Ֆրեդ Քենթի դպրոցահասակ թոռը, մտահոգված լինելով ազատ ձեռներեցության համակարգի սեւացման ներկա միտումներից, խնդրել էր պապին բացատրել, թե կարո՞ղ է արդյոք լինել շահույթ՝ առանց մեկնումեկի վաստակից խլելու։
(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Իմ սիրելի թոռնիկ։
Հարցիդ պատասխանեմ հնարավորինս պարզ։ Շահույթն այն ձեռնարկման արդյունքն է, որն ինչ-որ բան է ստեղծում ոչ միայն ձեռներեցի, այլեւ ուրիշների համար։ Եկ միասին տեսնենք, թե այս փաստն ինչպես է աշխատում հարյուր հոգուց բաղկացած նախնադարյան համայնքում, որի անդամներն օժտված են սոսկ այնքան բանականությամբ (եւ ոչ ավելին), որքան անհրաժեշտ է օրնիբուն չարքաշ աշխատանքի գնով կենսական նվազագույնն ապահովելու համար։
Լեռան ստորոտին բնակություն հաստատած մեր այս նախնադարյան համայնքին ջուր է անհրաժեշտ։ Բայց ջուր, լեռան գագաթից բխող մի աղբյուրից զատ, չկա, ուստի ամեն օր բոլոր հարյուրը ստիպված են լինում բարձրանալ լեռն ու իջնել, ինչը տեւում է մեկ ժամ։ Մարդիկ այդ ճանապարհը քայլում են կլոր տարի ամեն օր, մինչեւ որ նրանցից մեկն ի վերջո նկատում է, որ աղբյուրից բխած ջուրը հոսում է նույն ուղղությամբ, որով ինքն անցնում է իջնելիս, եւ նրա մոտ միտք է ծագում առու փորել լանջն ի վար՝ մինչեւ իր բնակատեղին։ Մարդը գործի է անցնում։ Մյուս իննսունինը նույնիսկ չեն էլ հետաքրքրվում, թե նա ինչով է զբաղված ամբողջ օրը։
Եւ ահա մի օր թիվ հարյուրերորդը լեռնային ակունքի մի փոքր մասն ուղղում է իր առվով, եւ ջուրը սկսում է հոսել լանջով ցած՝ լցվելով իր իսկ ձեռքով լեռան ստորոտում փորված ավազանը։ Եւ ահա նա դիմում է մնացյալ իննսունինին (որոնցից ամեն մեկն օրը մեկ ժամ ծախսում է ջուր կրելու վրա), որ եթե յուրաքանչյուրն իրեն բաժին հանի սեփական օրավաստակի տաս րոպեի արգասիքը, ապա կարող է ջուր վերցնել իր ավազանից։ Այսպիսով, օրական ստանալով մյուսների աշխատանքից ինը հարյուր իննսուն րոպե՝ նրան այլեւս հարկավոր չէ աշխատել տասնվեց ժամ շարունակ՝ նվազագույն կարիքները հոգալու համար։ Անշուշտ, սա հսկայական շահույթ է, սակայն մյուս կողմից՝ նրա ձեռնարկումը մյուս իննսունինին պարգեւել է օրական հիսուն հավելյալ րոպե, որը յուրաքանչյուրն արդեն կարող է տնօրինել ըստ ցանկության։
Մեր ձեռներեցը, էությամբ լինելով պրպտող, այժմ իր տրամադրության տակ ունի օրը տասնվեց ժամ, որի մի մասը ծախսում է լանջն ի վար հոսող ջրին նայելու վրա եւ նկատում, որ հոսանքը երբեմն-երբեմն քարեր ու փայտի կտորներ է տանում։ Սրանից ոգեշնչված՝ նա մշակում է ջրանիվ։ Հետո նկատում է, որ հոսքը նաեւ հզորություն ունի եւ, օրեր շարունակ մտմտալով ու գործելով, վերջապես հաջողացնում է այնպես անել, որ ջրանիվը ջրաղաց աշխատեցնի եւ աղա իր ցորենը։
Թիվ հարյուրերորդն ապա հասկանում է, որ արդեն բավարար կարողություններ ունի մյուս իննսունինի ցորենն աղալու համար եւս։ Ուստի, կանչում է բոլորին եւ ասում. «Ես թույլ կտամ ձեզ ցորեն աղալ իմ ջրաղացում, եթե ինձ վարձատրեք խնայած ժամանակի մեկ տասներորդ մասով»։ Մարդիկ համաձայնվում են, եւ ձեռներեցն ահա սկսում է հավելյալ շահույթ ստանալ։ Իննսունինի կողմից վճարվող ժամանակով նա ավելի տաք ու բարեկարգ տուն է կառուցում եւ կատարելագործում հարմարությունները՝ տեղադրելով նստարաններ, պատուհաններ եւ այլն։ Այս ձեւով էլ ահա կյանքն ընթանում է առաջ. թիվ հարյուրերորդը մշտապես նոր միջոցներ է գտնում իննսունինի ընդհանուր ժամանակածախսը նվազեցնելու համար՝ խնդրելով վճարել դրա մեկ տասներորդը իր ձեռնարկման դիմաց։
Այսպիսով, թիվ հարյուրերորդի ամբողջ ժամանակը վերջապես մնում է իրեն՝ օգտագործելու լիովին իր հայեցողությամբ։ Ցանկանա՝ կաշխատի, չի ցանկանա՝ չի աշխատի. սնունդը, կացարանն ու հագուստը ամբողջությամբ հոգում են մյուսները։ Նրա միտքը, սակայն, գործում է անդուլ, ինչի շնորհիվ մնացած իննսունինը գնալով ավելի ու ավելի շատ ժամանակ են ունենում իրենց տրամադրության տակ՝ օգուտ քաղելով նրա մտածելու եւ ծրագրելու կարողությունից։
Օրինակ, նա մի օր նկատում է, որ իննսունինից մեկը մյուսներից լավ է կոշիկ սարքում, եւ կազմակերպում է այնպես, որ այդ մարդն իր ամբողջ ժամանակը ծախսի կոշիկ պատրաստելու վրա, քանի որ ստացված շահույթով ինքը կարող է կերակրել, հագցնել եւ կացարան տրամադրել նրան։ Մյուս իննսունութն այլեւս ստիպված չեն իրենց համար կոշիկ պատրաստել։ Փոխարենը՝ վճարում են խնայած ժամանակի մեկ տասներորդ մասով։ Թիվ իննսունիներորդը եւս կարող է պակաս աշխատել, որովհետեւ իննսունութի կողմից վճարվող ժամանակի մի մասը թիվ հարյուրերորդը բաժին է հանում նրան։
Ժամանակի ընթացքում նկատվում է, որ անհատներից մեկ ուրիշն ավելի լավ հագուստ է կարում, քան մյուսներից որեւէ մեկը, եւ կազմակերպում, որ նա եւս իր ամբողջ ժամանակը նվիրի այդ արհեստին։ Եւ այսպես շարունակ։
Թիվ հարյուրերորդի հեռատեսության շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է աշխատանքի բաժանում, որը համայնքի ավելի ու ավելի շատ անդամների թույլ է տալիս զբաղվել այն գործով, որում իրենք լավագույնն են։ Յուրաքանչյուրն ավելի շատ ազատ ժամանակ է շահում, եւ, բացի ամենահիմարներից, ամեն ոք սկսում է հետաքրքրվել, թե ինչով են զբաղված մյուսները, եւ փորձում բարելավել սեփական կարգավիճակը։ Վերջնարդյունքում ամեն մարդ սկսում է գտնել իր ճշմարիտ տեղը խելացի հասարակության մեջ։
Ենթադրենք, սակայն, որ երբ թիվ հարյուրերորդը, ավարտելով լանջով իջնող ջրատարի կառուցումը, դիմում էր մնացած իննսունինին՝ ջուր առաջարկելով աշխատանքի տաս րոպեի վաստակի դիմաց, վերջիններս շուռ գային եւ ասեին. «Մենք իննսունինը հոգի ենք, դու՝ մենակ։ Կվերցնենք ինչքան կուզենք եւ քեզ էլ ոչ մի բան էլ չենք տա։ Իննսունինի դեմ խաղ չկա»։ Ի՞նչ տեղի կունենար։ Ամենապրպտող մտքի տեր անհատից կխլվեր այն խթանը, որը նրան դրդում էր կյանք կառուցել նախաձեռնող գաղափարների օգնությամբ։ Նա կհամոզվեր, որ խնդիրներ լուծելով ոչինչ չի շահի, եթե նորից ստիպված լինի շարունակել ամեն արթուն րոպեն ծախսել ապրուստ հայթայթելու վրա։ Արդյունքում, համայնքում ոչ մի առաջընթաց չէր լինի, եւ այն բթությունը, որ կար ի սկզբանե, կհարատեւեր։ Կյանքը բոլորի համար կմնար նույնքան չարքաշ, իսկ նվազագույնն ապահովելու վրա օրնիբուն ծախսված ժամանակից ավելին քաղելու հնարավորություն ոչ ոք երբեւիցե չէր ստանա։
Դիցուք, սակայն, իննսունինը չեն խոչընդոտել թիվ հարյուրերորդին իր մտորումներում ու ձեռնարկումներում, եւ համայնքը ծաղկում է։ Ենթադրենք նաեւ, որ շուտով կազմվում է հարյուր ընտանիք։ Երեխաների մեծանալուն զուգընթաց գիտակցվում է, որ հարկավոր է կենսական հմտություններ հաղորդել նրանց։ Եւ քանի որ համայնքում արդեն կա բավարար արտադրություն, հնարավոր է դառնում ոմանց դուրս բերել կենսագոյությունն ապահովելու գործից, վճարել եւ կարգել աշխատանքի՝ իբրեւ մատաղ սերնդի ուսուցիչների։
Նմանապես, գիտակցության զարգացմանը զուգահեռ, ընկալելի է դառնում բնության հմայքը։ Մարդիկ փորձում են կենդանիներ եւ տեսարաններ պատկերել նկարներում, եւ ծնվում է նկարչությունը։ Բնության ու մարդկային ձայներից ներշնչված՝ զարգանում է երաժշտությունը։ Հնարավորություն է ստեղծվում, որ նկարչության եւ երաժշտության մեջ հմուտ մարդիկ իրենց ամբողջ ժամանակը նվիրեն դրան՝ արդյունքը վաճառելով ուրիշներին՝ համայնքի ընդհանուր արտադրանքի մի մասի դիմաց։
Զարգացմանը զուգընթաց, համայնքի յուրաքանչյուր անդամ, իր նվաճումներից ինչ-որ բան տալով, հետզհետե ավելի մեծ կախվածություն է ձեռք բերում մյուսների ջանքերից։ Եւ եթե նախանձը, խանդն ու անարդար օրենքները չմիջամտեն սահմանափակելու համընդհանուր բարօրություն կերտող ազնիվ ձեռներեցներին, զարգացումը կլինի հաստատուն եւ խոստումնալից։
Կարիք կա՞ ավելին ասելու, որպեսզի ապացուցենք, որ ձեռնարկումը կարող է շահութաբեր լինել՝ առանց մյուսներից որեւէ բան խլելու, եւ որ այդպիսի ձեռնարկումները դյուրացնում են բոլորի կյանքը։
Այս սկզբունքները նույնքան գործուն են նաեւ Միացյալ Նահանգների պես մեծագույն պետության մեջ։ Նախաձեռնողականությունը սպանող եւ ազնիվ ձեռներեցին կաշկանդող ու ծնկի բերող օրենքները միայն դանդաղեցնում են առաջընթացը։ Ճշմարիտ շահույթից չպետք է վախենալ, քանի որ այն գործում է հանուն բոլորի բարօրության։
Մենք պետք է ջանանք կառուցել, այլ ոչ՝ քանդել ուրիշների կառուցածը, եւ պետք է արդար լինենք այլոց նկատմամբ, որովհետեւ հակառակ դեպքում աշխարհը չի կարողանա արդար լինել մեր նկատմամբ։
Սիրով՝
Պապիկ
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան