Տնտեսական զարգացման նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովումը, այլև տնտեսական աճի որակի բարելավումը։ Այս հիմնախնդիրը կարևորվել է դեռևս 20-րդ դարի 70-ական թվականներին՝ հատկապես զարգացած երկրների համար, երբ դրանց հետագա զարգացումը բախվեց էական սահմանափակումների՝ էքստենսիվ աճի պատճառով. «նավթային շոկերը» ստիպեցին արտադրողներին մտածել` անցում կատարելու էներգախնայող տեխնոլոգիաների, իսկ շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի մեծացումը հարկադրեց այդ երկրների կառավարություններին խստացնել բնապահպանական օրենսդրությունը: Ինչպես նշել է Ու. Ռոսթոուն, զարգացած երկրների տնտեսությունները լայն սպառման ապրանքների արտադրության փուլից անցում կատարեցին «կյանքի որակ փնտրելու» փուլին: Պարզ քանակական տնտեսական աճը մնաց հետին փուլում՝ զիջելով տեղը որակյալ աճին, և «աճի տեմպերի ապահովումն» ուղեկցվեց որակական շարժընթացներով:
Վերջին շրջանում տնտեսական զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ միայն աճի բարձր ցուցանիշը բավարար չէ ավելի լավ սոցիալական արդյունքների հասնելու համար։ Անցած մի քանի տասնամյակների ընթացքում զարգացող շատ երկրներ ունեցել են աճի բավականին բարձր ցուցանիշներ, սակայն նրանցից շատ քչերին է հաջողվել կրճատել աղքատության և գործազրկության մակարդակները։ Տնտեսական աճի ցուցանիշը տնտեսական համակարգի զարգացման միայն ծավալային, քանակական կողմն է։ Դրանով չի բնութագրվում բնակչության կենսամակարդակի և կենսապայմանների փոփոխությունները, թողարկվող արտադրանքի որակը և այլն։ Տնտեսական աճը պետք է լինի հայեցակարգային, որպեսզի պետությունը կարողանա դրանից առավելագույն օգուտ քաղել։ Այսինքն՝ կարևորը տնտեսական աճի որակն է, որը վերջերս շատ հաճախ է օգտագործվում տնտեսագետների կողմից։
«Աճի որակ» հասկացությունն այսօր ունի տարբեր մեկնաբանություններ։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի Աճի և զարգացման հանձնաժողովը 2008թ․-ին նշել է, որ աճի որակը կապված է արդարության, հնարավորությունների հավասարության, շուկայի պաշտպանության և գործազրկության մակարդակի կրճատման հետ։
Տնտեսական աճի որակը գնահատելու համար կիրառվում է աճի որակի ինդեքսը, որը թույլ է տալիս գնահատել, թե որքանով է աճը նպաստում աղքատության կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության կայուն զարգացմանը։ Ինդեքսի հիմքում ոչ միայն բարեկեցությունը բնութագրող ֆինանսատնտեսական ցուցանիշներ են, այլև այնպիսի որակական ցուցանիշներ, որոնք բնութագրում են բնապահպանության, քաղաքական ազատության, ինստիտուտների կայացման մակարդակները և այլն:
Տնտեսագիտական գրականության մեջ առաջարկվում է ցուցանիշների համակարգ, որը բնութագրում է տնտեսական աճի որակը: Այդ ցուցանիշներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման, գիտակրթական գործունեության, տնտեսական անվտանգության, բնապահպանության, առողջապահության, պարենային անվտանգության ապահովման, քաղաքական ազատության, ինստիտուտների կայացման, կյանքի բավարարվածության կամ երջանկության ապահովման, գործազրկության և աղքատության կրճատման մակարդակները և այլն։
Տնտեսական աճը կլինի որակյալ, եթե սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն բարձր արդյունավետությամբ։ Արտադրողական տնտեսությունը «խելացի աշխատող» տնտեսությունն է, այլ ոչ թե «շատ աշխատող» տնտեսությունը: Այսինքն՝ արտադրողական է այն տնտեսությունը, որը նոր տեխնոլոգիական լուծումների, գաղափարների և բիզնես մոդելների շնորհիվ կարողանում է արտադրել շուկայի պահանջներին համապատասխանող բարիքներ։
ՀՀ-ում տնտեսական աճի քանակական կողմը տարիներ շարունակ գերագնահատվել է (2002-ից 2007թթ․-ին ունեցել ենք երկնիշ աճ, միջինում՝ 13,1 տոկոս)։ Երկրի տնտեսական աճի կառուցվածքում որակական տեղաշարժերն ապահովվել են արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման շնորհիվ, բայց չնայած դրան՝ ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը ճկուն և արդյունավետ չէ, իսկ տնտեսության զարգացումը ոլորտային բնույթի է։ Տնտեսական աճը շարունակում են ապահովել առևտուրն ու ծառայությունները, իսկ ծառայությունների կազմում էական կշիռ ունեն բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները։
Այս առումով ժամանակի հրամայականն արտահանելի տնտեսության ձևավորումն է, և հետևաբար արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացումը, որոնցից են` տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, լեռնահանքային ոլորտը և թեթև արդյունաբերությունը:
Թեպետ տնտեսական աճի քանակական կողմը ՀՀ-ում դեռևս շարունակում է պահպանել իր առաջնահերթությունը՝ ինչպես զարգացող շատ այլ երկրներում, այնուամենայնիվ, մակրոտնտեսական հավասարակշռության և կայուն տնտեսական աճի ապահովման հիմնախնդիրների լուծումն անհրաժեշտ է որոնել քանակական ու որակական զարգացման միասնական տիրույթում։
Այսպիսով՝ տնտեսական աճի ապահովումը հիմնական մակրոտնտեսական նպատակներից է, բայց միակը չէ, հետևաբար՝ հարկ է այն համակցել մյուս նպատակների հետ, և եթե տնտեսական աճն անհրաժեշտ է, ապա դեռևս բավարար չէ: Դա նշանակում է, որ «նախ՝ քանակը, հետո՝ որակը» մոտեցումը պետք է փոխարինել ի սկզբանե դրանց համադրումով: