Վերջին օրերին կառավարությունը կանգնել է բարդ խնդրի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլ տալու կամ չտալու առաջ։ Հաշվի առնելով շահագործվող մյուս հանքերի շուրջ ստեղծված բնապահպանական իրավիճակը՝ առաջին հայացքից լուծումը շատ պարզ է․ պետք է արգելել շահագործումը ևս մեկ բնապահպանական աղետից խուսափելու համար։
Առայժմ կառավարության դիրքորոշումը, կարծես թե, հանքի շահագործումը վերսկսելու կողմն է։ Դա հիմնավորող հիմնական փաստարկը տնտեսական արդյունքներն են։ Մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարի ներկայցմամբ հանքը շահագործող «Լիդիան» ընկերության տվյալներով կստեղծվի 750 աշխատատեղ 450-500 հազ․ միջին աշխատավարձով։ Կթողարկվի և կարտահանվի տարեկան մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, որի արդյունքում պետական բյուջե կմուտքագրվի 45-50 մլն ԱՄՆ դոլար ռոյալթիներ և հարկեր։ Բացի այդ նշվում է, որ արդեն կատարվել է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, և հանքի շահագործումն արգելելու դեպքում պետությունը պետք է փոխհատուցի, քանի որ հանքը շահագործող ընկերությունը կարող է Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան: Այդ 400 մլն-ը Հայաստանի նման փոքր տնտեսության համար, իհարկե, մեծ գումար է, սակայն մտահոգիչ պատկեր կա ընկերության արժեքի հետ կապված։
Քանի որ հանքի շահագործման հետ կապված հիմնական գործընթացներն իրականացվել են նախկին համակարգի ժամանակ, կառավարությունը պետք է իրականացնի ուսումնասիրություն և անցկացնի աուդիտ՝ պարզելու ընկերության կատարած ներդրումների իրական մեծությունը։ Պետք է ընկերությունից պահանջել կատարված ներդրումների բացվածքը։ Հավանականությունը մեծ է, որ իրական ներդրումների ծավալն ավելի փոքր է, այսինքն՝ փոխհատուցման դեպքում կառավարության ֆինանսական կորուստներն ավելի քիչ կլինեն։
Այդ ընկերության կատարած ներդրումները և ակնկալվող տնտեսական արդյունքները հանքի շահագործումը թույլ տալու լուրջ փաստարկ չեն կարող լինել, առավել ևս, որ հանքի շահագործումը 10 տարվա կտրվածքով է։ Կառավարությունը կարող է հենվել ավելի կարևոր գործոնների վրա, որոնք կարող են օժանդակել փոխհատուցելու վնասը «Լիդիանի» կողմից Հայաստանի դեմ հայց ներկայացնելու դեպքում։ Անդրադառնանք մի քանի տվյալների, որոնք ներկայացնում են Վարչապետն ու կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները։
Նախ, ինչպես արդեն նշվեց, ակնկալվում է, որ հանքի շահագործումից պետական բյուջե կմուտքագրվի տարեկան 45-50 մլն ԱՄՆ դոլար։ Ելնելով կառավարության ներկայացրած տվյալներից՝ 2019 թ․ առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները փաստացի գերակատարվել են 63.1 մլրդ դրամով (9.7 տոկոսով)։ Այսինքն՝ առաջին կիսամյակում ավել է հավաքվել մոտ 130 մլն ԱՄՆ դոլար և սա հիմնականում ստվերի կրճատման հաշվին։ Ստացվում է, որ միայն ստվերի կրճատման հաշվին կես տարվա կտրվածքով արդեն 2,6 անգամ ավել հարկ է հավաքվել, քան հանքի շահագործումից ակնկալվող մեծությունն է։
Երկրորդ, Վարչապետի հրապարակած տվյալների համաձայն՝ «2019 թ․ առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչն ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն»: Շատ մոտավոր հաշվարկներով հավելյալ առևտրաշրջանառության մոտ 10 տոկոսը հարկերի տեսքով մուտք է եղել պետական բյուջե։ Դա մոտավորապես կազմում է 17 մլրդ դրամ կամ 35 մլն դոլար։ Եվ սա յոթ ամիսների ընթացքում։ Տարվա վերջում այդ հավելյալ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 270-290 մլրդ դրամի, իսկ վճարված հարկերի ծավալը՝ 27-29 մլրդ դրամի կամ 56–60 մլն դոլարի։ Ակնհայտ է դառնում, որ միայն ՀԴՄ-ների տրամադրման (մեծ մասը ստվերի կրճատման) արդյունքում տարվա կտրվածքով պետական բյուջե ստացվում են այնքան հարկային մուտքեր, որքան հանքի շահագործումից։
Ինչպես տեսնում ենք, կառավարությունը հնարավորություն ունի ապահովելու հանքի շահագործումից ակնկալվող այդ 45-50 մլն ԱՄՆ դոլար եկամուտները տնտեսության այլ ոլորտների գործունեության, ինչպես նաև ՀԴՄ-ների տպման կամ ստվերի կրճատման հաշվին։ Հետևաբար ի՞նչ կարիք կա ընդամենը 10 տարվա գործունեության համար այդ եկամուտները (մոտ 500 մլն ԱՄՆ դոլար) ստանալ շրջակա միջավայրն աղտոտելով, եթե ունենք նման հնարավորություն։ Իսկ եթե այս գործընթացին միանան նաև բնապահպանները և հետևողական լինեն ՀԴՄ-ների տրամադրմանը (օրինակ՝ իրականացնեն «ՀԴՄ-ներ հանուն կանաչ Հայաստանի» ծրագիր), ապա հանքի շահագործումից ակնկալվող հարկային մուտքերը կարել է հեշտ, ավելի արագ և, որ ամենակարևորն է, անվտանգ ապահովել, փոխհատուցել ստվերի կրճատման հաշվին։
Ավելին, «Լիդիան» ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Բորսայի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2019 թ․ օգոստոսի 27-ի դրությամբ ընկերության արժեքը (շուկայական կապիտալիզացիան) կազմում է 114 մլն կանադական դոլար կամ 85.7 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ բաժնետոմսի արժեքը նույն օրվա դրությամբ կազմել է 0,15 կանադական դոլար կամ 0,11 ԱՄՆ դոլար, իսկ բաժնետոմսերի քանակը՝ 760,017,021։ Ընդ որում՝ բաժնետոմսերի արժեքն սկսել է բարձրանալ օգոստոս ամսվա սկզբից, այսինքն՝ ընկերության արժեքը մինչ Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկն ավելի ցածր է եղել։ Այդ բաժնետոմսերի մոտ 54 տոկոսը (410,39 մլն բաժնետոմս) գտնվում է ազատ շրջանառության մեջ։ Հետևաբար, կարելի է գնել այդ բաժնետոմսերը (ընդհանուր արժեքը՝ ընդամենը 46.4 մլն ԱՄՆ դոլար) և վերջ տալ այս լարված իրավիճակին։