Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա դրությամբ ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ընդամենն ամսական փոխանցումների վիճակագրությունը։
2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով։
Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 10 տոկոսով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների արտահոսքը՝ 18.8 տոկոսով։