Հայաստանում Ամուլսարի հանքի ճակատագրի շուրջ վեճերը չեն մարում: Եվ եթե մենք շեղվենք այս վեճերի բովանդակային մասից՝ կենտրոնանալով երկրում օբյեկտիվորեն զարգացող ներքաղաքական իրավիճակի վրա, ապա կարող ենք ծագած իրավիճակում ավելի խորքային իմաստ նկատել: Թվում է՝ երկիրն ակամա մտնում է գաղափարաքաղաքական զարգացման նոր փուլ: Մենք բախվել ենք ինչ-որ ավելի մեծ մի բանի, քան պարզապես այս կամ այն որոշման նպատակահարմարության շուրջ վիճաբանությունն է։
Հայաստանում 25 տարի շարունակ միակ քաղաքական գաղափարն իշխանափոխությունն է եղել: Միայն այս գաղափարը կարող էր պարբերաբար համախմբել զանգվածին՝ հատկապես հետընտրական շրջաններում: Այս գաղափարի արդիականությունը վիճարկելու ցանկացած փորձ ընդդիմության կողմից նյարդային արձագանքի էր արժանանում: «Մենք ժամանակ չունենք» արտահայտությունը նրանց շուրթերին դարձել էր կախարդանք՝ մանթրա: Նման գործելակերպի արդյունքը գաղափարական լճացումն էր, որը ետ էր պահում երկրում քաղաքական մտքի ցանկացած զարգացում: Այս գործընթացի հետեւանքներն, առավել քան երբեւէ, զգացվում են հատկապես անկախ Հայաստանի պատմության ներկա պահին: 2018-ին ժողովրդի ջանքերով իրականացված իշխանափոխությունը հասարակության մեջ՝ նախեւառաջ քաղաքականապես ակտիվ միջավայրում, ի հայտ բերեց գաղափարական խոր դատարկություն:
Քաղաքական կյանքն անշարժացել էր՝ դաշտ բացելով ընդդիմորեն տրամադրված լուսանցքային խմբերի ու անհատների համար: Պատահական չէ, որ տեղեկատվական դաշտում անմիջապես հայտնվեցին «իշխանափոխության» մասին հին հայեցակարգը վերականգնելու փորձերը: Համախմբող այլ գաղափար ոչ ոք չի կարող առաջարկել: Բայց քանի որ հասարակությունը չի արձագանքում այս թեզին, լայն տարածում գտավ հասարակությանը անգիտակից եւ «զոմբիացված» լինելու մեջ մեղադրելու գործելակերպը: Մյուս կողմից՝ ոչ պակաս անգաղափարայնություն է դրսեւորում նոր «հեղափոխական» ուժը՝ զրկվելով որեւէ ազդեցիկ գաղափարից։ Իշխանափոխության իրականացմամբ՝ նա կորցրեց նաեւ վերջին համախմբող գաղափարը:
Նշված երկու հանգամանքները հանգեցրին քաղաքական կյանքի դանդաղընթաց լճացման: Եվ թվում էր՝ չէր կարող լինել ծագած ներքաղաքական վիճակը փոխելու ունակ այլ գաղափար: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Ամուլսարի հանքի շուրջ լայնածավալ քննարկումները, ինչպես կարելի է նկատել, սպառնում է ճեղքել քաղաքական լճացումը եւ երկրում քաղաքական գործընթացները տանել դրական հունով: Հայաստանի նոր իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել, որ հենց բնապահպանության հետ կապված խնդիրն է ի զորու ստեղծել սկզբունքորեն նոր իրավիճակ: Բայց իզուր…
Չպետք է մոռանալ, որ օլիգարխիկ վարչակարգի տապալման շարժումն իր արմատներով ձգված է դեպի բնապահպանական նախաձեռնությունները: Խաղաղ անհնազանդության գործելակերպը մշակվել է հենց այս նախաձեռնություններում: Հայտնի քաղաքացիական նախաձեռնությունների շղթան`Թռչկանի ջրվեժի պաշտպանություն-Մաշտոցի պուրակի պաշտպանություն-«100 դրամ»-«էլեկտրիկ Երեւան», ձեւավորեց ոչ միայն արդյունավետ պայքարի տեխնոլոգիա, այլեւ փորձառու ակտիվիստների մի համաստեղություն, որոնք հետագայում դարձան Հայաստանում «թավշյա» իշխանափոխություն իրականացրած զանգվածային ժողովրդական շարժման կորիզը։ Իշխանությունների կողմից հանրային սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգությանը դիմակայելու գաղափարն այս անձնակազմի համար դարձել է մի տեսակ «սրբությունների սրբոց»:
Համանման ծագումնաբանություն ունեցող նոր իշխանություններին օբյեկտիվորեն չի թույլատրվում հատել կարմիր գիծը եւ ոտնձգություն կատարել «սեփական երգի» նկատմամբ: Բնապահպանության եւ հանրային սեփականության ոլորտից ինչ-որ բան վիճարկելու ընդամենը փորձը Փաշինյանին դրել է ծանր քաղաքական կացության առջեւ: Այս իրավիճակը սրընթաց կերպով ձեռք է բերում ողջամիտ քաղաքական առճակատման բնույթ՝ հիմնականում իշխանական տիրույթում: Երեւում է՝ վարչապետի երեւակայությունը սպառվել է, ինչն ակնհայտ է դառնում նրա կողմից գործածության մեջ դրված «հավասարակշռված ազգային շահ» հասկացությունից: Թե ինչ է սա նշանակում՝ ամեն ոք հասկանում է յուրովի: Բայց մի բան պարզ է՝ ավելի քան մեկ տարի պրակտիկացվող «սեւ-սպիտակ»-ի ներքաղաքական սխեմայի ժամանակն ավարտվում է: Եվ դա լավ է:
acnis խմբագրական