Շուկայական տնտեսությունում պետության դերի մասին թեման շարունակում է մնալ տնտեսագետների և քաղաքական գործիչների կողմից ուսումնասիրվող կարևոր թեմաներից մեկը։ Ոմանք պետական միջամտությունը համարում են չարիք տնտեսության համար, իսկ մյուսները, ընդհակառակը, այն համարում են տնտեսության զարգացման նախապայման։
Ըստ Ա․ Սմիթի շուկայական տնտեսությունը կարգավորվում է «անտեսանելի ձեռքի» օգնությամբ, որի հիմքում ընկած է մրցակցությունը և սեփական շահի գիտակցումը։ Օրինակ՝ մենք ամեն օր գնում ենք աշխատանքի, որպեսզի վարձատրվենք և ձեռք բերենք այն ամենն ինչ ցանկանում ենք։ Ամենահետաքրքիրն այն է, որ պետությունն այս գործընթացում շատ քիչ դերակատարում ունի։ Հացը, որը մենք գնում ենք խանութից, հազարավոր սեփական շահը հետապնդող մարդկանց գործունեության և համագործակցության արդյունք է՝ առանց պետական որևէ գործակալության միջամտության։
Հասարակության մեջ գործողությունների համաձայնեցման գլխավոր մեխանիզմը կամավոր սեփականությունն է։ Պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա, եթե մեր հասարակությունում ընդհանրապես չլիներ պետությունը։ Ի՞նչ հիմնախնդիրներ կծագեին, և կկարողանայի՞ն մարդիկ գլուխ հանել դրանցից՝ գործելով անհատապես կամ կամավոր միություններում։
Ինչպես նշում է Պոլ Հեյնեն իր «Տնտեսագիտական մտածելակերպ» գրքում՝ օրինակը, որից կարելի է սկսել ամեն ինչ հասկանալու համար, ոստիկանությունն է։ Կանհետանա՞ր, արդյոք, ոստիկանությունը, եթե պետություն չլիներ։ Դա ակնհայտորեն տեղի չէր ունենա, քանի որ ներկայումս շատ երկրներում գոյություն ունեն մասնավոր ոստիկանական խմբավորումներ, որոնք նպաստում են պետական ոստիկանության կողմից ստեղծված անվտանգությանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելով նրանց համար, ովքեր շահագրգռված են դրանում և պատրաստ են դրա համար վճարել։ Հնարավո՞ր է, արդյոք, հիմնական համակարգը ստեղծել առանց պետության մասնակցության։
Եթե պետություն չլիներ, ապա մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց պաշտպանի ոստիկանությունը, կկարողանային պարզապես գնել այդ ծառայությունը ոստիկանական մասնավոր գործակալություններից, ճիշտ այնպես, ինչպես հիմա դա անում են այն մարդիկ, որոնց չի բավարարում պետության մատուցած ծառայությունը։ Այդ համակարգը կարող է անգամ ավելի արդարացի լինել, քան այն, ինչ ունենք այժմ։ Մարդիկ, ովքեր պաշտպանություն պահանջող նշանակալի սեփականություն ունեն, սակայն ժամանակ, ցանկություն կամ հնարավորություն չունեն սեփական ուժերով այն պաշտպանելու, պետք է վճարեն այդ ծառայության համար։ Նա, ով քիչ բան ունի և կարող է պաշտպանել իր սեփականությունը, ստիպված չի լինի հարկեր վճարել ոստիկանության պահպանության համար, որն իրականում նրան օգուտ չի տալիս։
Մ․ Ֆրիդմանն իր «Ընտրելու ազատություն» գրքում նշում է, որ պետության սահմանափակ դերի մասին պատկերացում կազմելու ամենալավ օրինակը Հոնկոնգն է, որտեղ բնակչության կենսամակարդակն ամենաբարձրն է ամբողջ Ասիայում՝ Ճապոնիայից և Սինգապուրից հետո։ Հոնկոնգում միջազգային առևտրի վրա չկան սակագներ կամ այլ սահմանափակումներ (բացառությամբ մի քանի երկրների կողմից պարտադրված սահմանափակումների)։ Պետությունը ոչ մի կերպ չի միջամտում տնտեսական որոշումների կայացման գործընթացին․ չկան նվազագույն աշխատավարձի մասին օրենքներ, հաստատուն գներ և այլն։ Քաղաքացիներն ազատ են գնելու, վաճառելու, ներդրումներ կատարելու, աշխատող վարձելու, աշխատանքի անցնելու և այլ հարցերում որոշումներ կայացնելիս։ Հոնկոնգը պետական ծախսեր և ՀՆԱ հարաբերակցության ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է, իսկ պետական ծախսերն ավելանում են միայն այն դեպքում, երբ տնտեսությունը զարգանում է։ Հարկային դրույքաչափերը բավականին ցածր են, ինչն էլ խթանում է ձեռնարկատիրական գործունեությունը։ Պետության դերակատարումը սահմանափակվում է օրենքի գերակայությունն ապահովելով, ընդհանուր վարքագծային կանոններ սահմանելով, տրանսպորտի և կապի գործունեությունը կարգավորելով և արժույթի թողարկման ծավալները վերահսկելով։
Ըստ Հ․ Հազլիտի պետության ամենակարևոր պարտականությունն օրենքների ստեղծումը և պահպանումն է, որոնք երկրում կարգելեն բռնությունն ու խարդախությունը։ Պետությունը պետք է խուսափի տնտեսական որոշումներ կայացնելու գործընթացներին միջամտելուց։ Նրա առաջնային խնդիրն ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորումը և պահպանումն է։
Նա իր «Տնտեսագիտությունը մեկ դասաժամում» գրքում գրում է․ «․․․ Ավելի շատ քաղաքացիներ են սկսել հասկանալ, որ կառավարությունն իրենց ոչինչ չի տա, մինչև նախօրոք ինչ-որ բան չվերցնի մյուսներից կամ հենց իրենցից: ․․․ Երբ Ալեքսանդր Մակեդոնացին այցելեց փիլիսոփա Դիոգենեսին և հարցրեց, թե ինչով կարող է նրան օգնել, Դիոգենեսը պատասխանեց․ «Մի փակիր իմ արևը»։ Հենց սա այն է, ինչ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պահանջելու իր կառավարությունից»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ տիրապետող էր «ուժեղ պետության» գաղափարը, հունգարացի տնտեսագետ Պ․ Բաուերը պաշտպանում էր այն տեսակետը, որ կենտրոնացված պլանավորումը, հովանավորչությունը և արտասահմանյան օգնությունը տնտեսական առաջընթացի լուրջ խոչընդոտներ են։ Մալազիայում, Արևմտյան Աֆրիկայում և Հնդկաստանում կատարած նրա հետազոտություններն ապացուցում էին, որ պետության դերի սահմանափակումը և տնտեսական ազատությունն անհատի բարեկեցության անհրաժեշտ նախապայմաններ են։
Այսպիսով՝ հասարակական արտադրության առավելագույն արդյունավետության կարելի է հասնել՝ յուրաքանչյուր անհատի անսահմանափակ տնտեսական ազատություն տալով։ Պետությունը միայն պետք է ընդունի օրենքներ և վերահսկի դրանց կատարումը, իսկ շուկայական ուժերը կարող են արդյունավետ աշխատեցնել տնտեսությունը՝ դուրս բերելով այն ցանկացած ճգնաժամից։