Նախորդ ամիս ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը ներկայացրեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում էր նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել 55․000 դրամից 63 000 դրամ։ Կառավարությունը, ավելի շատ «մտածելով» ժողովրդի մասին, հունիսի 27-ի նիստում հաստատեց նախագիծ, որում ավելացրեց բարձրացման չափը ևս 5․000 դրամով՝ սահմանելով 68.000 դրամ։
Քանի որ այդ նախագիծը դեռ պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից, տեղին ենք համարում ներկայացնել «Economics in One Lesson» by Henry Hazlitt գրքից մի հատված։
Ես չեմ ցանկանում համոզել ձեզ այն բանում, որ չկա ոչ մի հնարավորություն բարձրացնելու աշխատողների աշխատավարձը։ Ես միայն ուզում եմ ասել, որ առաջին հայացքից պարզ թվացող աշխատավարձերի բարձրացման եղանակը՝ կառավարական որոշումների հաստատման միջոցով, ոչ միայն սխալական է, այլ նաև ամենավտանգավորն է բոլոր գոյություն ունեցողներից։
Իմ կարծիքով, այստեղ ճիշտ կլինի նկատել, որ բարեփոխիչների մեծ մասն առանձնանում է ընդդիմադիրներից ոչ այնքան աշխատողներին օգնելու մեծ ձգտումով, որքան սարսափելի անհամբերությամբ։ Հարցը նրանում չէ, ուզում ենք մենք, որ հասարակությունը բարգավաճի, թե՝ ոչ։ Շատերն արդեն վաղուց դրան հաստատակամորեն պատասխանել են։ Ինչը մեզ իրոք պետք է անհանգստացնի, այն է, թե ինչպես հասնել այդ բարգավաճմանը։ Հարցի փնտրտուքներում մենք չպետք է ուշադրությունից դուրս թողնենք որոշ պարզունակ ճշմարտություններ։ Մենք չենք կարող բաշխել ավելի մեծ հարստություն, քան կարող ենք ստեղծել։ Մենք չենք կարող երկար ժամանակահատվածի ընթացքում վճարել աշխատողներին ավելին, քան արժեն նրանց ծառայությունները։
Այդ պատճառով աշխատողների աշխատավարձի բարձրացման լավագույն եղանակը կարելի է համարել քիչ շահութաբեր աշխատանքի արտադրողականության բարձրացումը։ Դա կարելի է անել տարբեր եղանակներով՝ կապիտալի կուտակման (լրացուցիչ սարքավորում ձեռք բերելով), գյուտերի և նորարարությունների ներդրման, գործատուների արդյունավետ կառավարման միջոցով, աշխատողների ջանասիրության և աշխատանքի արդյունավետության, հատուկ գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով։ Որքան շատ է արտադրում առանձին աշխատողը, այնքան ավելի է հարստանում հասարակությունը, և այդքան արժեքավոր են դառնում առաջինի ծառայություններն սպառողի, հետևաբար՝ գործատուի համար։ Իսկ որքան ավելի մեծ արժեք է նա ներկայացնում գործատուի համար, այնքան համապատասխանաբար մեծ կլինի նրա աշխատավարձը։ Իրական աշխատավարձը որոշվում է արտադրությամբ, այլ ոչ թե կառավարության որոշումներով։
Հետևաբար պետական քաղաքականությունը չպետք է ավելացնի գործատուների նկատմամբ սահմանափակումների բեռը, այլ նպաստի նրանց լրացուցիչ եկամուտների ստացմանը, արտադրության ընդլայնմանը, նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերմանը, կարճ ասած՝ կապիտալի կուտակմանը, որը կօգներ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, զբաղվածությունը և աշխատողների աշխատավարձը։
Թարգմանությունը՝ Արտյոմ Աշիգովի
Այս թեմային առնչվող հոդվածները՝