Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտության՝ վերջին երկու տասնամյակում երկկողմանի առևտրային հաշվեկշիռներում (երկու երկրների միջև արտահանման և ներմուծման մեծությունների տարբերություն) փոփոխությունների մեծ մասը բացատրվում է մակրոտնտեսական գործոններով։ Դրանք ներառում են ֆիսկալ քաղաքականությունը, դեմոգրաֆիկական իրավիճակը և թույլ ներքին պահանջարկը։ Այս գործոնները կարող են ներառել նաև փոխարժեքի և ներքին առաջարկի ավելացմանն ուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են՝ պետական ձեռնարկությունների կամ արտահանող հատվածի սուբսիդավորումը։ Իսկ մաքսատուրքների (տարիֆների) փոփոխություններն ավելի քիչ ազդեցություն են ունեցել առևտրային հաշվեկշիռների վրա։
Արժույթի միջազգային հիմնադրամի՝ «Համաշխարային տնտեսության զարգացման հեռանկարները» 2019թ․ ապրիլի զեկույցում ներկայացված են երկկողմանի առևտրային հաշվեկշիռներում փոփոխությունների պատճառների քանակական գնահատականներ։ Մասնավորապես՝ դիտարկվում են մակրոտնտեսական գործոնների, մաքսատուրքերի ազդեցությունները, նպաստումները և թե ինչպես են երկրները կազմակերպում իրենց արտադրությունը (երկրների պահանջարկի և արտադրության ճյուղային կառուցվածքը)։ Այդ գործոնների նպաստումները ներկայացված են երկրների մի քանի զույգերի օրինակով՝ ԱՄՆ-Գերմանիա, Չինաստան-Կորեա, ԱՄՆ-Չինաստան։
Արդյունքները ցույց են տալիս, որ մակրոտնտեսական պայմանները կարևոր դեր են խաղում։ Օրինակ՝ մակրոտնտեսական գործոններին բաժին է ընկել 1995-2015թթ․ ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև առևտրային հաշվեկշռի փոփոխության մոտ 20 տոկոսը։ Այս գործոններին է բաժին ընկնում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հաշվեկշռի փոփոխությունների շուրջ 95 տոկոսը։
Մաքսատուրքերի փոփոխություններն ավելի քիչ ազդեցություն են ունեցել՝ արտացոլելով շատ երկրներում դրանց առանց այն էլ ցածր մակարդակը, ինչպես նաև այն, որ մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումն ունեցել է չեզոքացնող ազդեցություն երկկողմանի առևտրային հաշվեկշիռների վրա։ Առևտրային գործընկերոջ նկատմամբ երկկողմանի մաքսատուրքերի կիրառումը նույնպես անարդյունավետ է առևտրային ամբողջական անհավասարակշռության (այսինքն՝ տվյալ երկրի՝ իր բոլոր առևտրային գործընկերների հետ երկկողմանի առևտրային հաշվեկշիռների ընդհանուր մեծությունը) վերացման տեսանկյունից, քանի որ սպառողներն իրենց պահանջարկը պարզապես կբավարարեն այն առևտրային գործընկերների միջոցով, որոնք չեն առնչվում մաքսատուրքերի հետ։
Մակրոտնտեսական գործոնների համեմատ երկկողմանի առևտրի հաշվեկշիռների դինամիկայի վրա մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, բայց դա չի նշանակում, որ դրանք ազդեցություն չունեն։ Մաքսատուրքերի բարձրացումը հատկապես բացասական ազդեցություն կունենա արտադրության, աշխատատեղերի ու արտադրողականության վրա ոչ միայն այն երկրներում, որոնք կիրառել են և որոնց նկատմամբ կիրառվել են այդ մաքսատուրքերը, այլև մյուս երկրներում։ Միջազգային առևտրի գործող համակարգի ինտեգրված բնույթը ենթադրում է, որ մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը մյուս երկրների վրա նույնպես կազդի և կստեղծի շղթայական էֆեկտ՝ տարածվելով մի երկրից մյուսը, որը կբերի համաշխարհային տնտեսությունում իրավիճակի վատացման։
Մաքսատուրքերի և առևտրի ոչ սակագնային այլ խոչընդոտների (օրինակ՝ ներմուծման քվոտաների) բազմակողմանի նվազեցումը կնպաստի առևտրի զարգացմանը և երկարաժամկետ հատվածում կբարելավի տնտեսական արդյունքները։ Մաքսատուրքերի նվազեցումը բերում է արդյունավետության աճի՝ երկրներին հնարավորություն տալով զարգացնելու մասնագիտացումն իրենց համեմատական առավելություններին համապատասխան, ինտեգրվելու մատակարարումների շղթային և ավելացնելու օտարերկրյա ռեսուրսներին հասանելիությունը։
Այդ պատճառով քաղաքականություն մշակողները պետք է շարունակեն աջակցել ազատ և արդար առևտրի ընդլայնմանը՝ չեղյալ համարելով նոր մտցված մաքսատուրքերը և ավելացնելով ջանքերն առևտրի ոլորտում առկա խոչընդոտները կրճատելու ուղղությամբ։ Նրանք նաև պետք է խուսափեն քաղաքականություններից, որոնք վնասում են տնտեսությունը և առաջացում են անհավասարակշռություններ, ինչպիսիք են կառավարությունների կողմից լրացուցիչ ծախսերով տնտեսության խթանումը, երբ պահանջարկն արդեն մեծ է, կամ արտահանող ոլորտների մեծ ծավալներով սուբսիդավորումը։
Այսպիսով՝ երկկողմանի մաքսատուրքերի փոփոխություններն ունեցել են ոչ նշանակալի ազդեցություն երկկողմանի առևտրի հաշվեկշիռների դինամիկայի վրա, որն արտացոլում է ինչպես շատ երկրներում մաքսատուրքերի ցածր ելքային մակարդակները, այնպես էլ այն հանգամանքը, որ երկրների մեծ մասը կրճատել է մաքսատուրքերը միաժամանակ՝ ստեղծելով չեզոքության էֆեկտ առևտրի զուտ ծավալի համար։ Այնուամենայնիվ, մաքսատուրքերի մեծությունը երկկողմանի առևտրի հետ կապված ծախսերի կարևոր բաղադրիչ է, որը նպաստում է աշխատանքի միջազգային բաժանմանը և դրանով որոշում է փոփոխվող մակրոտնտեսական գործոնների ներգործությունը երկկողմանի առևտրի ու առևտրային հաշվեկշիռների վրա։