Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ պետական բյուջեի նախնական ամփոփ կիսամյակային ցուցանիշների մասին հաշվետվության համաձայն՝ ՀՀ պետական բյուջե 2019թ. հունվար-հունիսին մուտքագրվել են ավելի քան 713.3 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 50.8%-ը:
ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել են շուրջ 758.5 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 636.6 միլիարդ դրամ։ Եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 24.7%-ով կամ 149 միլիարդ դրամով:
Հարկային եկամուտների աճը պայմանավորված է գրեթե բոլոր հարկատեսակների աճով: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 233 մլրդ դրամ եկամտային հարկ՝ գրանցելով 38.5% աճ։ Շահութահարկի հաշվին մուտքերը կազմել են 166.1 մլրդ դրամ՝ գրանցելով 69․8% աճ նախորդ տարվա համեմատ։
Հարկերի և տուրքերի 36.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 262.2 մլրդ դրամ և 35.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 15.9 մլրդ դրամ շրջանառության հարկ, ինչը կազմել է հարկային եկամուտների 2.21%-ը և 72.2%-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: