(Թարգմանությունը www.fee.org կայքից)
Փողի զանգվածի ավելացումը
Հասկանալի է, որ յուրաքանչյուրը կցանկանա տեսնել իր անձնական դրամական միջոցների աճը: Դա, ակնհայտորեն, անհատին կդարձնի ավելի հարուստ: Սակայն, արդյոք իմաստ ունի ենթադրել, որ եթե ամբողջ հասարակության դրամական զանգվածը մեծանա, ապա հասարակությունը ավելի բարեկեցիկ վիճակում կլիներ:
Բերենք տնտեսագետ Մյուրրեյ Ռոթբարդի սիրելի օրինակը` «Գաբրիել Հրեշտակը» հրաշքով մեկ գիշերում տասնապատիկ բազմապատկեց բոլորի դրամական միջոցները: Արդյո՞ք ամբողջ հասարակությունը կարթնանա հարուստ: Եթե այդպես է, ապա դա հրաշալի լուր է, քանի որ կառավարության մեր «հրեշտակներն» ունեն նույն ուժը: Այսինքն, եթե «շատ փողը» ամբողջ հասարակությունը դարձնում է հարուստ, կառավարությունը կարող է հարստացնել յուրաքանչյուրին պարզ պետական հայտարարությամբ: Օրինակ, կառավարությունը մեծացնում է փողի ծավալը` ստիպելով մարդկանց իրենց դրամական հաշիվներում ունեցած գումարների վրա ավելացնել մեկական զրո: Վերջիվերջո ցավալի է, որ բոլորը չեն կարող համակարգիչ գնել: Որոշ մարդիկ ունեն 1 դոլար: Իրավիճակը մեղմելու համար, կառավարությունը կարող է խնդրել ավելացնել երեք զրո: Այս դեպքում բոլորը առնվազն 1000 դոլար ունեն, և կարող են ձեռք բերել նոր համակարգիչ: Բայց ինչու՞ կանգնել ձեռք բերածի վրա: Ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ անձնական ինքնաթիռ: Այս դեպքում ինչու՞ չավելացնել այնքան զրո, որպեսզի բոլորը կարողանան ունենալ այն, ինչ ցանկանում են:
Ճշմարտություն ինֆլյացիայի մասին
Ակնհայտ է, որ վերոնշյալ դատողությունների շղթայում ինչ-որ բան այն չէ: Ցույց տալու համար` որն է խնդիրը, իրականացնենք հետևյալ մտավոր փորձը:
Պատկերացրեք, սենյակը, որտեղ դուք գտնվում եք, ամբողջ աշխարհն է, և համաշխարհային տնտեսությունն այդ սենյակում է: Սենյակի մակերեսը հասանելի հողն է: Ձեր առջև գտնվող իրերը հիմնական միջոցներն են, այնպիսին, ինչպիսին գործիքները (մատիտներ), գործարանները (սեղաններ): Ուրիշ օբյեկտներ են սպառողական օբյեկտները, այնպիսիք, ինչպիսիք սնունդը (սեղանին դրված պոնչիկը), կենցաղային տեխնիկան (հեռախոսներ) և տները (այլ սեղաններ): Եվ մենք` այդ սենյակի մարդիկ, տնտեսական սուբյեկտներն ենք: Բոլոր ռեսուրսները պատկանում են սենյակի մեջ գտնվող մարդկանց: Եվ յուրաքանչյուր մարդ ունի փող: Ենթադրենք՝ սա դրամական համակարգն է, և ձեր սեղանին դրված թուղթը ձեր համակարգչի էկրանն է, որը ցույց է տալիս ձեր հաշվի մնացորդը: Ենթադրենք՝ բոլորդ ունեք 1 մլն դոլար: Գրեք թղթի վրա 1 և վեց հատ զրո: Այժմ բոլորդ ձեր դրամական միջոցների վերջում միաժամանակ ավելացրեք մեկական զրո: Այժմ նայեք շուրջը: Արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է: Արդյո՞ք սենյակի մակերեսը մեծացել է, այսինքն՝ ավելացա՞վ ցանելու, ապրելու և արդյունահանելու համար նախատեսված հողի մակերեսը: Ավելացա՞ն արդյոք գրիչները (գործիքները) կամ սեղանները (գործարանները և տները): Մենք դարձա՞նք ավելի խելացի կամ ուժեղ որպես աշխատողներ:
Մտածելով այս հարցերի շուրջ` ակնհայտ է, որ դրամական զանգվածի ավելացումը հասարակությանը չի դարձնի ավելի բարգավաճ, քանի որ այն չի մեծացնելու կամ բարելավելու մարդկանց հասանելի օգտագործվող և արտադրվող «իրերը»:
Սակայն նշեմ, որ իրական կյանքում ինֆլյացիան այդքան համաչափ չի լինում: Որոշ մարդիկ «նոր փողերը» ավելի շուտ են ստանում: Մեկ սեղանի շուրջ նստածները, ենթադրենք, այդ «արտոնյալներն» են: Այս դեպքում, եթե միայն նրանք ավելացնեն մեկական զրո իրենց դրամական միջոցների վրա, կավելանա՞ արդյոք սպառվող կամ արտադրվող «իրերի» քանակը: Իհարկե, դեռևս՝ ոչ: Հասարակությունն ընդհանուր առմամբ ավելի հարուստ չէ: Բայց արդյո՞ք այդ «արտոնյալներն» ավելի հարուստ են «նոր փողերի» պատճառով: Չկա մերժում: Այժմ նրանք տասն անգամ ավելի շատ փող ունեն, քան մյուսները և տասն անգամ ավելի շատ, քան հակառակ դեպքում կունենային: Սակայն հարստանալ նշանակում է, որ նրանք կարող են ստանալ ավելի շատ իրական «իրեր»: Եվ եթե, ինչպես մենք ցույց տվեցինք, «նոր փողերը» չեն ստեղծում ավելին, ապա նրանք չեն կարող ստանալ ավելին, եթե մյուսները չստանան ավելի քիչ: Այսպիսով, կառավարության կողմից ստեղծված գնաճը նշանակում է հարստության վերաբաշխում: Այս զրոներով խաղը պարտվել-հաղթել իրավիճակ է՝ ի տարբերություն ազատ շուկայում իրադարձությունների, որոնք հաղթել-հաղթել է: Պարտվողը փաստորեն հարկվում է կառավարության կողմից հաղթողի համար:
Այդ դեպքում ո՞վ է պարտվողը: Ո՞վ է ստանում ավելի քիչ «իրեր»:
Հաղթողներ և պարտվողներ
Այժմ պատկերացրեք, «ոչ արտոնյալներից» որևէ մեկը ցանկանում է գնել բնակարան: Այդ նույն բնակարանը ցանկանում է գնել «արտոնյալներից» որևէ մեկը: Այս դեպքում երկուսն էլ տան համար մրցակցային հայտ են ներկայացրել: Հասարակ մարդը հավանել է այդ բնակարանը և կարող է վճարել միայն 50,000 դոլար: «Արտոնյալը» այդքան չի հավանել բնակարանը և դա նրա համար կլինի լրացուցիչ տուն հյուրերի համար: Սակայն նա ունի փող և նա կարող է վճարել 60,000 դոլար, որն ավելի շատ է, քան կկարողանար վճարեր, եթե դրամական ներհոսք չունենար: Նրա հայտն ընդունվում է և նա ստանում է բնակարանը:
Ո՞վ է պարտվել ինֆլյացիայի պատճառով: Հասարակ մարդը, ով չկարողացավ ձեռք բերել բնակարան: Ո՞վ հաղթեց` «արտոնյալը»: Կարծես թե պետությունն իր ինֆլյացիոն քաղաքականությամբ ձեռք մեկնեց և վերաուղղորդեց բնակարանը, որը հակառակ դեպքում «կգնար» դեպի հասարակ մարդը: Էլ ո՞վ հաղթեց: Բնակարան վաճառողը, ով 10,000 դոլար ավել ստացավ, քան կստանար հակառակ դեպքում: «Նոր փողերը» բարձրացնում են վաճառվող ապրանքի գինը հօգուտ վաճառողի: Նշանակու՞մ է արդյոք, որ կախված նրանից՝ ինչքան են «նոր փողերը» գնում դեպի տնտեսություն, բոլորի կողմից վաճառվող ապրանքների գների բարձրացման հաշվին կշահեն բոլորը: Դա անհնար է, քանի որ հիշեք, «նոր փողը» չի ավելացնում կամ բարելավում հասարակության ռեսուրսները: Սա դեռևս զրո ավելացնելու խաղ է:
Այսպիսով, եթե մարդիկ ցանկանում են, որպեսզի բնակարանի սեփականատերը հաղթի, ո՞վ համաչափորեն կկորցնի:
Բնակարանի սեփականատերը շահում է, որովհետև «նոր փողերը» նրան հասել են ավելի շուտ, քան բարձրացել են իրերի գները, որոնք նա գնում է: «Նոր փողերն» ուշ ստացողների համար նրանց կողմից վաճառվող իրերի գները (օրինակ, իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձը) բարձրանում են միայն նրանից հետո, երբ նրանց կողմից գնվող իրերի գները բարձրանում են ավելի շատ:
Այսպիսով, ինֆլյացիան հարստության վերաբաշխում է «ուշ ստացողներից», ովքեր հարկվում են «վաղաժամկետ ստացածներին» աջակցելու համար:
Իհարկե, կառավարությունը հենց առաջին ստացողներից մեկն է, ուստի նա գնաճի հիմնական շահառուներից մեկն է:
Ինֆլյացիան (որոշվում է որպես գների ընդհանուր մակարդակի բարձրացում) հարկում է նաև խնայողությունները (քանի որ նրանց անվանական մնացորդը նույնն է, մինչդեռ անվանական գներն աճում են) և վերաբաշխում է իրենց հարստությունը պարտապաններին (քանի որ անվանական եկամուտն աճում է, իսկ անվանական պարտքը մնում է անփոփոխ):
Իհարկե, կառավարությունները աշխարհի ամենամեծ պարտապաններից են, հետևաբար նրանք ևս շահում են:
Կողոպտողը և գրպանահատը
Ի՞նչ տեղի կունենա, եթե այդ վերաբաշխումները կատարվեն սովորական ճանապարհով՝ հարկերի և սոցապահովության վճարների միջոցով: Ի՞նչ տեղի կունենա, եթե վերոնշյալ կորուստ ունեցողներից յուրաքանչյուրին ուղարկվեր հարկային հաշիվ:
Ամենամեծ պարտապաններից են ոչ միայն կառավարությունը, այլև բարձր լևերեջով ներդրողները, ովքեր հույս են դնում ապագա ինֆլյացիայի վրա:
Ներքին եկամուտների կոմիտեն (The Internal Revenue Service), վերջիվերջո, նման է գողի: Դուք տեսնում եք, որ կառավարությունը պահանջում է փող և հավաքում է այն: Դուք տեսնում եք գողի դանակը, և ավելի հավանական է, որ դուք փորձեք պաշտպանվել նրանից:
Դաշնային պահուստային համակարգը (The Federal Reserve) մյուս կողմից նման է գրպանահատի: Նրա հարկումը շատ ավելի նենգ է: Եթե դուք նման հոդվածներ չեք կարդում, դուք նույնիսկ չեք տեսնում նրա ձեռքը ձեր գրպանում:
Բնակարանի աճուրդի պարտվողը, ով կարծում է՝ «Ավելի բարձր գին առաջարկեցին, քան ես, և չկարողացա ձեռք բերել բնակարանը», երբեք չի պատկերացնում, որ դա անում է կառավարությունը:
«Նոր փողերի» ուշ ստացողը, ով մտածում է՝ «Իմ աշխատավարձը չի հասնում վարձավճարի և ապրանքների գների հետևից: Դժվար ժամանակներ են», երբեք չի պատկերացնում, որ դա կառավարության մեղքն է:
Խնայողը, ով ժամանակավորապես չի աշխատում ոտքի վնասվածքի պատճառով, մտածում է․ «Ես ծախսում եմ իմ խնայողություններն ավելի արագ, քան մտածում էի» և երբեք չի պատկերացնում կառավարության դերն իր դժվար դրության մեջ:
Դա մեթոդ է, որով ժամանակակից կառավարությունը կարողանում է ըստ իր ցանկության, անհիմն կերպով իրեն և իր «ընկերներին» վերագրել հասարակության հարստության հսկայական գումարները: Ամերիկացիները հիմնականում անհանգստացած չեն, երբ ենթարկվում են մեծ մասշտաբների այնպիսի «կողոպուտի», ինչպիսին 2008թ.-ին: Անշուշտ, նրանք մի քիչ անհանգստացած են նրանով, որ կառավարությունը, հնարավոր է, իզուր է ծախսում հարստությունը, որը հավաքագրել է նախորդ հարկերի միջոցով: Բայց քանի որ ֆինանսավորումն իրականցվում է փող տպելու և ոչ թե կանոնավոր հարկման միջոցով, մարդիկ պատկերացում չունեն՝ ինչքան մեծ ծախսեր են կրում նոր մասսայական նվազեցումներն իրենց սեփական հարստությունից:
Հենց այս պատճառներով հայտնի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսն ասել է, որ «ինֆլյացիոն քաղաքականությունն ամենածայրահեղ հեղափոխական ինստիտուտն է աշխարհում»: Ամեն օր նոր փող է ստեղծում, որով Դաշնային պահուստային համակարգն ազդում է շարունակական արիստոկրատական տնտեսական հեղափոխության վրա, հանգիստ կլանելով ժողովրդի հարստությունը: Ավելին, սա մեզ անուղղակիորեն դարձնում է ավելի աղքատ՝ «պարգևատրելով» պետական շահառուներին արդյունավետ արտադրողների հաշվին և հավերժացնելով տնտեսապես կործանարար բիզնես ցիկլը:
Դրամական միջոցների վերահսկողությունը հասարակության պահեստի բանալին է, որը կառավարության ձեռքում է:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի