Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:
Վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի և կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ: