Վերջին տասնամյակում աշխարհի գրեթե բոլոր երկրները վճռական քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության համար: Բոլորը մտահոգված են օդի և ջրի աղտոտվածությամբ, պեստիցիդների ու տոքսիկ քիմիական նյութերի տարածմամբ և կենդանիների որոշ տեսակների ոչնչացմամբ: Կառավարությունները մեծ գումարներ են ծախսում մարդկանց առողջությունը բարելավելու և բնական միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու հույսով: Ավելի քիչ աղտոտվածության համար պայքարը կանխել է հարյուր հազարավոր վաղաժամ մահեր և միլիոնավոր հիվանդություններ: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողությունները հիմնականում հեռու են «մղելու» մոտեցումից:
Տնտեսագիտության վարքագծային տեսության տարր է «մղելու» կամ «nudge» մոտեցումը, որն առաջարկում է ազդել խմբային և անհատական որոշումներ կայացնելու գործընթացի վրա անուղղակի ցուցումների միջոցով: Համաձայն այս տեսության՝ գործողության «մղելը» ոչ պակաս արդյունավետ է, քան առաջարկությունը կամ ստիպողաբար գործողություն կատարելը:
«Մղելու» տեսությունը հայտնի դարձավ Ռ. Թեյլերի և Կ. Սանսթեյնի «Nudge. ինչպես կատարելագործել առողջության, հարստության և երջանկության վերաբերյալ մեր որոշումները» գրքի շնորհիվ, որը հրատարակվել է 2008թ.: Նրանք «մղելը» սահմանեցին հետևյալ կերպ.
«մղելը» որոշումներ կայացնելու ցանկացած կողմ է, որը մարդկանց խրախուսում է որոշակի ձևով փոխել իրենց պահվածքը՝ առանց ընտրության որևէ սահմանափակության: Մղելը կոչվում է պարզ, եթե դրանից հեշտությամբ կարելի է խուսափել: Մղելը արգելք չէ: Օրինակ ՝ աչքի մակարդակով միրգը դնելը համարվում է «մղել», իսկ վնասակար սննդի արգելքը՝ ոչ:
Մենք քաջ գիտակցում ենք, որ շրջակա միջավայրի պահպանության խնդրի դեպքում «մղելը» կարող է ընկալվել որպես մկան թակարդի միջոցով առյուծ բռնելու գործողություն: Երբ օդը կամ ջուրը շատ աղտոտված են, ցանկացած հետազոտություն կհաստատի, որ աղտոտվածության աղբյուրը վնաս է հասցնում նրանց, ովքեր խմում կամ շնչում են: Նույնիսկ լիբերալիզմի կողմնակիցները կհամաձայնեն. երբ առկա են նման արտաքին էֆեկտներ, չի կարելի հույսը դնել միայն շուկայի գործողությունների վրա: Աղտոտվածության աղբյուրները (մենք ենք) չեն փոխհատուցում շրջակա միջավայրին հասցրած վնասը: Իրենց հերթին տուժածները (նույնպես մենք ենք) սովորաբար զրկված են աղտոտվածության մեջ մեղավորի հետ պայմանավորվածության որևէ հնարավորությունից, որպեսզի նրանք վերացնեն իրենց գործողությունների հետևանքները: Երբ գործառնական ծախսերը (տեխնիկական տերմին է ինքնուրույն համաձայնեցման հասնելու ծախսերը սահմանելու համար) բարձր են, պետության կողմից ազդեցությունը դառնում է անխուսափելի:
Շրջակա միջավայրը հարմար է ընդունել որպես ընտրության ճարտարապետության գլոբալ համակարգի արդյունք, երբ որոշումներ կայացնում են ամենատարբեր սուբյեկտները` սկսած սպառողներից մինչև խոշոր կորպորացիաներ և պետություն: Գոյություն ունի երկու խնդիր, որոնք խորացնում են շրջակա միջավայրի պահպանության հարցը: Նախ, խթանները բաշխված են ոչ ճիշտ: Եթե մեր ներկայիս սպառողական հարաբերությունների արդյունքում հաջորդ տարի շրջակա միջավայրին վնաս հասնի, մեզ վրա դա ոչ մի ձևով չի անդրադառնա: Սա սովորաբար անվանում են համայնքի տրագեդիա: Յուրաքանչյուր ֆերմեր կովերի գլխաքանակն ավելացնելու խթան ունի, քանի որ նա օգուտ է ստանում նոր կենդանիներից, և նրա ծախսերը նվազագույնն են: Սակայն բոլոր ֆերմերների կովերը միասին ոչնչացնում են արոտավայրերը: Նրանց տերերը պետք է այդ խնդրից խուսափելու եղանակ գտնեն: Հնարավոր է, ֆերմերները պետք է պայմանավորվեն յուրաքանչյուրի կողմից ձեռքբերվող լրացուցիչ կովերի քանակի սահմանափակման համար: Նման խնդիրը սուր է ձկնարդյունաբերության մեջ:
Երկրորդ խնդիրը, որը մեծացնում է աղտոտվածությունը. մարդիկ չեն ստանում շրջակա միջավայրի վրա ազդող իրենց գործողությունների հետադարձ կապը: Եթե էներգիայի մեր օգտագործումն առաջացնում է օդի կամ ջրի աղտոտվածություն, մենք հազիվ թե դրանում անընդհատ հաշվետու ենք ինքներս մեզ: Նույնիսկ, եթե տեղյակ ենք էլեկտրաէներգիայի ծախսի և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև կապի մասին, ամենայն հավանականությամբ, մենք մեր վարքը չենք փոխի: Քիչ հավանական է, որ նրանք, ովքեր մի քանի շաբաթ օդորակիչը տանը թողնում են միացրած, գոնե երբեմն մտածում են իրենց սեփական և հանրային ծախսի կամ վնասի մասին: Այսպիսով, շրջակա միջավայրի խնդրին անդրադառնանք ընտրության ճարտարապետության երկու տեսանկյունից՝ խթաններ և հետադարձ կապ:
Խթանների բարելավում
Եթե խթանները համաձայնեցված չեն, պետությունը կարող է փորձել դրանք վերախմբավորել: Գոյություն ունի շրջակա միջավայրի պահպանության երկու լայն մոտեցում: Առաջինը՝ աղտոտվածության աղբյուրները հարկել և կիրառել համապատասխան տուգանքներ: Օրինակ, «ջերմոցային» գազերի արտանետման հարկումը հավանության է արժանացել էկոլոգների և տնտեսագետների կողմից:
Երկրորդ մոտեցումն անվանում են արտանետումների վաճառքի և բացարձակ սահմանափակության համակարգ: Աղտոտվածության մեղավորները ստանում են կամ գնում են արտանետումների սահմանափակ իրավունք: Այդ քվոտաները այնուհետև շրջանառվում են շուկայում:
Դեպքերի մեծամասնության ժամանակ աղտոտվածության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հարկել այն գործունեությունը, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Տոքսիկ արտադրության հետ կապված ապրանքների գները արդյունքում կբարձրանան և դրանց սպառումը կնվազի: Օրինակ, բենզինի հարկի բարձրացումը վերջին հաշվով վարորդներին կստիպի գնել վառելիքի ավելի խնայող ծախսով ավտոմեքենա կամ հրաժարվել մեքենայով անընդհատ երթևեկելուց կամ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արդյունքում, գլոբալ տաքացմանը վտանգ ներկայացնող ածխաթթու գազի արտանետումը կնվազի: Բացի այդ, վառելիքի գնի բարձրացումը մեքենաներ արտադրողներին կխթանի արտադրել ավելի առաջատար տեխնոլոգիաներ: Կառաջանան նոր տնտեսական մոդելներ:
Հետադարձ կապը և ինֆորմացիան
Չնայած, մեր կարծիքով, շրջակա միջավայրի պաշտպանության գործում ամենակարևոր քայլը «ճիշտ» գների սահմանումն է, այսինքն՝ խթանները, այս մոտեցումը դժվար է իրագործել գործնականում: Երբ ընտրողները բողոքում են բենզինի բարձր գներից, քաղաքական գործիչները դժվարանում են համախմբվել հանուն որոշման, որն էլ ավելի կբարձրացնի գները: Հիմնական պատճառն այն է, որ աղտոտվածության ծախսերը թաքնված են, իսկ բենզինի գինն ակնհայտ է:
Այդ իսկ պատճառով, գների վրա ազդեցությունից բացի կարելի է ձեռնարկել «մղելու» նման քայլեր: Կարևոր է սպառողների հետ հետադարձ կապի բարելավումը: Վերջինս ենթադրում է տեղեկատվության և մարդկանց դրանց հասցնելու միջոցների կատարելագործում: Ամբողջ աշխարհում տվյալների բացահայտումն օգտագործվում է որպես պետական վերահսկողության միջոց: ԱՄՆ-ում ծխելու ռիսկի մասին պարտադիր տեղեկատվության տարածումը ներդրվել է 1964թ. և մոդիֆիկացվել է 1969թ. և 1984թ.: Սա, երևի, տեղեկատվության բացահայտման ամենահայտնի օրինակներից է:
Մյուս կարևոր մոտեցումն է ապրանքների մակնշումը: Ածխածնի մակնշումը ներկայումս կիրառվում է մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և այլն: 2007թ. հունվարին Tesco-ն (Մեծ Բրիտանիայի սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկը) հայտարարեց իր 70,000 արտադրանքի համար ածխածնի մակնշման ծրագրի մեկնարկի մասին: Իսկ «Մարքս և Սպենսեր» ընկերությունը (բրիտանական մթերային խանութների մեկ այլ ցանց) սկսել է մակնշել իր ներմուծված ապրանքներն ինքնաթիռի պատկերով՝ մթնոլորտային արտանետումների տեսանկյունից օդային փոխադրումների օգտագործման առավել «աղտոտող» միջոցը նշելու համար: Նպատակն է ուշադրություն հրավիրել գլոբալ տաքացման վրա: Համաձայն մակնշման ծրագրի, որոշակի տիպի ապրանքների` ըմպելիքներից մինչև լվացող միջոցներ վրա պետք է լինի դրանց արտադրության և առաքման հետևանքով ածխածնի կամ ջերմոցային գազերի արտանետումների քանակի վերաբերյալ մակնշում:
Տեխնոլոգիական նորամուծությունների շնորհիվ հնարավոր է ակնկալել հետադարձ կապի մեթոդների արագ զարգացում և խորացում:
Սպառողների կողմից էլեկտրաէներգիա խնայելու հակումը խթանելու համար Southern California Edison կողմից օգտագործվել է հետաքրքիր տեխնիկա: Նախկինում սպառված էներգիայի քանակի մասին էլեկտրոնային փոստով կամ SMS հաղորդագրություններով մարդկանց տեղեկացնելու փորձերը չեն հանգեցրել ակնկալվող արդյունքների: Արդյունքում, որոշվել է նրանց փոքրիկ գնդիկ հանձնել, որը կարմիր է դառնում էներգիայի շատ սպառման և կանաչ՝ քիչ սպառման դեպքում: Մի քանի շաբաթվա ընթացքում գնդիկի սեփականատերերը նվազեցրել են էլեկտրաէներգիայի սպառումը 40%-ով: Թարթող կարմիր գնդիկը գրավում է ուշադրությունը և խթանում էներգիայի սպառման նվազմանը:
Խնդիրն այն է, որ էներգիան անտեսանելի է: Մարդիկ չեն նկատում, որ շատ են սպառում: Սա է հենց գյուտի հանճարեղությունը. գնդիկը թույլ է տալիս տեսողականորեն ընկալել էլեկտրաէներգիայի սպառումը:
«Մղելու» նման ծրագրերի օրինակները շատ են: Անկախ նրանից, թե պետությունը որոշում կկայացնի օգտագործել «մղելու», խթանման վրա հիմնված համակարգ թե ոչ, դա կարող է օգնել նվազեցնել էներգիայի սպառումը, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը: