Այսօր ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ գումար հատկացրեց` ավելացնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերի ծրագրային ցուցանիշները 105.0 մլն դրամով:
Ներկայացվող ենթածրագրերn ուղղված են զբոսաշրջության ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում։
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացման նպատակով հավելյալ 90.0 մլն ՀՀ դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային միջոցառումների իրականացմանը:
Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում՝ Ռուսատանում, Վրաստանում և Չինաստանում։
Նախատեսվող ենթածրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը, ապահովել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն և կտրուկ ավելացում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խթանել տարածքային համաչափ զարգացմանը և նպաստել լրացուցիչ ֆինանսական մուտքերի ներգրավմանը ՀՀ պետական բյուջե։
Ծրագրի միջոցով նախատեսվում է նաև նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի` կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ: Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար ահրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև վերջիններս կդիտարկվեն նաև որպես զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման նոր միջոցներ։