(թարգմանությունը www.fee.org կայքից)
McDonald’s-ը վերջերս հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու տեղական, նահանգային և ֆեդերալ մակարդակներով նվազագույն աշխատավարձի բարձրացման դեմ լոբբիստական գործունեությանը։ Սպասարկման ոլորտի աշխատողների միջազգային միությունը, բնականաբար, ողջունեց այդ քայլը։
Միության նախագահ Մերի Քեյ Հենրին գրավոր հայտարարության մեջ նշել է․ «Միասնական լինելով և գործի անցնելով՝ 15 դոլարի համար պայքարող խիզախ աշխատողները և Միությունը ստիպեցին McDonald’s-ին՝ աշխարհի երկրորդ ամենամեծ գործատուին, վերջ տալ իր անխիղճ ընդդիմությանը և վճարել ավելի բարձ աշխատավարձ»։
Գուցե՞ տիկին Հենրին պետք է ավելացներ «այս պահին» տերմինը, երբ խոսում եր McDonald’s-ի՝ որպես աշխարհի առաջատար գործատուի կարգավիճակի մասին։
Մեքենասարքավորումների ա՞ճ
Վերջերս աղջկաս հետ այցելեցի McDonald’s նախաճաշելու։ Հաճախորդների սպասարկման սրահում ոչ ոքի չտեսնելուց հետո պատի վրա նկատեցի ինչ-որ գերժամանակակից թվային կրպակ։
Ես նախկինում երբեք չէի օգտագործել նման թվային կրպակ սնունդ պատվիրելիս, բայց ինձանից ընդամենը 90 վայրկյան պահանջվեց պատվերս գրանցելու համար։ Մեքենան տպեց իմ անդորրագիրը, որը մոտեցրեցի վաճառասեղանին։ Ես քաշեցի իմ կրեդիտ քարտը և վերջ, գործարքն ավարտվեց։ Այդ ժամանակ չէի կարծում, որ առավոտյան իմ այդպիսի փորձը լինելու էր արագ սննդի ապագան։
Հաջորդ տարի McDonald’s-ը հայտարարեց, որ մինչև 2020 թվականն իր ավելի քան 14 000 սրահներում կներդրվեն ինքնասպասարկող թվային կրպակներ։
Սա անսպասելի նորություն էր։ Ինձ համար զարմանալի էր, որ արագ սննդի ցանցերը սկսեցին կրճատել իրենց աշխատուժն այս հայտարարությունից հետո։ Տվյալները ցույց են տալիս, որ McDonald’s-ը 2013-2018թթ․ ընթացքում կրճատել է իր աշխատողների թվաքանակը 50 տոկոսով՝ 440 000-ից 210 000՝ չնայած նրան, որ այդ ընթացքում աշխարհում բացվել են McDonald’s-ի հազարավոր սրահներ։
Արագ սնունդ և աշխատուժի գին
Մարդիկ, ովքեր պայքարում են նվազագույն աշխատավարձի բարձրացման դեմ, հաճախ չեն գիտակցում, որ այս տեսակ օրենքները բիզնեսի վրա ունենում են տարբեր ազդեցություններ։ Ե՛վ Facebook-ը, և՛ McDonald’s-ը խոշոր ընկերություններ են։ Բայց Facebook-ի վրա, որտեղ միջին տարեկան աշխատավարձը 240 000 դոլար է, նվազագույն աշխատավարձի բարձրացումն ավելի քիչ ազդեցություն կունենա, քան՝ McDonald’s-ի վրա, քանի որ կառաջանա աշխատուժի գնի և աշխատավարձի միջև անհամապատասխանություն։
Պետք է նկատել, որ McDonald’s-ում կրճատումները սկսեցին 2014թ․-ից, երբ ուժի մեջ մտավ «Հասանելի բժշկական օգնության մասին» օրենքը։ Դա պատահականություն չէր։ Պատահականություն չէր նաև թվային կրպակների ներդրումը, որն արժեցավ 2,4 միլիարդ դոլար։ Սա մեծ գումար է, բայց այն ունի երկու կարևոր առավելություն․
1. միանվագ և մնայուն է
2. կանխատեսելի է։
Ի տարբերություն աշխատուժի գնի՝ թվային կրպակների ներդրման դեպքում McDonald’s-ն անհանգստանալու կարիք չի ունենա, որ քաղաքական գործիչների կողմից այդ ծախսերը կկրկնապատկվեն։
McDonald’s-ի ղեկավարության՝ աշխատողների թվաքանակը կտրուկ կրճատելու որոշումը խելամիտ էր։ Աշխարհի ամենամեծ արագ սննդի կազմակերպությունը շարունակում է իր արդյունավետ գործունեությունը՝ ապահովելով եկամուտների երկնիշ աճ (14 տոկոս՝ 2018թ․-ին), բայց ի՞նչ կարելի է ասել աշխատողների մասին։
Ավտոմատացումը վա՞տ է
Շատերը բողոքում են, որ ավտոմատացումը «սպանում է» աշխատատեղերը։ Սա ճիշտ չէ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ավտոմատացումը փոխարինում է որոշ աշխատատեղեր այլ աշխատատեղերով։ Տնտեսագետ Յ․ Բրոզեն 1965թ․-ին Վաբաշի քոլեջում ավտոմատացման մասին իր դասախոսության ժամանակ այս երևույթի մասին ասել է ․
«Ավտոմատացումն առաջացնում է տեղափոխություն։ Դրա պատճառով որոշ մարդիկ դառնում են գործազուրկ, սակայն շատ ընկերություններ վերապատրաստում են աշխատողներին և ստեղծում նոր աշխատատեղեր հնի փոխարեն։ Այնուամենայնիվ, ավտոմատացումը չի առաջացնում գործազրկություն։ Աշխատանքը կորցրած մարդկանց թիվն ավելի փոքր չէր լինի, եթե ավտոմատացում չլիներ»։
Պարադոքսալ է թվում, երբ պնդում են, որ ավտոմատացումն առաջացնում է տեղափոխություն, բայց չի առաջացնում գործազրկություն։ Շատ հետազոտություններ շեշտադրում են կոնկրետ անհատի գործազրկության փաստը՝ որպես այս երևույթի արդյունք։ Դրանք սխալ են, քանի որ մյուս կողմից չեն շեշտադրում այն մարդուն, ով ավտոմատացման շնորհիվ գտել է աշխատանք։ Նրանց չի հաջողվել հասկանալ, որ ավտոմատացումն առաջացնում է ոչ թե գործազրկություն, այլ տեղափոխություն։
Սա չի նշանակում, որ որոշ աշխատողներ չեն տուժի տեղափոխության արդյունքում։ Ցածր որակավորում ունեցող աշխատողներն, ըստ Բրոզենի, անհամաչափ են տուժում նվազագույն աշխատավարձի արհեստական միջոցներով բարձրացման դեպքում։ Իհարկե լավ է, որ այս եղանակով ցածր որակավորում ունեցող աշխատողների կշիռն ընդհանուր աշխատուժի մեջ կրճատվում է։ Հակառակ դեպքում գործազրկության խնդիրը կլիներ ավելի լուրջ, քան այն կա՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումները։ Ավտոմատացման մասին «ահազանգողներն» ասում են, որ ԱՄՆ-ում մշտապես ճնշված դաս է զարգանում։ Եթե կա այդպիսի դաս, ապա դա պայմանավորված է օրենսդրությամբ, այլ ոչ թե ավտոմատացմամբ։ Քիչ տնտեսագետներ կարող են չհամաձայնել, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման մասին տարբեր օրենսդրական որոշումներից ամենաշատը տուժում են ցածր որակավորում ունեցող աշխատողները։ Ըստ Ֆրիդմանի՝ այդպիսի որոշումներից ամենաշատը տուժում են դեռահասները։
2018թ․-ին Forbes-ի հոդվածում McDonald’s-ի նախկին աշխատակիցներից մեկը գրել էր, որ եթե փորձեր այսօր ընդունվել աշխատանքի, ապա կազմակերպությունը նրան չէր ընդունի։ Նա 1966թ․-ին ընդունվել է McDonald’s աշխատանքի առանց փորձի ու հմտությունների և ստացել է 85 ցենտ 1 ժամվա համար։ Ընդամենը 1 տարվա ընթացքում նա դարձել է ռեստորանի մենեջեր, իսկ դրանից հետո զբաղեցրել է կազմակերպության բոլոր հնարավոր պաշտոնները։
Այդ աշխատակիցն Էդ Ռենսին է՝ McDonald’s-ի նախկին գլխավոր տնօրենը։
Թարգմանությունը՝ Լուսինե Մուրադյանի