Պետական ծախսերի և տնտեսական աճի փոխազդեցության գնահատումը մշտապես եղել և շարունակում է մնալ տնտեսագետների և քաղաքական գործիչների քննարկման առաջնահերթ խնդիրներից մեկը:
Որոշ տնտեսագետների կարծիքով որքան մեծ է կառավարությունը և որքան բարձր են պետական ծախսերի մակարդակը, այնքան ավելի շատ խոչընդոտներ են ստեղծվում տնտեսական աճի համար, քանի որ ռեսուրսները տնտեսության արտադրողական հատվածից անցնում են պետությանը, որը դրանք օգտագործում է ավելի քիչ արդյունավետությամբ: Այսպես` պետության կողմից ծախսված յուրաքանչյուր մեկ դրամ նշանակում է տնտեսության արտադրողական ճյուղից վերցրած մեկ դրամից ավելի: Իսկ պետության ընթացիկ ծախսերի ավելացումը ենթադրում է հետագայում ավելի բարձր հարկային դրույքաչափեր։
Մյուս կողմից պետությունը լուծում է այնպիսի խնդիրներ, որոնցից էապես կախված է շուկայական համակարգի արդյունավետությունը: Անվտանգության ապահովումը, սեփականության իրավունքի պաշտպանությունն ու պայմանագրերը կատարելու պարտադրանքը խթանում են բիզնես միջավայրը: Հակամենաշնորհային օրենքներն ուժեղացնում են մրցակցությունը: Դպրոցները խթանում են մարդկային կապիտալը: Ճանապարհները, կամուրջները և այլ ենթակառուցվածքները նպաստում են ձեռնարկատիրական գործունեությանը: Մատչելի, բարձրորակ մանկապարտեզների առկայությունը բարձրացնում է ծնողական զբաղվածությունը, որի արդյունքում փոքրանում է նպաստառու երեխաների քանակը: Հիվանդանոցները, սպառողների, երեխաների իրավունքների պաշտպանությունը և այլն բարելավում են բնակչության բարեկեցությունը:
Իսկապես, տնտեսությունը չի կարող լինել ավելի բարեկեցիկ առանց պետության առկայության, սակայն կա որոշակի սահման, որից հետո պետության ցանկացած միջամտություն` հարկերի հավաքագրման և ծախսերի իրականացման միջոցով, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Իսկ ո՞րն է այդ սահմանը:
Չնայած այս ուղղությամբ կատարված բազմաթիվ տեսական և էմպիրիկ վերլուծությունների՝ արդյունքում հիմնախնդրի վերաբերյալ չի հաջողվել ձևավորել մեկ միասնական մոտեցում։ Այնուամենայնիվ, հասարակության զարգացմանը զուգահեռ պետությունների կողմից իրականացվող գործառույթների շրջանակն անընդհատ ընդլայնվել է, ինչի արդյունքում մեծացել է նաև պետական ծախսերի դերակատարությունը՝ նախ որպես այդ գործառույթների ֆինանսավորման միջոց, ապա նաև որպես տնտեսության վրա ներազդելու լծակ:
Պետական ծախսերի և տնտեսական աճի միջև կապը ցույց տանք հետևյալ գծապատկերի օգնությամբ:
Գծապատկերից երևում է, որ պետական ծախսերի ավելացումը խթանում է տնտեսական աճը մինչև Բ կետը, որից հետո այդ ազդեցությունը բացասական է, այսինքն՝ Բ կետն այն սահմանն է,որից հետո պետական ծախսերի ավելացումը կրճատում է ՀՆԱ-ի ծավալը:
Ակնհայտ է, որ տարբեր երկրներում պետության գործառույթները և դրանց ֆինանսավորման ծավալներն ունեն ընդգծված հակասություններ, ինչը կապված է տնտեսական զարգացման մոդելների տարբերությունների, տնտեսությունների կառուցվածքային առանձնահատկությունների, աշխարհաքաղաքական պայմանների և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Դրանով պայմանավորված տնտեսապես շատ դժվար է որոշել պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության այն սահմանը, որից հետո պետական ծախսերի միջոցով վերաբաշխվող ազգային եկամտի մեծության ավելացումը խոչընդոտում է տնտեսական աճը։
Տնտեսական զարգացման լիբերալ մոդելի երկրներում, որտեղ պետության հիմնական դերակատարությունը սահմանափակվում է տնտեսական հարաբերությունների մասնակիցների համար «խաղի միասնական կանոնների» սահմանումով և հանրային բարիքների տրամադրման հետ կապված խնդիրներ լուծելով, ՀՆԱ-ի նկատմամբ պետական ծախսերի մասնաբաժինը չի գերազանցում 40 տոկոսը։ Մինչդեռ պահպանողական և սոցիալ-դեմոկրատական մոդելի երկրներում, որոնցում պետությունն իրականացնում է ակտիվ վերաբաշխման գործառույթներ և հանդես է գալիս որպես սոցիալական արդարության ապահովման գլխավոր երաշխավոր, պետական ծախսերի միջոցով վերաբաշխվող ազգային եկամտի մեծությունը հասնում է 50-60 տոկոսի։
Ներկայացնենք այն երկրների փորձը, որոնց հաջողվել է ապահովել տնտեսական աճ՝ էապես կրճատելով պետական ծախսերը.
1. Ռոնալդ Ռեյգանը կտրուկ փոխեց ԱՄՆ-ի պետական քաղաքականությունը: Երկրի պետական ծախսերի մակարդակը արագորեն աճում էր, երբ նա ստանձնեց իր պաշտոնը: ԱՄՆ նախագահ Ռեյգանը 33 տոկոսով կրճատեց պետական ներքին հայեցողական ծախսերի մակարդակը` 1981թ.-ին ՀՆԱ-ի 4․8 տոկոսից 1989թ.-ին հասցնելով 3․1 տոկոսի: Տպավորիչ էր նաև իրավական համակարգում նրա կատարած փոփոխությունները,որի արդյունքում պետության իրավական ծախսերը իր նախագահության տարիների ընթացքում ՀՆԱ-ի 11․6 տոկոսից կրճատեց 9․8 տոկոսի: Այս բարեփոխումների արդյունքում Ռեյգանին հաջողվեց կրճատել տնտեսության վրա պետական ծախսերի բեռը` միաժամանակ ուժեղացնելով երկրի ռազմավարական ներուժը:
2. Իռլանդիան վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ փոխել է իր հարկաբյուջետային քաղաքականությունը: 1980-ական թվականներին Իռլանդիայի պետական ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 50 տոկոսը, և հարկերի չափազանց բարձր դրույքաչափերը խոչընդոտում էին տնտեսության զարգացմանը: Սա հանգեցրեց տնտեսության լճացման, և Իռլանդիան հայտնի դարձավ որպես «Եվրոպայի հիվանդ մարդ»: Այնուամենայնիվ, կառավարությունը որոշեց գործել: Ինչպես տնտեսագետներն են բացատրում, 13 տարվա լճացումից և 2 տոկոսից ցածր տնտեսական աճից հետո Իռլանդիան սկսեց ծախսերը արմատապես կրճատելու քաղաքականություն վարել` վերացնելով գործակալությունները, նվազեցնելով հարկային դրույքաչափերն ու պետական միջամտությունը: Ավելի տպավորիչ էին պետական համակարգում իրականացվող կրճատումները: Նոր քաղաքականության իրականացման արդյունքում պետական ծախսերը ՀՆԱ-ի 52․3 տոկոսից (1986թ.) նվազեցին մինչև 37․7 տոկոս (1996թ.)` կրճատվելով 14․6 տոկոսային կետով: Մինչև բարեփոխումն` ազատ առևտրային, ցածր հարկային և կրթության խթանման քաղաքականություններ իրականացնելը, Իռլանդիայի արտահանման մեջ գերակշռում էր բնակչության` մարդկային կապիտալի, արտագաղթը:
3. Նմանատիպ հարկաբյուջետային բարեփոխումներով աչքի ընկավ նաև Նոր Զելանդիան, երբ պետական ծախսերի մակարդակը գերազանցեց ՀՆԱ-ի 50 տոկոսը: Նախկին նախարարներից մեկը անկեղծորեն հպարտացել է. «երբ մենք պետական ծախսերը կրճատելու քաղաքականությունը սկսեցինք Տրանսպորտի վարչությունից, այն ուներ 5 600 աշխատող, երբ վերջացրեցինք` մնաց ընդամենը 53 աշխատող: Երբ մենք սկսեցինք այն կիրառել Անտառային ծառայությունում, այնտեղ աշխատում էր 17 000 մարդ, քաղաքականության ավարտից հետո մնաց 17 աշխատող: Երբ կիրառեցինք Աշխատանքի նախարարությունում, ես այդ ժամանակ այդ նախարարության նախարարն էի, և կրճատման արդյունքում մնացի միակ աշխատողը: Մենք 66 տոկոսով կրճատեցինք պետական հատվածում աշխատողների քանակը»: Նոր Զելանդիային հաջողվեց այս ամենն անել բավականին կարճ ժամանակահատվածում, և արդեն 1990-ական թվականների սկզբում մեկ շնչի հաշվով պետական ծախսերը կրճատվեցին 12 տոկոսով: Այս բարեփոխումն, ինչպես նաև ազատ-շուկայական հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված այլ քաղաքականություններն օգնեցին Նոր Զելանդիային վերականգնել տնտեսությունը լճացումից հետո:
ՀՀ-ում պետական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը ոչ միայն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշներից, այլև իր հետ եկամտի համադրելի մակարդակ ունեցող երկրների շարքում ՀՀ-ն հանդես է գալիս որպես փոքր ծախսերով երկիր։ Ծախսային հոդվածների կառուցվածքային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ մի շարք ոլորտներ, այդ թվում կրթության, առողջապահության և այլն հանդես են գալիս որպես մնացորդային ֆինանսավորման սկզբունքով բյուջետային միջոցների բաշխման ոլորտներ։ Մինչդեռ մի շարք ոլորտներ էլ, այդ թվում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների, հասարակական կարգի պահպանման և այլն, որոնք այնքան էլ էական նշանակություն չունեն տնտեսական աճի տեսանկյունից, ստանում են պետական ծախսերի բավական մեծ չափաբաժիններ։