19-րդ դարում Սինգապուրը բրիտանական գաղութ էր, 1959 թ. հասավ ինքնավարման, իսկ 1965թ. դարձավ անկախ պետություն: Առաջին տարիները դժվար էին, քանի որ Սինգապուրը պայքարում էր գոյատևելու համար: Այսօր Սինգապուրն աշխույժ տիեզերական քաղաք է, որն ունի աշխարհի ամենաբարդ նավահանգիստներից և օդանավակայաններից մեկը, ինչպես նաև միջազգային ճանաչում ստացած կրթական համակարգ:
Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Անկախացումից ի վեր Սինգապուրում կրթական համակարգն անցել է զարգացման երեք փուլով: Առաջին փուլը «գոյատևմանն ուղղված» էր, որի նպատակն էր պատրաստել որակավորված աշխատողներ:
1960-ականների վերջին արդյունաբերականացումը պահանջում էր, որպեսզի Սինգապուրն ունենա բավարար չափով հմուտ և որակավորված աշխատողներ արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության համար: Արձագանքելով այս պահանջին՝ ակադեմիական կրթությունից շեշտը դրվեց տեխնիկական կրթության վրա, որը բնութագրվում է պոլիտեխնիկում հետբուհական միջնակարգ տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացմամբ:
Սա արտացոլում է կրթության կիրառական նպատակը՝ աշխատուժի համար անհրաժեշտ լեզվական և տեխնիկական հմտությունների միջոցով կրթել ուսանողներին: Մեկ այլ խոշոր բարեփոխում էր 1966 թ. երկլեզու քաղաքականության ներդրումը: Երկլեզվությունը Սինգապուրում որոշվում է ոչ թե որպես երկու լեզուների տիրապետում, այլ որպես անգլերենի տիրապետում (EL), որը ճանաչվում է որպես առաջին լեզու, և երկրորդ լեզվի՝ «Մայրենիի լեզվի» (MTL) տիրապետում: Սինգապուրի բոլոր ուսանողները պետք է դպրոցներում սովորեն երկու լեզու՝ անգլերեն (EL) և իրենց մայրենի լեզուն (MTL): Կառավարության կողմից երեք MTL է ընտրվել՝ չինարեն (CL)՝ չինացի ուսանողների համար, մալայերեն (ML)՝ մալայացի ուսանողների համար և թամիլերեն (TL)՝ հնդկացի ուսանողների համար (հնդկական հինգ լեզուներ այնուհետև ևս ավելացվել են): Անգլերենի՝ որպես առաջին լեզվի ընտրությունը պայմանավորված է պրագմատիկ նկատառումներով, քանի որ այն եղել և շարունակում է մնալ առևտրի, գիտության, տեխնոլոգիայի և միջազգային փոխհարաբերությունների լեզու: Այս խելացի քայլը Սինգապուրի ուսանողներին հնարավորություն և առավելություն տվեց աշխատանքի անցնել Ասիայում և մուտք գործել Արևմուտքի գիտության և տեխնոլոգիայի ոլորտ:
1970-ական թթ․ «գոյատևելու» էտապը փոխարինվեց «արդյունավետության վրա հիմնված» փուլով, որի նպատակն էր կատարելագործել կրթական համակարգը տնտեսության համար որակավորված աշխատողներ պատրաստելու համար: Այլ կերպ ասած՝ կառավարությունը նախագծեց տնտեսության տարբեր ոլորտներում աշխատուժի պահանջները և կրթում էր մարդկանց, որպեսզի այդ ոլորտներում աշխատանք կարողանան ստանալ: 1979թ. ԿԳՆ-ի կողմից հրապարակված զեկույցն ընդգծեց 1970-ականներին անարդյունավետության խնդիրը, որտեղ ուսանողների մոտ 20-30%-ը դուրս էր մնացել համակարգից, քանի որ նրանք չէին կարողանում սովորել երկու լեզու: Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր անցնում էին երկու լեզուները, պայքարում էին և արդյունավետ երկլեզու չէին: Զեկույցի եզրակացությունն այն էր, որ կրթական համակարգն «ունիվերսալ էր բոլորի համար» և ուղղված չէր տարբեր կարիքների ու կարողությունների ուսանողների պահանջներին: Զեկույցում առաջարկվում էր բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով ունակությունների վրա հիմնված հոսքեր տարրական 3-րդ դասարանի վերջում և ունենալ ուսումնական լրացուցիչ տարի միջնակարգ դպրոցների ամենաթույլ աշակերտների համար: Աշակերտները հիմնականում գնահատվում էին լեզուների տիրապետման և մաթեմատիկական ունակությունների մակարդակի հիման վրա և նախնական ու միջնակարգ դպրոցներում մասնակցում էին համապատասխան տարբեր դասընթացներին:
Հետագա կրթական փոփոխությունները ներդրվեցին 1980-ականների կեսերին՝ այդ տասնամյակի ընթացքում տնտեսական պայմանների փոփոխության պատճառով: 1980-ականների կեսերին Սինգապուրում տնտեսական անկման շրջան էր, որը ցույց տվեց, որ երկրի աշխատուժը ցածր կրթություն ունի ԱՄՆ-ի, Թայվանի և Ճապոնիայի համեմատությամբ: Արդյունքում, առաջարկվել է կատարելագործել մասնագիտական և արդյունաբերական վերապատրաստման ծրագրերը: Բացի այդ, փոփոխություններ կատարվեցին կրթության հոսքային համակարգում, որտեղ սովորողները տեղափոխվում էին տարբեր ակադեմիական խմբեր՝ հիմնվելով տարրական դպրոցում հանձնած քննության (PSLE) արդյունքների վրա: Բացի Էքսպրես, Հատուկ և Նորմալ (Ակադեմիական) հոսքերից, 1994թ.-ին ներդրվեց Նորմալ (Տեխնիկական) հոսք՝ հանրակրթական դպրոցների ամենաթույլ աշակերտներին սպասարկելու համար. նրանք սովորում էին հատուկ ուսումնական ծրագրով այնպիսի առարկաներ, ինչպիսիք են անգլերենը, մայրենի լեզուն, մաթեմատիկան, համակարգչային ծրագրերը և դրանց մակարդակում դասավանդվող տեխնիկական ուսումնասիրությունները: Այս սովորողները միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուղարկվում էին Տեխնիկական կրթության ինստիտուտ (ITE)՝ տեխնիկական հմտություններ ձեռք բերելու համար: Այս փոփոխությունները նշանակում էին, որ բոլոր աշակերտները կունենան առնվազն 10 տարվա կրթություն տարրական և հանրակրթական դպրոցներում՝ նախքան ուսումնական տարբեր ոլորտներում մասնագիտանալը:
Ներկայումս կառավարության համար կարևոր է նախակրթական հաստատություններում և դպրոցներում կրթության որակի բարձրացումը: Նախակրթական տարիքի երեխաները (4-6 տարեկան) որպես կանոն սովորում են գրագիտության և հաշվարկի հիմնական հմտությունները, ինչպես նաև երկու լեզու՝ անգլերեն և մայրենի լեզու: Վաղ տարիները շատ կարևոր են երեխաների համակողմանի զարգացման համար, և որակյալ նախադպրոցական կրթությունը հնարավորություն է տալիս երեխաներին կառուցել իրենց ինքնավստահությունը, սովորել սոցիալական հմտություններ և զարգացնել հակումն ուսման նկատմամբ: Արդյունքում, 1999թ. սկսած ԿԳՆ-ն բարելավել է նախադպրոցական կրթության որակը՝ կենտրոնանալով նախակրթական գիտելիքի որակի, արդյունքի, մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման ու որակավորման ստանդարտների բարձրացման և մանկապարտեզների նորմատիվ բազայի վերանայման վրա: Յուրաքանչյուր տարի ԿԳՆ-ն մեծացնում է նախակրթական հաստատություններում ներդրումների ծավալները:
Ընդհանուր առմամբ, Սինգապուրի կրթական համակարգի հաջողության պատճառները կարելի է խմբավորել երեք հիմնական յուրահատկություններում: Առաջին առանձնահատկությունը՝ դպրոցների և ծրագրերի տարբեր ձևեր առաջարկող կրթական համակարգն է: «Արդյունավետության վրա հիմնված» դպրոցներից անցումն «ունակությունների վրա հիմնված» դպրոցների վկայում է նախկինում միասնական, կոշտ և հիերարխիկ կրթության համակարգի փոփոխության մասին: Այժմ կան դպրոցներ, որոնք առաջարկում են Ինտեգրված ծրագիր (IP): Կան նաև մասնագիտացված դպրոցներ, որոնք կենտրոնացած են սպորտի, արվեստի, գիտության և մաթեմատիկայի ոլորտում տաղանդավոր ուսանողների վրա: Շեշտադրվում է ավելի շատ ուսանողների ամբողջական զարգացումը: Օրինակ՝ ավելի մեծ կշիռ է հատկացվում համակրթական ուսուցմանը, երբ սովորողների մոտ ներդրվում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ճկունությունը, թիմային ոգին և հնարամտությունը: Դպրոցների տնօրեններին տրված է ճկունություն և ինքնավարություն ավելի շատ սովորողներ ընդունելու համար՝ հիմնվելով դպրոցների սահմանած չափանիշների վրա: Սա կարող է ներառել ինչպես գիտական, այնպես էլ ոչ գիտական ստանդարտներ, ինչպիսիք են գեղարվեստական կամ սպորտային տաղանդը: Այս փոփոխության հետ կապված է լեզուների, մաթեմատիկայի և բնական գիտությունների քննության վրա հիմնված մոտեցումից անցումը կրթության ավելի լայն և ընդգրկուն տեսակին:
Երկրորդ՝ անհատական և միջառարկայական կրթության խթանման համար պարբերաբար վերանայվում են կրթական ծրագրերը, որոնք ավելի ճկուն են, քան նախկինում գործող կրթական ծրագրերը: Վերանայվում են նաև ուսումնական պլանը և գնահատման համակարգը՝ ապագայի համար անհրաժեշտ մտածողության և ուսուցման հմտություններն ավելի լավ զարգացնելու համար: Միջնակարգ դպրոցի աշակերտներին տրվում է իրենց դասավանդվող առարկաների ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նպատակն ընդգրկուն կրթություն ապահովելն է, որտեղ սովորողները ծանոթանում են տարբեր առարկաներին, ուսուցման ձևերին և կարող են հաջողության հասնել:
Երրորդ յուրահատկությունը վերաբերում է ուսուցչի դերին: Ուսուցիչները այլևս ոչ միայն փորձագետներ ու գիտելիք տարածողներ են, այլև անձինք, ովքեր ստեղծագործական և աշակերտակենտրոն գործունեության միջոցով հեշտացնում են ուսանողների ուսումը: Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության կարևոր նախաձեռնությունը դպրոցներին խրախուսելն է, որպեսզի ուսուցիչները ավելի լավ դասավանդեն՝ ներգրավելով աշակերտներին և պատրաստելով նրանց կյանքի համար, այլ ոչ թե դասավանդեն պարզապես ավելի շատ թեստեր և քննություններ հանձնելու համար: Բացի այդ, ԿԳՆ-ն կրճատել է նաև ուսումնական ծրագրի բովանդակությունը, որպեսզի ուսուցիչներն ավելի շատ ժամանակ ունենան ուսումն ավելի ներգրավված և արդյունավետ դարձնելու համար: Սա նաև նշանակում է, որ աշակերտներն ավելի շատ ժամանակ կունենան ուսումնասիրելու գիտության այն ոլորտները, որտեղ նրանք հետաքրքրված են: Այս բոլոր փոփոխությունները հնարավորություն են տալիս ուսուցիչներին բացահայտել, հարմարեցնել և մշակել համապատասխան մանկավարժություն՝ իրենց աշակերտների մեջ ստեղծագործ և քննադատական մտածողներ դաստիարակելու համար: Դասական քննական պրոցեսները, որոնք սթրես են առաջացնում աշակերտների համար, ևս փոփոխվում են:
Սինգապուրն առաջարկում է երիտասարդ ազգի լավ օրինակ, որը 50 տարվա ընթացքում աղքատ և թույլ երկրից իրեն հաջողությամբ վերածեց տնտեսապես և կրթությամբ զարգացած երկրի: Սինգապուրի հաջողության մեծ մասը պայմանավորված էր մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու և համաշխարհային մակարդակի կրթության համակարգ կառուցելու նախաձեռնությամբ: Սինգապուրում կրթությունը պետականաշինության շարժող ուժն է, որի միջոցով ստեղծվում է կոմպետենտ, հարմարվողական և արդյունավետ աշխատուժ՝ նպաստելով տարբեր էթնիկ խմբերի միջև սոցիալական համախմբվածության:
Սինգապուրի կրթական համակարգի ուժեղ կողմերից է երկլեզու քաղաքականությունը, լայնածավալ և ամբողջական ուսուցման համակարգը, ուսուցիչների որակի վրա կենտրոնացումը և դասարանում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ինտեգրումը: Ընդ որում, դպրոցները պետք է սերտորեն համագործակցեն ծնողների և հասարակության հետ:
Սինգապուրի կրթական համակարգն ուղղված է նրան, որպեսզի օգնի աշակերտներին և ուսանողներին բացահայտել իրենց տաղանդը, իրացնել իրենց պոտենցիալը և զարգացնել «կիրք» կրթության հանդեպ, որը տևում է ողջ կյանքի ընթացքում: