Այսօր մարդկության ամենամեծ տնտեսական սպառնալիքը բնությունն արժևորելու մեր անկարողությունն է։
Աշխարհը դարձել է մարդածին։ Այսօր մենք ապրում ենք «փոքր տիեզերքի մեծ մոլորակում», որտեղ տնտեսությունը բացառիկ ճնշում է գործադրում Երկիր մոլորակի վրա․ չկա ազատ ոչ մի բնական ռեսուրս։ Ամենը՝ ներառյալ կենսաբազմազանությունը, քաղցրահամ ջրերը, մթնոլորտը, օվկիանոսները, անտառները, սառցե ժայռերը և այլն, անմիջական դեր ունեն Երկիր մոլորակի և, հետևաբար, համաշխարհային տնտեսության կայուն զարգացման գործում։ Մտահոգությունն այն է, որ ներկայիս տնտեսական համակարգը մշակվել է Ա․ Սմիթից մինչև Ջ․ Քեյնսի ժամանակաշրջանում, երբ մենք «փոքր մոլորակ էինք, մեծ տիեզերքի մեջ», երբ համաշխարհային տնտեսության՝ մոլորակի վրա ազդելու գաղափարը ծիծաղելի էր։ Այն ժամանակ կարող էինք աղտոտել մթնոլորտը, դատարկել օվկիանոսները և այլն, պատկերացում չունենալով, որ Երկիր մոլորակը դրան ի պատասխան կարող է չափազանց դաժան գտնվել։
Բայց այսօր ամեն բան այլ է։ Մարդկանց կողմից բնության անխնա և անխիղճ օգտագործման առաջին պատասխան ազդակները նկատվել են դեռևս 1980-ական թթ․-ին (օզոնի շերտի բարակում, ջերմային ալիքների տեղաշարժ, փոթորիկների ակտիվացում, սառույցների հալման արագացում, քաղցրահամ ջրերի պակաս և այլն)։ Ներկայումս տնտեսական աճն ուղեկցվում է սահմանափակ բնական ռեսուրսների անխնա օգտագործմամբ, և որպես արդյունք՝ բնական աղետի ռիսկի աճով։ Տնտեսագետներն իրականում ի վիճակի չեն ճիշտ գնահատել բնությանը հասցված վնասները։ Ուստի բնությունը արժևորելու համար մենք պետք է փոքր-ինչ հեռանանք տնտեսագիտությունից։
Շատ հին հավատք կա, որ շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները հնարավոր է լուծել նախապես անհրաժեշտ տնտեսական միջոցներ կուտակելուց հետո միայն։ Այսինքն՝ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն մենք կարող ենք մեզ թույլ տալ փրկել բնությունը։ Այսպիսի մտածելակերպը երբեք ճիշտ չի եղել և այն պետք է ընդմիշտ մերժվի, եթե մեզ լրջորեն հետաքրքրում է Երկիր մոլորակի վրա բարգավաճող մարդկություն ունենալու նախապայմանով տնտեսական զարգացումը։ Ճշմարտությունն այն է, որ հասարակությունը շնորհակալ պետք է լինի բնությանը, որ դեռևս չկան շատ վտանգավոր կլիմայական փոփոխություններ։ Ընդ որում՝ աղքատ երկրներում ապրող հասարակությունը պատասխանատվություն է կրում ավելի քիչ արտանետումների համար։ Սակայն ինչպես հայտնի է, տնտեսական աճից ամենաքիչն օգտվում են աղքատ երկրները։ Անարդարությունը սրվում է, երբ հարստության կուտակման գործընթացը տեղի է ունենում հարուստ երկրների կողմից բնությունից անխնա «սուբսիդավորման» շնորհիվ, իսկ այդպիսի «սուբսիդիաների» համար վճարում են ուրիշները՝ հատկապես ամենաաղքատ երկրները։
Ձեռնարկատիրական գործունեության խթանման և արտադրողականության աճի համար ազատ շուկայական տնտեսությունը պետք է գործի կայուն տնտեսական համակարգում։ Բայց գլոբալ ռիսկերը չափազանց բարձր են, այդ կայունությունն ապահովելու համար։ Ավելին՝ համաշխարհային կայուն զարգացմանն անցնելու առավելությունները շատ հաճախ անտեսվում են գրեթե բոլոր պետությունների կողմից։ Բայց հաջողության հասնելու համար պետք է սահմանել տնտեսության զարգացման որոշակի սահմանափակումներ․ համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը դիտարկելով սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համատեքստում։ Սա տնտեսական աճը խոչընդոտող պայման չէ, այլ ավելի նորարարական, «առողջ», բարգավաճող տնտեսություն ունենալու նախապայման։ Անկայուն կլիմայական պայմանները, եղանակային էքստրեմալ դրսևորումները, ապագայում ջրի սակավության հիմնախնդիրները Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից դիտարկվում են բիզնեսի համար առաջնային ռիսկերի ցանկում։ Հետևաբար՝ և՛ կառավարության, և՛ բիզնեսի առջև դժվարին խնդիր է դրվում տնտեսական աճը հավասարակշռել էկոլոգիական կայուն զարգացման հետ։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հնարավոր չէ մարդկության համար կառուցել կայուն, բարգավաճող և արդար ապագա քանդված և ավերված մոլորակի վրա, հատկապես երբ կանխատեսվում է, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում երկրի բնակչությունը հասնելու է 10 միլիարդի։
Տնտեսական առումով ՀՀ-ի բնաշխարհը և բնական պաշարները՝ ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական, կենդանական և այլն, նրա ժողովրդի հարստությունն ու սեփականությունն են, ընդ որում՝ ոչ միայն ներկայիս ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Ուստի բնությանը և բնական պաշարներին վերաբերող յուրաքանչյուր հարցում անհրաժեշտ է ելնել այն կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ոչ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտագործման հարցում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, այն օգտագործումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։