Տնտեսագիտական գրականության մեջ ազատ շուկայական տնտեսական համակարգը բնորոշվում է որպես բացառապես առաջարկի և պահանջարկի ուժերով կարգավորվող համակարգ՝ առանց պետական որևէ միջամտության։ Գործնականում, այնուամենայնիվ, գրեթե բոլոր շուկայական տնտեսություններն ինչ-որ չափով կարգավորվում են պետության կողմից։ Եվ այն, թե ինչպիսին պետք է լինի պետության դերը շուկայական տնտեսությունում, տնտեսագիտության մեջ հանդիպող ամենակարևոր և ամենաբարդ հարցերից է։
Պետական տնտեսական քաղաքականության արդյունավետությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել այդ քաղաքականության ազդեցությունը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հատվածում, դրա առաջացրած ոչ միայն հիմնական, այլ նաև երկրորդական հետևանքները։ Նաև պետք է հաշվի առնել այդ հետևանքները ոչ միայն կոնկրետ խմբի, այլև ամբողջ հասարակության համար։ Եվ քանի որ պետական մարմինների կողմից այս դիտարկումները շատ հաճախ անտեսվում են, անհրաժեշտություն է առաջանում տարբեր միջոցներով բարձրաձայնել խնդրի մասին և տարբեր մատչելի օրինակների օգնությամբ փորձել բացատրել այն։
Ենթադրենք տնտեսության ինչ-որ «Ա» ճյուղ անկում է ապրում, և այդ ճյուղի ներկայացուցիչները դիմել են կառավարությանը այն «փրկելու» նպատակով։ Ըստ նրանց՝ դա կարելի է անել միայն գները բարձրացնելու, հարկային արտոնություններ կամ սուբսիդիաներ տրամադրելու միջոցով։ Եթե պետությունը չկանխի «Ա» ճյուղի անհետացումը, ապա այդ ճյուղի աշխատողները կհայտնվեն փողոցում։ Դրա հետևանքով նրանց գնողունակությունը կընկնի, որի արդյունքում մսավաճառները, հացթուխները, դերձակները, կինոթատրոնների և սրճարանների սեփականատերերը և այլոք կսնանկանան։ Տնտեսական ճգնաժամը կուղեկցվի անկման առաջանցիկ տեմպերով։ Իսկ եթե կառավարության որոշմամբ «Ա» ճյուղը փրկվի, ապա այդ ճյուղը ներկայացնող ընկերությունները կսկսեն սարքավորումներ ձեռք բերել այլ ընկերություններից, զբաղվածությունը կավելանա, և նոր աշխատողները կսկսեն գնել մսավաճառների, հացթուխների, դերձակների և այլոց ապրանքներն ու ծառայությունները։ Ազգային բարեկեցությունը կաճի ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։
Իրականում գոյություն ունեն «Ա» ճյուղի նման բազմաթիվ ճյուղեր։ Քաղաքական գործիչները պնդում են, որ արդյունաբերական այս կամ այն ճյուղի ստեղծումը և պահպանումը ռազմական անհրաժեշտություն է երկրի համար։ Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ հետևանքների է հանգեցնում նման ճյուղերի «փրկությունը»։
Ենթադրենք երկրի կառավարությունը որոշում է կայացնում «փրկել» «Ա» ճյուղը՝ սուբսիդիաներ տրամադրելու միջոցով (հանրության տեսանկյունից սուբսիդիաների գլխավոր առավելությունն այն է, որ հարստության վերաբաշխումը ոչ մեկից չի թաքցվում)։ Այս պարագայում հարկ վճարողները կկորցնեն ճիշտ այնքան, որքան սուբսիդիայի տեսքով կստանան «Ա» ճյուղի ընկերությունները և դրանց աշխատակիցները։ Հասկանալի է, որ «Ա» ճյուղի փրկությունը տեղի է ունենում այլ ճյուղերի հաշվին, քանի որ վերջիններս ստիպված են լինելու վճարել լրացուցիչ հարկեր, և դրանով պայմանավորված` նրանց շահույթը նվազում է, արդյունքում այդ ճյուղերում աշխատողների գնողունակությունն ընկնում է։ Այսինքն՝ «Ա» ճյուղի աճը տեղի է ունենում այլ ճյուղերում արտադրության ծավալների կրճատման հաշվին։
Բայց սուբսիդիաների տրամադրման ժամանակ ոչ միայն տեղի է ունենում եկամտի վերաբաշխում և այլ ճյուղերում արտադրության ծավալների կրճատում, այլ նաև (ինչը որ ամենակարևորն է և հենց դրանով է պայմանավորված ազգային հարստության զուտ կորուստները) կապիտալի և աշխատուժի արտահոսք այն ճյուղերից, որտեղ դրանք օգտագործվում էին բարձր արդյունավետությամբ, դեպի այն ճյուղեր, որտեղ դրանց օգտագործման արդյունավետությունն ավելի ցածր է։ Արդյունքում ազգային հարստության և բնակչության կենսամակարդակի աճի տեմպերը դանդաղում են։
Եթե «Ա» ճյուղը կրճատում է իր արտադրության ծավալները կամ անհետանում է մրցակցության պայմաններում, ապա ինչու՞ նրան միացնել «արհեստական շնչառություն»։ Այն, որ տնտեսական աճը պայմանավորված է տնտեսության բոլոր ճյուղերի միաժամանակ աճերով, ճիշտ չէ։ Որպեսզի նոր ճյուղերում արտադրության ծավալներն աճեն, պետք է որոշ հին ճյուղերում դրանք նվազեն, որովհետև նոր ճյուղերի զարգացման համար լրացուցիչ կապիտալի և աշխատուժի կարիք կա։
Եթե մենք նախկինում արհեստականորեն պահեինք կառքերով բեռնափոխադրումը, մենք կհետաձգեինք ավտոմեքենաշինության և առևտրի զարգացումը։ Դրանով մենք կդանդաղեցնեինք արտադրության աճը և կկանգնեցնեինք տնտեսական և գիտական առաջընթացը։
Բայց այսօր շատ կառավարություններ դեռ շարունակում են կիրառել նման մոտեցումներ, երբ փորձում են կանխել տնտեսության որևէ ճյուղի անկումը՝ այդ ճյուղի աշխատողներին և այդտեղ ներդրված կապիտալը «փրկելու» համար։ Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, տնտեսության զարգացումը ենթադրում է որոշ ճյուղերի անհետացում և նորերի զարգացում։ Ընդ որում` առանց առաջինի, երկրորդը չի կարող տեղի ունենալ։ Միայն այս դեպքում է հնարավոր հասարակության պահանջները և նոր ցանկությունները բավարարել ավելի որակյալ ապրանքներով և ծառայություններով ու ավելի բարձր մակարդակով։