(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Բեջամին Ֆ. Ֆեյրլես, Ելույթ Փենսիլվանիա նահանգի Առեւտրի պալատի 35-րդ տարեկան ժողովին (22 հոկտեմբերի, 1952թ.)
Կառլ Մարքսը հիմնովին մերժել է երկրի վրա գոյություն ունեցող միակ տնտեսակարգը, որում բանվորներին հնարավորություն է տրված ձեռք բերելու, վերահսկելու եւ ուղղակիորեն կառավարելու արտադրական ձեռնարկությունները։ Եւ Մարքսի հետեւորդների համար որքան էլ սա ցնցող հնչի, այդ համակարգը կապիտալիզմն է։
Այստեղ՝ Ամերիկայում, սեփականությունն անդադար անցնում է մի ձեռքից մյուսը, քանի որ խոշորագույն եւ կարեւորագույն արտադրությունների սեփականության իրավունքը վաճառվում է ամեն օր, փոքր մասնաբաժիններով, ֆոնդային բորսայում։ Ուստի եթե այս երկրում բանվորներն իսկապես ցանկանում են տեր դառնալ արտադրամիջոցներին, սա կարող են անել շատ պարզ ձեւով։
Դրա համար կարիք չկա զենքի ուժով գրավելու իշխանությունը, կարիք չկա նույնիսկ ընտրություններ հաղթելու։ Պետք է միայն մեկ բան՝ ազատ շուկայում գնել այն կորպորացիայի բաժնետիրական դրամագլուխը, որը ցանկանում են ունենալ իբրեւ սեփականություն, ճիշտ այնպես, ինչպես բազում տասնամյակներ շարունակ արել եւ անում են միլիոնավոր այլ ամերիկացիներ։
Պատկերացնում եմ, թե ինչպես ոմանք կասեն՝ «Օ՜, տեսականորեն սա հրաշալի է, բայց գործնականում, իհարկե, անհնարին։ Բանվորների ոչ մի խումբ երբեք չի կարող գնել այսօրվա մեր ունեցած բազմամիլիոնանոց կորպորացիաները»։
Այս հարցին հետամուտ՝ վերջերս մի շատ պարզ թվաբանություն արեցի։ Արդյունքը ձեզ գուցե թվա նույնքան ապշեցուցիչ, որքան եւ ինձ։ Արդի շուկայական գներով՝ U.S. Steel կորպորացիայի բանվորները կկարողանան գնել դրա՝ շրջանառության մեջ մտցված սովորական բաժնետոմսերի ամբողջ ծավալը նույնքան հեշտորեն եւ նույնքան էժան, որքան քիչ ավելի թանկ ավտոմեքենա գնելիս։
Մենք մոտ 300,000 աշխատող ունենք։ Եւ սա, իհարկե, միայն պողպատագործները չեն, այլ բոլորը՝ ներառյալ ինձ։ Միահամուռ ուժերով նրանք կարող են գնել կորպորացիայի՝ շրջանառության մեջ մտցված սովորական բաժնետոմսերի ողջ ծավալը՝ հայթայթելով յուրաքանչյուրն ընդամենը 87 բաժնետոմս, ինչը ներկայիս գնով կազմում է 3,500 դոլարից պակաս։ Այժմյան աշխատավարձի պարագայում միջին պողպատագործն այդ գումարը վաստակում է մոտ տասն ամսում։
Տասը դոլար
Ներդնելով յուրաքանչյուրը շաբաթական 10 դոլար (իսկ դա մոտ այնքան է, որքան մեր բանվորները ստանում են իբրեւ հավելավճար ռոճիկի վերջին բարձրացման արդյունքում)՝ U.S. Steel կորպորացիայի աշխատողները յոթ տարուց պակաս ժամանակում կարող են գնել շրջանառության մեջ մտցված սովորական բաժնետոմսերի ամբողջ ծավալը եւ, բացի համեմատաբար փոքր ֆիքսված գումարի, որը վճարվում է որպես շահաբաժին արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, նրանք օրինական իրավունք կունենան ստանալու ամբողջ այսպես կոչված «ուռճացված շահույթը», որի մասին այդքան լսել են։ Վախենամ, սակայն, որ այդ պահին իսկ նրանք դեմ առնեն անչափ հիասթափեցնող մի անակնկալի. ներկայիս տոկոսադրույքով՝ 87 բաժնետոմսի տարեկան շահաբաժինն ընդամենը 261 դոլար է։
Սակայն U.S. Steel-ը վերահսկելու համար աշխատողները կարիք չեն ունենա գնելու յուրաքանչյուրը 87 բաժնետոմս. հարկ է ընդամենը ձեռք բերել այն մասնաբաժինը, որով կապահովեն ձայների մեծամասնություն։ Դրանից հետո կկարողանան ընտրել սեփական տնօրենների խորհուրդը, աշխատանքից ազատել ներկայիս ղեկավար կազմը, իմ փոխարեն նշանակել իրենց նախագահին եւ բիզնեսը վարել սեփական քմահաճույքի համաձայն։
Բայց նախքան այս հեռանկարով անչափ ոգեւորվելը, այնուամենայնիվ զգուշացնեմ, որ այս ամենով հանդերձ նույնիսկ՝ նրանք, միւենույն է, չեն դառնա իրենց տերը, քանի որ ամերիկյան յուրաքանչյուր բիզնեսի տերուտիրականը դրա հաճախորդներն են։ Եւ եթե այդ հաճախորդները գոհ չլինեն ապրանքի որակից ու գնից, չեն լինի ո՛չ բիզնեսը, ո՛չ աշխատատեղերը։ Բայց եթե նոր սեփականատերերը հաջողեցնեն գոհ ու երջանիկ պահել իրենց հաճախորդներին, կարող են վարվել ինչպես ցանկանան։
Եթե ամերիկացի բանվորները երբեւէ իսկապես տեր դարձած լինեին մեր արտադրամիջոցներին, բոլորս շատ արագ կսովորեինք որոշ պարզ ու հիմնարար տնտեսական ճշմարտություններ, որոնք զարմանալիորեն հասու չեն դարձել հսկայական թվով մարդկանց։ Բոլորս կհասկանայինք, որ սեփականատիրոջ եւ բանվորի միջեւ եկամտի բաշխման շուրջ անվերջ հակամարտությունն ամենամեծ եւ կատարելագույն անմտությունն է։
U.S. Steel կորպորացիայի ընդհանուր գումարից, որը բանվորներն ու սեփականատերերն անցյալ տարի բաշխել են իրար միջեւ, ավելի քան 92 տոկոսն ուղղվել է աշխատողներին, եւ միայն 8 տոկոսից պակասն է բաժին հասել սեփականատերերին։ Այդուհանդերձ, այս փոքր մասնաբաժինը, որը գնացել է սեփականատերերին, «վարձույթի» այն ամբողջ վճարն է հենց, որը մենք նրանց վճարել ենք միլիարդավոր դոլարներ արժեցող գործարանների, հնոցների ու սարքավորումների համար, որոնք շահագործել ենք պողպատ արտադրելիս։ Չլինեին այդ հարմարությունները, մեր ո՛չ մի բանվոր, անշուշտ, ո՛չ մի պողպատ էլ չէր արտադրի։
Ապշեցուցիչ փաստ
Դիցուք, բանվորները վերցնում են այն ամենը, ինչ սեփականատերերը ստանում են այս գործիքների շահագործման դիմաց, եւ ենթադրենք, որ նրանք հիմնովին եւ առհավետ սրբում-տանում են բոլոր հնարավոր շահաբաժինները։ Հարց՝ որքա՞ն կստանա նրանցից յուրաքանչյուրը։ Պատասխան՝ օրական մեկ դոլարից էլ պակա՛ս։ Սակայն այդ միջոցին դա կկործանի ընկերությունը, կփոշիացնի աշխատատեղերը, անսահման վնաս կբերի ազգային տնտեսության հսկայական սեկտորի եւ կզրոյացնի այն խնայողությունները, որոնք ավելի քան 275,000 ամերիկացիներ ներդրել են մեր բիզնեսում։
Եւ հանուն ինչի՞, յուրաքանչյուրին շաբաթական երեք բլոկ ծխախոտի՞…
Ամերիկյան բանվորները երբեք չեն բարելավի իրենց կենսամակարդակը՝ ճանկելով այն նվազ մասնաբաժինը, որը ստանում է սեփականատերը։ Նրանք իրենց դիրքը կբարելավեն միայն ավելի շատ արտադրելով, քանի որ եթե արտադրենք ավելի մեծ քանակով բարիքներ, ապա ավելի շատ կունենանք դրանից՝ մեր միջեւ կիսելու համար, իսկ եթե արտադրենք պակաս, պակաս կլինեն ե՛ւ կիսելիքը, ե՛ւ ապրուստի միջոցները։
Սա է, ահա, հարցի պարզ՝ տնտեսական ճշմարտությունը։ Ավելի լավ ապրելու համար մենք պետք է ավելին արտադրենք, բայց արտադրությունն ինքնին ոչ թե ընդհարման, այլ թիմային աշխատանքի արգասիք է։ Հնարավոր չէ արտադրել որեւէ բան՝ օրավուր կռվելով եւ ատելով միմյանց, քանի որ այդպես սոսկ կործանում ենք ինքներս մեզ։ Արտադրության լիակատար մակարդակի կկարողանանք հասնել միայն երբ սկսենք գիտակցել, որ բանվորի եւ սեփականատիրոջ շահերը հակադիր չեն միմյանց, այլ՝ նույնական, եւ որ ամերիկյան ձեռնարկատիրության պայմաններում անհնարին է, որ մեկը երկար ժամանակ բարգավաճի, քանի մյուսը տառապում է։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան