(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Կյանքն ինչ-որ բաներ ցանկանալու անվերջ շղթա է։ Ծննդյան օրվանից մինչեւ վախճանի ժամը մենք ուզում ենք բաներ, որ չունենք։ Հակառակ դեպքում դժվար թե նորմալ մարդ արարած լինեինք, քանի որ չէինք ունենա սնվելու, աշխատելու կամ ամուսնանալու եւ ոչ մի դրդապատճառ։ Մեր ողջ կյանքը աճող կարիքները բավարարելու մի պայքար է։
Մեր հասարակությունն այնպես է կազմակերպված, որ ուզած բանն ավելի շատ քանակով ստանալու նորմալ միջոցն աշխատանքի ընդունվելն է։ Այդ դեպքում մենք կարող ենք վաստակած փողով ձեռք բերել մեզ կամ մեր սիրելիների համար ցանկալի ավելի շատ իրեր։ Առանց աշխատանքի կամ սեփական բիզնեսի, բոլորս ստիպված կլինեինք ինքներս աճեցնել մեր սնունդը, կարել մեր հագուստը եւ առհասարակ ստեղծել ուզած ամեն բան։ Ուստի մարդկանց մեծագույն մասի համար ավելի մեծ թվով սեփական կարիքներ բավարարելու ամենահեշտ ձեւն ընդունվելն է աշխատանքի, ուր կարելի է օգտվել խնայող մարդկանց կողմից մեզ հատկացված գործիքներից։
Այսպիսով, մարդկանց մեծագույն մասը ցանկանում է աշխատել, ընդ որում՝ գործազրկությունը կարող է սարսափելի ընկճել մարդու։ Շարունակական գործազրկությունը, եթե սեփական մեղքով չէ, գուցե ամենադաժան ապագան է, որին մարդ կարող է բախվել։ Եւ այդպիսի երկարաժամկետ զանգվածային գործազրկությունը մեր դարի խոշորագույն անեծքներից մեկն է։
Մարդկային թշվառությունը, անկումն ու բարոյական փորձությունը դեռ դրա ամբողջ ներկապնակը չեն։ Մեր ոգու նահանջից ու կրած ծանր հարվածներից բացի, կա նաեւ հարստության անտեսանելի, բայցեւ խոշորագույն կորստի հիմնախնդիրը, հարստության, որը պարապ մարդը կարող էր ստեղծել, եթե աշխատանք ունենար։ Այս կորուստը տարածվում է բոլորի վրա։ Շուկայական տնտեսության պայմաններում ձեռքին փող ունեցող յուրաքանչյուր ոք կարող է գնել վաճառվող ընդհանուր հարստության մի բաժինը։ Որքան շատ լինի արտադրված եւ առաջարկվող հարստությունը, այնքան ամեն անհատ ավելին կկարողանա գնել յուրաքանչյուր դոլարի դիմաց։ Ուստի, բոլորիս շահերից է բխում նվազեցնել գործազրկությունը եւ խթանել այն բարիքների արտադրությունը, որոնցից մարդիկ ամենաշատն են ցանկանում ունենալ։
Հակառակ դրան, ունակ եւ պատրաստակամ միլիոնավոր մարդիկ վերջերս ամիսներով մնացել են գործազուրկ։ Ո՞րն է, ուրեմն, պատասխանը։
Եկեք մտածենք։ Երբ մենք ցանկանում ենք ինչ-որ բան վաճառել, վաճառում ենք ամենաբարձր գին տվողին։ Իսկ նա գնում է հնարավորինս նվազագույն գումարով։ Սա ամեն օր տեղի է ունենում աճուրդներում։ Սա տեղի է ունենում ցորենի ու բամբակի շուկայում, ֆոնդային բորսայում։ Նույնիսկ արագ փչացող միրգ-բանջարեղեն վաճառող խանութպանն է ապրանքի գինը գցում մինչեւ այնքան, որքան առավելագույն վճարողը պատրաստ է վճարել։ Այս կերպ, վաճառողը ստանում է առավելագույնը, որը մարդիկ կցանկանան վճարել, իսկ գնորդը վճարում է նվազագույնը, որը վաճառողը հոժար կամոք կընդունի։ Արդյունքում ե՛ւ գնորդը, ե՛ւ վաճառողը յուրաքանչյուր գործարքից ձեռք են բերում հնարավորինս առավելագույն բավարարվածություն։ Սա է ազատ շուկայի էությունը։
Չկա ոչ մի պատճառ, ըստ որի՝ ազատ շուկայական այս սկզբունքները չեն կարող տարածվել աշխատող մարդու ծառայությունների վրա։ Ամեն ինչ միանգամայն պարզ է եւ պահանջում է ընդամենը երկու բան։ Առաջինը՝ թող գործ փնտրող յուրաքանչյուր ոք ընտրի այն աշխատանքը, որն իր կարծիքով լավագույնն է վճարում իր վաճառելիք ծառայությունների դիմաց։ Եւ երկրորդը՝ թող յուրաքանչյուր ապագա գործատու ընտրի նրանց, ովքեր առաջարկում են իր գնահատմամբ լավագույն ծառայությունները, որոնք նա կարող է ստանալ վճարելիք աշխատավարձի դիմաց։ Մրցակցությունը շատ շուտով կհանգեցնի նրան, որ ոչ ոք չափից շատ կամ չափից քիչ չվճարվի։
Այս պարզ լուծումը, անշուշտ, վերջ կդնի ներկայումս գերավճար ստացող բոլորի արտոնություններին։ Ոչ մի արհմիություն, ուստի, չի կարողանա գործատուներին եւ սպառողներին հարկադրել վճարել ավելին, քան անհրաժեշտ կլիներ ազատ եւ մրցակցային շուկայի պայմաններում։ Հարկադրանքի ուժով սահմանելով ազատ շուկայական դրույքաչափերից բարձր աշխատավարձեր՝ որոշ արհմիություններ ներկայումս ավելի մեծ դրույքներ են ապահովում իրենց անդամների համար, քան այդ մարդիկ կստանային ազատ հասարակության մեջ։ Մինչդեռ հարկադիր այս դրույքաչափերի հետեւանքով մեկ ուրիշը նույնաբար ստիպված է լինում ընդունել ավելի ցածր վճար կամ առհասարակ զրկվում աշխատանքից (եթե կառավարությունը չդիմի գնաճի)։ Ավելի ցածր այս աշխատավարձերն ու գործազրկությունը (ինչպես նաեւ գնաճի տանող ճնշումը) կվերանային, եթե յուրաքանչյուր անհատ, ներառյալ գործազուրկներին, ազատորեն կարողանար մրցակցել յուրաքանչյուր աշխատատեղի համար։ Քանի դեռ մարդկանց որոշ կարիքներ մնում են չբավարարված, աշխատատեղերի առաջարկի պակաս երբեք չի լինի։
Ազատ աշխատանքային շուկան կկարողանա ապահովել «լիակատար զբաղվածություն»՝ հանգեցնելով մարդկանց համար ցանկալի բարիքների ավելի մասշտաբային արտադրության։ Մրցակցությունը գուցե նվազեցնի որոշ դրույքաչափեր, բայց ընդհանուր կենսամակարդակը բնականաբար կաճի։ Երբ ավելի շատ բարիքներ ու ծառայություններ մրցակցեն ամեն մի դոլարի համար, գները կիջնեն եւ փող ունեցող յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի արտադրանքի ավելի մեծ մասնաբաժին։ Ներկայումս գերավճար ստացողները ժամանակավոր կորուստ կունենան, բայց երկարաժամկետ ապագայում բոլորս կկարողանանք բավարարել մեր կարիքների ավելի մեծ բաժինը։
Աշխատանքի ազատ շուկայի պայմաններում յուրաքանչյուրը կկարողանա ազատորեն ընդունել առկա լավագույն առաջարկը։ Յուրաքանչյուր գործատու ազատ կլինի նաեւ աշխատանքի վերցնելու իրեն ամենից շատ դուրս եկած հայտատուին։ Ոչ ոք երկար ժամանակ չի մնա գործազուրկ։ Աշխատատեղեր կլինեն բոլորի համար, արտադրվող հարստությունը կբազմապատկվի, եւ մարդիկ շատ ավելի լավ կբավարարեն իրենց կարիքները։ Եւ ամենակարեւորը՝ գործազրկության վախն ու դրա բերած տնտեսական կորուստները հօդս կցնդեն։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան