Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448,000.0 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր և 28000.0 հազ. դրամի չափով Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծում: Համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնել և ստեղծել գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնել գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, օպտիմալացնել գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը:
Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։