Մեր օրերում գոյություն չունի ավելի կայուն և ուժեղ հավատ, քան հավատը պետական ծախսերի նկատմամբ։ Դրանց հաճախ ներկայացնում են որպես «դեղամիջոց» բոլոր տնտեսական «հիվանդություններից»։ Մասնավոր բիզնեսը լճացման փուլու՞մ է։ Պետությունը պետք է օգնի նրան։ Գործազրկությունն աճու՞մ է։ Դրա մեղավորը ոչ բավական վճարունակությունն է։ Ուրիշ ի՞նչն է վատ վիճակում գտնվում։ Անհեթեթություն, մենք կավելացնենք պետական ծախսերը և կվերացնենք առաջացած «անսարքությունը» ։
Ամեն ինչի համար (չհաշված միայն բնության նվերները) պետք է վճարել։ Սակայն դեռևս չեն անհետացել այսպես կոչված տնտեսագետները, ովքեր անընդհատ հայտնագործում են ոչնչից ինչ-որ բան ստանալու սխեմաներ։ Նրանք համոզում են, որ կառավարությունը կարող է մեծացնել ծախսերը` չխստացնելով հարկային ռեժիմը, որ նա հանգիստ կարող է շարունակել վարկեր վերցնել և չմտածել դրանց մարման մասին, քանի որ մենք փոխառություն եք վերցնում հենց մեզնից: Այս դեպքում մենք պետք է հասկանանք, որ պետական ծախսերը պահվում են հարկային մուտքերից, որ ինֆլյացիան իրենից ներկայացնում է ամենավատ հետևանքներով հարկատեսակ և որ պետական ծախսերի յուրաքանչյուր դրամական միավոր մտնում է բյուջե հարկերի տեսքով։ Երբ մենք նայենք իրավիճակին այդ տեսանկյունից, պետական ծախսերի բոլոր «հրաշքները» կերևան մեր աչքին լրիվ այլ տեսքով։
Պետությանն իհարկե անհրաժեշտ է որոշակի գումար իր անմիջական գործառույթների իրականացման համար։ Հասարակական աշխատանքների որոշակի մասը (ճանապարհներին, փողոցներին, կամուրջներին, թունելներում, ռազմական ոլորտում, բնակարանաշինության ոլորտում, կարգ ու կանոնի պահպանման և հրշեջ անվտանգության համար) անհրաժեշտ է պետության կենսագործունեության ապահովման համար։ Մեզ չեն հետաքրքրում այն հասարակական աշխատանքները, որոնք գոյություն ունեն և գործունեություն են իրականացնում ինքնանպատակ կերպով։ Կարծում եմ՝ ավելի կարևոր է խոսել աշխատանքներից, որոնք ներկայացվում են որպես «զբաղվածության ապահովման» և հասարակության հարստացման միջոց։
Այսպես, կառավարությունը կառուցել է կամուրջ։ Եթե այն կառուցվել է հասարակական պահանջարկի բավարարման նպատակով, եթե այդ կամուրջն ի վիճակի է լուծել մինչ այսօր անլուծելի տրանսպորտային խնդիրը, եթե հարկատուները դրա կարիքն ավելի շատ ունեն, քան այլ ապրանքների, որոնք նրանք կարող էին ձեռք բերել հարկերի ձևով նրանցից վերցված միջոցներով, ապա ոչ մի առարկություն չկա և չի կարող լինել։ Սակայն կամուրջը, որը կառուցում են նոր լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու համար, լրիվ այլ կամուրջ է։ Երբ գլխավոր նպատակը դառնում է զբաղվածության ապահովումը, կարիքները մղվում են երկրորդ պլան։ Եվ այդ ժամանակ պետությունը սկսում է հորինել «նախագծեր»։ Կամրջի կառուցման անհրաժեշտ տեղը որոշելու փոխարեն, պետական միջոցների վատնողները սկսում են մտածել, որտեղ կարելի է այն կառուցել։ Ունեն արդյո՞ք նրանք ճշմարիտ հիմնավորումներ քաղաքի արևելյան և արևմտյան մասերի միջև լրացուցիչ կամուրջների կառուցման համար։ Իհարկե, այն էլ ինչպիսի՜ք։ Իսկ նրանց, ովքեր կասկածի տակ են դնում այդպիսի նախագծերի անհրաժեշտությունը, հաշված րոպեներում ազատում են պարտականությունների կատարումից ինչպես վնասատուների/մակաբույծների։
Առաջ են քաշվում կամրջի կառուցմանը կողմ երկու փաստարկ, որոնցից մեկը հաճախ բերվում է կառուցողական աշխատանքներից առաջ, մյուսը՝ ավարտից հետո։ Առաջին փաստարկը զբաղվածության ապահովումն է։ Կամրջի կառուցման համար կստեղծվի, ենթադրենք, 500 աշխատատեղ մեկ տարվա համար։ Շեշտը դրվում է այն բանի վրա, որ այլ հանգամանքներում այդ աշխատատեղերը չէին լինի։
Դա այն է, ինչ մենք տեսնում ենք։ Սակայն, եթե մենք բավական իրազեկ լինենք հետևանքները տեսնելու համար և տեսնենք, ով է ստանում անմիջական օգուտներ նախագծից, իսկ ով է կրում անուղղակի վնասներ, մեր առջև լրիվ այլ տեսարան կբացվի։ Աշխատողները, ովքեր մասնագիտացել են կամուրջների կառուցման գործում, իրականում կստանան լրացուցիչ պատվերներ։ Սակայն կամրջի կառուցման համար ծախսերը ծածկվելու են մեր և ձեր հարկային վճարումներից։ Կամրջի կառուցման համար ծախսված յուրաքանչյուր դրամը գումար է, որը ստացվել է հարկատուից։ Եթե նախագծի արժեքը 5 մլրդ դրամ է, ապա հարկատուները կկորցնեն նույնքան՝ 5 մլրդ դրամ։ Սակայն նրանք կարող էին այդ գումարները ծախսել այլ՝ իրենց համար ավելի անհրաժեշտ ապրանքների վրա։
Այսպիսով, կամրջի կառուցման համար մեկ պետական աշխատատեղի ստեղծումը բերում է մեկ մասնավոր աշխատատեղի վերացմանը ցանկացած այլ ճյուղում։ Մենք տեսնում ենք աշխատողներին, ովքեր զբաղված են կամրջի կառուցման գործում։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են նրանք աշխատում։ Պետական մարմինների հիմնավորումները դառնում են ակնհայտ և երևի թե համոզիչ բնակչության մեծամասնության համար։ Սակայն կան բաներ, որոնք մենք երբեք չենք տեսնելու, քանի որ, ցավոք, դրանց չի թույլատրվել իրականանալ։ Դրանք աշխատատեղերն են, որոնք վերացվել են հարկատուներից 5 մլրդ դրամ վերցնելու հետևանքով։ Լավագույն դեպքում այդպիսի «զբաղվածության ապահովումը» բերում է ըստ ճյուղերի աշխատատեղերի բաշխման շեղումների․ ավելի շատ շինարարներ նշանակում է ավելի քիչ մեխանիկներ, դերձակներ և ֆերմերներ։
Այժմ դիտարկենք երկրորդ փաստարկը։ Կամուրջն արդեն կառուցված է։ Ենթադրենք, որ այն գեղեցիկ է, այլ ոչ թե տգեղ։ Այն առաջացել է ոչնչից կախարդական փայտիկի շարժումով, այսինքն՝ պետական ծախսերի շնորհիվ։ Որտե՞ղ այն կլիներ, եթե հաղթեին «վնասատուները»։ Այն չէր լինի, և երկիրը կդառնար աղքատ մի ամբողջ կամրջի չափով։
Եվ նորից պետական միջոցների վատնողների փաստարկները լսարանին համոզում են կամրջի կառուցման անհրաժեշտությունը։ Մարդիկ չեն կարողանում տեսնել ավելին, քան երևում է անզեն աչքով։ Այո, նրանք տեսնում են կամուրջը։ Սակայն, եթե նրանք կարողանային հասկանալ ոչ միայն ուղղակի, այլ նաև անուղղակի հետևանքները, նրանք անկասկած կտեսնեին այն հնարավորությունները, որոնք չեն իրականացվել։ Նրանք կտեսենեին չկառուցված տներ, չարտադրված ավտոմեքենաներ և լվացքի մեքենաներ, չկարված հագուստներ, չաճեցված և չվաճառված ցորեն։ Չարտադրված ապրանքները տեսնելու համար պետք է ունենալ երևակայություն, որն ունեն ոչ բոլորը։ Նույնիսկ եթե մեզ հաջողվի պատկերացնել այս բոլոր գոյություն չունեցող ապրանքները, նրանք չեն կարող հիշողությունում մնալ այնքան երկար, որքան կամուրջը, որի կողքով մենք անցնում ենք յուրաքանչյուր օր։ Մեկ բան ստեղծվել է մյուսի փոխարեն՝ ոչ ավելին։
Քննարկվեց ընդամենը մեկ օրինակ, սակայն իրականում առկա են հարյուրավոր կարճաժամկետ անպետք նախագծեր, որոնց գլխավոր նպատակը «նոր աշխատեղ ստեղծելն» ու «մարդկանց աշխատանք տալն է», քանի որ այդ պարագայում նախագծերի անպետքությունը, ինչպես տեսանք, մղվում է հետին պլան։ Եվ որքան վատնող նախագիծ է, այնքան ավելի շատ աշխատուժ է անհրաժեշտ դրա համար և այնքան ավելի է այն համապատասխանում զբաղվածության ապահովման նպատակներին։ Այդպիսի պայմաններում փոքր է հավանականությունը, որ պետական ծախսերը կտան ավելի լավ արդյունք, քան բնակչության հնարավոր (այն գումարները, որոնք նրանք չեն տալու հարկերի տեսքով) ծախսերը։