ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Նախարարին է ներկայացվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գծով կատարողականը, որը կազմել է 25,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 3,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով։
Նշվել է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այս տարի ստացված 560 սուբվենցիոն հայտերից հավանության է արժանացել 483 ծրագիր՝ ընդհանուր 23,76 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 12,95 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 10,27 մլրդ դրամ, այլ ներդրումներ՝ մոտ 400 մլն դրամ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման թափանցիկության ապահովման հարցերին։