Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։
Ուրվականը համամարդկային է և հնամյա, սակայն Օսիրիսի նման հարակենդան, դարեր շարունակ նա մշտապես երիտասարդական ավյունով մարտնչում է հանրային գործառույթների ավելացման, վերաբաշխումների և հավասար քաղաքականության որևէ դրույթի դեմ։ Ինչպես իր ոխերիմ երկվորյակ կոմունիզմի ուրվականի դեպքում, այս գաղափարի դոմինանտությունը հասարակությունում հասցնում է վնասներ, որոնց վերականգնումը տասնամյակներ կարող է պահանջել։
Տվյալ դիսկուրսը Հայաստանում նոր չէ, սակայն դրա իրացումը հանրային քաղաքականության մեջ սկսել է բյուրեղանալ վերջին տարիներին։ Թեև իշխանությունն ունի գրեթե աննախադեպ մանդատ և վճռական քայլեր իրականացնելու ցանկություն, ցավոք, նախընտրական բանախոսության կարճ ժամանակահատվածը հնարավորություն չընձեռեց լիովին բացահայտել քաղաքական ուժերի ծրագրերի տնտեսական դրույթներն ամբողջությամբ և խորությամբ։ Կարելի է թերևս փաստել, որ ընտրությունն ուժերի միջև էր, և ոչ թե կոնկրետ տնտեսական և սոցիալական գաղափարների։ Այժմ, երբ արդեն կառավարության ծրագիրն է բյուրեղանում, երևի թե հարկ է ընտրական գործընթացից ավելի խորը քննարկել այդ դրույթները։
Մինիմալ պետության գաղափարն այժմ արծարծվում է հիմնականում երկու առումով՝ հարկերի նվազեցման և պետության ծախսերի կրճատման։ Անդրադառնանք երկուսին էլ։
Վերջին տարիներին չափազանց շատ է խոսվում Հայաստանում հարկերի անտանելի բեռի, պրոգրեսիվ հարկման անարդյունավետության վերաբերյալ (դրան վերագրելով ստվերը, արտագաղթը և այլն): Գրեթե ամենուր տնտեսական աճի աղբյուրների փնտրտուքն առաջին հերթին բերում է ամենապարզունակ լուծմանը՝ հարկերի նվազեցմանը (անկախ այն փաստից, որ տնտեսագիտական տեսությունների գերակշիռ մեծամասնությունը հարկերը չի համարում աճը խաթարող հիմնական գործոն)։ Այս լուծումը պարզ է, ցուցադրելի, միանգամից իրականանալի և չի պարունակում այն հետագայում կյանքի կոչելու հետևողական աշխատանք։
Հարկերի նվազեցման տարբեր մոտեցումներ արդեն կոնկրետ թիրախավորում են հասարակության այս կամ այն խմբերին։ Այդ խմբերը պարտադիր չէ, որ լինեն ամենահարուստը կամ կարիքավորը՝ որպես կանոն, դրանք ամենակազմակերպվածն են, որոնք կարողանում են իրենց ձայնն ավելի լսելի դարձնել և ձևակերպել հասարակությունում հարցի քննարկման օրակարգը։ Օրինակ, այս պահին ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է ժառանգության հարկի հարցը։ Եթե դրա ջատագովները տեսնում են այն որպես սոցիալական սանդուղքի ստարտի հավասար պայմանների ապահովում, ապա հակառակորդները դա ձևակերպում են որպես «մահվան հարկ», այն է՝ հարկ, որով հաջողակ անհատին պատժում են բնական և անխուսափելի պատահարի՝ մահվան դեպքում։ Սա, իհարկե, արտահայտում է ոչ այնքան հավերժ ճշմարտությունը, որքան ժամանակի ոգին։ Անցած դարում միջպատերազմական Անգլիայում, Խորհրդային միության օրինակը վարակիչ չդարձնելու և հանրային միասնականությունը պահելու նպատակով պահպանողականների և լեյբորիստների համատեղ կառավարությունները ժառանգության հարկն այնքան բարձր էին սահմանել, որ շատ արիստոկրատներ՝ ինքնաբերաբար ամրոցներ ժառանգելով, դրանք անմիջապես վաճառում էին, որ կարողանան հենց դրանք իրենց անցնելու հարկերը վճարել։ Անգլիայի կառավարությունն այն ժամանակ ժառանգության հարկի նպատակը ձևակերպում էր որպես սոցիալական մոբիլության ապահովման և հավասար հնարավորություններ ընձեռելու գործիք։ Նախագահ Թրամփը, սակայն, ժառանգության հարկը ձևակերպում է որպես «մահվան հարկ», և այժմ ամերիկյան դիսկուրսը պարբերաբար անդրադառնում է հարցին հաջողակ մարդկանց պատժելու տեսանկյունից։
Հայաստանում ևս այժմ լայն տարածում ունի տնտեսությունը հարկերի նվազեցումով խթանելու խնդիրը։ Երբեք չպնդելով, որ հարկային համակարգը Հայաստանում կատարյալ է և ենթակա չէ փոփոխության, հարկ է անդրադառնալ թե ինչ գին ենք վճարելու նման խթանման համար։ Եթե կա դրա հստակ գիտակցություն և հանրային համաձայնություն, ապա այն պետք է հետևողականորեն իրականացնել։ Սակայն, կարծում եմ, հարկ է քննարկել այդ դիսկուրսի ոչ միայն առաջնային (հարկերի իջեցումը կխթանի արդյո՞ք տնտեսությունը), այլև ավելի բարձր մակարդակները (դիսկուրսի մակարդակների խնդիրը այս հրապարակման խնդիրը չէ, ավելին` կարելի է կարդալ Հաբերմասի աշխատություններում, այստեղ միայն նշենք, որ դիսկուրսի ավելի բարձր մակարդակները արտահայտում են արժեքային այն համակարծությունները, որոնք համարում են տրված՝ օրինակ, մարդկային հավասար իրավունքները և այլն):
Առաջին հարցը, որ պետք է տանք, թե ի՞նչ չափի պետություն ենք ուզում։ Արդյոք համաձա՞յն ենք, որ տնտեսական աճի խթանման, գործազրկության նվազեցման համար այս պահին ամենակարևորը առանց որակական պահանջների խիստ կիրառման գործարար միջավայրի ստեղծումն է։ Դա միայն հարկերին չի վերաբերում։ Օրինակ, համաձա՞յն ենք, որ ցանկացած մեքենա հանրային տրանսպորտի (մասնավորապես, տաքսու համար) օգտագործվի։ Համաձա՞յն ենք, որ սննդի տեսչությունն ամեն մանրուքի հետևից չընկնի (սա իրականում ավելի բարդ հարց է, քանի որ կան միջազգային պարտավորություններ միասնական շուկայի տեսակետից)։ Համաձա՞յն ենք, որ փոքր բիզնեսի հարկային արտոնություններից օգտվի ոչ միայն ընտանիքի անմիջական աշխատանքային մասնակցություն ունեցող և փոքր շրջանառություն ունեցող բիզնեսը, այլև մի քանի վարձու աշխատող ունեցող փոքր սպասարկման կետ (խանութ, սրահ և այլն) ունեցող ձեռնարկատերը։ Ավելի լայն առումով, հարցը հետևյալն է՝ որո՞նք են կարգավորման այն նվազագույն պայմանները, որին բիզնեսը պետք է բավարարի գոյատևելու համար (հաշվապահ, սարքին տրանսպորտ, նոր լաբորատորիա և այլն): Երկարաժամկետ առումով մենք ուզում ենք, որ որակի բոլոր պայմանները (և դրանից բխող արտադրողականության որոշակի մակարդակը) բավարարվեն, քանի որ առանց նմանատիպ որակի չափորոշիչների, ոչ միայն մեր կյանքի հետագա որակն է հարցականի տակ, այլև հենց տնտեսական աճը՝ քանի որ մարդկային կապիտալի վերարտադրությունը կլինի շատ դժվար։ Ակնհայտ է, որ այդ որակին միանգամից չենք կարող հասնել, սակայն պետք է հստակեցնել այն արագությունը, որով շարժվում ենք դեպի այն։
Երկրորդը՝ արդյո՞ք Հայաստանում հարկերն իրապես ծանր են և պատժիչ (խոսքը չի վերաբերում դրանց կիրարկմանը), որ գործարարությամբ անհնար է զբաղվել։ Հաճախ այս առումով փաստարկներ են բերվում, որ օրենքի անհավասար կիրարկումը հնարավորություն չի տալիս կայանալու՝ արտոնյալ մրցակիցները ավելի մրցունակ են լինում։ Հուսով եմ, այս փաստարկը դեռևս որոշ ժամանակ չի շրջանառվի, և կարող ենք կենտրոնանալ քաղաքականության մշակման վրա։
Այս երկու պատասխանների համադրումից կարող ենք նաև հասկանալ թե ուր պետք է գնա հարկային բարեփոխումների վեկտորը և թե ինչպիսի պետական ապարատ կարող ենք ունենալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: