Հայաստանում իշխանափոխության պահից ի վեր՝ արդեն մեկ տարուց ավելի, չի մարում հետաքրքրությունը Արցախի ներքաղաքական գործընթացների հանդեպ: Թե ինչպես է փոխակերպվելու քաղաքական համակարգը, որը Հայաստանի նախկին վարչակարգի շարունակությունն է, ոչ ոք հստակ չի պատկերացնում: Սակայն այսօրվա դրությամբ ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում, որ Հայաստանի նոր իշխանությունները զինվել են մի ռազմավարությամբ, համաձայն որի՝ Արցախում իշխանությունը պետք է փոխվի ոչ թե հեղափոխական ճանապարհով, այլ Երեւանի կողմից երաշխավորված ազատ ընտրությունների միջոցով: Ընդ որում, ինչպես պարզ դարձավ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից, արդեն որոշված են քաղաքական ուժերի նկատմամբ մոտեցումները: Այն ժամանակ Փաշինյանը հասկացրեց, որ մերժվելու են կոռուպցիոներները եւ բոլոր նրանք, ովքեր ապավինում են իրենց քաղաքական խնդիրների ուժային լուծմանը:
Այդպիսի մոտեցումը կտրուկ փոխեց վերջին ամիսներին ձեւավորված ուժերի դասավորությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի մրցակցող թիմերը Արցախի նախագահի պաշտոնին տիրանալու գործում իրենց քաղաքական ծրագրերում որոշակի անելանելիության զգացում ունեցան: Իրավիճակը նրանց համար ավելի խորացավ, երբ 2020թ. ընտրություններում նախագահի պաշտոնի համար թեկնածությունը դնելու իր մտադրությունների մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Ազատ ընտրությունների իրական երաշխիքների դեպքում հասարակության հարկադրանքի առաջվա մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն: Եվ, ի տարբերություն 2007թ. ընտրությունների, երբ իշխանությունների, այսպես կոչված, միասնական թեկնածուի առաջադրման միջոցով Մայիլյանի կերպարն անկյուն էր մղվել, իրավիճակն այժմ բոլորովին այլ է:
Բայցեւայնպես, ի տարբերություն պետական կառավարման համակարգից դուրս մղված Հայաստանի օլիգարխների, Արցախում պաշտոններից ազատված նրանց «բախտակից ընկերները» չեն կորցնում իրենց իշխանությունը վերականգնելու հույսը: Սա կարելի է տեսնել տեղական ինքնակառավարման մարմինների անցկացվող ընտրություններում: Այստեղ արդեն նկատելի են նրանց նպատակները.
– իրենց մարդկանց անցկացնել տեղական համայնքների եւ քաղաքապետարանների պաշտոններում,
– 2020թ. ընտրություններում շահել նախագահի պաշտոնը եւ խորհրդարանական մեծամասնությունը:
Ենթադրվում է այդ խնդիրը լուծել քաղաքացիների ազատ կամահայտնություն թույլ չտալու միջոցով` ընտրողների քվեների անհրաժեշտ քանակություն ստանալու այլ մեխանիզմներ չկան: Այսինքն`պահպանել ընտրությունների մինչեւ հիմա գոյություն ունեցած փորձը:
Սակայն այդպիսի խնդրի լուծման համար պայմանները չափազանց սուղ են: Վարչական ռեսուրսի կիրառման կենտրոնացված մեխանիզմ արդեն գոյություն չունի: Ոչ մի երաշխիք չկա, որ առանց պաշտոն ունենալու հնարավոր է արդյունավետ կերպով ազդել պետծառայողների` մասնավորապես ուժային կառույցների վրա: Ավելին` այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ազատ ընտրությունների երաշխավորներ լինել, ընտրողներին կաշառելու փորձը նույնպես անհույս է: Ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունների հորդորով իրավապահ մարմինները կարող են բացահայտել կաշառք բաժանելու փաստերը եւ պահանջել նախընտրական մրցավազքից հանել այն գործիչների թեկնածությունները, որոնք ընտրողներին կաշառելու միջոցի կդիմեն:
Անցնող ՏԻՄ ընտրությունները վկայում են, որ օլիգարխների հիմնական հույսը ստվերային քարոզչությունն է, որն ընտրողներին ներշնչում է, թե «երկրում ոչինչ չի փոխվել եւ ոչինչ չի փոխվելու»: Այսինքն` մարդկանց ներշնչում են, որ «նախկինները» առանց պաշտոնների էլ մնում ու մնալու են դրության տերերը եւ պատժելու են անհնազանդ ընտրողներին: Խաղադրույքն արվում է տասնամյակներ շարունակ ձեւավորվող հասարակական կարծիքի վրա, որն ընտրությունների մեջ սոսկ անձնական խնդիրներ լուծելու եւ աշխատատեղի կորստյան վտանգն իրենից հեռացնելու մեխանիզմ է տեսնում:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ ցանկացած ընտրություն միշտ խնդրահարույց է եղել իշխանությունների համար, իրավիճակը մի փոքր այլ է: Քաղաքապետի պաշտոնում նոր դեմքեր են առաջադրվել. չկա սովորական «իշխանությունների թեկնածու»: Այդպես ստացվել է այն պատճառով, որ չկա միասնական կարծիք, թե ով է իշխանությունը: Իշխանության կերպարն ուղղակի լղոզվել է, քանի որ իշխանությունը միշտ ընկալվում էր որոշակի կերպարների միջոցով: Գործող նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը ոչ ոք պարզորոշ չի զանազանում: Մի ժամանակ մարդկանց սարսափ պատճառած ուժայինների կերպարները նույնպես լղոզված են: Առանցքային դեմքերից գեներալ Օգանովսկին` կապված «Մարտի 1»-ի գործի հետ, խորապես վարկաբեկված է: Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դիրքերն ուժգին կերպով սասանվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ այժմ ընդդիմադիր գեներալ Սամվել Բաբայանի հետ նրա ստվերային «դիվանագիտությունը»:
Նման պայմաններում ո՛չ «իշխանությունը», ո՛չ կուսակցությունները չառաջադրեցին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածուներին: Քաղաքական ասպարեզում ի հայտ եկան նոր գործիչներ: Եվ այստեղ նոր ինտրիգ ծագեց` ով ում ետեւում է կանգնած: Նոր թեկնածուներից յուրաքանչյուրին պիտակ է կպցվում. «Արայիկի մարդ», «Արշոյի մարդ» եւ այլն: Այսինքն` նորից հասարակությանը ներշնչում են, որ «համակարգը ողջ է եւ համակարգը գործում է»: Իրականում օբյեկտիվորեն առաջացել է մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները կարող են որոշվել միայն ընտրողների ձայներով: Եթե նույնիսկ գործի դրված լիներ վարչական մեխանիզմ, այն գործելու էր տարբեր թեկնածուների օգտին:
Առայժմ վստահության որոշ չափաբաժնով կարելի է պնդել, որ Արցախում ստեղծվել է աննախադեպ ներքաղաքական իրավիճակ: Նախկին վարչակարգի բեկորները փորձում են ընտրությունների մթնոլորտը պահպանել առաջվա վիճակում՝ հույսը դնելով հասարակական գիտակցության իներցիայի վրա: Այն հանգամանքը, որ ի տարբերություն Հայաստանի, վարչակարգի կազմաքանդումը չի անցել հասարակության ճնշման տակ, անորոշության բարձր աստիճան է պահպանում հասարակության գիտակցության մեջ: Հասարակության մի մասն ապրում է անցյալում եւ ընտրություններից ակնկալում է ոչ թե իշխանության նորացում, այլ ինչ-որ ավելի շահամոլական բաներ: Իսկ նախկինները հույս ունեն, որ կարող են օգտվել այդ հանգամանքից եւ թույլ չտալ հասարակական գիտակցությունում ազատության որեւէ «ճեղքում»:
Ընտրության արդյունքները ցույց կտան, թե որ միտումներն են սպառվում, եւ որոնք` հաստատվում: 2020 թվականի համապետական ընտրությունների նախօրեին այդ հանգամանքը չափազանց կարեւոր է Արցախի քաղաքական համակարգի հետագա ճակատագրի համար: