորների միջեւ, դա շատ աննշան կերպով կբարելավեր նրանց դրությունը եւ այն էլ՝ միայն կարճ ժամանակով։
Ուստի, դասակարգային պայքարը, որպես նկարագրված պայմանների ապաքինության դեղամիջոց, սխալ էր։ Ո՞րն էր, ուրեմն, իրական հիմնախնդիրը, եւ ո՞րն է, ապա, իրական դեղամիջոցը։
Ցածր արտադրողականությունը՝ հիմնական մեղավոր
Իրական հիմնախնդիրը բանվորի ցածր արտադրողականությունն էր։ Իսկ քանի որ բանվորը կարող է վճարվել միայն արտադրության եկամտից (լինի մեկ դար առաջվա Անգլիայում, թե ներկայիս Ռուսաստանում), ապա երբ արտադրողականությունը ցածր է, անհրաժեշտաբար ցածր են նաեւ ժամավճարները եւ երկար՝ աշխատաժամերը։
Արտադրանքի ծավալները փոքր էին, որովհետեւ վատն էին գործիքներն ու սարքավորումները, որովհետեւ մարդու մեջքն էր կրում այն բեռը, որն այսօր եւ այստեղ՝ Ամերիկայում, հանձնված է երկաթյա ու պողպատյա ստրուկներին, որովհետեւ կապիտալ դեռ չէր կուտակվել ավելի լավ գործիքներ հայթայթելու համար, որովհետեւ ազատությունն այնքան վերջերս է ի հայտ եկել բազմադարյա ֆեոդալիզմից հետո, որ գյուտարարները, գիտնականներն ու գործարարները դեռ շանս չէին ունեցել երազելու եւ ծրագրելու համար։ Իսկ այսօր եւ այստեղ՝ Ամերիկայում, այդ շանսը նրանց տրված է։
Տեսե՛ք։ Գնահատված է, որ 1940 թվականին՝ նախքան պատերազմը կբազմապատկեր մեր արտադրությունը, միայն էլեկտրականությունն այս երկրում կատարում էր 500,000,000 մարդու ութժամյա աշխատանքային օրվան հավասար գործ։ Սա Ամերիկայի զբաղվածության ոլորտում ներգրավված մարդկային ամբողջ աշխատուժի մոտ տասնապատիկն է, ինչը նաեւ հիսուն անգամ գերազանցում է զուտ արտադրության ոլորտում ներգրավված աշխատողների թիվը։ Եւ սա դեռ՝ հաշվի չառած շոգեմեքենայի, ներքին այրման շարժիչի եւ քամու էներգիան, որը նույնպես հսկայական ներդրում ունի բանվորների արտադրողականության աճի մեջ՝ իր հերթին բառնալով բեռը մարդկանց ուսերից։
Բոլորովին զարմանալի չէ, ուրեմն, որ վերջին պատերազմում Ամերիկան անհամեմատ ավելի մեծ ծավալի արտադրանք է տվել, քան մնացյալ ողջ աշխարհը։ Զարմանալի չէ, որ այստեղ աշխատավարձերն ավելին են, քան մոլորակի որեւէ այլ վայրում։ Եվ քանի դեռ Մարքսը քարոզում էր ատելության ու դասակարգային պայքարի իր ավետարանը, Ամերիկան կանաչ լույս էր վառում էդիսոնների, ուիթնիզների, բըրբենքսների ու ֆորդերի առջեւ։
Ջեյմս Վատտը՝ արդի աշխարհը հեղափոխած շոգեմեքենայի գյուտարարը, եւ բոլոր նրանք, ովքեր մրցակցային պայքարում հետեւեցին Վատտին՝ փորձելով ստեղծել ավելի լավ ու էժան շարժիչ, անհամեմատ ավելին են արել ածխահանքերից ու ջրանցքանավերի քարշուղիներից՝ կանանց, իսկ գործարաններից՝ երեխաներին դուրս բերելու գործում, քան աշխարհի բոլոր սոցիալիստները, կոմունիստները եւ քաղաքական գործիչները միասին։
Այդուհանդերձ, Վատտի անունն այսօր կմնար մարդկությանն անհայտ, եթե այդքան եղկելի կապիտալիստներից մեկը՝ Մեթյու Բոլթոն անունով, չդիմեր ռիսկի՝ 150,000 դոլար ներդնելով Վատտի շարժիչի մշակման ու արտադրության մեջ։ Ասացեք խնդրեմ, իսկ այսօրվա հարկային պայմաններում նա կհանդգնե՞ր դիմել միեւնույն ռիսկին։
Առաջընթացի չափիչ
Քաղաքակրթության առաջընթացի չափիչներից մեկն այն է, թե մեխանիկական ձիաուժն ու գործիքներն ինչ չափով են լրացնում մարդկային աշխատուժը։ Ե՛ւ Անգլիայում, ե՛ւ Ամերիկայում շոգեմեքենան շատ ավելին է արել ստրկության արգելման գործում, քան բոլոր մարդասեր քաղաքական գործիչները՝ միասին վերցրած։
Լաբորատորիաներն անհամեմատ ավելին են անում մարդկության համար, քան օրենսդրությունները։ Եթե մերօրյա ամերիկացիները վերադառնալու լինեին այն գործիքներին ու ձիաուժերին, որոնք հասանելի էին, երբ Բենջամին Ֆրանքլինը փորձում էր երկնքից կայծակ որսալ, մեր արտադրության ծավալները մեկ ակնթարթում կընկնեին 90 տոկոսով, դրան համաչափ ցած կգլորվեին աշխատավարձերը, աշխատաժամերը կավելանային ընդհուպ մինչեւ մարդկային դիմացկունության սահմանագիծը, բնակչությունը (անհրաժեշտաբար) կտրուկ կնվազեր, եւ կառավարությունների, մարդասերների, արհմիությունների կամ կոմունիստների որեւէ քայլ կամ ձեռնարկում ոչ մի կերպ չէր կարողանա կանխել սա։
Հոդվածի սկզբում ես նշեցի Կալիֆոռնիայում ոսկու հայտնագործման մասին՝ կապված 1848 թ. «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հետ։ Բահով, քլունգով ու ոսկեբեր ավազը լվանալու թասով զինված մարդիկ արդյոք չէի՞ն աշխատում օրնիբուն՝ չնչին կամ զրոյական շահույթի դիմաց, չէի՞ն քնում աղտոտ հյուղակներում՝ հաճախ ոտքից գլուխ ոջիլի մեջ կորած, եւ ուտում միայն չորացրած միս։
Եթե տեսել եք «Ծածկասայլը» (The Covered Wagon) հրաշալի ֆիլմը, կհիշեք չարքաշության այն կադրերը, երբ վագոններին լծված տղամարդիկ, կանայք ու երեխաները գետերով ու ճանապարհազուրկ անապատներով քարշ էին տալիս դրանք Կորդիլիերյան մեծ ջրբաժանից անդին, կհիշեք այն ընտանիքներին, որ հետիոտն գլորում էին ձեռնասայլերը Միսիսիպիից մինչեւ Սոլթ Լեյք։
Այս պայմանները ե՞ւս ագահության ու շահագործման հետեւանք էին։ Ոչ, մարդիկ աշխատում էին իրենք իրենց համար։ Ի՞նչն էր, ուրեմն, խնդիրը։ Պատասխան՝ վատ գործիքները։ Առաջին նորաբնակի գութանը փայտից էր, ուստի շարունակ կոտրվում էր եւ միշտ կարիք ուներ նորոգման։
Անբավարար փոխադրամիջոցներ
Վերմոնտում, ուր հասակ եմ առել, մեծ պապիս ապրած ժամանակներում այսպես էր. մարդը որոշ քանակով երկաթի հանքաքար էր փորում հանում բլրից, հարյուր ֆունտ հանքանյութը լցնում պարկը, դնում մեջքին ու քայլում անմարդաբնակ վայրերով 80 մղոն հեռու՝ Նյու Յորք նահանգի Թրոյ քաղաքի երկաթի գործարանին վաճառելու, ինչից հետո նորից քայլում էր ամբողջ ճանապարհը ետ՝ դեպի տուն։ Ի՞նչ էր սա, եթե ոչ մարդկային էներգիայի անսահման ծախս աննշան օգուտի դիմաց…
Ի՞նչն էր խնդիրը։ Ագահությո՞ւնը։ Շահագործո՞ւմը։ Դասակարգային պայքա՞րը։ Ոչ. մարդն աշխատում էր ինքն իր համար։ Չկար գործատու-բանվոր հարաբերություն, ոչ ոք չէր գողանում նրա աշխատանքի «հավելյալ արժեքը»։ Ամեն ինչ մնում էր իրեն, պարզապես այդ «ամեն ինչը» իրականում շատ քիչ էր։
Կրկին՝ ի՞նչն էր խնդիրը։ Ինչո՞ւ էր մարդը ստիպված լինում աշխատել աննշան վարձատրության դիմաց։ Պատասխան՝ վատ գործիքները։ Այսօր շոգեմեքենան, շոգեքարշի վերածված, կարող է ընդամենը չորս ցենտ ծախսով տեղափոխել նրա կրած 100 ֆունտ երկաթը 80 մղոն (կամ մեկ ցենտով մեկ տոննան տեղափոխել մեկ մղոն)։ Երկաթուղին, ասֆալտապատ մայրուղիները, բեռնատարներն ու ավտոմեքենաները լուծել են նրա խնդիրը եւ է՛լ ավելի լավ կլուծեն գալիք ժամանակներում, եթե շարունակենք մնալ ամերիկացի։
Դիցուք, սակայն, Ջեյմս Վատտն ու նրա նախագիծը ֆինանսավորած անհատը մարդասերներ չէին։ Դիցուք, նրանք իրենց միտքն ու միջոցները ներդրել են ընդհանուր գործի մեջ՝ բացառապես շահույթի մղումից դրդված։ Հետո՞ ինչ։ Ինչպիսի՞ն էր արդյունքը՝ լա՞վը, թե՞ վատը։ Նրա՞նք էին, ուրեմն, որ կանանց փրկեցին ածխահանքերից, թե՞ Կառլ Մարքսը՝ ատելության ու դասակարգային պայքարի իր ավետարանով։
Ի՞նչ արեց, ուրեմն, շահույթ ստանալու շարժառիթը։ Պատասխան. Վատտին, նրա գործընկերոջը եւ նրանց հետեւած բոլորին ստիպեց աշխատել՝ ստեղծելու ավելի լավ շարժիչներ եւ առաջարկելու դրանք ավելի էժան՝ շուկան մրցակիցներից գրավելու համար։
Լա՞վ եղավ արդյունքը, թե՞ վատ։ Շահույթ ստանալու շարժառիթը նույնքան ազնիվ եւ օգտակար է մարդկությանը, որքան եւ բարձր աշխատավարձ ստանալու մղումը։ Երկուսն էլ անսահման բարիք են գործում։
Բարձր աշխատավարձ ստանալու մղումը մարդուն դրդում է դառնալ ավելի հմուտ եւ արդյունավետ, որպեսզի կարողանա արտադրել ավելին՝ արժանանալով ավելի բարձր վարձատրության։ Իսկ դրա արգասիքն ամբողջ մարդկության շահն է։
Շահույթի շարժառիթը դրդում է մարդուն ստեղծել ավելի լավ գործիքներ եւ կրճատել ծախսերը՝ ավելի էժան վաճառելու համար։ Կրկին՝ շահում է ամբողջ մարդկությունը։
Ռադիոն, որ ընդամենը 25 տարի առաջ արժեր 300 դոլար, այժմ վաճառվում է 30 դոլարով կամ պակաս, իսկ որակով բազմիցս գերազանցում է հներին։
Ռադիոարտադրության ոլորտում մրցակցային պայքարի արդյունքը, ուրեմն, լա՞վ էր, թե՞ վատ։ Լավ էր, ես կասեի՝ նույնիսկ մարդասիրական։ Դա համաշխարհային նորությունները, երաժշտությունն ու պետական գործերի քննարկումները հասցնում է երկրի ամենահեռավոր անկյուններում ապրող մարդկանց տներն ու անկողնուն գամվածների ականջներին։
Ընդհուպ մինչեւ վերջերս սովը դեռ հաճախադեպ երեւույթ էր աշխարհում, այդ թվում՝ նաեւ Անգլիայում, ուր մարդկանց 90 տոկոսը ապրում էր հողագործությամբ։ Արդյոք սովի հաղթահարումը մարդասիրական քայլ չէ՞ր։ Իսկ ի՞նչով դա հաղթահարվեց։ Ո՞վ հաղթահարեց։ Մա՞րքսը։ Ո՛չ։
Ամերիկայում մեկ ակր հողակտորի վրա ցորեն աճեցնելու համար ծախսվող ժամանակը 1830-1930 թվականների ընթացքում 60 մարդ-ժամից նվազել հասել է 2 մարդ-ժամից էլ պակասի։ Ի՞նչը հանգեցրեց այս կրճատմանը։ Պողպատյա գութանը, տրակտորը, հնձամեքենան, ավելի լավ սերմերը, բույսերի վնասատուների եւ հիվանդությունների հաղթահարումը, փոխադրման էժանացումը։ Այսօր ամերիկյան ցորենը կերակրում է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ նաեւ Եվրոպայում, որը սկսել է ընդունել Կառլ Մարքսի փիլիսոփայությունը։
1870 թվականին ալյումինն այնքան թանկ էր, որ Նապոլեոն Երրորդը պետական ճաշկերույթների համար հրամայել էր տեղադրել ալյումինե սեղան՝ ավելի արժեքավոր, քան ոսկե սեղանը։ Այսօր ալյումինն ամերիկյան յուրաքանչյուր խոհանոցի ամենատարածված մետաղն է։
Պատասխան
Ո՛չ, սիրելի ընկերներ, Կառլ Մարքսը պատասխան չուներ, նա ո՛չ մի բեռ ցած չբերեց մարդկանց ուսերից։ Այսինքն՝ պատասխանը դասակարգային պայքարը չէ։ Պատասխանն ազատ եւ մրցակցային ձեռներեցությունն է։ Պատասխանը գյուտարարի ու ներդրողի համագործակցությունն է, կառավարչի ու հմտությունների տիրապետող աշխատողի գործընկերությունը։ Պատասխանը մարդկային բազուկները երկաթյա եւ պողպատյա ստրուկներով փոխարինելն է։ Պատասխանը սահմանադրական ազատությունն է, որը մարդուն ազատ է արձակում՝ ասելով, որ յուրաքանչյուրի արդար վաստակն իրենն է «ի սեփականություն»։
Աշխատավարձերը վճարվում են բացառապես արտադրանքից, եւ որքան շատ լինի արտադրանքը, այնքան բարձր կլինի ժամավճարը։ Որքան շատ լինի ձիաուժում եւ սարքավորումներում ներդրված փողը, այսինքն՝ ի գործ վերադարձված կապիտալը, այնքան քիչ երեխաներ, կանայք ու տղամարդիկ կտառապեն չարքաշ աշխատանքից։ Ուստի, մեր նեղությունների դեմ իրական դեղամիջոցն առավե՛լ կապիտալիզմն է, այլ ոչ՝ պակաս։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան