Հայաստանի Հանրապետությունը մոտ 20 տարի է փորձում է կառուցել նորարարական տնտեսություն։ Թվում է, թե դա իրականացնելու համար ՀՀ տնտեսությունն ունի բավարար ներուժ, սակայն այսօրվա պատկերը հեռու է նորարարական տնտեսություն ունենալու իրականությունից։ Բայց դրա հետ մեկտեղ նորարարության զարգացումը ՀՀ տնտեսության՝ համաշխարհային շուկա մուտք գործելու և այնտեղ որոշակի դիրք զբաղեցնելու միակ հնարավորությունն է։ Արդյունավետ նորարական համակարգի ձևավորման համար օգտակար է միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Տրամաբանական կթվար, եթե ուսումնասիրեինք աշխարհի զարգացած երկրների փորձը, սակայն մեր երկրի և նման երկրների միջև առկա տնտեսական զարգացման տարբերությունները, քաղաքական, աշխարհագրական և այլ առանձնահատկություններ անհնար են դարձնում հզոր պետությունների փորձի ներդրումը։ Այս տեսանկյունից Իսրայելի տնտեսության ուսումնասիրությունն ավելի քան արդիական է և կարող է լավ օրինակ լինել մեր երկրի զարգացման համար։
Իսրայելը երիտասարդ պետություն է, որն անկախություն ձեռք է բերել 1948թ․-ին։ Այդ ժամանակից սկսած Իսրայելին հաջողվել է անցնել նշանակալի և տպավորիչ ուղի՝ դառնալով երկիր, որը շնորհիվ իր զարգացած տնտեսության, ռազմարդյունաբերության ու նորագույն տեխնոլոգիաների, ուժեղ բանակի և որ ամենակարևորն է` մարդկային մտավոր ներուժի օգտագործման, իր կամքն է թելադրում ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային հարաբերությունների հարթակներում:
Հին Իսրայելի տարածքում հրեաների համար նոր պետության ստեղծման գաղափարն ինքնին արդեն իսկ նորարարական էր։ Այս գաղափարի կրողներն էին Պաղեստին ներգաղթած առաջին հրեաները։ Նրանց հիմնավորվելուց հետո Պաղեստինում սկսվեց տեխնոլոգիական առաջընթացը, և նորագույն տեխնոլոգիաները ներթափանցեցին կյանքի բոլոր բնագավառներ։ Բավական է նշել, որ հայտնվեցին առաջին ավտոմեքենաներն ու ինքնաթիռները։ Այն, որ տնտեսության բոլոր ճյուղերը սկսում էին ձևավորվել զրոյից, հնարավորություն տվեց հրեաներին տնտեսությունն ամբողջությամբ վերազինել այդ ժամանակների նորագույն տեխնոլոգիաներով։
Այդ շրջանում մի կողմից ներգաղթյալներն աչքի էին ընկնում կրթության բավականին բարձր մակարդակով և նրանց թվում էին գիտնականներ ու ճարտարագիտության ակնառու ներկայացուցիչներ, ովքեր սեփական գիտելիքներից զատ ուշադիր հետևում էին արդյունաբերության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական վերջին նվաճումներին։ Իսկ մյուս կողմից տարբեր ոլորտներում կար փորձի պակաս կամ ընդհանրապես բացակայություն․ օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։ Այս ամենը հիմք էր նոր փորձարկումների, առանց որոնց անհնար էր զարգացնել նորարարությունը։
Իսրայելը հենց սկզբից հարևան երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություն չի ունեցել։ Ավելին՝ նրանք միշտ սպառնացել են երիտասարդ պետությանը։ Այդ պարագայում անհրաժեշտ էր մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ տնտեսական, քաղաքական և ռազմական գոյատևման համար։ Եվ տնտեսական զարգացման ռազմավարության կարևոր հիմնադրույթը դարձավ մեծ դժվարությամբ ձեռք բերված ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործումը։ Իսկ դա նորարարություն տանող ուղիղ ճանապարհ է։
Իսրայելի նորարական տնտեսության զարգացման առանձնահատկություններից էր այն, որ Պաղեստինի օգտակար հանածոներից ամբողջությամբ զուրկ լինելու փաստը գիտակցելով (բացառությամբ՝ պոտաշի, որն արդյունահանվում է Մեռյալ ծովից)՝ նորաստեղծ պետության քաղաքական էլիտան արագ եկավ այն եզրակացության, որ աշխատասեր ու խելացի մարդկային կապիտալն է այն միակ բնական ռեսուրսը, որին Իսրայելը լիարժեք տիրապետում է և որ այդ առավելությունն է պետք օգտագործել տնտեսության զարգացման համար:
Ակնհայտ է, որ երկարաժամկետ հատվածում նորարարության կայուն զարգացման համար անհրաժեշտ է ձևավորել երկրի ընթացիկ և ապագա կարիքներին համապատասխան կրթական համակարգ։ Հրեաներն այդ ուղղությամբ սկսել են աշխատել շատ վաղուց՝ անգամ մինչև պետականություն ունենալը (1948թ․-ին Պաղեստինի տարածքում արդեն իսկ գործում էին երեք բարձրագույն ուսումնական հաստատություններ)։ Իսրայելում բուհերը կարևոր դերակատարում ունեն նորարարական համակարգի զարգացման գործում և ակտիվորեն մասնակցում են նոր տեխնոլոգիաների արտադրության գործընթացին։ Գործնականում դա արտահայտվում է ակադեմիական ոլորտից նորարական տեխնոլոգիայի գաղափարի՝ արտադրական ոլորտ տեղափոխման ակտիվ և հաջող ընթացքով։
Իսրայելի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից նոու-հաուների առևտրայնացման գործընթացի էությունը հետևյալն է․ նախ բուհի կողմից ստեղծվում է ընկերություն, որտեղ հեղինակները ներկայացնում են իրենց նախագիծը, ապա մասնագետները գնահատում են դրա գիտական արժեքը և առևտրայնացման ներուժը, լիցենզավորում են այն, ստեղծում են դրա բիզնես-մոդելը և ապագա արտադրանքի առաջխաղացման սխեման։ Դրան կից բացվում է առևտրային կառույց գործարար ներկայացուցիչներով, որտեղ ընկերությունը ներդնում է իր մտավոր սեփականությունը, իսկ բիզնես գործընկերը ֆինանսավորում է այն։ Նոր ձեռնարկությունը մուտք է գործում շուկա և արտադրանքի հաջողության դեպքում եկամտի տեսքով որոշակի գումար է վճարում գաղափարը ստեղծողներին։ 20-րդ դարի կեսին Իսրայելում համալսարանների նորարարական գործունեությունը տեխնոլոգիաների առևտրայնացման հետ համատեղ ընդհանուր առմամբ նոր պարադիգմ էր տնտեսական աճի ապահովման համար։
Իսրայելի նորարական տնտեսության զարգացման մյուս կարևոր առանձնահատկությունն այն էր, որ հասարակության և հատկապես նրա գիտատեխնիկական ներուժը մեծ մասամբ ուղղվել է գյուղատնտեսության զարգացմանը։ Ընդունված է ենթադրել, որ այն հասարակություններում, որտեղ գերիշխում է գյուղատնտեսական արտադրությունը, համարվում են նախաարդյունաբերական։ Ընդ որում՝ հենց հողագործությունն էր ընկած Սիոնիզմի շարժման հիմքում։ Իրենց նորագույն տեխնոլոգիաներից բացի հրեաները նաև մշակել էին գյուղատնտեսական գործունեությունն իրականացնելու նոր մոտեցումներ։ Իսրայելում անգամ անապատներում, որոնք զբաղեցնում են ամբողջ երկրի տարածքի 60 տոկոսը, և որտեղ ապրում է բնակչության ընդամենը 10 տոկոսը, տարվա ընթացքում երեք անգամ բանջարեղենի ցանքս են կատարում ու բերք ստանում: Այստեղ հաշվարկված է հողի յուրաքանչյուր կտորը, ջրի յուրաքանչյուր կաթիլ նախատեսված է բույսերի համար և անիմաստ չի ծախսվում։ Այդպիսի անապատային տարածքների ամենամեծ առավելությունն արևային էներգիայի օգտագործումն է:
Ինչ վերաբերում է Իսրայելի տնտեսության զարգացման գործում պետության միջամտությանը, ապա այն հանդես է եկել որպես «ճկուն խթաններ ունեցող» գործակալ, այլ ոչ թե «հրամանատար»։ Պետությունն ակտիվ միջամտել է հայրենադարձների տեղավորման, կադրերի պատրաստման, ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ֆինանսավորման և այլ նմանատիպ միջոցառումների իրականացմանը։ Իսրայելի իշխանությունները չէին պլանավորում արդյունաբերության ռազմավարական ճյուղերի զարգացումը՝ թիրախավորելով կոնկրետ ապրանքատեսակի շուկա, ինչպես նաև տարբեր շուկայական և ոչ շուկայական մեթոդներով չէին ստիպում մասնավոր հատվածին մուտք գործել այնտեղ։ Փոխարենը, պետությունը կենտրոնացել էր տեխնոլոգիական հնարավորությունների լայն շրջանակի ստեղծման վրա՝ խրախուսելով մասնավոր գործակալներին աշխատել տեխնոլոգիապես ինտենսիվ ոլորտներում՝ համագործակցելով միմյանց և պետության հետ:
Այսպիսով՝ Իսրայելը հայտնի է զարգացած նորարական տնտեսության կայացած կառուցվածքով, որն ունի մի քանի առանձնահատկություններ։ Առաջինն ազգային նորարարական համակարգի զարգացման գործում պետական ճկուն միջամտությունն է։ Պետական կառույցները խթանում են նորարարության զարգացումը, սակայն չեն հանդիսանում երկրի նորարական համակարգի կենտրոնական օղակը։ Երկրորդ՝ երկրում ձևավորվել է գիտության ոլորտից արդյունաբերության ոլորտ տեխնոլոգիական գաղափարների փոխանցման արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մշտապես մատակարարել նոր, երբեմն իսկապես առանձնահատուկ գաղափարներ, որոնք ունենում են նշանակալի շուկայական հեռանկարներ:
Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, օգտագործելով մարդկային կապիտալի ներուժը, հասնել նշանակալի նվաճումների տնտեսության զարգացման գործում։