Բրայան Սամերս (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Մասնավոր ձեռներեցության համակարգի ամենաքիչ գնահատված կողմերից մեկը խնայողությունների դերն է համընդհանուր հարստության ավելացման գործում։ Քանի որ առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, որ ոմանց խնայողությունները կարող են հանգեցնել բոլորի հարստության աճին, եկեք մի պահ քննենք, թե ինչ է տեղի ունենում, երբ անհատը, որին հարմարության համար կկոչենք Ջոն, ոչ մեծ ծախս անելու փոխարեն որոշում է այդ գումարը դնել բանկ։
Ոմանք կասեն, թե՝ «Ջոնի խնայածը մի փող է, որը չի ծախսվելու։ Ջոնի կողմից սպառման նվազումը կնշանակի միայն արտադրության համարժեք նվազում՝ բերելով գործազրկության աճի։ Ուստի, խնայողությունները խրախուսելի չեն»։
Այնինչ, խնայողությունը նույնպես ծախսի ձեւ է։ Ջոնի փողը չի մնում բանկում նստած։ Բանկը պետք է վարկի տեսքով այն փոխ տա ուրիշին, որպեսզի շահույթ ստանա եւ կարողանա վճարել Ջոնի տոկոսադրույքը։ Այս վարկը ոչ մի այն ծախսման ձեւ է, այլեւ ներդրում, ինչը, փաստացիորեն, ծախսման միակ ձեւն է, որն իսկապես հանգեցնում է հարստության աճի։
Ի՞նչ է տեղի ունենում ներդրում անելիս։ Դիցուք, ինչ-որ մի ձեռնարկություն Ջոնի բանկից վարկ է վերցնում գործարան կառուցելու նպատակով։ Այդ ձեռնարկությունն ապա Ջոնի փողը ծախսում է շինանյութի, սարքավորումների, գործիքների եւ բանվորական աշխատանքի վրա։ Ջոնի խնայած փողն արդյունքում ծախսվում է ճիշտ այնպես, ինչպես նա ինքը կծախսեր։ Արտադրության անկում եւ գործազրկության աճ տեղի չի ունենում, այլ, ինչպես ստորեւ կհամոզվենք, իրականում կատարվում է ճիշտ հակառակը՝ արտադրությունն աճում է, գործազրկությունը՝ նվազում։
Շուտով գործարանը պատրաստ է աշխատանքի, եւ ձեռնարկությունը սկսում է բանվորական ուժ վարձել։ Ջոնի խնայողություններն ավելացնում են աշխատատեղերի թիվը։
Ինչպե՞ս է ձեռնարկությունը աշխատանքի ընդունում բանվորների։ Պարզ է՝ առաջարկելով ավելի լավ պայմաններ, քան մրցակիցների մոտ է։ Աշխատակիցներին հուզող կարեւորագույն պայմանը թերեւս վարձավճարի մակարդակն է։ Ամենայն հավանականությամբ, նոր գործարանի բանվորներին հնարավոր կլինի գրավել ավելի բարձր դրույքաչափերի առաջարկով։ Ջոնի խնայողությունները, գիտակցի նա, թե ոչ, հանգեցնում են բանվորների հարստության աճին մի գործարանում, որը նա երբեք չի էլ տեսել։
«Ասացիք, իբր խնայողությունները հանգեցնում են բոլորի հարստության աճին։ Ի՞նչ կասեք ապա այն 210 միլիոն ամերիկացիների մասին, որոնք չեն աշխատում Ջոնի գործարանում»։
Մրցակցային առաջարկներ
Սկզբից քննենք մրցակից գործարանների աշխատողներին։ Եթե նրանք չեն ցանկանում ականատես դառնալ իրենց աշխատակիցների արտահոսքին դեպի նոր գործարաններ, պիտի սկսեն բարձրացնել աշխատավարձերը։ Ջոնի խնայողություններն, ուստի, հանգեցնում են աշխատավարձերի աճին արտադրական ամբողջ ոլորտում։
Ինչ վերաբերում է մյուս ոլորտների աշխատակիցներին, պետք է հիշենք, որ նրանց մեծագույն մասը գործարանների պոտենցիալ բանվորներ են։ Եթե ցանկանում ես քո լավագույն գյուղացուն հետ պահել Ջոնի արտադրական ոլորտ գնալուց կամ այդ ոլորտ հեռացած մեկի կողմից թափուր թողած աշխատատեղը գրավելուց, լավ կլինի բարձրացնես նրա աշխատավարձը։ Գործատուների միջեւ մրցակցությունը նշանակում է, որ Ջոնի խնայողությունները, միլիոնավոր այլ ամերիկացիների խնայողությունների հետ միասին, հանգեցրել են բոլոր աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։
«Միեւնույն է, դա բոլորին չի վերաբերում։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր չեն աշխատում»։
Յուրաքանչյուր տղամարդ, կին կամ երեխա, աշխատող լինի, թե ոչ, սպառող է։ Տնտեսական գործունեության արգասիքը՝ խնայողությունը, գործարանների կառուցումը, աշխատանքը եւ մնացյալ ամեն ինչ, ինքնին սպառում է։ Այս հանգամանքը երբեք չպետք է մոռանալ։ Ավելացած աշխատավարձերը, որոնց մասին խոսեցինք, միանգամայն անիմաստ կլինեն, եթե չհանգեցնեն սպառման աճի։
Ջոնի խնայողությունները շահեկան են բոլորին, քանի որ դրանց օգնությամբ կառուցված գործարանը, ձեռք բերված սարքավորումներն ու գործիքները ստեղծվել են, որպեսզի արտադրեն այնպիսի բարիքներ, որոնք սպառողները կգերադասեն շուկայում արդեն իսկ առաջարկվածներից։ Ջոնի բանկից վարկ վերցրած ձեռնարկությունը ֆինանսական ռիսկի է գնացել՝ համարելով, թե կարող է ավելի լավ բավարարել սպառողներին, քան մրցակիցները, կամ, պարզ ասած՝ հուսով է, որ սպառողին կառաջարկի նույն գնի դիմաց ավելի որակյալ արտադրանք։ Եթե գործը ձախողվի, վնասը եւս ինքը կկրի, իսկ թե հաջողության հասնի, սպառողներն ավելին կսպառեն իր առաջարկած ապրանքից՝ վայելելով ավելի բարձր կենսամակարդակ։ Որպես սպառող՝ մենք յուրաքանչյուրս եւ բոլորս ենք որոշիչ խոսքի իրավունք ունեցող դատավորն ու վերջնական հաղթողը։
«Ստացվում է, որ խնայողությունը հրաշալի բան է։ Ի՞նչ է պետք անել դա խրախուսելու համար»։
Խնայողությունը խրախուսելու ուղղությամբ որեւէ քայլ անելու փոխարեն հարկավոր է չեղարկել այն, ինչ մարդկանց ետ է պահում դրանից։ Մասնավորապես, օրենքն ինքն է գուցե թե խոշորագույն խոչընդոտը, որին բախվում են պոտենցիալ սպառողները։
Չե՞ք հավատում։ Եկեք ուրեմն համառոտակի անդրադառնանք այն տարբերակներին, որոնցով օրենքը ետ է պահում մարդկանց խնայողություններ անելուց։
Սկզբից եւեթ նշենք, որ մարդիկ չեն կարող խնայել, եթե փող այլեւս չունեն։ Յուրաքանչյուր դոլար, որ գնում է հարկերի վճարման, փող է, որը չի խնայվելու։ Գումարենք սրան Ջոնի վճարած բոլոր հարկերը, եւ կտեսնենք, որ նա շուտով ոչ թե փող է դնելու բանկ, այլ սկսելու է միայն հանել իր հաշվեհամարից։
Հարկային հակախթաններ
Բացի հարկման ընդհանուր մակարդակից, կան նաեւ առանձին հարկեր, որոնք հատկապես ընկճող են խնայողների համար։ Կորպորատիվ շահութահարկը, կապիտալի հավելաճի հարկը եւ բանկային հաշվի տոկոսադրույքներից ու շահաբաժիններից գանձվող հարկերն ամենից ծանրն են հարվածում խնայողին եւ պետք է ի նկատ առնվեն յուրաքանչյուր պոտենցիալ խնայողի կողմից։
Որքան էլ հարկերը բարձր լինեն, կառավարության ծախսերն ավելին են։ Այդ տարբերությունը, անշուշտ, «հարթվում է» կառավարության տպարաններից ոսկով չապահովված լրացուցիչ թղթադրամների թողարկմամբ, այսինքն՝ գնաճով։ Իսկ գնաճը, զուգորդվելով չափից դուրս ուռճացած կառավարության հարուցած այլ հետեւանքների հետ, բավական է, որպեսզի ամենանվիրյալ խնայողին անգամ առիթ տա վերարժեւորելու տնտեսողության իր սովորությունն ու ետ կանգնելու դրանից։
Խնայողը տեսնում է, թե ինչպես է գնաճը սրարշավ աճում տոկոսադրույքների օրինական սահմաններից արագ։ Ու թեեւ գնողունակության իմաստով նա իրականում փող է կորցնում, ստիպված է, այնուամենայնիվ, հարկ վճարել «եկամուտների» դիմաց։
Խնայողը տեսնում է, թե ինչպես է գնաճն ավելացնում իր կապիտալ սեփականության թղթադրամային արժեքը։ Սեփականությունը վաճառելիս նա պետք է վճարի նաեւ կապիտալի հավելաճի հարկ, մինչդեռ նրա «կապիտալ եկամուտները» իրական հարստության առումով կարող են, ըստ էության, կապիտալ կորուստներ եղած լինել։
Խնայողը տեսնում է, թե ինչպես է գնաճն ավելացնում կապիտալ սարքավորումների՝ մեքենաների, պահեստամասերի եւ գործիքների փոխարինման եւ թարմացման ծախսերը, երբ ամորտիզացիոն (մաշվածքի) մասհանումները որոշվում են սկզբնական արժեքի հիման վրա։ Նա հայտնաբերում է, որ ամորտիզացիոն մասհանումներն արդեն անբավարար են դարձել հին սարքավորումների փոխարինման նպատակով նորը ձեռքբերելու դիմաց վճարման համար։
Խնայողը տեսնում է, թե ինչպես է գնաճն ավելացնում իր ձեռնարկության «թղթե» շահույթը։ Մասնավորապես, գնաճի ուղղակի արդյունք է պաշարի «շահույթը» (ապրանքն արտադրելու ծախսի եւ դա վաճառելուց հետո այն պաշարներում փոխարինելու ծախսի միջեւ տարբերությունը)։ Եթե պաշարի «շահույթը» հասանելի լիներ նոր պաշարում ներդրվելու համար, ընկերությունը դեռ կկարողանար ինքնուրույն գոյատեւել։ Այնինչ, այս «շահույթի» շուրջ կեսը միջինում օտարվում է իբրեւ կորպորատիվ շահութահարկ։ Այդպիսով, խնայողի աչքի առջեւ իր ձեռնարկությունը կարող է փող կորցնելու հետ միաժամանակ եւ զուգահեռ վճարել շահութահարկ։
Գնաճը, նույնիսկ եթե չի համատեղվում կառավարական վերահսկողության եւ հարկերի հետ, ինքնին կարող է վանել պոտենցիալ խնայողին, քանի որ ընդհանուր թանկացման պայմաններում մարդիկ ձգտում են գնումներ կատարել նախքան ապրանքի ավելի շատ թանկանալը, քան խնայել եղած փողը հետագա գնումների համար։
Խնայողությունից մարդկանց ետ պահող օրենքների որդեգրած եղանակների համառոտ այս քննությունը, անշուշտ, հեռու է ավարտուն լինելուց։ Այդուհանդերձ, ես կցանկանայի սույն ակնարկն ամփոփել՝ մատնանշելով չափազանց իրական մի գործոն, որը, սակայն, միաժամանակ նաեւ հնարավոր չէ երբեւէ չափել։ Խոսքն անորոշության գործոնի մասին է։ Վերջին տարիներին Միացյալ Նահանգների կառավարությունը դարձել է այն աստիճանի միջամտող, որ յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ նախագահը հայտարարում է «նոր ու հզոր» տնտեսական միջոցների մասին։ Ո՞վ իմանա՝ ինչ կհաջորդի սրան։ Մենք արդեն իսկ լսում ենք նավթային ընկերությունները պետականացնելու մասին որոշ կոնգրեսմենների կոչերը։ Այսպիսի հանգամանքներում ո՞վ ներդրում կկատարի։ Ամերիկյան տնտեսության կործանումն ավարտին հասցնելու համար կառավարությունը կարիք չունի առգրավելու արտադրամիջոցները։ Այն ընդամենը պետք է պայմանները դարձնի այնքան ծանր եւ ահազդու, որ ոչ ոք չհանդգնի այլեւս ներդնել մասնավոր ձեռնարկումներում։
Ազատ շուկան եւ շուկայի ազատության հարատեւման հավատը միակ խրախույսն է, որի կարիքը խնայողն ունի։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան