Նախկին իշխանությունների շրջանն այնքան փակուղային էր ու անհեռանկար, որ միշտ անպատեհ եմ համարել հեղափոխության շրջանում ձևավորված լիցքն ու այն կապիտալիզացնելու հնարավորությունը համեմատել նախկին փտած վիճակի հետ:
20 տարի լինելով դեղերի ներմուծման և իրացման ոլորտում, ղեկավարելով ամենախոշոր դեղ ներկրող ընկերություններից մեկը՝ պետք է արձանագրեմ՝ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը ավելի վատ է, քան երբևէ:
2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՜ մեծածախ, և՜ մանրածախ վաճառքով: Օրենքի այս դրույթն ընդունվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անձնական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով (տե՜ս հղումը՝ Ինչու են բզբզում դեղերի շուկան. գուշակիր «Մեղեդին» ):
Դրույթը փակուղու առաջ է կանգնեցնում բոլոր այն ընկերություններին, որոնք ունեն դեղատնային ցանց և միաժամանակ զբաղված են դեղ ներմուծելով: Այդպիսիք կազմում են շուկայի մոտ 70 %-ը: Մեր ընկերությունն էլ այս օրերին զբաղված է նախապատրաստվելով, որպեսզի նախ՝ առանձին-առանձին փակենք դեղատները, ապա զրոյից սկսենք վերալիցենզավորման նոր գործընթաց, որի ժամանակ, ի դեպ, հարկադիր պարապուրդի ենք մատնվելու:
Վերալիցենզավորման գործընթացը ենթադրում է ամեն դեղատան համար շուրջ 250 000 դրամ լրացուցիչ ծախս: Մեր ընկերության դեպքում՝ խոսքը 50 դեղատան մասին է:
Մանրածախ դեղատնային ցանց ունեցող ընկերություններն իրենց առևտրային գործունեությունը շարունակելու են նոր իրավաբանական անձի միջոցով, հետևաբար ապրանքային մնացորդների վաճառքի (տեղափոխման) ժամանակ առաջանալու են լրացուցիչ հարկային մեծ պարտավորություններ ԱԱՀ-ի մասով: Մեր ընկերության դեպքում խոսքը շուրջ 400 000 ԱՄՆ դոլարի/ մոտ 200 միլիոն դրամ/ մասին է, որն արհեստականորեն ստեղծված ծանրաբեռնվածություն է, քանի որ փաստացի իրացում, որպես այսպիսին, տեղի չի ունենում:
Իշխանափոխությունից առաջ, 2018-ի փետրվարին, հանդիպել էինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ քննարկելու ոլորտի խնդիրները, մինչ այդ էլ՝ վերոնշյալ խնդրի հետ կապված՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Երկուսն էլ միանգամից ընկալեցին խնդիրը, Կարապետյանն ասաց, որ սա արհեստական, ոչ մի հարց չլուծող դրույթ է, որը պետք է հանել: Ի դեպ, օրենսդրական նմանատիպ փոփոխություն տեղի էր ունեցել նաև 2012-ին՝ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքում, որով անմիջապես արտադրող կամ ներկրող կազմակերպություններին փաստացի արգելվել էր մանրածախ առևտրով զբաղվելը, ինչը մեկ տարի անց վերացվեց՝ հաշվի առնելով փոփոխության անարդյունավետ լինելը:
Լեգիտիմություն չունեցող այդ իշխանությունը գոնե փորձում էր վերանայել պարզունակ նման խնդիրները: Նոր իշխանությունները գերլեգիտիմության պայմաններում իրենց պարտավորված չեն զգում ոչ միայն լուծումներ տալ խնդիրներին, այլև գոնե ընկալել դրանք:
Մեկուկես տարի է՝ այս հարցը սառեցված էր:
Մեր առաջարկը նոր կառավարությանը՝ վերանայել «Դեղերի մասին» օրենքի այս անարդյունավետ դրույթը, չի ընկալվում՝ փոքր և միջին բիզնեսի մասին՝ իբր հոգ տանելու հիմնավորմամբ: Սա արհեստական հիմնավորում է, քանի որ «Դեղերի մասին» օրենքով սահմանվել է հատուկ դրույթ, որով մեծածախ ընկերությունը կարող է իր դեղատնային ցանցն աշխատեցնել այլ ընկերության միջոցով:
Դիմեցինք Առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով, որ գոնե լիցենզիա ունեցող դեղատներն ավտոմատ վերալիցենզավորվեն, որպեսզի չպարալիզացվի դեղատների աշխատանքը: Մեր այս առաջարկը չընդունվեց:
Այդքան բացատրելուց ու հիմնավորումներ ներկայացնելուց հետո իմաստ չունեցող, պարզունակ այս հարցը չընկալելուն այլ բացատրություն՝ բացի դիլետանտիզմից ու թշնամությունից, չի լինում գտնել:
Մյուս հարցը. 2019-ի փետրվարին ընդունված «Դեղերի մասին» օրենքից բխող ներմուծման նոր կարգն ավելի է վատթարացրել վիճակը:
Ավելի շատ խոչընդոտներ են դրվում՝ սահմանափակելով կենսական դեղերի օրինական շրջանառությունը, մեծացնելով ստվերային շրջանառությունը: Գրեթե ամեն օր իրավապահ մարմինները հայտնում են մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքերի մասին:
Դեղերի մասին ոչ պրոֆեսիոնալ, արգելելուն միտված, ծայրահեղ օրենսդրության պատճառով այլ շուկաների ու Հայաստանի գների միջև տարբերությունը, շատ դեպքերում, չափազանց մեծ է:
Նույն այդ օրենսդրության պատճառով նաև կենսական շատ դեղերի դեֆիցիտ է ստեղծվում, քանի որ օրինական ճանապարհով դրանք Հայաստան բերելն անհնար է: Սրանք են մաքսանենգության ավելացող դեպքերի պատճառները. ոմանք՝ չդիմանալով գայթակղությանը, ռիսկայնությունը հաշվի չառնելով՝ դիմում են մաքսանենգ միջոցների և բռնվում:
Բացի օրենսդրական խոչընդոտներից՝ ոչ պակաս պատուհաս է նաև Առողջապահության նախարարության և նրա ստորաբաժանման՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» աշխատանքը: Կոչված լինելով ստուգելու՝ դեղը ՀՀ-ում գրանցված է և թույլատրելու ներմուծումը, նրանք զբաղված են վարչական չարաշահումներով. ստեղծում են ամեն տեսակի մանրախնդիր արգելքներ, որպեսզի թույլ չտան դեղերը ներմուծել կամ, նվազագույնը, գոնե հնարավորինս ձգձգեն ներմուծումը: Եթե նախկինում նույն բանն անելով՝ ձգձգում էին միջինը 15 օր, այժմ հղում անելով ներմուծման նոր կարգին և օրենքին՝ նույնիսկ աշխարհի ամենահեղինակավոր արտադրողների դեղերի թույլտվությունը ձգձգում են միջինը 25 օր:
Ի դեպ, Վրաստանում ողջ այդ գործառույթը կատարում է մաքսային մարմնի տեսուչը մաքսազերծման ժամանակ՝ դեղերի գրանցված լինելը ստուգելով համապատասխան ռեեստրում: Եվ որևէ խնդիր երբեք չի առաջանում:
«Դեղերի փորձագիտական կենտրոնն» իր ստեղծման օրից, կեղծ դեղերի դեմ պայքարի մասին լուրջ տեսքով հայտարարություններ է անում, ստեղծում աշխատանքային բուռն գործունեության պատրանք: Իրականում՝ նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրոյին մոտ է, և այդ զրոյական ֆունկցիայով միլիոնավոր դոլարներ են աշխատում:
Այս աշխատաոճի հիմնադիրը դեռ Էմիլ Գաբրիելյանն էր, որի մեքենայություններից մեկը քաղաքի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցի չորսհարկանի շենքը յուրացնելն ու ինքն իր ղեկավարած պետական հիմնարկին վարձով տալն էր: Աշխատելու նույն ոճը այսօր էլ շարունակվում է և խրախուսվում նոր նախարարի կողմից:
Օրինական ներկրված դեղերի ներմուծումը մերժվում է՝ իբրև թե փորձաքննության արդյունքում, և սկսվում է մեր պայքարը հիերարխիկ ողջ շղթայով՝ սկսած փորձագիտական կենտրոնի փորձագետից, ներմուծման բաժնի պետով, փորձագիտական կենտրոնի պետի տեղակալով, Առողջապահության նախարարության դեղերի վարչության պետով՝ մինչև փոխնախար՝ հասկացնելու, որ իրենց մերժումն ապօրինի է: Սա էլ մի առանձին զզվացնող գործընթաց է, երբ մեկը մյուսի վրա է բարդում հարցը, միմյանց «պաս են տալիս», խուսափում են պատասխանել հեռախոսազանգերին …Որոշ դեպքերում՝ մեր համառությամբ հաջողության հասնում ենք, շատ դեպքերում էլ՝ ապարդյուն:
Եվս մեկ կարևոր խնդիր. հեղափոխությունից հետո արձանագրվում էր, որ նախկին իշխանության մասը կազմող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ը նույնպես մտել է օրինական դաշտ և աշխատում է հաշիվ-ապրանքագրերով: Այսօր ամեն ինչ վերադարձել է նույն վիճակին. նա աշխատում է, ինչպես աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Սա ազդակ է մյուս ընկերություններին՝ աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:
Սրանք դեղերի շրջանառության ոլորտում եղած կարևոր խնդիրներից մի քանիսն են միայն: Մեր մտահոգությունը ոչ միայն այն է, որ պետական մարմինները, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը, չեն կատարում իրենց աշխատանքը, այլ անբան են, հավես չունեն ինչ-որ լուրջ, համակարգային փոփոխություն ենթադրող խնդիր լուծել: Արվող քայլերն էլ արագ տպավորություն թողնելու նպատակով են՝ առանց հիմնավոր, լուրջ աշխատանքի: Լեգիտիմության պաշարը, որը տվել ենք իշխանություններին, առայժմ միայն մսխվում է՝ առանց վերականգնվելու:
Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր